Keghart.org Խմբագրական, 8 Նոյեմբեր 2021
Վերջին շաբաթներին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) մամուլը սև ամպերով և կասկածամտությամբ է պատել հայ ժողովրդի ներկան՝ լարվածության մեջ պահելով ՀՀ-ի ապագայով մտահոգ յուրաքանչյուր հային:
Սկսենք սկզբից. օրեր առաջ հայկական լրատվամիջոցներից մեկի կողմից տեղեկատվություն տարածվեց, որ նոյեմբերի առաջին կեսում սպասվում է նոր փաստաթղթերի ստորագրում, որով պետք է հանգուցալուծվեն առկա հիմնական հայ-ադրբեջանական խնդիրները: Այստեղ ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ հրապարակման մեջ ամեն դեպքում հստակություն չկար և դիվանագիտորեն ներկայացված էր, որ ստորագրումը կարող է տեղի չունենալ իրադրության փոփոխության պարագայում: Առհասարակ քաղաքական բանակցությունները սև և սպիտակ չեն, հետևաբար դեպքերը իրականության մեջ կարող են զարգանալ շատ տարբեր ուրվագիծերով (սցենարներով, հատակագիծերով): Կարևոր է արձանագրել, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 7-ի հարցազրույցում ժխտեց ծրագրավորված այդ նույն տեղեկատվության մեջ տեղ գտած հնարավոր հանդիպման հանգամանքը։
Նախ անհրաժեշտ է վերլուծել այն փաստը, որ նման տեղեկատվությունը մինչև վերջին րոպեն պահվում է գաղտնի, ինչպես արվեց 2020թ.-ի նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին: Իսկ Ռուսաստանի միջնորդությամբ չնախատեսված արտահոսքի պարագայում, աղբյուրի կողմն արագորեն կբացահայտվի և կպատժվի: Հետևաբար կարծում ենք, որ վերոհիշյալ լրատվականի ձեռքում հայտնված կամ մատուցված տեղեկատվությունը ամենևին պատահական չէր, և ամենայն հավանականությամբ հայկական և ադրբեջանական հասարակությունների տրամադրությունը ստուգելու քաղաքական հնարք էր: Սա չի նշանակում, որ մենք բացառում ենք որևէ փաստաթղթի կուլիսային-ծածուկ ստորագրում:
Հետևելով տարածաշրջանային իրադարձություններին, մեր ընթերցողի ուշադրությունը պետք է սևեռենք մի կարևոր հանգամանքի վրա, ըստ որի Ռուսաստանի նախագահ Պուտինը նույն այդ օրերին՝ հոկտեմբերի 22-ին “Վալդայ” բանավեճային ակումբում, ի պատասխան իրանցի լրագրողի հարցին, պատասխանեց, որ հակամարտության (կոնֆլիկտի) վերջնական լուծումը գտնվում է Ռուսաստանի գլխավոր շտաբի արխիվներում: Այս իրադարձությանը հաջորդեց հոկտեմբերի 23-ի Ալիևի հայտարարությունն առ այն, որ ՀՀ-ն վերջնականապես եկել է այն որոշմանը, որ միջանցքը տալու է և ըստ էության կատարելու է ադրբեջանական կողմի բոլոր նախանշված պայմանները: Այստեղ ամենայն հավանականությամբ գործ ունենք քաղաքական հնարքի հետ, հակառակ դեպքում Ալիևը կարիք չէր ունենա անմիջապես բացել բանակցային բոլոր փակագծերը: Այսինքն սա ավելի շատ կարելի է դիտարկել որպես պատասխան Պուտինի հայտարարությանը, որն ըստ էության այնքան էլ չէր գոհացրել Ալիևին:
Այս ամենն ավելի լավ հասկանալու համար, կարիք կա իրերի դասավորվածությանը դիտել աշխարհաքաղաքական շահառուների դիտանկյունից: Եթե փոքր-ինչ պարզեցնենք, ապա մենք գործ ունենք արևելք-արևմուտքի և հյուսիս-հարավի շահերի մրցավազքի հետ: Վերջին շաբաթներին Իրանի և Հնդկաստանի բարձրաստիճան այրերի այցերը հստակեցրեցին իրենց դիրքորոշումները: ՀՀ-ի արտաքին գործերի նախարար Միրզոյանի այցը Թեհրան ևս հաստատեց Իրանի շահագրգռվածությունը Սյունիքում ստատուս քվոյի պահպանման համատեքստում և հստակեցրեց իրանական կողմի դիրքորոշումը: Այս երկու գերտերությունների՝ Իրանի և Հնդկաստանի տնտեսական հնարավորությունների բարելավմանն անուղղակիօրեն աջակցում է նաև ԱՄՆ-ն: Պատահական չէին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսիի վերջին ամիսներին պարբերաբար կատարվող այցերը Սյունիք։ Թեև ունենալով անմիջական լուրջ խնդիրներ Իրանի հետ, ԱՄՆ-ի համար այս քաղաքա-տնտեսական նախագիծը կարող է դառնալ հերթական հնարավոր լծակը՝ ի հակադրություն Ռուսաստանի կայսերապաշտական (իմպերիալիստական) քաղաքականության: Այս դասավորվածությունն ամբողջովին տեղավորվում է վերջին ամիսներին ԱՄՆ-ի և Իրանի միջև որոշակի հաջողություններով պսակված բանակցությունների և Արևմուտքի կողմից Իրանի տնտեսական սահմանափակումներից (էմբարգոյից) ազատելու գործընթացի տրամաբանության մեջ: Կարևոր է ընդգծել նաև, որ Հնդկաստանը, լինելով ԱՄՆ դաշնակից, չէր կարող մտնել մի ծրագրի մեջ, որն աշխարհաքաղաքական առումով կվնասեր իր դաշնակցին:
