Անուշ Գասպարյան, Ծիլ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 28 ապրիլ 2025
Վերջերս մասնակցում էի ազգային ինքնության վերաբերյալ հարցազրույցի։ Ինձ խնդրեցին առանձնացնել ազգային ինքնության խորհրդանիշները։ Այդ պահին ես ամեն բանի մասին կարող էի խոսել՝ սկսած պետական խորհրդանիշներից՝ օրհներգ, դրոշ, զինանշան, մինչև արդեն թանգարանային դարձած ազգային նշաններ, օրինակ՝ տարազ, ծիսական երգեր, պարեր․․․ Սակայն իմ պատասխանը, որ այդ պահին հղացավ իմ մտքում՝ մինչև հիմա էլ ինձ թվում է այդ հարցի ամբողջական պատասխանն է։ Հայրենանվեր մարդիկ. ահա նրա՛նք են մեր ինքնության խորհրդանիշները։
Ի՞նչ է առհասարակ խորհրդանիշը, ի՞նչ գործառույթ ունի, ինչո՞ւ են ստեղծվում խորհրդանիշները։ Մեկ խորհրդանիշի միջոցով հնարավոր է արտահայտել մի ամբողջական բովանդակություն։ Վերացարկվենք ազգայինից, ուղղակի խոսենք խորհրդանիշների մասին։ Օրինակ՝ ֆիզիկայում ժամանակը նշանակում ենք լատինական t տառով, որ ամեն անգամ չգրենք «Ժ-Ա-Մ-Ա-Ն-Ա-Կ», կամ համացանցում օգտագործվում են զմայլիկներ (հայերենում այսպես է թարգմանվել «էմոժի» բառը)՝ տրամադրությունը արտահայտելու համար։ Վերջին օրինակում կարող եմ նշել, որ շատ հեշտ է վերցնել մի հույզ արտահայտող զմայլիկ ու այնպես անել, որ մյուսներն այդ զմայլիկն սկսեն այլ բովանդակությամբ կիրառել։ Օրինակ, հիմա աղեկտուր լաց լինող զմայլիկը երիտասարդները հաճախ օգտագործում են, երբ շատ ծիծաղելի միտքի են արձագանգում։ Սա շատ կենցաղային, տիպիկ օրինակ է, թե ինչպես է խորհրդանիշը սկսում սխալ կիրառվել ու սխալ ընկալվել։
Ինչպես նշեցի, ես որպես ազգային ինքնության խորհրդանիշ՝ մարդկանց եմ առանձնացնում։ Հայրենանվեր կյանք ու գործունեություն ունեցած մարդկանց։ Նրանց շարքում այսօրվա իմ «մենախոսության» մեջ ցանկանում եմ անդրադառնալ Սողոմոն Սողոմոնյանին՝ Կոմիտաս վարդապետին: Վստահ եմ, որ ամեն հայ գոնե մեկ անգամ լսել է այս անունը, իսկ նրա կենսագրությունը դպրոցներում դասավանդվում է երգ-երաժշտության դասին։ Նրա մասին կարդում և իմանում են հայերը, եթե իհարկե հետագայում ավելին չուզեն իմանալ։ Բայց արդյո՞ք ճիշտ շեշտադրմամբ են կարդում, մի՞թե մեծամասնության գիտակցության մեջ Կոմիտասը Եղեռնի ողբերգությանը ականատես եղած, Փարիզի հոգեբուժարան տեղափոխված և մեկուկես տասնամյակ անց՝ 1936 թվականին այնտեղ մահկանացուն կնքած կերպար չէ։ Արդյո՞ք սա արդար է Կոմիտասի հանդեպ, արդյո՞ք սա արդար է մեր ազգի հանդեպ։ Ի՞նչ ենք մենք կորցնում, երբ Կոմիտասին այսքան նեղ, այսքան սահմանափակ ենք ընկալում, ի՞նչ է կորցնում մեր ազգային ինքնագիտակցությունը։
