Փոքրիկ կարապների պարը

Անուշ Գասպարյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 26 Հունիս 2024

Հունիսի սկզբին կայացավ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած «Երևանյան բալետի փառատոն»-ը: Սա իր տեսակում բացառիկ միջոցառում է: Երեք երեկո շարունակ հանդիսատեսը հավաքվում էր Հովհաննես Թումանյանի անվան այգում, վայելում բալետային ներկայացումներ: Այս տարի այստեղ հյուրընկալել էինք Սանկտ Պետերբուրգի և Թբիլիսիի թատրոններին, որոնք ներկայացրին պատառիկներ իրենց ծրագրային ներկայացումներից՝ մեծապես տպավորելով հայ հանդիսատեսին:

Սա համագործակցության հիանալի ճանապարհ է: Մշակույթը, հատկապես համաշխարհային մշակույթը մարդկանց, ժողովուրդների միավորելու վիթխարի ուժ ունի: Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Նելսոն Մանդելան ասում էր. «Մշակույթը կամրջում է ազգերի ու ժողովուրդների միջև գոյություն ունեցող անդունդը»: Կարելի է խորհել այս մտքի շուրջ, կարելի է մշակույթն ավելի լայն կիրառության մեջ դնել, գծել մի ամբողջ ռազմավարություն, որի հիմքում դրված կլինի մարդու մշակութային զարգացումը, հարգանքը ազգային և համաշխարհային հոգևոր ժառանգության հանդեպ: Գուցե գիտակցական մակարդակում մենք չենք կարողանում ընկալել այլ ժողովուրդների դերը, գուցե մեզ ենք տեսնում առաջնային դիրքում, այլ ազգերի մասին նույնիսկ չգիտենք էլ, և նրանք էլ մեր մասին չգիտեն: Պետք է խոսել, ներկայանալ և ուսումնասիրել: Մշակույթը հույզ է, մշակույթը ներքին խաղ է, նրա միջոցով կարելի է գոռալ ցավի մասին, օգնություն խնդրել և ճշմարտությունը պատմել, միայն թե այդ հարստությունը պետք է ճիշտ օգտագործել…

Մենք միջոցառման կազմակերպիչներն էինք, տանտերերը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնը հանդես եկավ մի ամբողջական բեմադրությամբ, որը, սակայն, հայկական բալետ չէր: Իհարկե դա բնավ չխանգարեց իր շուրջ հարյուրավոր մարդկանց հավաքելուն: Թումանյանի անվան այգում շատ ջերմ մթնոլորտ էր: Արդեն երեկո էր, բայց դեռ չէր մթնել: Երբ կանգառից քայլում էի դեպի այգու այն հատվածը, որտեղ կայանալու էր ներկայացումը, կողքովս քայլող կինն ինձ հարցրեց, թե բալետի համար ո՞ր կողմ պիտի գնա: Այնքան ուրախալի էր տեսնել, որ մի խումբ անծանոթներ շտապ միասին քայլում էին դեպի միևնույն վայրը: Խոտածածկին տեղավորվում էին երեխաները իրենց ծնողների հետ, պատանիները… Ուր նայում էիր՝ հանդիսականներն էին: Սա շատ անսովոր էր, նման չէր թատրոնի ձևական մթնոլորտին. ո՞վ է տեսել ջինզ տաբատներով ու սպորտային կոշիկներով, խոտածածկ բլրին նստած, բալետ վայելեն: Բայց արի ու տես, որ վայելում են, հետևաբար՝ ինչո՞ւ սահմանափակել: Օպերան էլ, բալետն էլ մի տեսակ այլ մակարդակի արվեստներ են, մեծ պատկառանքով ենք վերաբերվում նրանց: Բայց այս նորարար լուծումը կարծես լիովին ծառայեց իր նպատակին. ներկայացումը կայացավ, հետաքրքրված մարդիկ հնարավորություն ունեցան գուցե առաջին անգամ տեսնելու մի այդպիսի հրաշք: Ցուցադրվում էր Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետը: Երկու գործողությամբ այս ներկայացումը կատարվում էր այնպիսի վարպետությամբ, որ թեև ներկաներից շատերը ոտքի էին, քամի էր փչում և արդեն մութ, բայց համառորեն կանգնել ու դիտում էին, լսում ու վայելում:

Փառատոնը Երևանում անցկացվում էր երկրորդ տարին անընդմեջ: Այն առաջին անգամ կայացավ անցյալ տարի՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ:

Ավանդական դառնալու ներուժ ունեցող այս փառատոնը աշխուժություն, ավելի ճիշտ կլինի ասել՝ նո՛ր աշխուժություն է մտցնում մայրաքաղաքի մշակութային ու հասարակական կյանքում: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ ամենաաղմկահարույց միջոցառումները պարբերաբար հենց մայրաքաղաքում են կազմակերպվում: Սրանում ես խնդիր եմ տեսնում, չնայած վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում մարզերում իրականացվող համերգների, ներկայացումների, հանդիպումների: Ամեն դեպքում, անվճար, բացօթյա բալետը հաճախակի երևույթ չէ: Վստահաբար ներկաների մեջ կային անձինք, ովքեր տեղյակ չէին փառատոնից, բայց տեսնելով կուտակվող հանրությանը՝ հետաքրքրությունից միացել էին:

Աշխարհում այսպիսի փառատոները եզակի չեն, և մենք հաջողությամբ ընդօրինակել ենք միջազգային փորձը: Նմանատիպ միջոցառումներ իրականացվում են տարբեր երկրներում: Օրինակի համար, Սանկտ Պետերբուրգում՝ Մարիինյան թատրոնը և այն կոչվում է հենց «Բալետային փառատոն»: Վերջինս բալետի միջազգային արվեստի կարևոր իրադարձություններից է, որին մասնակցում են աշխարհի ամենահայտնի բալետային խմբերն ու կատարողները: Նյու Յորքում այն կոչվում է «Fall for Dance Festival», որը ներառում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից բալետ: Փարիզում «Les Étés de la Danse»-ն է, որ նույն ձևաչափն ունի: Լոնդոնյան «Royal Ballet’s International Draft Works»-ը նպատակ ունի ներկայացնել նոր ստեղծագործությունները, առաջնաբեմելները (պրեմիերաները), խթանել դրանց առաջխաղացումը: Հեռավոր Արևելքը՝ Տոկիոն և Պեկինը, նույնպես անմասն չեն մնում և ունեն իրենց համանման փառատոները՝ «World Ballet Festival» և «China International Ballet Competition»: Իսկ Բրազիլիայի «Festival de Dança de Joinville»-ն առանձնանում է նրանով, որ բացի ներկայացումներից ներառում է նաև մրցույթներ և վարպետաց դասեր: Նպատակները տարբեր կարող են լինել, ընդգրկումը՝ ևս, սակայն լիահույս եմ, որ նմանատիպ խոշոր միջոցառումները շարունակական կլինեն, ավելի կտարածվեն, ամեն տարի ավելի շատ մարդ կիմանա դրանց մասին, կունենանք նաև հյուրեր արտասահմանից, ովքեր կժամանեն հատուկ այդ առիթով:

Հայն ու Հայաստանը միշտ էլ աչքի են ընկել իրենց հյուրընկալությամբ, ավանդույթների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքով: Անգամ պատմական այս բարդ իրադրության մեջ մենք չենք կորցնում մեր այս գիծը, շարունակում ենք լինել այն երկիրը, որի մասին վառ հույզերով են խոսում, որից հեռանում են վերադառնալու ցանկությամբ: Շատերը չգիտեն անգամ Հայաստանի մասին, բայց այն մարդիկ, ովքեր այցելել են, տեսել են, շփվել և ճանաչել հայաստանյան միջավայրը, չեն խաբվում այն սուտ լուրերով, որոնք մեր թշնամիները տարածում են աշխարհով մեկ:

Նաև արվեստն է մեր ուժը, մեր իրական ու անաղարտ դեմքը: «Երևանյան բալետի փառատոն»-ը այդ ուժը անընդհատ ավելացնելուն է ծառայում:

 

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like