Նժարի մյուս կողմում ոչ այնքան ռուս-թուրքական, այլ ռուսական և թուրքական շահերն են: Այս ձևակերպման որպես տարանջատում, իմաստը կայանում է նրանում, որ Ռուսաստանը այլ տարբերակ չունի քան սպասարկելու թուրքական շահը: Պատճառն այն է, որ հակառակ դեպքում իր ներկայությունը հարավային Կովկասի տարածաշրջանում շեշտակի կթուլանա: Ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ Ռուսաստանի համաձայնությամբ և Ադրբեջանի պետականության թուլացման արդյունքում, Թուրքիան մեկ ոտքով ներխուժել է տարածաշրջան:
Վերոհիշյալ եզրահանգումներին գալիս ենք նաև, երբ դիտարկում ենք այդ գերտերությունների շահերի հավասարակշռությունն այլ հարթության վրա: Մասնավորապես՝ մի կողմից գործ ունենք այն փաստի հետ, որ Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ կորցնել ուժային (էնէրգետիկ) և տնտեսական տարանցիկ ուղիների հնարավոր միջոցները (ռեսուրսները, հնարքները) տարածաշրջանում, և մյուս կողմից՝ Թուրքիայի նվաճողական քաղաքականությունը Ռուսաստանի շահերի գոտում (Սիրիա, Ուկրաինա, Աֆղանստան և այլն) առավելագույնը ձեռք բերելու մոլուցքի հետ:
Այս ամենի համատեքստում Ալիևն իր յուրաքանչյուր “միջանցքային” հայտարարությամբ ընդամենը փորձում է ամրացնել իր դիրքերը ներքաղաքական կյանքում, քանի որ ակհնհայտ է, որ հռչակված հաղթանակը ոչ միայն լիարժեք չէ, այլև տեղի է ունեցել ռուսական սապոգը (երկարաճիթ կոշիկը) ներս թողնելու և թուրքական գերիշխանություն ամրապնդելու գնով: Իհարկե Ալիևի հայտարարությունները նաև հայ հասարակության վրա հոգեբանական ճնշում գործադրելու անհույս քայլեր են: Հետևաբար, նույնիսկ տնտեսական ուղիների ապաշրջափակման և ճանապարհների/երկաթուղիների փոխադարձ գործածության հնարավորության դեպքում, այդ ամենն իր կողմից ներկայացվելու է որպես միջանցք և վերջնական հաղթանակ:
Ամփոփելով վերը նշված բոլոր հանգամանքները, կարող ենք հանգել այն մտքին, որ անկախ նրանից, թէ ինչ է իրականում բանակցվել կամ ստորագրվելու, ՀՀ-ն այլ տարբերակ չունի, քան զանազանակերպել (diversify) բոլոր դիվանագիտական ուղղությունները՝ ի նպաստ ազգային անվտանգության ամրապնդման։ Հատկանշական է, որ ՀՀ-ն այս գերտերությունների շահերի բախման շրջանակում, պետք է օգտագործի իրեն ընձեռնված իրատեսական հնարավորությունները։
ՀՀ-ի հիմնական խաղաթուղթը պետք է լինի խաղաղության քաղաքական օրակարգը առաջ տանելը: ՀՀ-ն ունի բոլոր հնարավորությունները գործի դնելու դիվանագիտական միջոցները՝ փոքր, բայց հաստատուն քայլերով առաջ գնալու և օգտվելու ստեղծված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական քաոսային իրավիճակից: Որպես լուծում ստեղծված իրադրության մեջ, ՀՀ-ն պետք է ջանք չխնայի դառնալու վստահելի տնտեսական հանգույց բոլոր բարեկամական երկրների հետ: Հետևաբար, ՀՀ-ի արտաքին քաղաքա-տնտեսական ճկունության դրսևորումը հույժ կարևոր է քան երբևէ:
Ընդհանուր առմամբ, տարածաշրջանային գործընթացների մեջ ՀՀ-ի հիմնական նպատակը պետք է լինի հնարավորինս կանխատեսելի դարձնել ՛՛դաշնակիցների՛՛ և ՛՛թշնամիների՛՛ կողմից իրականացվող քայլերը:
2 comments
The title should be translated “Fatal junction” not “Fateful”
The political atmosphere in the Republic of Armenia is so polarized that it’s extremely difficult for any Diaspora publisher to present an editorial lest it is accused to be pro or against Pashinyan, Kocharian and its ilk and/or Axis (Pever), alternately pro or against Russia or the West.
This editorial is commendable that it has not fallen into that trap. It has carefully enumerated the factors that are shaping the region and has outlined the paramount importance of diplomacy to procure the maximum favourable and the least harmful outcome.
Thank you