Կենսոլորտային Պահպանավայր Էությունն ու կիրառման անհրաժեշտությունը Հայաստանում

Արեգ Ղարաբեգյան, Դրօշակ ամսաթերթ, Օգոստոս 2020

Աշխարհում գերիշխանություն հաստատած տեխնածին տնտեսական համակարգերը կորզում են բնական պաշարները՝ առանց դրանց բնական սահմանափակվածությունն ու վերականգնման ունակությունը նկատի առնելու: Բնական պաշարների վրա մեծացող ճնշումը պահանջում է նոր հասարակական-էկոլոգիական մոտեցում, որը մի կողմից պետք է մեղմի կենսաբազմազանության կորուստը, մյուս կողմից՝ խթանի կայուն հողօգտագործումը՝ ներառելով տեղի բնակչության կարիքները: Այդպիսի լուծումներից մեկը կենսոլորտային պահպանավայրն է:

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ – UNESCO) մշակել է խիստ պահանջներ կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման համար։ Այպիսի պահպանավայրի ստեղծումը առաջադրվում է պետության կողմից և ստանում է միջազգային ճանաչում: Կենսոլորտային պահպանավայրը, որոշ առումով ծառայում է որպես «կենդանի լաբորատորիա»՝ հողի, ջրի և կենսաբազմազանության միասնական կառավարման փորձարկման և ցուցադրման համար: Կենսոլորտային պահպանավայրերը ձևավորում են համաշխարհային ցանց, որի ներքո հեշտանում է տեղեկատվության, փորձի և աշխատակազմի փոխանակումը: Ներկայումս աշխարհի 124 երկրներում կա 701 կենսոլորտային պահպանավայր, ներառյալ 21 անդրսահմանային պահպանավայրերը:

Ինչպես նշվեց, կենսոլորտային պահպանավայրը անդրադառնում է մեր ժամանակների ամենակարևոր և անհետաձգելի խնդիրներից մեկին. ի՞նչպես ապահովել, որ մարդկության և բնության լավակեցությունները իրար հետ լինեն համերաշխ: Այն ապահովելու համար շատ խմբավորումներ պետք է աշխատեն միասին, որոնք են բնապահպանները, հասարարական կազմակերպությունները, տեղական իշխանությունները, գիտնականները և ամենակարևորը՝ տեղական համայնքները: Հետևաբար, կենսոլորտային պահպանավայրերը տարբերվում են սովորական պաշտպանված տարածքներից: Դրանք միևնույն ժամանակ նպաստում են պաշարների կայուն օգտագործմանը և տեղական համայնքների բարեկեցությանը։

«Կայունություն» հասկացությունը պնդում է, որ այսօրվա մարդկությունը չպետք է ապագա սերունդների գոյությունը դնի վտագնի տակ: Կենսոլորտային պահպանավայրի նպատակն է պահպանել կենսաբազմազանությունը, կարգավորել բնական պաշարների օգտագործումը` պահպանելով դրանք, խթանել կայունության և ներառական տնտեսական զարգացմանը:

Հայաստանն առայժմն չունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ գործող կենսոլորտային պահպանավայրեր, սակայն 1990-ականներից սկսած մի շարք փորձեր եղել են այդ առնչությամբ: Արդեն իսկ ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներին համապատասխան ազգային՝ Մարդը և Կենսոլորտը (MAB) հանձնաժողովը: Հայաստանի պարագայում առաջնահերթ է դիտարկել Սևան ազգային պարկի կարգավիճակը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներին համապատասխան կենսոլորտային պահպանավայրի վերածելու հարցը:

Կենսոլորտային պահպանավայրերի գործառույթները

Նախատեսված է, որ ցանկացած կենսոլորտային պահպանավայր պետք է կատարի երեք հիմնական գործառույթ, որոնք լրացնում են և փոխադարձաբար ամրապնդում են մեկը մյուսին: Դրանք են`

