Անուշ Գասպարյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 24 փետրվար 2026
Փետրվարը շարունակում է լինել ամենահաճելի ու տպավորիչ միջոցառումների ամիսներից մեկը, քանի որ հենց այս ամսին է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և հենց այդ օրը՝ փետրվարի 19-ին է նշվում Գրքի տոնը, կամ ինչպես սիրում են ու սովոր են շատերն ասել՝ Գիրք նվիրելու տոնը։ Փետրվարի 19-ին ընդառաջ և հենց այդ օրվա ընթացքում գրախանութներում մեծ հերթեր են, տարբեր առաջարկներ են հնչում, բազմաթիվ միջոցառումներ, փառատոներ են կազմակերպվում։ Ամենից շատ ես սիրում եմ այդ օրը զբոսնել փողոցում ու հայացքով որսալ նոր գիրք գնած անցորդներին։ Նրանք հենց այդ օրը առանձնապես շատ են։ Ամեն այդպիսի անծանոթի մտովի ճանապարհելիս հոգիս ջերմանում է ու չեմ կարողանում զսպել ժպիտս ու ներքին հրճուանքս։ Եթե հաջողվում է տեսնել, թե ինչ գիրք է նրա ձեռքին, կարող եմ պատկերացնել, թե ինչ խառնվածքի տեր է նա, ինչ նախասիրություններ ունի… Մի գրքով անցորդ էլ ես էի այս տարի, բայց ինձ համար շատ հիշվող ու առանձնահատուկ նվեր էր…

Այս տարի գրքի տոնը ես անցկացրի ՀՀ Վճռաբեկ դատարանի խորհրդակցական դահլիճում։ Միջոցառումից օրեր առաջ էլեկտրոնային նամակ ստացանք ֆակուլտետի վարչակազմից (ես ուսանում եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում), որտեղ նշված էր հանդիպման օրն ու ժամը։ Մենք բան չգիտեինք հանդիպման նպատակի ու օրակարգի մասին։ Փորձեցինք ինչ-որ մանրամասներ ճշտել, որպեսզի իմանայինք, թե ինչի՛ կարելի է սպասել, ինչպե՛ս տրամադրվել ու ինչի՛ն պատրաստվել։ Շատ բան չկարողացանք իմանալ, բայց այնուամենայնիվ նման հնարավորությունը բաց թողնելը անընդունելի համարեցինք։ Եվ ահա՛, ես ու կուրսի ընկերներս կանգնած ենք դատարանի շենքի առաջ։ Դահլիճում նկատեցինք այլ ուսանողների ևս. նրանք Վճռաբեկ դատարանում գործնական աշխատանք (պրակտիկա) անցնող ավագ ուսանողներն էին։ Քանի դեռ դահլիճում միայն ուսանողներով էինք, մեր ուշադրությունը գրավեցին սեղանին շարված հաստափոր հատորները։ Դրանք Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների ժողովածուներ էին։
Քիչ անց դահլիճ մտավ դատարանի աշխատակազմը՝ դատարանի նախագահ տիկին Լիլիթ Թադևոսյանի գլխավորությամբ։ Վճռաբեկ դատարանում են աշխատում նաև մեր դասախոսները, ում առաջարկությամբ էլ մենք հնարավորություն ունեցանք մասնակցելու այս հանդիպմանը։
Սպասում էի, որ պիտի խոսենք մասնագիտական, իրավական հարցերից, քննարկենք առկա խնդիրները և այլն, սակայն զրույցը ընթացավ շատ ավելի «մարդկային» թեմաների մասին։ Դատարանի նախագահի խոսքը կարծես հոգատար մոր խորհուրդ լիներ զավակներին, ասես մանկության վերջին խորհուրդները, որ կհասցնեն քեզ տալ մինչև լարված ու ավելի պատասխանատու հասուն կյանք սկսելը։ Թեև տիկին Թադևոսյանը խոսեց թե՛ մեր ընտրած մասնագիտության, թե՛ մեր հասարակության, թե՛ Հայրենիքի մասին, բայց ամբողջ ընթացքում կարմիր թելի պես հնչում էին գիրք կարդալու, մնայուն գիտելիքներ կուտակելու ու ամբողջ կյանքում կրթվելու գաղափարները։