Չմանրանալով կենսագրական հայտնի տվյալների մեջ՝ խոսենք Կոմիտասի՝ որպես գործչի գաղափարական ազդեցության մասին։ Նա վրդովմունք էր հայտնում այն դպրապետերին, ովքեր օտար երաժշտության տարրեր էին ներմուծում եկեղեցի, չէին հասկանում հայ երգի ազգապահպան նշանակությունը։ Նա շարականների մեջ ոչ թե զուտ մեղեդի էր տեսնում, այլ մեր նախնիների հոգու հայելին, նրանց միջոցով էլ ինքներս մեզ հասկանալու բանալին։ Կոմիտաս լսելը ոչ միայն գեղագիտական հաճույք պետք է պարգևի, այլև ճանապարհ բացի դեպի ինքնակատարելագործում, անշուշտ՝ եթե նրան լիովին հասկանանք։
Հայտնի է, որ Կոմիտասն իր ողջ կյանքում զբաղվել է բանահավաքչությամբ։ Նա գրի է առել ու պահպանել ոչ միայն ազգային-ժողովրդական, այլև հոգևոր երգեր։ Գիտենք, որ գյուղացիներին չշեղելու ու անհարմար դրության մեջ չդնելու համար, նա հեռվից՝ թաքուն էր լսում և գրի առնում հենց կենդանի, ապրող երգը։ Կոմիտասը գրի է առել նաև 8 պար։ Այդ պարերը, ցավոք, բնագրի տեսքով չեն փոխանցվել մեզ, սակայն դրանցից մեկը՝ Կոմիտասի շորորը, անշուշտ հայտնի է ազգային պարի սիրահարներին։
Կոմիտասը հերքեց այն կարծիքները, թե հայկական ինքնուրույն երաժշտություն չկա, այլ մեզանում իբր հնչում են ասորաբյուզանդական կամ հնդկապարսկական ազդեցություն կրած մեղեդիներ։ Հերքումը տեղի ունեցավ եվրոպական բազմաթիվ հավաքներում և բեմերում։ Կոմիտասը հայ երգը համեմատեց նաև հայոց լեզվի հետ, որը ժամանակին նույնպես չի համարվել հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ։ Մեծ վարդապետը հիմնավորեց, որ երաժշտությունը ուղիղ բխում է լեզվից։ Եվրոպացի երաժշտագետները, տարբեր երկրների պարբերականները խոստովանում էին, որ Կոմիտասի երաժշտության միջոցով ավելի շատ ու ավելի լավ ճանաչում էին Հայաստանը, հայերին։ Այսինքն Կոմիտասը վեր էր իր անձից, նա մի ամբողջ ժողովրդի ներկայացուցիչ էր դարձել, ուստի լիովին արդարացված է նրան հայ ազգային ինքնության խորհրդանիշ համարելը։
Կոմիտասը ականատես է եղել հայոց ցեղասպանությանը, սակայն մի՞թե ավելի արդար չէ նրան ընկալել իբրև մեկը, ով կարողացավ մեր մշակույթը փրկել սպիտակ ջարդից՝ մշակութային ցեղասպանությունից։
Ես դեռ բավարար չեմ ուսումնասիրել Կոմիտաս մեծությանը, որպեսզի կարողանամ հասկանալ ու բացատրել, թե ինչո՞ւ, ո՞ր պահից սկսած նա ընկալվեց որպես ցեղասպանության զոհ, ինչո՞ւ նրան սկսեցին թե՛ հայ, թե՛ օտար արվեստագետները պատկերել որպես սգո խորհրդանիշ։ Նրա կյանքի առաքելությունը բնավ դա չէր։ Ժամանակն է արդարությունը վերականգնել ու Կոմիտաս լսել ոչ միայն ապրիլի 24-ին, այլ ամեն օր։ Ժամանակն է, որ դասագրքերում, մշակութային միջոցառումների ընթացքում բոլորի համար պարզ ու ընկալելի լինի, բացարձակ ճշմարտություն Կոմիտասի ոչ թե մահվան, ջարդի, այլ ազգային ինքնության պահպանման, կատարելագործման, հղկման, զարգացման ոգու խորհրդանիշ լինելը։
Խորհրդանիշը պետք է հավատարիմ մնա իր էությանը։ Մենք կարող ենք փոխել որևէ երևույթի ընկալում, իմաստ, սակայն այն շատ ավելի իրական ու արժեքավոր է, երբ ընկալվում է այնպիսին, ինչպիսին եղել է ի սկզբանե, ինչպիսին եղել են իր էությունն ու բուն նշանակությունը։