  • Պահպանման գործառույթը, որի նպատակն է նպաստել տեսակների, լանդշաֆտների, էկոհամակարգերի և գենետիկ պաշարների բազմազանության պահպանմանը․
  • Զարգացման գործառույթը, որի նպատակն է նպաստել տնտեսական և հասարակական զարգացմանը, որն ունի հասարակական-մշակութային և էկոլոգիական կայունություն․
  • Գիտակրթական աջակցության գործառույթը, որի նպատակն է աջակցել պահպանման ու զարգացման հարցերի հետ կապված հետազոտություններին, մոնիթորինգին, էկոլոգիական կրթությանը, տեղեկատվության փոխանակմանը տեղային, ազգային և համաշխարհային մակարդակներում:

Կենսոլորտային պահպանավայրերի գոտիները

Կենսոլորտային պահպանավայրերը ունենում են երեք փոխկապակցված գոտիներ՝ միջուկային, բուֆերային և աշխատանքային, որոնք ձգտում են կատարել երեք լրացնող ու միմյանց ուժեղացնող դերկատարություն:

  • միջուկային գոտու տարածքն ընդգրկում է խիստ պաշտպանված մի էկոհամակարգ, որը նպաստում է լանդշաֆտների, էկոհամակարգերի, տեսակների և գենետիկ տատանումների պահպանությանը.
  • բուֆերային գոտի, որը շրջապատում է միջուկային տարածքը և օգտագործվում է բարենպաստ ու ճիշտ էկոլոգիական գործունեությունների համար, որոնք կարող են նպաստել գիտական հետազոտություններին, մոնիտորինգին, ուսուցմանը և կրթությանը.
  • աշխատանքային գոտու տարածքը պահպանավայրի այն մասն է, որտեղ ամենամեծ հասարակական-մշակութային ու էկոլոգիապես կայուն գործունեությունը խթանում է տնտեսական և սոցիալակն զարգացումը:

Միայն միջուկային գոտին է պահանջում խիստ իրավական պահպանություն և, հետևաբար, դրանով կարող է համապատասխանել արդեն գոյություն ունեցող պահպանվող տարածքներին, ինչպիսիք են օրինակ, բնապահպանական արգելոցը, արգելավայրը կամ ազգային պարկը:

Այս գոտիավորման սխեման իրական աշխարհում իրականցվում է տարբեր ուղիներով, ելնելով աշխարհագրական, հասարակական-մշակութային պայմաններից, առկա պահպանության իրավական միջոցներից և տեղային խոչընդոտներից: Այս ճկունությունը կարող է օգտագործվել ստեղծարար ճանապարհով և համարվում է կենսոլորտային պահպանավայր հասկացության ամենաբնորոշ գծերից մեկը, որը նպաստում է, որպեսզի պաշտպանվող տարածքներն միավորվեն ավելի ընդարձակ լանդշաֆտների մեջ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելու առաջին քայլերը

Կենսոլորտային պահպանավայր ստեղծելը ժամանակատար գործընթաց է, որը պահանջում է լայն տեղեկատվության հավաքագրում և հանրային լայն ներգրավվածություն: Այս գործընթացի ընթացքում պետք է առաջինը որոշվի. արդյո՞ք տարածաշրջանը ունի կենսոլորտային պահպանավայր դառնալու ներուժ: Հետևաբար առաջին քայլը պետք է լինի տարածաշրջանի ներուժի վերլուծությունն ու իրագործելիության ուսումնասիրությունը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, որոշակի քայլեր են հարկավոր ստեղծելու կենսոլորտային պահպանավայր: Նախ հարկավոր է, որ ուսումնասիրություն կատարվի, որպեսզի հայտնաբերվի կենսոլորտային պահպանավայրի լավագույն ու ամենանպատակահարմար վայրը: Ապա որոշված վայրի համար անհրաժեշտ է կատարել իրագործելիության (fiesability) ուսումնասիրություն: Վերջում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար պետք է պատրաստվի այն թղթածրարը, որը հիմնավորելու է նշված տարածքում կենսոլորտային պահպանավայրի ստեղծումը:

Կարևոր է նախ, որ գնահատման մեջ նշվի համապատասխան միջուկային ու բուֆերային գոտիների առկայությունը և նաև այն փաստը, որ տարածաշրջանի բնական որակներն ունեն համաշխարհային կարևորություն: Բացի այդ, կենսոլորտային պահպանավայր գործելու համար կարևոր նշանակություն ունի նաև հստակ համայնքային աջակցություն ունենալը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիմումը բաղկացած է երեք մասից`

