Իրակա՛ն պատմությունը ավանդենք երիտասարդներին

Անուշ Գասպարյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 28 դեկտեմբեր 2025

Լինում են քաղաքական տարբեր իրավիճակներ, երբ հաճախ չենք հասկանում՝ բուն քաղաքական քա՞յլն է, թե՞ ինչ-որ շեղող հնարք, որը աղմուկ կստեղծի ու հանրության քննադատող աչքերից կթաքցնի իրական փոփոխությունը։

Այս տարի չափազանց կարևորվեց Մասիսների՝ որպես ազգային խորհրդանիշի դերը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մասիսների ուրվանկարը հանվեց ՀՀ սահմանի հատման կնիքների վրայից։ Դրանից հետո զգալիորեն շատացել են Մասիսների պատկերով տարբեր զարդերը, հագուստները, սպասքը, կենցաղային այլ առարկաները, կամ եթե նախկինում էլ կային, ավելի լավ են գովազդվում ու ավելի շատերի ուշադրության են արժանանում։

Այսպիսի աղմկահարույց իրադարձությունները կա՛մ շատ լավ տարբերակ են վաճառքով զբաղվող անձանց համար՝ շոշափելու մարդկանց զգայուն կետերը և իրենց արտադրանքով հովացնելու սպառողների հոգին, կա՛մ շատ լավ առիթ են ամեն ինչից դժգոհ հանրության համար՝ քաղաքական գործիչների հասցեին քննադատական կամ սպառնալից հերթական գրառումները հրապարակելու համար։ Այս ամենը շարունակվելու է այնքան, քանի դեռ առկա է մարդկանց վրդովմունքը այս հարցի շուրջ, բայց բավական է, որ ամեն ինչ լռի կամ նոր վրդովմունքի ալիք բարձրանա այլ թեմայի շուրջ, այս հարցը ժամանակավրեպ կդառնա ու կմոռացվի․․․ Իսկ երկարատև ազդեցության տիրույթո՞ւմ․․․

Ես մասն եմ մի կրթական շարժման, որ այս իրադարձություններում տեսավ առաջնայինը ու երկարաժամկետում ամենավտանգավորը՝ ազգային խորհրդանիշի կորստյան հավանական վտանգը։ Առաջին արձագանգը ոչ թե լուտանքներ ու դժգոհության ալիքներ ուղարկելն էր այն անձանց ուղղությամբ, ովքեր պատասխանատու են կնիքի տեսքի համար, ոչ թե հավելյալ եկամտի հնարավոր տարբերակներ ստեղծելն էր, այլ խորհրդանիշը փրկելն էր եկող սերնդի համար, ովքեր գուցե ասպարեզ գան այն պահին, երբ աղմուկն ամբողջությամբ լռած կլինի ու․․․ Մասիսների անունը էլ որևէ մէկը չի տա կամ նրանց չի հիշի։ Դժվար է պատկերացնել, որ արտասահմանում բնակվող մեր հայրնենակիցները իրենց կարոտը առնելու համար Մասիսների պատկերով կտավներ չպատվիրեն կամ շուկաներում տասնյակներով շարված չլինեն այդ կտավները։

Գեղամ Օհանյան

Բայց ինչքա՞ն կարելի է խորհրդանիշը պահել միայն զգացմունքների ուժով։ Կարևոր է դրան գումարել նաև գիտելիքը ու իրապես ճանաչել մեր լեռնաշխարհը, մեր չքնաղ սարերը, որ ուղղակի մասն են մեր ինքնության։ Հենց այս նպատակով «Բարձունք» կրթական շարժման համահիմնադիրներից Գեղամ Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում թողեց այս բովանդակությամբ գրառում․

«Առաջարկում եմ ստեղծել լուրջ, բոլորին հասանելի ՊԱՏՄԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ անիմացիոն ֆիլմաշարք։

Սա իհարկե մատչելի չի լինելու, բայց ոչինչ, հենց նա՛ պիտի լինի շատ լավը ու շատ տպավորիչը։

Քանի որ փորձառությունը կա, սրա պատասխանատվությունը անձամբ վերցնում եմ ինձ վրա։ Կիրականացնի Բարձունք / Bardzunk կրթական շարժումը, եթե, իհարկե, համապատասխան միջոցները հավաքագրվեն։

10-15 րոպեանոց անիմացիոն մեկ ֆիլմը կարժենա 1.000.000-1.500.000 դրամ։ Որքան հավաքվի, այդքան սերիա էլ կնկարենք․ Հայկ Նահապետից սկսած մինչև մեր օրեր, պատմություն և լեռնաշխարհ, իրար մեջ․․․»։

