Անուշ Գասպարյան, Ծիլ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 25 մարտ 2025
2025-ի մարտի 5-ին՝ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի օրը, Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Արամիս Տատուի «Վազգեն․ Վերջին Սպարապետը» կինոնկարի երկար սպասված ցուցանորը (պրեմիերան)։ Ներկա էին ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական գործիչներ։
Այս ֆիլմն իրապես մեծ աղմուկ բարձրացրեց, այդ իսկ պատճառով որոշել եմ անդրադառնալ նրան որպես հայ, որպես հայոց պատմությամբ հետաքրքրված ու այն ուսումնասիրող ՀՀ քաղաքացի։
Ֆիլմն անկասկած նկարահանված է շատ բարձր որակով, դերասանական խաղն աչք է շոյում և պատկերները չափազանց գրավիչ են։ Սա մեծ և արհեստավարժ թիմի՝ թե՛ դերասանական, թե՛ տեխնիկական անխոնջ աշխատանքի արդյունքն է։ Այսօր, երբ մենք տեսել ենք Արցախյան երկրորդ պատերազմը, երբ Արցախը կրկին արյան ու արցունքների մեջ է թաթախվել, երբ շատերն առերեսվել են ճակատագրի անարդարությանը, առավել քան արդիական է այս թեմային անդրադառնալը, հիշեցնելը հայկական բանակի իրական ներուժի մասին, ինչը կարող է բացահայտվել իրական առաջնորդի, իրական նվիրյալների ջանքերի միջոցով։ Այսօր վստահությունը հայկական զինված ուժերի նկատմամբ, ավա՜ղ, նվազել է։ Այդ տեսանկյունից, ֆիլմը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ։ Այստեղ գլխավորն արդար աշխատանքն է, անմնացորդ նվիրումը՝ ղեկավար կազմից մինչև շարքային զինվոր։ Ֆիլմում տեսնում ենք հայ մոր կերպար, ով ինքն էլ պատրաստ է մեկնել մարտի դաշտ, ով չի կանգնեցնում իր որդիներին պատերազմի ճամփից, թեև աչքերում արցունքները չեն հասցնում չորանալ։ Տեսնում ենք նաև կաշառակեր պաշտոնյայի, ում պատճառով զինվորական ծառայությունից առողջական վիճակով պայմանավորված ազատման ենթակա զինվորի համար նվիրվածությունը աղետալի հետևանքներ ունեցավ։ Այսօր, ցավոք, նման դեպքերը չեն քչացել, սակայն ֆիլմը հիշեցնում է, որ փչացած պաշտոնյաների այդպիսի կամայականությունները անպատիժ մնալ չեն կարող։
Ֆիլմի նյութը Վազգեն Սարգսյանի կյանքն է՝ մանկությունից մինչև ՀՀ վարչապետ։ Ներկայացված են նրա հարաբերությունները ընտանիքում, զինակից ընկերների և ենթակա պաշտոնյաների հետ, կանանց ու հայ ժողովրդի հետ։ Անդրադարձ է կատարված շատ և շատ փաստերի, որոնց մասին գիտենք կամ լսել ենք Վազգեն Սարգսյանի կյանքն ուսումնասիրելիս։ Ֆիլմը կարծես հակիրճ կենսագրություն լինի, սակայն չեն նշվում թվական տվյալներ, այլ պարզապես ներկայացվում են իր պաշտոնների անվանումները կամ կատարած առանցքային բարեփոխումները։ Ամբողջ ֆիլմն ուղեկցվում է Վ. Սարգսյանի թևավոր խոսքերով, որոնք այսօր էլ շատերի համար ոգեշնչման աղբյուր են։
Ֆիլմի երաժշտական ձևավորումը, գունային մշակումը և դերասանական խաղը հուզական մեծ ազդեցություն են ունենում հանդիսատեսի վրա։
Այս ամենն իհարկե շատ լավ է մտածված և իրագործված, բայց երբ ինձ ինչ-որ մեկը հարցնում է՝ արժե՞ դիտել, թե՞ ոչ, ես խորհուրդ չեմ տալիս։ Եվ ահա թե ինչո՛ւ։