  1. Առաջին մասն իրենից ներկայացնում է ամփոփում, որը նշում է, թե առաջադրված տարածքն ինչպես է արձագանքում կանոնադրական հիմունքների սահմանած կենսոլորտային պահպանավայրերին բնորոշ գործառույթներին և չափանիշներին: Դրա հետ մեկտեղ ներկայացնում է այս հարցով մտահոգված իշխանությունների հավանության ստորագրությունները:
  2. Երկրորդ մասն ավելի շատ մանրամասներ է ներկայացնում և ավելի նկարագրողական բնույթ ունի, անդրադառնում է մարդկային, ֆիզիկական և կենսաբանական հատկանիշներին:
  3. Երրորդ մասը բաղկացած է երկու հավելվածներից. առաջին հավելվածը կիրառվում է կենսոլարտային պահպանավայրերի ցանցի տեղեկատուն թարմացնելու համար, եթե իհարկե տեղանքը ճանաչվել է որպես կենսոլորտային պահպանավայր: Երկրորդ հավելվածը կիրառվում է կենսոլորտային պահպանավայրերի խթանողական և հաղորդակցման նյութեր ապահովելու համար:

Գերմանական Միխայել Սուքոյ (Michael Succow) հիմնադրամը, որն ունի հարուստ փորձ կենսոլորտային պահպանավայր ստեղծելու ուսումնասիրություններ կատարելու և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթղթերի ծրարը պատրաստելու ոլորտում, 2017 թվականին Հայաստանի բնապահպանության նախարարության գաղափարաբանանական առաջնորդությամբ և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի անմիջական մասնակցությամբ նախաձեռնեց անհրաժեշտ նախնական ուսումնասիրություններ՝ բացահայտելու այն վայրերը որտեղ հնարավոր է ստեղծել կենսոլորտային պահպանավայր: Դիտարկվում էր, որ երկրում այդպիսի հնարավոր տարածք կարող է համարվել նաև «Սևան ազգային պարկը»:

Սևանա ազգային պարկի հատկությունները

Սևանա լիճը կազմում է Անդրկովկասի ամենամեծ ջրային պաշարը և, հետևաբար, տարածաշրջանում քաղցրահամ ջրի և քաղցրահամ ջրի ձկների ամենակարևոր աղբյուրն է: Պատմականորեն այն կարևոր դեր է խաղացել Հայաստանի ապահովման գործում և մինչ օրս մեծ դեր է խաղում երկրի տնտեսության մեջ` հանդիսանալով ոռոգման ջրի և ցածր գնի էլեկտրաէներգիայի արտադրության, ինչպես նաև ձկների, հանգստի և զբոսաշրջության ապահովման հիմնական աղբյուր:

«Սևան ազգային պարկը» ստեղծվել է 1978 թվականին՝ Սևանա լճի էկոհամակարգերի պահպանման համար: Ազգային պարկն ընդգրկում է Սևանա լիճը և հարակից տարածքները՝ մինչև լճի շրջակայքում գտնվող մայրուղին: Ազգային պարկի համար սահմանվել է պահպանության խիստ ռեժիմ, ինչպես նաև խիստպաշտպանական, հանգստի և տնտեսական գործունեության գոտիներ: Ազգային պարկի պահպանվող տարածքները շարունակական կամ անխափան գոտիներ չեն (չնայած կոչվում են գոտիներ) և տարածվում են պարկի ամբողջ տարածքում: 3700 հա արգելոցի գոտին բաղկացած է հինգ հիմնական տարածքներից՝ Արտանիշ, Վարդենիս, Լիճք, Նորադուզ և Նորաշեն, ինչպես նաև տասը այլ պահպանվող տարածքներից, որոնք ձգվում են երկայնքով 500 մ երկարությամբ խոշոր գետերի շրջակայքում՝ սկսած գետի բերանից: Հանգստի գոտին զբաղեցնում է 4200 հա ափամերձ տարածք, որը նախատեսված է հանգստի և առողջության համար: Այստեղ գործում են տարբեր հարմարություններ, ինչպիսիք են հյուրատները, հյուրանոցները, մասնավոր հանգստի վայրերը և այլն, որոնք տեղակայված են ամբողջ ափամերձ հատվածում, բայց ավելի շատ կենտրոնացած են լճի արևմտյան մասում:

Սևանի թերակղզին ազգային պարկի ամենամեծ ցամաքային տարածքներից մեկն է, որը տարիների ընթացքում ենթարկվել է մարդածին ճնշման և կորցրել իր բնօրինակ բնական բուսականությունը:

Արտանիշ թերակղզին պարկի լավագույն պահպանվող տարածքներից մեկն է: Այն համարվում է որպես բնության բացառիկ հուշարձան և սահմանվել է որպես արգելոցի տարածք: Մոտ 2500 հա ծածկված է եզակի բուսականությամբ: Հատկապես հետաքրքրություն է ներկայացնում քարանձավներով հարավային ժայռոտ լանջը:

Պարկի բուսական աշխարհը ներկայացված է 28 տեսակի ծառերի, 42 տեսակ թփերի, 866 բազմամյա խոտաբույսերի և 307 տեսակ տարեկան և երկամյա բույսերի տեսքով: Ազգային պարկի և դրա բուֆերային գոտու բուսական աշխարհը ներառում է մոտ 1600 բույսեր, որոնք ներկայացված են ինչպես ջրային, այնպես էլ ցամաքային տեսակներով:

Քսանութ գետեր և հոսանքներ հոսում են Սևանա լիճ, բայց լճից դուրս է գալիս միայն Հրազդան գետը: Այնուամենայնիվ, 1933 թվականից լճից ջրի արտահոսքը արհեստականորեն կարգավորվել է հիդրոէներգետիկայի և ոռոգման համար:

Երկարատև կործանարար մարդածին ազդեցության հետևանքով Սևանա լիճը Հայաստանի ամենաշատ խանգարված էկոհամակարգն է: Այսպես կոչված «Սևանի խնդիրը» ծագել է 19-րդ դարում: Այդ ժամանակից ի վեր հիմնական մարտահրավերը եղել է այն հարցը, թե ինչպես օգտագործել լճի ջրային պաշարները, քանի որ Սևանա լիճը ճանաչվել է որպես Հայաստանի համար կարևոր ջրային պաշար: Լիճը դեռևս քայքայված վիճակում է, իսկ դրա ապագան վտանգված, որպես կարևոր առևտրային և կենսապահովման ձկնորսական արդյունաբերություն: Վտանգված է մնում նաև թռչնաբուծության տեսակները բնադրելու և գաղթելու կարևոր կենսամիջավայրը:

«Սևանա ազգային պարկը» կենսոլորտային պահպանավայր դարձնելու մարտահրավերը

«Սևան ազգային պարկի» սպառնալիքների ցանկը ընդարձակ է՝ օրինական և անօրինական ձկնորսություն, ջրերի աղտոտում, արոտավայրերի անկանոն շահագործում, թափոնների աղբահանություն, հողերի յուրացում, տուրիզմ և հանգիստ, հողօգտագործման փոփոխություն, որս, որսագողություն, անտառահատում, հանքարդյունաբերություն և այլն: Հետևաբար ազգային պարկի հիման վրա կենսոլորտային պահպանավայր ստեղծելը դժվարին ջանք է: Դա անելու համար անհրաժեշտ է՝

  • Ձկնորսության կանոնակարգերի խստագույն հսկողություն և կայուն ձկնորսության սխեմայի մասին համաձայնագիր, որը ձեռնտու կլինի տեղի բնակչությանը.
  • Թափոնների բարելավված կառավարում (ներառյալ կեղտաջրերի կառավարում) և երկարաժամկետ պաշտոնական հանձնարարականներ/կարգավորող շրջանակներ և կոյուղաջրերի համակարգերի օրինական կիրառում (առևտրային տուրիզմի մատակարարների համար)․
  • Ջրի մակարդակի բարձրացմանը խոչընդոտող շենքերի քանդում և ենթակառուցվածքային փոփոխություններ․
  • Դրենաժի և էրոզիայի վերահսկում․
  • Կայուն հողօգտագործման խթանում և իրավական աջակցություն.
  • Տեղական բնակչության հետևողական ներառումը և մասնակցությունը նախագծման և զարգացման ծրագրերում.
  • Բնական ափի վերականգնում (թռչունների հանգստավայրեր)․
  • Եվ ամենակարևորը` հիմնական գոտու խիստ պաշտպանվածությունը:

