Անուշ Գասպարյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 25 սեպտեմբեր 2025
Այս ամիս կայացավ ամենամյա սիրված ու սպասված ծրագրերից՝ Գրքի երևանյան միջազգային փառատոնը։ Այն իրականացավ սեպտեմբերի 5-ից 7-ը Հայաստանի պատմության թանգարանում։ Անցկացվեց գրքերի վաճառք, իսկ զուգահեռ տեղի էին ունենում հանդիպումներ հայ և օտար գրողների հետ, տոնվում էին նրանց գրքերի շնորհանդեսները կամ պարզապես ծավալվում քննարկումներ, համախմբվում էին հավաքական քննարկման կամ մրցույթի արդյունքներ ամփոփելու շուրջ. մի խոսքով, շատ հաճելի միջավայր գրքասեր ու գրականասեր հանրույթի համար։
Ծանոթանալով օրակարգին՝ ինձ համար առանձնացրի այն միջոցառումը, որին անպայման կուզեի ներկա լինել։ Խոսքը «Վերնատան ժառանգները» խորագիրը կրող հավաքական քննարկման մասին է, որին մասնակցում էին այս տարի իրենց հոբելյանական տարեդարձը նշող գրողների կանայք կամ ժառանգներ։ Մասնավորապես՝ միջոցառմանը ներկա էին Ռազմիկ Դավոյանի կինը՝ Արմինե Թամրազյանը, Հովհաննես Գրիգորյանի դուստրը՝ Սոնա Գրիգորյանը, Դավիթ Հովհաննեսի դուստրը՝ Սաբեթ Հովհաննիսյանը, Դավիթ Հրանտի Մաթևոսյանը, Վանիկ Լևոնի Խեչոյանը։ Հանդիպումը վարում էր արվեստաբան Տիգրան Գրիգորյանը։

Սաբեթ Հովհաննիսյան
Սկզբում քննարկվեցին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին նշված գրողներին, նրանց ապրած ժամանակաշրջանին, տեղանքին, որտեղ նրանք ապրել են ու անցկացրել իրենց ստեղծագործական կյանքի մեծ մասը։ Սա, անշուշտ, շատ կարևոր է գրողի խոսքն ու ներաշխարհը ճիշտ ընկալելու, ճիշտ ըմբռնելու ու ճիշտ մեկնաբանելու համար։ Հատկապես ուշագրավ է նման պատմություններ լսել գրողի մտերիմներից։ Սակայն ամենից շատ իմ ուշադրությունը գրավեց մի հարցադրում, որ խոր մտածումի տեղիք է տալիս ու գուցե պետք է ավելի լուրջ աշխատել այս հարցի լուծումը գտնելու, այնուհետև մեր պատասխանի համահունչ գործելու համար։
Հարցի էությունը հետևյալն էր. արդյոք հիմա՝ անկախ պետականության պայմաններում, մեր հասարակությունն ունի՞ Վերնատան կարիք (տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ ոչ թե որոշակի՝ Թումանյանի վերնատունը, այլ գաղափարը, նպատակը, գործելաոճը, այն ազդեցությունը, որ այն թողել է տասնամյակներ առաջ)։
Ես ոչ միայն կարծում եմ, այլև համոզված եմ որ դրա կարիքը կա՛, և ահա թե ինչո՛ւ։
Կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ կապ ունի գրական խմբակը պետականության հետ։ Հայտնի փաստ է, որ Վերնատունը, լինելով գրական խմբակ, չէր զբաղվում լոկ գրական ստեղծագործությունների ընթերցմամբ և քննարկմամբ, այլև, կամա թե ակամա, զարգացնում էր մտավորականների քննական մտածողությունը, քանի որ նրանք հաճախ նաև մեկմեկու գործեր էին ենթարկում գրաքննադատության։ Բացի այդ, պետք չէ մոռանանք, որ Վերնատանը ի սկզբանե հավաքվում էին ոչ թե գրականություն քննարկելու, այլ պարզապես զրուցում էին, փոխանակում մտքեր ու գաղափարներ, իսկ հաշվի առնելով այն անձինք, որոնք մեզ հայտնի են որպես Վերնատան հիմնական կազմ, այդ ավանդական հավաքը հեռու չէր քաղաքականությունից, ավելին՝ իր գրիչն էլ օգտագործում էր այս կամ այն քաղաքական հարցի շուրջ ձայն բարձրացնելու համար։ Իսկ թե Վերնատունն ի՛նչ ազդեցություն ուներ հասարակության աչքերում, կդժվարանամ ասել, սակայն անշուշտ, այնտեղի քննարկումները խթան էին նոր, համարձակ գաղափարների արտահայտման համար։