Կարելի է կարծել, թե բոլորս էլ գիտենք դրա մասին, բայց քանի՞սս ենք ժամանակ տրամադրում գրքին, կանգ առնում առօրյա վազքի մեջ ու մեծավարի խորհուրդ տալիս մեր կրտսեր ընկերներին, բոլոր նրանց, ում համար երբևէ կարող ենք լինել օրինակ։ Ինձ համար այդ զրույցը շատ խաղաղ ու հանգստացնող էր, մենք խոսում էինք ամենալուսավոր ու պտղաբեր գործունեության՝ կրթության ու ընթերցանության մասին։ Տիկին Թադևոսյանը տեղեկատվության այս ահռելի հոսքում կարևորեց գրքի ընթեցանությունը այն առումով, որ գիրքը ստիպում է խոր մտածել, նկատել այնպիսի մանրուքներ, որ արագ ծանոթացման կամ նույնիսկ ֆիլմի միջոցով հնարավոր չէ տեսնել։

Մենք նաև պատիվ ունեցանք ծանոթանալու Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի հետ, ով մեր համալսարանի ուսանող, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, 2020 թվականի նոյեմբերին Շուշիի պաշտպանական մարտերում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է։ Մենք՝ ուսանողներս, ովքեր առիթ չեն ունեցել ճանաչելու Գևորգին, առնվազն լսել են նրա անունը, քանի որ համալսարանում ոչ-ֆորմալ կրթության հիմքը թերևս նրա հեղինակած «Գիտելիքի դպրոցն» է (ցավոք, նա հնարավորություն չունեցավ տեսնելու «Գիտելիքի դպրոցը», սակայն այդ գաղափարը իրականություն դարձավ նրա ընկերների, նվիրյալ երիտասարդների ջանքերով)։ Տիկին Հովսեփյանի՝ մեզ ուղղված խորհուրդը, մայրական խոսքը շատ պարզ էր՝ սիրե՛ք մեր հայրենիքը։ Պարզ, բայց իրականում հիմնարար ու իսկապես կարևոր հորդոր, քանի որ եթե մեր ամեն քայլ Հայրենիքի հանդեպ սիրով լուսավորված լինի, մեր քայլերը չեն դառնա պարտության, անկման, հուսահատության պատճառ։
Հանդիպման վերջում ուսանողներիս նվիրեցին վերը նշված ժողովածուները։ Այդ հաստափոր հատորներում ամփոփված են մեր երկրի դատական բարձրագույն ատյանի ամենաթարմ որոշումները։ Կարելի է ասել, որ սա հայրենական իրավունքի ամենաարդիական, ամենաթարմ մոտեցումների ընտրանին է։
Մինչ հրաժեշտը մենք կարողացանք շրջել դատարանի տարածքում, լինել դատական նիստերի դահլիճում, ծանոթանալ, թե ի՛նչ պայմաններում են իրականանում վարույթները Վճռաբեկ դատարանում։ Ամենատպավորիչը դատարանի գրադարանն էր՝ լի մասնագիտական հարուստ գրականությամբ։ Այնտեղ կարող էինք տեսնել նաև տարբեր պետությունների պատվիրակությունների հուշանվերներ կամ էլի նվեր-գրքեր։
Այս հանդիպումը, վստահաբար, կարևոր հետք կունենա հանդիպմանը ներկա ուսանողներից յուրաքանչյուրի կյանքում։ Այս զրույցն ինչ-որ չափով հիշեցրեց մեր ընտրած մասնագիտության կարևորության, պատասխանատվության և ծանրության մասին, միաժամանակ՝ նվեր գրքերը լրացուցիչ խթան հանդիսացան մեզ հետաքրքրող մասնագիտական թեմաները ավելի խոր ուսումնասիրելու համար։ Սակայն զրույցը թերի կլիներ առանց գաղափարական և արժեքային շեշտադրումների, թե չէ իրականում ո՞ւմ է պետք գիտուն իրավաբան, հետո էլ ասենք դատավոր, ով չի կրում մարդկային պարզ ու ազնիվ արժեքներ, չի գործում հանուն պետության, հանրության և Հայրենիքի բարօրության։