Անուշ Գասպարյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երեւան, 24 դեկտեմբեր 2024
Փոքրիկներին հարցնում ենք․ «Ո՞րն է քո սիրելի» տոնը, և շատերը անմիջապես պատասխանում են «Ամանո՜րը», «Նոր տարի՜ն»։
Ինչո՞ւ միայն փոքրիկները։ Մեծերն էլ շատ են սիրում այս տոնը և երկար ու լուրջ պատրաստվում դրան։
Ինչպե՞ս է այսօր հայկական միջավայրում նշվում Ամանորը, որքանո՞վ են պահպանվել ազգային ավանդույթները, մշակութային ծեսերը, տարվա սկզբի՝ որպես նոր գալիքի խորհուրդը կրող բաղադրիչները։
Վերջերս շատ հաճախ եմ լսում բողոքներ, դժգոհություններ, որ Նոր տարին նշելը դարձել է ձանձրալի, որ տոնը վերածվել է մրցավազքի, թե ով ավելի շքեղ կզարդարի բնակարանը, ով ավելի ճոխ սեղան կպատրաստի, ավելի ընտիր ուտեստներ կհյուրասիրի։ Սիրտս ցավում է, երբ իմանում եմ, որ ինչ-որ մարդիկ վարկ են վերցնում, պարտքով գումար խնդրում տոնը կազմակերպելու համար․․․
Իսկ ինչո՞ւ է այս հարցը ինձ հուզում։ Վստահաբար այն բանի համար, որ այս մրցավազքը բնական չէ, որ այն կառուցված է անիմաստ, հորինված չափանիշների վրա։ Կարո՞ղ է որևէ մեկը բացատրել՝ ի՞նչ նշանակություն ունի Նոր տարվա սեղանին խոզի բուդը, կամ կարո՞ղ ենք հաշվել, թե քանի՞ տեսակ աղցան պետք է պատրաստել։ Ոչ ոք չի կարող, ուղղակի բոլորը որոշել են, որ պետք է լինի մեծ ու շքեղ սեղան, անսպառ ուտելիքներ, ընդեղենը չմոռանանք, մրգերից գնենք ամենաչնաշխարհիկն ու հազիվ ճարվողը․․․
Այս հարցը հենց այս պահին՝ Ամանորի նախօրեին ինձ հուզեց։ Որոշեցի ոչ մեծ հետազոտություն անել ու հասկանալ, թե ինչպե՞ս է ի սկզբանե նշվել տոնը մեզանում, ի՞նչ հետաքրքիր ավանդույթներ են եղել, որոնք այսօր մեծ տարածում չունեն, սակայն գուցե ավելի արարող ու լուսավոր են, քան այն ամենը, ինչ կա տասնամյակներ շարունակ։
Չգիտեմ ինչից սկսեմ։ Գուցե չնաշխարհիկ մրգերի՞ց։ Օրինակ՝ հայկական ավանդական սեղանի վրա ի՞նչ գործ ունեն մանդարինը, կիվին, կամ, ասենք, անանասը։ Այս մրգերը չեն աճում մեր կլիմայի պայմաններում, ուստի տրամաբանակա՞ն է արդյոք դրանց լինելը մեր սեղանին։ Այ ասենք հին Հայաստանի սեղանից անբաժան էին խնձորն ու նուռը։ Սա պատահական չէ, քանի որ ըստ ավանդույթի, Վանատուրը Ամանորին խնձոր է նվիրում, իսկ նուռը, իր 365 հատիկ ունեցող պտուղ համարվելուն համար, տարին է խորհրդանշում և օրհնվում է եկեղեցում Ամանորի գիշերը միայն։ Այս մրգերով զարդարում էին նաև Կենաց ծառը։
Ահա գտա ևս մեկ տարբերություն․ հայերը ոչ թե եղևնի, այլ Կենաց ծառ են զարդարել։ Զարդարել են ոչ թե մեծ ու փայլուն գնդերով, լույսերով ու աստղերով, այլ բնական ծառի վրա մրգեր, չիր, հատիկներ են կախել։ Սերմերը և պտուղները խորհրդանշել են նոր սկիզբը։ Եվ իրոք, ի՞նչ գործ ունեն ծառի վրա լույսն ու գնդերը, ո՞րն է դրանց խորհուրդը:
Կենաց ծառը հանդիպում է դեռ ժայռապատկերներում՝ արմատներ, ծառի բուն ու անվերջ տարածվող ճյուղեր: Այն հավերժության խորհրդանիշ է։ Կարելի է հետաքրքիր համեմատություն տանել Կենաց ծառի ու եղևնու միջև՝ որպես տոնի խորհրդանիշների։ Եղևնին ավելի լայն է ներքևի հատվածում, գնալով բարակում է ու գագաթին ավարտվում է մի ճյուղով, իսկ Կենաց ծառը, դուրս գալով հողի միջից, մի ընդհանուր բնից տարածվում է անսահման ճյուղերով՝ հասնելով ամենքին, ընդգրկելով ամեն բան։ Գուցե նախընտրելի է եղևնին և կարելի է այն մեկնաբանել միասնության գաղափարով: Սակայն Կենաց ծառն ինձ համար պակաս միասնական չէ, ճյուղերն ամեն դեպքում մի բնից են սերում, ներուժը (էներգիան) այդ բնում այնքան մեծ է, որ կարողանում է ամեն կողմ տարածվել, մինչդեռ եղևնու էներգիան նվազում է, որի պատճառով էլ ծառը մի ճյուղ է դառնում։
Մինչև Արևելյան Հայաստանի կցումը Ռուսատանին, հայերը Ամանորը՝ Նոր տարին կոչել են նաև Կաղանդ (լատիներեն calendae բառից)։ Ձմեռ պապի փոխարեն էլ հայերս ունեցել ենք Կաղանդ պապ։ Այդ ավանդական անվանումը պահպանվել է արմատներով արևմտահայ սփյուռքում, որտեղ նրան կոչում են Կաղանդ պապա։ Նա իր հետ չի ունեցել Ձյունանուշիկ անունով թոռնուհի։ Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը (համապատասխանաբար՝ Դեդ Մորոզ և Սնեգուրոչկա) ռուսական ներմուծումներ են հայկական ավանդությունների մեջ։
Հետաքրքիր է իմանալ, թե ե՞րբ է նշվել Կաղանդը․․․ Այն տոնվել է գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին։ Այդ օրը բնությունն սկսում է արթնանալ, ինչը շատ խորհրդանշական է։ Հունվարի 1-ի խորհուրդը Սուրբ ծնունդն է, որ տարբեր քրիտոնյաներ տարբեր օրեր են նշում (օրինակ՝ կաթոլիկները՝ դեկտեմբերի 25-ին, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ հայերը՝ հունվարի 6-ին), ուստի այս օրը ևս իմաստավորված է մեզանում։
Սերմերը՝ որպես սկզբի գաղափար, կարևորվում են ոչ միայն Կաղանդի օրերին, այլև Նավասարդի։ Այ քեզ բա՜ն, հիմա էլ Նավասա՞րդ՝ պիտի ասի ընթերցողը։ Նավասարդը ևս տարվա սկիզբ էր խորհրդանշում՝ արտահայտելով բերքահավաքի գաղափարը։ Հայկական այդ հին նոր տարին նշվում է Նավասարդի 1-ին, որը համապատասխանում է գրիգորյան տոմարով օգոստոսի 11-ին։ Ըստ ավանդության, հենց այդ օրն է Հայկը հաղթել Բելին, այսինքն՝ մեր ազգի կազմավորման սկիզբն է խորհրդանշում։
Նախկինում ամանորյա սեղանը լցված չէր մսային տարատեսակ ուտեստներով, մանավանդ որ հունվարի 1-ը մաս է կազմում Հիսնանց կոչված պահքին, որ տևում է 50 օր և ավարտվում հունվարի 5-լույս 6-ի գիշերը՝ Ս․ ծնունդի Ճրագալույցին։ Ամանորին տարեհաց էին թխում, տան ավագը այն բաժանում էր ընտանիքի անդամների միջև, և յուրաքանչյուրն իրեն բաժին հասած կտորի մեջ փնտրում էր տարեհացի խմորի մեջ դրված ու միասին եփված մետաղադրամը, որը կոչվում էր «դովլաթ», այսինքն՝ բախտ, հաջողություն։ Գեղեցիկ ավանդույթ է, չէ՞․ հավատում էին, որ հաջողակ տարի էր սպասվում նրան, ում բաժին էր հասնում պահված մետաղադրամը։
Շատ ցաքուցիր պատմեցի, բայց այնքան հետաքրքիր պատմություններ ու ավանդույթներ կան, որ կարելի է անվերջ կարդալ ու արդիականացնել, բերել մեր իրականության ու ժամանակակից Հայաստանում կրկին ունենալ իմաստավորված Ամանոր։
Ես շարունակելու եմ բացահայտել մեր հայկական Ամանորը։ Հուսամ իմ հոդվածն էլ ընթերցողին կոգևորի փորփրելու աղբյուրները։ Գուցե սկսենք յուրաքանչյուրս մեր ընտանիքից՝ տարեցտարի տարածելով մեր ազգային հինավուրց ավանդույթներն ու հետաքրքիր սովորությունները մեր հարազատների, բարեկամների ու հարևանների տներում։
Չգիտեմ՝ ով որտեղ և ինչպես է նշելու Նոր տարին, բայց այն ամեն տեղ էլ գալու է։ Դեհ, թող բարով ու սիրով գա, երջանկություն ու ջերմություն բերի այս սառն օրերին, ժպտանք, ծիծաղենք, երգենք ու պարենք, ուրախանանք, լինենք այնտեղ, ուր մեր սիրտն է մեզ տանում։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։