Դավիթ Մաթևոսյան
Հավաքական քննարկման ընթացքում խոսվեց Խորհրդային Միության տարիներին գործած ստեղծագործական միությունների մասին, որոնցում ներգրավված էին տարբեր արվեստագետներ։ Նշվեց՝ նրանք այն մարդիկ էին, ովքեր միավորվելով՝ ընդդիմանում էին կայսրության այս կամ այն ապազգային կամ հակահայկական ծրագրին։ Համեմատության կարգով ասենք, որ 1960-ականներին ու հետագայում էլ գրողները, ինչպես 20-րդ դարի սկզբին, սոցիալական դժվարություններ ունեին, երկու սերունդներն էլ արժևորում էին կյանքը, քանի որ երկուսն էլ մահ էին տեսել (թուրքերի իրագործած ջարդեր ու Երկրորդ աշխարհամարտ)։ Զուգահեռներ անցկացվեցին նկարիչ Ջիոտտոյի (Գևորգ Գրիգորյան) արվեստանոցի ու Վերնատան միջև՝ համարելով, որ առաջինը կրկնում էր Վերնատան բովանդակությունը այն առումով, որ արվեստագետներին կարողանում էր հավաքել մի սեղանի ու մի գաղափարի շուրջ։
Եվ ահա հնչեց շատ առանցքային ու ռազմավարական հարց` անկախ պետականության պայմաններում արդյոք կարիք կա՞ ունենալու Վերնատան նմանակը։ Դրա համար պետք է փորձել հասկանալ Վերնատան էությունը, որը հենց գրական, ոչ թե քաղաքական խմբակ էր։ Սակայն եկեք չթերագնահատենք մտավորականի, ազգային արժեքների տե՛ր մտավորական վարպետի դերը ամբողջ հանրության զարգացման հարցում։ Եթե մենք Վերնատունը դիտարկում ենք զուտ գրողների հավաքատեղի, ապա, անշուշտ, արդարացի է այն տեսակետը, թե այսօր ունենք միություններ, այդ թվում` Հայաստանի գրողների գրեթե հարյուրամյա միություն, որտեղ այսօրվա ստեղծագործողները հնարավորություն ունեն շփվելու, կարծիքներ փոխանակելու։ Բայց արդյո՞ք պետական վերահսկողության ներքո որոշակի գործառույթների համար ստեղծված կառույցը ի զորու է իր տանիքի տակ հավաքել սրտացավ մտավորականների, ովքեր ոչ միայն գրում են, այլև դաստիարակում իրենց գրքերով ու ելույթներով։ Կասկած չկա, որ պետք է սոցիալապես ապահովել մեր գրողներին ու արվեստագետներին, սակայն մի՞թե պետական գնահատանքը չի կաշկանդի նրանց` լինելու արդար, անաչառ, համարձակ ու ազատ կայսրության (այսօր արդեն հանրապետության) իշխանություններին ընդդիմանալու գործում։ Այո՛, գրողներն ու արվեստագետները պետք է ապահովված լինեն, բայց ոչ թե պետության, այլ՝ հանրության կողմից։ Նրանք պետք է գնահատված լինեն, նրանց գործերը պետք է հազարներով վաճառվեն, նրանց խոսքին պիտի կարոտ լինենք… Պիտի հազարներով կարդանք։
Անկախ պետությանն էլ է պետք Վերնատուն` հավաքատեղի մտերիմ, հարազատ, իրար ու ազգը շատ սիրող ու գաղափարապես շատ զարգացած մարդկանց, ովքեր ազատ կլինեն իրենք որոշելու իրենց առաքելությունը, իրենց գործառույթն ու իրենց նշանակությունը հասարակության մեջ։ Ուժեղ մտավորականությունն է առաջնորդում հասարակությանը։ Նրանք պիտի հարգված, սիրված ու վստահելի լինեն, բացի այդ՝ պիտի միավորված լինեն։ Չէ՞ որ թե՛ նրանց, թե՛ հասարակության և թե՛ պետության տեսիլը նույն հետագիծն ունի (կամ՝ պետք է ունենա)…