Անուշ Գասպարյան, «Ծիլ» համայնք, ՀՀ, 26 հունվար 2024
Այս տարին հոբելյանական է. նշում ենք հայ մեծանուն բեմագիր (սցենարիստ), նկարիչ, շարժարուեստի բեմադրիչ (կինոռեժիսոր), հիասքանչ (ֆանտաստիկ) արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը: Թեև կենդանության օրոք դժվարությունները հետապնդել են նրան, ըստ արժանվույն չի գնահատվել, բայց դա երբեք նկարչին հետ չի պահել իր սիրելի աշխատանքից, այն աշխատանքից, որում նա հրաշալի հաջողությունների էր հասնում, և որը կարևոր էր ոչ միայն Փարաջանով անձի գինը հասկանալու համար, այլև հայ արվեստի ներուժը չափելու: Այսօր, բարեբախտաբար, մեծ արվեստագետի անունը ծանոթ է ամեն հայի, նրա մասին խոսում են ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս. ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում ընդգրկված է նաև Փարաջանովի 100-ամյակը, և ով, եթե ոչ մենք՝ հայերս, պետք է մեզ վրա վերցնենք այս համաշխարհային տոնը նշելու, աշխարհին Փարաջանովի գույները նորովի ներկայացնելու պարտականությունը:
Անչափ շատ են կազմակերպված միջոցառումները, և դրանք շարունակվում են: Ստեղծվել է հանձնաժողով, որը ամբողջ տարվա ընթացքում Փարաջանովի շունչը թարմ է պահելու ոչ միայն այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում, այլև երկրից դուրս: Մարդիկ հետաքրքրված են, մասնակցում են, ո՞վ չի լսել Փարաջանովի անունը:
Վարպետի հենց ծննդյան հարյուրամյակի օրը՝ հունվարի 9-ին, Երևանի «Կինոյի տան» մեջ տեղի ունեցավ նրա արձանի բացումը, որը շուտով իր տեղն է գտնելու Երևանի այգիներից մեկում: Շուտով արդեն նաև «Փարաջանովի արձանի մոտ» են հավաքվելու: Հեղինակը Արա Ալեքյանն է, նա աշխատում է երկաթով, և սա իր առաջին գործը չէ՝ կապված Փարաջանովի հետ: Հիմա նա կերտել է մեծ քանդակ՝ Փարաջանովը ամբողջ հասակով: Սա էր շատերի երազանքը, որ վերջապես իրականություն դարձավ: Բայց արի ու տես, որ մեր ժողովրդի մի մասը այստեղ էլ է բողոքելու, դժգոհելու առիթ գտել: Մենք այսպիսինն ենք. եթե չկա՝ պահանջում ենք, եթե կա՝ անուն, պիտակ կպցնում: Բամբասում են, թե արձանում Փարաջանովը սատանայի է նման, քանդակագործը նրան խեղկատակի է վերածել, անարգում են մեծ հայի հիշատակը…

Այո՛, Հայաստանը քարի երկիր է, ունենք հրաշալի արձաններ՝ պատրաստված բազալտից, որոնք նույնպես մեծ էներգիա ունեն, կարող են մարդուն հոգեհարազատ դառնալ, բայց ո՞վ է ասել, որ բոլորը պետք է նույն կերպ տեսնեն աշխարհը, նույն կերպ մտածեն, նույն կերպ ստեղծագործեն, ինչո՞ւ ենք ուզում մերժել դրական հակադրումը (կոնտրաստը): Անպայման բացասաբար հակադրվելու կիրքը ինչո՞ւ այդքան ընդգծված է հայերիս մեջ: Հետաքրքիր է, այդ մարդիկ մոտիկից նայե՞լ են արձանին: Ես նայել եմ ու այն զգացողությունները, որոնք ստացա այդ գործից, կասկածում եմ, թե ինձ կփոխանցեր քարե, զգաստ արձանը: Նախ՝ դեմքը… Փարաջանովի դեմքը շատ պարզ ու իրական է, նրա աչքերի մեջ կարելի է նայել ու զգալ այդ մարդու վիթխարի ներուժը (էներգիան): Ինչ վերաբերում է դիրքին, նա իսկը փարաջանովյան է, նրա պես արտիստիկ, միշտ վեր սլացող, անհասանելիին թռչող…