Հիմնական գոտու խիստ պաշտպանվածությունը հնարավոր է միայն հաշվի առնելով վերակենտրոնացումը և վերանայելով ազգային պարկի սահմանները: Մասնավորապես մինչ այժմ լճի ափին գտնվող կենսաբազմազանությունը բավականին ցածր է, և ոչ մի ազգային անտառ ներառված չէ: Հետևաբար, կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման նախադրյալները կլինեն հիմնական գոտու վերակենտրոնացումը` այսինքն ոչ թե ամբողջ լիճը, այլ ավելի շուտ շրջակա էկոհամակարգերի ներառումը և (հետևաբար) ազգային պարկի խոշորացումը լրացուցիչ պաշտպանվող տարածքների միջոցով, օրինակ՝ Մասրիկ գետը և նրա վտակների ներառումը, որոնք հոսում են քաղաքային տարածքների հարևանությամբ: Վերջինս մեծ նշանակություն ունի, քանի որ այն ձկների բազմացման անհրաժեշտ միջավայր է:

Ըստ Հայաստանի կառավարության և ոլորտի փորձագետների, Սևանն ունի զբոսաշրջության մեծ ներուժ` մասնավորապես բնական միջավայրին համահունչ սպորտը և էկո-տուրիզմը, սուզվելու, պարագլայդինգի և ծայրահեղ (էքստրեմալ) սպորտի այլ ձևերով, բայց նաև սպորտային ձկնորսություն, թռչունների դիտում, թիթեռի դիտում (արդեն գոյություն ունի, բայց, հավանաբար, կարող է հետագայում զարգանալ), բույսերի դիտում (հաշվի առնելով կարևոր բույսերի տարածքները՝ «Սևան», «Արդանի թերակղզին», «Արեգունիի գիհի անտառտնտեսություն») և արշավ:

Եզրափակում

Ինչպես վերը նշվեց, 2017 թվականին Հայաստանի բնապահպանության նախարարը առաջ էր մղում կենսոլորտային պահպանավայրերի ստեղծան գաղափարը, որը Հ․ Յ․ Դաշնակցության կողմից պաշտպանվող ներառական սոցիալ-տնտեսական և հավասարակշված էկոլոգիական քաղաքականության կիրառական հիմնական մոտեցումն է:

Ի՞նչու է կենսոլորտային պահպանավայրերի զարգացումը լավ գաղափար լինեու Սևանում: Ի՞նչու օգտակար կլինի: Քանի որ Սևանա լճի հետ կապված յուրաքանչյուր գործողություն բազմակի ուշադրության և ճշգրտության կարիք ունի, խորհուրդ է տրվում դիտարկել ուշադիր մոտեցում: Իրոք, կենսոլորտային պահպանավայրը կարող է օգնել համայնքների հասարակական-տնտեսական իրավիճակի բարելավմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ, լավ հիմք ձևավորել այլընտրանքային և կայուն զբոսաշրջության համար, ինչպես նաև կազմակերպել օրգանական արտադրություն և այլն: Քանի որ Սևանի շուրջ զբոսաշրջության զարգացումը տրված փաստ է, հետևաբար կարիքները կառավարելու համար Սևանում կենսոլորտային պահպանավայրերի զարգացման հիմնական տեսլականը դրված է նաև զբոսաշրջության կայուն զարգացման մեջ՝ ներկայումս միջին հաշվով դիտարկվող 60-օրյա տարեկան հանգստի շրջանը վերածելով ողջ տարվա ընթացքում գործունեության իրականացման շրջանի:

Ամփոփելով արձանագրենք, որ այն աշխատանքը, որը սկսվել էր 2017 թվականին ու մնացել է անկատար, պետք է շարունակել։ Անհրաժեշտ է կատարել մանրամասն իրագործելիության ուսումնասիրություն, պատրաստել դիմումի փաստթղթային ծրարը և դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Սևանում կենսոլորտային պահպանավայր ստեղծելու համար։

 

Արեգ Ղարաբեգյան – ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների մասնագիտական ոլորտային հանձնախմբի նախագահ։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like