Տոներ և հիշատակի օրեր

Անուշ Գասպարյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 28 հունվար 2026

Այս մասին ցանկացա գրել, քանի որ ինքս շատ եմ սիրում տոներ, ավանդույթներ, օրեր, երբ կարելի է իրար շնորհավորել կամ վերաիմաստավորել այս կամ այն իրադարձությունը։ Հաճախ վրդովվում եմ, երբ տեսնում եմ Հայաստանի Հանրապետության ոչ աշխատանքային օրերի ցանկը, քանի որ ունենք շատ պատմական օրեր կամ գեղեցիկ տոներ, որոնք պակաս կարևոր չեն, քան ոչ աշխատանքային սահմանված օրերը, բայց դրանք «նշելու» համար քաղաքացիները ազատ օր չեն ունենում։ Կարծում եմ, թե հանգստյան օրերը միայն խթանում են աշխատողներին, այդ իսկ պատճառով հաճախ խորհում էի, որ գուցե մեզ ավելի շատ ոչ աշխատանքային օրեր են հարկավոր, կարծես թե մենք մշտապես հոգնած ենք․․․ Հաճախ մտածում էի, օրինակ, գիրք նվիրելու օրվա մասին, որ նշվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, կամ Լեռնահայաստանի հռչակման օրը՝ ապրիլի 27-ը և այլն։

Ու ահա վերջերս փոփոխություն տեղի ունեցավ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում․ ավելացավ ևս մի հիշատակի օր։ Ընտրվեց կարծես թե ոչ պատահական ամսաթիվ՝ հունվարի 27-ը՝ Բանակի օրվա նախօրեն․ այս օրը այսուհետ կնշվի որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

Տոների իմաստը երբեք միայն հանգիստը չէ։ Իհարկե՛, այդ օրերին մեր ուրախությունն աճում է, մենք ավելի անհոգ ենք ու հանգիստ, սակայն շատ կարևոր են այն ավանդույթները, որ կատարվում են այս կամ այն օրը։ Մեր ուղեղը աշխատում է ծեսերով։ Փոփոխություններն ընկալելու եւ կարևոր իրադարձություններ հիշելու համար մեզ անհրաժեշտ են ավանդական, ծիսական գործողություններ։ Օրինակ, Ամանորը լիովին ծիսականացված է, թեև հեռացել ենք մեր ազգային ավանդական խորհրդանիշներից ու Նոր տարին նշում ենք շատ ազգերի նման։ Բոլորս այդ տոնին ճոխ սեղան ենք պատրաստում, տոնածառ ենք զարդարում, դիտում ենք ամանորյա հաղորդումներ, գուցե ինչ-որ մեկն ունի այն ֆիլմը, որ վերանայում է միայն և միայն Ամանորին․․․ Այս բոլոր ծիսականացված գործողությունները հաջորդաբար կատարելով, դրանց ամբողջությունը իրականացնելով՝ ինքներս մեզ հասկացնում ենք, թե ինչ-որ բան փոխվեց, ինչ-որ բան կատարվեց, այս օրը տարբերվում է մյուսներից և, կախված այս ծեսերի հավաքածուից, ընկալում ենք, Ամանո՞ր էր, Տյառնընդառա՞ջ, Զատի՞կ, թե՞ մեր մտերիմ ընկերոջ ծննդյան տարեդարձը։

Բանակի օրը, 44-օրյա պատերազմի օրերին, կամ էլ սեպտեմբերին՝ կապված 2023 թվականի արցախյան իրադարձությունների հետ՝ Եռաբլուրում մշտապես եղել են այցելուներ։ Սա բնական է, այո՛, սա վերածվել է ավանդույթի Հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների, հարազատների ու մտերիմների համար։

Հիշատակի օրերը հենց այդպես են ընտրվում՝ հաշվի առնելով պատմական խորքը և մարդկանց՝ արդեն սովորություն դարձրած երևույթներ։ Այս դեպքում հիմք է ընդունվել երկրորդը։ Իհարկե՛, կա տրամաբանություն այցելել Եռաբլուր ու հարգանքի տուրք մատուցել պատերազմի զոհերին Բանակի օրվա շրջանակներում, քանի որ անմահները զոհվել են լինելով այդ համակարգի մի մասը։ Բայց մի՞թե ընդունելի է սգո, հիշատակի օրը նշանակել տոնական օրից անմիջապես առաջ։ Չէ՞ որ սրանք պարզապես օրեր չեն, մարդիկ իրապես ապրում են դրանք։

Յուրաքանչյուր տոն, բացի իր կրած ծիսակարգից, բերում է նաև տրամադրություններ։ Դիցուք տարբեր անուններ կրող այս օրերը իրականացվում են նույն ծիսակարգով՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենիքի համար զոհվածների հիշատակին Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Բայց այդ պահին ինչի՞ մասին են մտածում մարդիկ. արդյո՞ք մտածում են ՀՀ բանակի վերակազմավորման հերոսական էջի ու լուսավոր հույսերի մասին, թե՞ հիշում են պատերազմի ահասարսուռ տեսարանները, նույնացնում իրենց զավակի զոհվելը պարտության հետ․․․ Տարբերությունն ակնհայտորեն ահռելի է։

Մարդկային հոգեբանությունը մեքենական չէ․ դու չես կարող այսօր զգալ քո զինվորների կորուստը, իսկ վաղն արդեն տոնել բանակի՝ որպես ազգային ռազմական ուժի, հզորության ու ինքնավարության խորհրդանիշի կազմավորումը։ Ահա թե ինչո՛ւ կարծում եմ, թե չէր կարելի այս օրն ընտրել՝ հաշվի առնելով այն փաստը, որ շատերն են Բանակի օրը գնում Եռաբլուր։ Սա մեծ ազդեցություն է ունենալու ազգի՝ որպես խմբի հիշողության, տրամադրության և ոգու վրա. սգո տրամադրությունները տարեցտարի ստվերելու են դրան հաջորդող հաջողության և ուրախության օրվա տրամադրությունները․․․ Աստիճանաբար, ոչ ոք, ժողովրդի լեզվով ասած, Բանակի տոնը նշելու սիրտ չի ունենա։ Մենք ուղղակի կմոռանանք ամբողջ տարվա ընթացքում նշանավորել պատմական այս իրադարձությունը, որն էլ թերևս հիմքն է Արցախյան առաջին պատերազմում մեր ազգի հաղթանակի և առհասարակ անկախության։

Լուծումը շատ պարզ է․ կա՛մ տեղափոխել հիշատակի օրը, կա՛մ տոնը։ Բանակի տոնը ավելի երկար է նշվել ու մարդկանց հոգում տարվա այս շրջանը շարունակաբար կապվել է Բանակի հետ, հետևաբար ավելի հեշտ կլինի տեղափոխել հիշատակի օրը։

Սակայն երկրորդ կարծիքն էլ գոյության տեղ ունի՝ կապել Բանակի օրը ոչ թե հենց կազմավորման օրվա, այլ որևէ նշանավոր մարտական գործողության կամ մեծ հաղթանակի հետ։ Ի վերջո, յուրաքանչյուր օր, կրելով որևէ պատմական իրադարձության մասին հիշողություն, էներգետիկ դաշտով բարենպաստ կամ անբարենպաստ է լինում ուրախ կամ տխուր առիթների համար։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like