Եվ … ստեղծվեց շարքի առաջին ֆիլմը, որը Հայկական լեռնաշխարհի, հայկական քաղաքակրթության ծննդի ու զարգացման մասին է։ Հետագա գրառումներում և ֆիլմի առաջնադիտման ժամանակ Գեղամ Օհանյանը շեշտել է, որ թեև նշված գումարը չի հավաքվել, բայց շարքի առաջին ֆիլմը խոստում էր և ի վերջո իրականացավ պահանջվող գումարի 40%–ն ունենալով և կամավոր ներուժով (արդեն առաջ անցա ու ասացի, որ կայացել է ֆիլմի առաջնադիտումը)։ Ֆիլմը 2026-ին հասանելի կլինի նաև համացանցում։

Սարո Սարոյան

Ֆիլմի հիմքը, կմախքը սցենարն է, որը վստահվել է պատմաբան Սարո Սարոյանին։ Նա ակադեմիական գիտության մեծ ջատագով է և իրապես այն մարդն է, ով կարող է իրականացնել «Բարձունք»ի նպատակը՝ իրակա՛ն պատմությունը ավանդել երիտասարդներին։

Հաջորդ կարևոր բաղադրիչը ֆիլմի արտաքին տեսքն էր։ Ի՞նչ իմաստ կար ֆիլմ թողարկելու, եթե նա չէր լինելու որակյալ, տպավորիչ, վառ գույներով և պատմական տեղեկություն փոխանցող դրվագներով։ Եվ իրոք, իմաստ չկար ստեղծել բարձրորակ բովանդակությամբ ֆիլմ, որի արտաքին տեսքը կլիներ միջակ մակարդակի։ Քննարկումներից հետո հեղինակային խումբը կանգ առավ արհեստական բանականությամբ ստեղծված ֆիլմի տարբերակի վրա, քանի որ անհրաժեշտ էր առկա միջոցներով հնարավորինս դուրեկան արդյունք ստանալ։ Այս բաղադրիչի համար պատասխանատու էր motion-designer Զավեն Օդաբաշյանը։

Ֆիլմի դրվագները պատահական չեն, դրանք նույնպես հնարավորինս համապատասխանեցված են ակադեմիական գիտության բացահայտումներին․ ի՞նչ տեսք ուներ մարդկանց հագուստը, ի՞նչ կացարաններում էին բնակվում, ի՞նչ կենդանիներ էին օգտագործում․․․ Այս ամենը՝ զուգորդված Հայոց աշխարհի անզուգական բնապատկերներով… Ապշելու չափ գեղեցիկ կինոնկար են ստեղծել։

Հաջորդը ձայնն էր։ Ապահովեցին ՀՀ վաստակավոր արվեստագետ Բաբկեն Չոբանյանի (բովանդակության ընթերցում) և երաժիշտ Շահեն Խոնդկարյանի (ֆիլմի հնչյունային ղեկավարը) մասնակցությունը։ Առանց որակյալ ընթերցման և հետին պլանի համապատասխան երաժշտության, ֆիլմը չէր կարողանա թողնել այն ազդեցությունը և փոխանցել այն գիտելիքը, որ տալիս է հիմա

Փաստացի հիմա կա պատրաստի ֆիլմ, որը տևում է ընդամենը 10 րոպե, սակայն պարունակում է շատ տեղեկություններ Հայկական լեռնաշխարհի մասին՝ առաջին բնակիչներից մինչև պետական կազմավորումներ ու Երկաթի դար․․․ Հեղինակների կարծիքով, տեղեկատվական նման ծավալ պարունակող մոտ 15 ֆիլմ բավական կլինի մինչև մեր օրեր հասնելու համար։ Սակայն սա կարծես առաջին եթերաշրջանի ակնկալիքն է, կա ցանկություն հետագայում պատմական դրվագները ավելի մանրամասն ու հանգամանալի ներկայացնելու։

Այս ամենը հնարավոր են համապատասխան ֆինանսական աջակցություն հայթայթելու պարագայում, ինչին էլ ուղղված են լինելու «Բարձունքի» ջանքերը առաջին ֆիլմը Ամանորի գիշերը հրապարակելուց հետո։

Հավատացնում եմ ձեզ, որ այս ֆիլմը ամեն անգամ դիտելիս կունենաք հիացմունքի մեծ զգացում․․․ այնպիսին, որ ձեր մարմինը կփշաքաղվի, իսկ աչքերը կտամկանան․․․ Ինձ հետ այդպես եղավ․․․

*****

Ներածական նկարը՝ Գեղամ Օհանյան և Զավեն Օդաբաշյան

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like