90 րոպեների ընթացքում ներկայացնելով պետական գործչի ամբողջ կյանքը և բոլոր ոլորտները՝ ասես կորցնում ենք հիմնական շեշտադրումը, ասես չենք հասցնում գնահատել նրա ավանդի ԻՍԿԱԿԱՆ ՉԱՓը։ Օրինակ, ֆիլմում շատ լղոզված է Վազգեն Սարգսյանի ՀՀ պաշտպանության նախարար դառնալու դրվագը, ինչն իրականում շատ հետաքրքիր է և շատ ավելի տպավորիչ կլիներ, եթե բացահայտվեր, թե ինչ հանգամանքներում է նա ստանձնել այդ պաշտոնը, կամ հատկապես ո՛ր հատկանիշի/հատկանիշների համար է նրան վստահվել վարչապետի պաշտոնը։ Եթե նախկինում գոնե մեկ անգամ կարդացել ենք Վազգեն Սարգսյանի կենսագրությունը, ֆիլմում մեր առջև չի հավաքվում նրա իրական, մարմնեղեն, մարդկային կերպարը․ մենք տեսնում ու լսում ենք հույզեր, ապրումներ, թևավոր գեղեցիկ խոսքեր, սակայն դրանք շատ կեղծ ու անիրական են թվում։ Ֆիլմում ներկայացվում են Սարգսյանի ամենալավ, ամենաօրինակելի հատկանիշները, նա կատարյալ է թվում, ինչով և մնում է մեր աշխարհից հեռու, այս իրականության հետ կապ չունեցող կերպար, ասես գրքային մի հերոս, որը երբեք չի ապրել մարդկային կյանքով։ Ըստ ֆիլմի՝ Վ. Սարգսյանը դժվարությունները միշտ հաղթահարել է միայնակ, երբեք չի սխալվել, երբեք չի թուլացել… Ֆիլմը Վազգեն Սարգսյանին չի դարձնում հանդիսատեսին հարազատ մեկը։
90 րոպեանոց ֆիլմում միայն Վազգեն Սարգսյանն է գնահատվում, ասես պետության ստեղծմանը ուրիշ ոչ ոք չի մասնակցել, ու ասես միայն նա է գլուխ հանում բոլոր ոլորտներից, միշտ գիտի ինչպես է պետք լուծել խնդիրները, միշտ իրազեկ է խնդիրներից։ Բայց բոլորս էլ գիտենք, թե իրականությունը այդպես չէ. անկախությունը ոչ միայն մի խումբ նվիրյալների՝ մտավորականների ու զինվորների, այլև հայության ջախջախիչ մեծամասնության նվաճումն էր, Արցախյան պատերազմում բացի Վազգենից տասնյակ հազարներ էին կռվում ու պարտադիր չէր Մոնթեին անդրադառնալ միայն նրա շիրմաքարի տեսքով։ Հայաստանի Հանրապետությունն այդ տարիներին նախագահական կառավարմամբ պետություն էր, և երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին վարչապետի պաշտոնակատարին ուղղված հարցերը կամ բոլոր հարցերի լուծումը նրա մասնակցությամբ պատկերելը թյուր պատկերացում է տալիս այդ տարիների Հայաստանի մասին։ Նույն ահաբեկչությանը զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի անունը հնչում է ֆիլմի վերջում՝ որպես Ազգային ժողովի նախագահ։ Բայց չէ՞ որ նա էլ պետության կյանքում կարևոր և առանցքային կերպար է եղել դեռեւս 1970-ականների կեսից։ Նրա դերի այդքան սահմանափակումը ֆիլմում՝ անարդար է։
Ամփոփեմ և փորձեմ ճիշտ փոխանցել իմ «բողոքը»։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, պատմական կերպար, մարդ, իր կատարած քայլերով բնորոշ է հենց իր ժամանակի շրջանակում, նա հաջորդ սերունդների համար հասկանալի ու ընկալելի է դառնում իրեն շրջապատող մարդկանց, գործընկերների, նաև հակառակորդների հետ սերտ աղերսների միջավայրում։ Երբ մենք վերցնենք մեկին, կտրենք նրան իր ժամանակից, անջատենք իր ժամանակի կանոններից ու մարդկանցից, խնդիրներից եւ դրանց լուծումներից, մենք կկորցնենք այդ մարդու գույները, մենք կկորցնենք այդ մարդու իրական արժեքը։
Պետք է համակողմանի նայել հարցերին ու անաչառ վերաբերվել մարդկանց, նրանց ներկայացնել իրենց թե՛ դրական և թե՛ ստվերոտ կողմերով։ Ոչ մի հերոս հերոս չի դառնում օդի մեջ ու միայնակ։
1 comment
Ես աուդիովիզուալ արվեստի մասնագետ եմ, արդեն իմ կյանքի ութերորդ տասնամյակում, առաջարկում եմ գրել ձեր ֆիլմի սցենարը և այն նկարահանել!
Այո, իսկապես! Այն չպետք է գերազանցի 90 րոպեն և ի՞նչ վերնագիր կունենար.