Keghart.org Խմբագրական, 10 Հոկտեմբեր 2021
Պատասխանատվության Պահը
Պատերազմի գույժից անցել է մեկ տարի: Մեկ տարի՝ ցավի ու ողբերգության, կորստի ու կարոտի, հայրենազրկման ու խաղաղության փնտրտուքի։ 2020 թվականին այս օրերին ողջ աշխարհի հայերի միակ ու բացարձակ մտահոգությունը Հայաստանն ու Արցախն էին․ մենք ապրում էինք շունչներս պահած՝ սպասելով ռազմաճակատից լուրերի։ Իսկ հիմա՞:
Պատերազմները յուրօրինակ ուժ ունեն՝ մասնավորապես պարտվող կողմին ստիպելու ամեն ինչ սկսել զրոյական կետից՝ նոր, մաքուր էջից: Ցավալիորեն բնության այս օրինաչափությունը առ այսօր չի գործում հայերիս դեպքում: Պատերազմի այս դաժան ապտակից հետո ենթադրյալ առաջամարտիկներ թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում ի հայտ չեկան, որոնց շուրջ հայ ժողովուրդը պետք է համախմբվեր՝ մի կողմ դնելով ներանձնային տարաձայնություններն ու քաղաքական խմբային հավակնությունները և ձևավորել միասնական օրակարգ՝ ի նպաստ Հայաստանի պետականության և Արցախ աշխարհի պահպանման: Փոխարենը, տարիներ շարունակ մեր մեջ ձևավորված ամբողջ աղբը, որը կարծես ներքին լուռ համաձայնությամբ ապրում էր մեր կողքին՝ ստվերի տեսքով, դուրս եկավ ջրի երես և լցրեց օդը գարշահոտությամբ: Պետականության հենասյուներ հանդիսացող իշխանության բարձրագույն մարմինները՝ ի դեմս Ազգային Ժողովի, ամեն օր ցույց են տալիս իրենց սնանկությունը՝ իրենց կատակերգության մակարդակի հասնող անցուդարձով:
Իրականում խնդիրը շատ ավելի խորն է: Խնդիրը անձանց և նրանց կողմից կառավարման մեթոդների մեջ չէ: Գաղափարախոսական սնանկության ստվերն է, որ հետապնդում է մեզ բոլոր մակարդակների վրա՝ անձից մինչ Խորհդարան: Եվ այն գիտակցումը, որ այդ ստվերը իրական է, երբեմն շատ ավելի, քան մեր հայելու միջի արտապատկերը:
Այս մտավոր և գաղափարական սնանկությունը, որում հայտնվեցինք, մեկ օրում չի առաջացել։ Արցախյան խնդիրն այդ ամենի արտոցոլումներից մեկն է: Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը մեզ չի զորացրել, մեզ չի ստիպել աշխատել դրան տեր լինելու ուղղությամբ: Այդ հաղթանակը մեզ հղփացրել էր, դարձրել ավելորդ անինքնավստահ, անինքնուրույն, մեծամիտ, անզգույշ և անհեռատես։ Այն մեզ չի օգնել հասկանալ սեփական սխալները, ավելի լավ ճանաչել ինքներս մեզ: Արցախյան երկրորդ պատերազմից հետո իրականության գույները ավելի մռայլ տեսք ստացան:
Ավելի առարկայական եթե ամփոփենք, ապա վերջին երեսուն տարիներին, Հայաստանում մարդկանց բոլշևիկյան մտահորիզոնին չեկավ փոխարինելու մերը, նորը, ազգայինը: Սփյուռքը ևս չկարողացավ գաղափարապես նոր բան առաջարկել: Այս սնանկությունը ապրում է մեզ հետ ամենուր՝ քաղաքականության, տնտեսության, հասարակական կյանքում: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ բարոյազրկում, համատարած անտարբերություն, ողբերգությունն ամեն օր վերապրող չորս հազարից ավելի ընտանիքներ, հարյուրավոր անհետ կորածներ ու ռազմագերիների վերադարձին սպասումով լցված ծխացող երդիկներ:
Ամենացավալի արտահայտությունն այս ամենի մեր հավաքական անտարբերությունն է մեր իսկ խնդիրների հանդեպ, որն ավելի է խորացնում հետպատերազմյան ճգնաժամը: Անտարբությունն, ի դեպ թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում, դարձել է յուրօրինակ գոյատեվման վահան՝ պատմական մարտահրավերներին դեմ հանդիման:
Ի ՞նչ անել:
Ինչպես նշեցինք, խնդիրները բազմաշերտ են և համապատասխանաբար լուծման տարբերակներն էլ կարող են լինել բազմաթիվ: Ամեն դեպքում դրանց ելակետը պետք է մարդակենտրոն և ազգակենտրոն լինի: Այսինքն փոփոխության հիմքը պետք է լինի քաղաքակրթական, որը թույլ կտա իրապես ձևակերպել այն մնայուն գաղափարախոսությունը, որ կսնի մեր ազգային նպատակներն ու տեսլականը:
Ներկայումս Հայաստանը կարծես կուրորեն պատճենում է արևմտյան աշխարհի որոշ մոտեցումներ և բարքեր, սակայն շեշտը դրվում է ավելի շատ տնտեսական կայունության ու առօրեական կենսակերպի վրա: Այն ինչ, լինի դա արևմտյան կոմնորոշում, թե արևելյան, բոլոր դեպքերում պետք է կենտրոնանալ մարդասիրական հիմնված արժեքների և համապատասխան միջավայր ստեղծելու վրա: Մարդասիրական արժեքների վրա հիմնված գաղափարախոսության զարգացումը հնարավորություն կտա պայքարել Հայաստանում և ամբողջ աշխարհում մարդասիրությանը նետված մարտահրավերների դեմ, որոնք էլ անմիջապես ազդում են կյանքի որակի, խաղաղության և ինքնաբավ հասարակություն ունենալու վրա:
Մեկ այլ կարևոր հենասյուն, որի վրա են կառուցված ժամանակակից զարգացած երկրները, գիտելիքահեն պետությունն է՝ սկսած գիտությունից, կրթական համակարգից մինչև ռազմարդյունաբերություն ու բանակ: Հետևաբար այստեղ ևս, կրկնօրինակելու փոխարեն, անհրաժեշտ է մշակել հայ ազգի արժեքներին և մարտահրավերներին համապատասխան դոկտրին (վարդապետություն, սկզբունք): Վերջինս թույլ կտա ունենալ իրապես արդյունավետ կառավարման մոդելներ թե՛ պետական և թե՛ հասարակական կյանքում: Այս համատեքստում գիտության զարգացումը կարող է վճռորոշ դեր խաղալ երկարաժամկետ լուծումների մեջ: Հայ մարդը պարտավոր է ունենալ նաև քննադատական մտածողություն որոշումների կայացման մեջ, որն այժմ գրեթե բացակայում է: Այս ամենը պետք է սկսել դպրոցից և համալսարանից:
Սփյուռքը վերը նշված լուծումների մեջ կարևոր դեր կարող է խաղալ: Այս հարցում հիմնական խոչընդոտը հաղորդակցության մեջ է: Ունենալով տարբեր պետություններում կուտակած փորձ, Սփյուռքը պետք է գտնի բոլոր հնարավոր ճանապարհները հաղորդակցվելու թե՛ իր մեջ և թե՛ Հայրենիքի հետ: Իհարկե, բացահայտում չի լինի ընդգծել, որ այս ամենի արդյունավետության հավանականությունը մի քանի անգամ ավելի բարձր կլինի, եթե Սփյուռքի միջամտությունը լինի ոչ միայն հեռահար դիտորդի տեսանկյունից, այլև անմիջապես հայոց հողի վրա: Հայ ազգի առջև ծառացած մարտահրավերները այլ տարբերակ չունեն, քան ունենալ ազգային բարոյական պատասխանատվության մակարդակ: Ըստ էության, այժմ ավելի քան երբևէ, Հայաստանը ունի Սփյուռքի կարիքը և հակառակը:
Իրականում պատերազմը չի ավարտվել, այն ուղղակի առաջնագծից նաև տեղափոխվել է քաղաքացիական կյանք, ուր ամեն մեկն իրեն հասնող հողակտորի վրա պետք է ամրացնի իր խրամատը: Ինչպես ասել է Պլատոնը. «Միայն մահացածներն են տեսել պատերազմի ավարտը»:
Երբեմն խնդիրները լուծում չեն պահանջում դրանց լուծման համար, փոխարենը հասունություն ու գիտակցություն են sպահանջում դրանց գերազանցելու և մեկ աստիճան վերև կանգնելու համար:
Ինքնաճանաչումը բոլոր փոփոխությունների բանալին է: Սակայն փոփոխությունը չի հարցնում ինչ ենք արել, որտեղից ենք եկել, քանի որ այն միշտ գրկաբաց ընդունում է բոլոր նրանց, ովքեր պատրաստ են դառնալ ավելի լավը, քան երեկ էին:
2 comments
Ինքնաճանաչումը բոլոր փոփոխությունների բանալին է:
Very thoughtful and well presented editorial. Thank you
Հայ Ժողովրդի գիտակցականը բարձրացնելու համար, հարկավոր է, նրան տալ, ՄԵԾ ԱՐԺԵՔ․․․ամեն մի Հայ պետք է զգա, ինչ որ սեր, հարգանք, կարևորություն, իր Հայրենիքի, Ժողովրդի կողմից, որպիսզի իր գիտակցականը, աշխատի ի շահ նրան, որ նրան սիրում, հարգում, գնահատում է․․․Հայ Ժողովուրդը լքված է եղել, մեծամասամբ, դարերով, ու միշտ, ավելի պարտական է եղել, իր կեղծ ղեկավարությանը, քան ստացել է դրա դիմաց սեր , հարգանք, գնահատանք․․․Հիշենք, Օսմանյան Ժամանակներում, երբ, ղեկավարությունը, իբր, սրբոց, սուրբ եկեղեցին էր․․․արդյոք, հարկեր հավաքելուց զատ, ինչ՞ սեր, հոգատարություն, հարգանք էր տալիս գյուղացուն, աղքատին, ու կարիքավորին․․․Եկեղեցին սպասարկում էր, սիրում ՀԱՐՈՒՍՏԻՆ․․․ու այդպես էլ շարունակվում է մինչ օրս․․․Դե , չխոսենք, քաղաքական ղեկավարության մասին․․․այստեղ, վերաբերմունքը ի հանդեպ Հայ Ժողովրդին, առ ավել ևս դաժան է եղել, ու կա, հատկապես , նաև այս վերջին երեսուն տարիների ընթացքում․․․Կարելի է երկար մանրամասնել, ապացուցելու համար, գրածս․․․բայց կարծում եմ, միջին ինտելեկտի մարդը, Հայը այս բոլորը շատ լավ գիտի․․․Ուստի, եթե ցանկանում ենք, փոխվել, ի մի բերենք, միացնենք Հայ Ժողովրդին իր Հայրենիքի շուրջ, ապա, հարկավոր է աշխարհասփյուռ Հայությանը, ինչու չէ, նաև, հատկապես, դաժան պայմաններում ապրող մեր ժողովրդին Հայրենիքում, տալ լիքը սեր, լիքը ուշադրություն, ապահովություն, գնահատանք, որպիսի նա զգա այդ հսկա սերը ու փոխադարձ վերադարձնի իր սերը իր Հայրենիքին, իր ժողովրդին․․․Իսկ դա անելու համար, հարկավոր է ՀԱՄԱԿԱՐԳ․․․հարկավոր է զրկել, “ղեկավարություն” կոչեցյալների դերը, ազդեցությունը, ու կարևորությունը, մեր ժողովրդի կառավարման գործում, ու զայն ստանձնել, հանձնախմբերի, ժողովրդի ծոցից հավաքված․․․ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՀԱՐԿԱՎՈՐ․․․ամեն մի ՀԱՅ պետք է մտնի հաշվեհամարի, մարդահամարի մեջ, գոնե մի քանի տարին մեկ․․․քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, երկիր առ երկիր․․․