Բամբասողները արձանին համար օգտագործված նյութին էլ են անուն դնում: Նրանք կարծում են, թե Երևանում մետաղյա արձանները տեղ չունեն, թե դրանք գորշ են ու կոպիտ… Այ քեզ բա՜ն, այնքանով գործ ունեն, որ Մոսկվա կինոթատրոնի դիմաց տարիներ շարունակ կանգնած է հայտնի սարդը ու միշտ էլ մեկը կգտնվի, որ կհարցնի, թե ցուլն ո՞ւր կորավ, չէ՞ որ ցուլ էլ կար նույն տեղում: Ի դեպ, այդ ցուլն ու սարդն էլ Արա Ալեքյանի ձեռքի գործն են, ու եթե դրանք սև են, «գորշ», ապա ի՞նչ խնդիր կա չսիրելու գունավոր Փարաջանովին: Արա Ալեքյանի գործերը յուրահատուկ են այնքանով, որ ուղղակի դրվում են գետնին, պատվանդան չկա, կարելի է հանգիստ մոտենալ ու «շփվել» արձանի հետ, չէ՞ որ այն, ինչպես աշխարհում ամեն բան, մարդկանց համար է ստեղծված:
Եթե մենք շարունակենք այսպիսի վերաբերմունք ունենալ մեր արվեստագետների գործերի հանդեպ, դրանից ոչինչ էլ չենք շահի, ավելին՝ կկորցնենք: Արա Ալեքյանի մի շարք գործեր իրենց տեղը գտել են աշխարհով մեկ. օրինակ՝ Չելյաբինսկի քաղաքապետարանն ինքն է կապվել քանդակագործի հետ, ձեռք բերել գործերը, Բրյուսելում կանգնած են Ալեքյանի 4 կոթողային (մոնումենտալ) երկաթե քանդակներ: Ի՞նչն է մեզ խանգարում գնահատել այն, ինչ ունենք, հպարտանալ դրանցով… Իհարկե մեր երկրում կա խոսքի ազատություն, կան համապատասխան հարթակներ, որտեղ յուրաքանչյուրը կարող է արտահայտել իր կարծիքը, բայց այն չպետք է ոտնահարի ստեղծագործելու ազատությունը: Չէ՞ որ մարդն արտահայտվում, արտաքին աշխարհի երևույթներին արձագանքում է ոչ միայն խոսքերով, այլև ստեղծագործելով:
Բարեբախտաբար կա նաև երկրորդ խումբը՝ մարդիկ, ովքեր անկեղծ հետաքրքրված են արձանի ճակատագրով: Նրանք այցելում են «Կինոյի տուն», հավանում և սիրում արձանը, լուսանկարվում «երկաթյա» Փարաջանովի հետ:

Արձանի բացման հանդիսությանը շատերն էին ներկա, հիմնականում՝ արվեստի մարդիկ: Հաճելի էր հետևել, թե մարդիկ ինչքա՜ն հիացած էին նայում արձանին, իրար շնորհավորում: Սակայն ներկա էին նաև ուղղակի հետաքրքրված հայեր, արվեստի սիրահարներ և Փարաջանովի հիշատակը բարձր գնահատողներ: Հենց նրանց համար հայ արվեստագետը կարող է և պետք է շարունակի արարել նույնիսկ մահից ավելի քան երեք տասնամյակ ետք՝ իր անկասելի, հզոր երևակայության թռիչքներով:
Փարաջանովի կենդանության օրոք էլ, ցավոք, քչերն են նրան ընդունել ու սիրել այնքան, որքան հիմա: Նրան ընդունելու և սիրելու նախապայման է հասկանալ նրա արվեստը, հասկանալ նրա ավանդը, հասկանալ, թե ինչ էր նա ուզում ասել իր գործերը դիտողին, նա լինի հայ թե օտար: Ու եթե մենք իսկապես հարգում ենք Փարաջանովի վաստակն ու հիշատակը, չե՞ք կարծում, թե պետք է ավելի լայնամիտ լինենք համարձակ, ազատ, յուրօրինակ արվեստի առաջ:
Ինչ խոսք, արժե վերջապես մեծարել հայի տաղանդը դեռ իր ստեղծագործելու տարիներին, ոչ թե մեկ դար անց… Այդպես գուցե վերջապես կարողանանք առաջ նայել, ոչ թե ափսոսալ անցյալի համար:
# # # # #
«Ծիլ» համայնքը սփիւռքահայ հովանաւորներու հիմնած «Ամրոց» ծրագիրի մէկ մասն է: Համայնքը կը միաւորէ շնորհաշատ պատանիներ եւ պարմանուհիներ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի տարբեր շրջաններէն: Նպատակն է զարգացնել անոնց կարողութիւնները զանազան բնագաւառներու, մասնաւորաբար լրագրութեան, մշակոյթի եւ արուեստի մէջ: