Վազգեն Ղարիբյան, Տորոնտո, 3 Փետրվար 2020
“Հարյուր Տարվա Մահաքուն (2)” – ը Հարյուր տարվա կոմայի շարունակությունն է։
Մարդիկ փոփոխական արարածներ են: Մեր կարծիքները, նախասիրություններն ու արժեքները տարեցտարի անընդմեջ փոխվում և ձևափոխվում են: Շարունակելով նախորդիվ քննարկված Հայի երկակի իրականությունների թեման, ակամայից զուգահեռներ ցանկացա տանել «Ոսկե Դարի» տեսության հետ, ըստ որի՝ հիմնվելով անցյալի օրինաչափությունների, ներկայի իրականության և ապագայի կանխատեսումների վրա՝ քսան, երեսուն, կամ նույնիսկ հարյուր տարի հետո, այժմյան 2010-20-ականներին, հնարավոր է կանդրադառնան և կգնահատեն որպես Ոսկե դար: Հետևաբար, ինչքան էլ փորձենք ուսումնասիրել և վերլուծել անցյալի պատմական իրադարձությունները, ամեն դեպքում մեր ժամանակը պետք չէ անցկացնենք անցյալի կարոտով: Դա կարող է մեզ ստիպել բաց թողնել ներկայի լավագույն պահերն ու հնարավորությունները:
Այս օրերին հուզախառն հոդվածներ և ֆեյսբուքյան մելամաղձոտ կացութիւնների մասին (ստատուսներ) գրելու փոխարեն, ինքնախմբագրման և սթափ որոշումներ կայացնելու հրամայական ունենք:
Աշխարհաքաղաքական (գեոպոլիտիկ) մարտահրավեր.
Այսրկովկասն առհասարակ եղել է ու կլինի արևելքի և արևմուտքի քաղաքա-տեկտոնական շարժումների թատերաբեմ: 21-րդ դարի առաջին քառորդն իր հերթին եզակի է նրանով, որ կարճ ժամանակահատվածում վերափոխել է քաղաքականության մեջ ուժերի հարաբերակցությունների դասական ընդունված նորմերը: Այս ամենն ի կատար է ածվում շնորհիվ բնական աղբյուրների (ռեսուրս), ռազմաարդյունաբերության, տեխնոլոգիաների և տեղեկատվական աղբյուրների արդիականացման, որն էլ իր հերթին արտացոլվում է գոյություն ունեցող հակամարտությունների (կոնֆլիկտ) բարդությամբ և բազմազանությամբ:
Ռեալ-պոլիտիկը գնալով ավելի է նվազեցնում փոքր երկրների, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան քաղաքականության հնարավորությունները: Արցախյան 2-րդ պատերազմը, որը տասնամյակներ շարունակ կազմակերպած ծրագիր էր, իր դրոշմը դրեց տարածարջանում՝ վերջին տաս տարիներում ընթացող ուժերի հարաբերակցությունների փոփոխություններն ավելի ակնառու դարձնելով: Հատկապես վերջին տարիներին ականատես ենք լինում, թե ինչպես է Իրանի շուրջ սեղմվող օղակը ավելի ու ավելի նեղանում: Արևմտյան էներգակիրների մերձկասպյան ծրագրերի շրջանակներում, Թուրքիան առաջ է մղում իր ծավալապաշտական ռազմավարությունը, այն է՝ նեո-օսմանական գաղափարախոսությունը: Այս ամենին ի հակակշիռ փորձում է հանդես գալ ռուս-իրանական տանդեմը (զույգը) և ըստ էության, ձևավորվում են տարածարջանային համակեցության նոր կանոններ:
Ներքին իրավիճակի ակնարկ.
Վերջին ամիսներն եկան վեր հանելու ազգի, պետության ու հասարակության տարբեր շերտերում թաքնված փտած «գոյացությունները»: Եթե փորձենք կարճ ձևակերպում տալ այդ ամենին, ապա մենք գողացել ենք մեր երեխաների ժամանակը. գողացել ենք մեր չսովորելու տաղանդով, ինքնաքննադատության բացակայությամբ, «յուրահատուկ» լինելու սինդրոմի (համախտախտանշան) մոլուցքով, մաշված կարծրատիպերով, որի արդյունքում զրկել ենք ինքներս մեզ ամրանալու և զարգանալու հնարավորությունից…մնացել ենք հարյուրամյա կոմայի (մահաքուն) մեջ:
Պատերազմի ընթացքում և դրանից հետո ևս մենք ականատես եղանք, որ գեթ մեկ «բարոյական կամերտոն» չհայտնվեց, որը կկարողանար ճիշտ ճանապարհ ցույց տալ ծառացած դժվարին պայմաններում: Ավելին, նոյեմբերի 9-ից հետո մեր հասարակության գիտակից և մտավոր հատվածը ակամայից հայտնվեց մի այնպիսի իրավիճակում, երբ, պետականության շարունակականության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, ստիպված է պայքարել թե՛ չարաբաստիկ ընդդիմության և թե՛ ապաշնորհ իշխանության դեմ…և այստեղ տեղին է հիշատակել Պլատոնին. «Նրանք, ովքեր չափազանց խելացի են քաղաքականությամբ զբաղվելու համար, պատժվում են՝ ղեկավարվելով հիմար մարդկանց կողմից»:
Բարդ չէ նկատել, որ այսօր, տարբեր բևեռների կողմից, օգտագործելով հանրային տեղեկատվական խողովակները, ինչպիսիք են` հեռուստատեսությունը և սոցիալական (ընկերային) ցանցերը, իրականացվում է հստակ քաղաքականություն՝ ստեղծել տեղեկատվական քաոս: Այն իր հերթին աշխատում է ի նպաստ «մեկ փլուզող խումբը մյուսի նկատմամբ բորբոքելու» ռազմավարության, որպեսզի հասարակության մեջ առաջանան ներքին տարաձայնություններ։ Այն նաև ենթադրում է տարածել վարկաբեկող նյութեր, խարխլել ազգային արժեքներն ու հասարակության բարոյական սկզբունքները: Այս ամենն ավելի դյուրին գործ է, եթե թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, թերկրթված, վատ տեղեկացված, չվերլուծող ու անտարբեր։ Եթե փորձենք ձևակերպում տալ այս ամենին, ապա սա դասական կենտրոնների ծանրության վերահսկում է՝ ձևավորելու հասարակությանը մատուցվող ճշմարտության պատկերը: Երբ պատկերն անընդհատ խեղաթյուրվում է, ժողովուրդն այդ խեղաթյուրումն ընդունում է որպես ճշմարտություն։ Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել և հասարակությունն այդ սուտն ի վերջո կընկալի որպես փաստ։ Չմոռանանք, որ մեր օրգանիզմը բացասակսն տեղեկատվությունը (ինֆորմացիա) մի քանի անգամ ավելի արագ է ընդունում, քան վերլուծական ամենալավատեսական տեղեկատվությունը։ Եվ այս խորքի վրա Հայրենիքի մի մասի կորուստն ու Հայաստանի անորոշ ապագան այնքան ողբերգական չեն, որքան մեզանում առկա վերաբերմունքը դրանց հանդեպ։
Ահա սա է մեր իրականությունը:
Կլինեմ անկեղծ. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժողովրդի հավաքական կերպարի ամենաթափանցիկ հայելային արտացոլանքն է, հետևաբար նաև ամենաարդար ընտրությունն ու վերջին երեսուն տարիների մեր բոլոր սխալների արգասիքը: Հպարտ անգրագրագիտությունն ու ինքնասիրահարվածությունը քայքայեցին հասարակությունը ներսից։ Ժամանակի հանդեպ հարմարվողականությունը (կոմֆորմիզմը) արգելակեց ազգային դիմադրողականությունը (իմունիտետ)։ Սակայն ինչպես Ռուզվելտն է ասել 1938֊ին Նիկարագուայի բռնակալ Սամոզայի հասցեին` «Սամոզան անբորայականի զավակ է, բայց նա մեր անբորայականի զավակն է»։
Առհասարակ, 90-ականներին ձևավորված քաղաքական ընտրանին (էլիտա), որ մինչ օրս կառչած է իր իշխանական փառասիրություններից, պետք է հեռանա: Նրանք բոլորը իրար նման են, ֆիզիոլոգիապես ունակ չեն իրական պատկերացումներ ունենալ հայ ազգի ներուժի և օրեցօր գլոբալիզացվող (համաշխարհայնացվող) աշխարհի մասին։ Մեր հաջորդ ղեկավարը պետք է ոչ մի կապ չունենա 90-ականների բարքերի ու դրանց վրա հիմնված կառավարման փիլիսոփայության հետ: Անհրաժեշտ է վերականգնել խոսքի արժեքը: Ցանկացած ուժ, որ գա իշխանության, պետք է աշխատի «Խնդիր, Լուծում, Գին, Արդյունք», սկզբունքով: Անհրաժեշտ է, որ բացառվեն աշխատասիրության ու ամենօրյա ջանքերի փոխարեն աղոթքին ու խոստումներին ապավինողները։
Ինչևիցէ, մեզ անհրաժեշտ է ապրեցնել առաջիկա ամիսները՝ պահպանելով Հայաստանի Հանրապետությունը և իր քիչ թե շատ դեմոկրատական կառույցները: Հակառակ դեպքում, մենք ականատես կլինենք հավատի վատնման հետ, որն օրեցօր կհամալրվի այս կյանքի ունայնությամբ: Ի վերջո, ցանկացած նույնիսկ վատ համակարգ ավելի լավն է, քան անկառավարելի քաոսը, որովհետև համակարգն ինքնին կանխատեսելի է, իսկ քաոսը՝ ոչ։ Ուստի այստեղ պետք է դրսևորել բարձր կամային և մտավոր հատկություններ ու սթափություն՝ գտնելու այս ամենի ոսկե միջինը՝ ներկայիս ծառացած իրավիճակը հօգուտ Հայաստանի Հանրապետության օգտագործելու նպատակով:
Գաղափարախոսական նկատառում.
Քաղաքագիտության և փիլիսոփայության մեջ կա մի օրենք, որը կոչվում է «Պարզագույնի օրենք» (Law of Parsimony): Այն պնդում է, որ երևույթների ու իրադարձությունների ամենապարզ բացատրությունն ընդհանրապես ամենաճիշտն է։ Նույնը կարելի է դիտարկել սոցիումի (հասարակության) մեջ. տասնամյակներ, միգուցե հարյուրամյակներ շարունակ ճոճվող միակի ու բացառիկի սինդրոմը (համախտանիշը) մեր մեջ ձևավորել է այնպիսի հատկանիշներ ու միջավայր, որ չի թողնում օբյեկտիվորեն (առարկայականորեն) գնահատել իրականությունը, սեփական աղբյուրներն ու աշխարհաքաղաքական իրադրությունը՝ ի նպաստ ազգային և պետական շահի:
Շատերը խոսում են ազգային գաղափարախոսության բացակայության և դրա անհրաժեշտության մասին, սակայն կարծում եմ, մինչ դրան հասնելը մենք դեռ բարդ վերլուծական և քաղաքակրթական ինքնաճանաչման ճանապարհ ունենք անցնելու:
Ժամանակը մեզ նետել է մարտահրավեր՝ օրեցօր զարգացող համաշխարհայնացումը (գլոբալիզացումը) ընդդիմանում է բոլոր տեսակի ազգային գաղափարախոսություններին: Սարերի հետևում չեն այն տարիները, երբ կառավարման ձևերը աշխարհում կփոխվեն, արդեն իսկ հիմա զարգացած երկրներում կամաց-կամաց անցում են կատարում էլէկտրոնային (օր.՝ Էստոնիա) և արհեստական բանականության վրա հիմնված կառավարմանը և այն աճում է քվանտային արագությամբ: Իսկ մենք, ոչ միայն չունենք միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր, այլև դեռ չենք կողմնորոշվել, թե արդյոք դեմոկրատական կամ ազատական (լիբերալ) կամ գուցե ազգայնական երկիր ենք ձգտում կառուցել: Եթե այս մարտահրավերին մեր գործնական քայլերով արագ չարձագանքենք, ապա կհայտնվենք պատմության անդունդում, իսկ ավելի առարկայական ասած՝ ևս մի իրավիճակում, երբ օտարի կողմից մշակված ծրագիրը, որ հարմարեցված է իրենց հոգեկերտվածքին (մենտալիտետին), կվերցնենք և կփորձենք ներդնել մեր երկրում: Հետևանքները կարծում եմ ակնհայտ են:
Հետևաբար հարց է առաջանում ի՞նչ անել: Իմ պատկերացումները հետևյալն են.
- Հաշվի առնելով առկա տարաբնույթ խնդիրների քանակն ու բարդությունը, անհրաժեշտ է առաջնային կերպով իրականացնել բոլոր հնարավոր կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը, որոնք կվերականգնեն մեր ռազմական մարտունակությունը և ազգային ոգին, որոնց շնորհիվ էլ հնարավոր կլինի ապահովել մեր խարխլված անվտանգային համակարգը և պարզ ճակատով նայել ապագայի վերակառուցմանը: Այստեղ կարևոր է ընդգծել, որ Հայաստանը երբեք իրեն անվտանգ չի զգա, եթե սպառազինության քանակը մնա պետության անվտանգության միակ չափորոշիչը:
- Աշխատանքների երկրորդ առաջնագիծը պետք է լինի երկրում համակարգային (ինստիտուցիոնալ) կառույցների ձևավորումը՝ թե՛ պետական և թե՛ արտապետական: Պետական կառույցների մասին շատերս ունենք որոշակի պատկերացումներ, ուստի ես կընդգծեմ արտապետականը, այն է՝ մասնագիտական-թիմային կառույցների (clustered) կարևորությունը: Սրանք պետք է լինեն իրարից անկախ գործող աշխատանքային թիմեր, որտեղ հավաքված կլինեն տվյալ ոլորտի ամենաառաջադեմ և փորձառու մասնագետները: Վերջիններս առաջ տանելով իրենց իսկ ոլորտի շահերը, անընդմեջ աշխատանքի արդյունքում կստեղծեն մեկնարկային պայմաններ առարկայականորեն (օբյեկտիվորեն) օժտված և աշխատասեր մարդկանց համար, որպեսզի նրանք ապագայում հնարավորություն ունենան հասարակական-պետական բարձր դիրք գրավել ազատ մրցակցության պայմաններում։ Իհարկե կլինեն ընդդիմացողներ, որոնք կբերեն փաստարկներ, որ հայերիս մոտ թիմային աշխատանքը չի ստացվում, սակայն մեր անկազմակերպվածության հիմնական պատճառներից մեկը ընդհանուր գործ անելու մշակույթի բացակայությունն է։ Իսկ այս խնդիրը միանշանակ լուծելի է փոքր խմբերի մակարդակում: Ավելին, եթե պետական կառույցներից դուրս ձևավորված լինեն միասնական, բայց ոչ միատարր հակակշիռ ուժեր (էլիտա), ապա լավ կազմակերպված և պարբերական բնույթ կրող աշխատանքային միջավայրը ինքնին կստեղծի մրցակցային պայմաններ, որպեսզի տվյալ թիմի աշխատունակությունը պահպանվի բարձր մակարդակի վրա և որ ամենակարևորն է՝ անկախ գործող իշխանություններից՝ ի նպաստ միմիայն պետական շահի։ Թիմերն իրենց հերթին պետք է ձգտեն հնարավորինս շատ ներկայացված լինել իշխանական բոլոր ճյուղերում՝ օրենսդիր, գործադիր, դատական, որն իր հերթին պետք է խրախուսվի պետության և քաղաքացիական հասարակության կողմից: Թիմային կառույցները կլինեն ոչ թե կուսակցական, այլ առաջին հերթին հայաստանակենտրոն:
- Այս մոտեցումը նաև կհանդիսանա յուրատիպ ազգային դիմադրողականություն` ճգնաժամային իրավիճակներում ուժերը միաժամանակ և՛հորիզոնական, և՛ ուղղահայաց կերպով մոբիլիզացնելու (զորաշարժի ենթարկելու) և սխալները նվազագույն հասցնելու համար, քանի որ թիմերը մեկը մյուսից և պետական մարմիններից կախվածություն չեն ունենա:
Թեև մերիտոկրատիան (արժանավորություն), որպես տեսություն, ընդունված է համարել ի հակադրություն ժողորվրդավարության, սակայն ինչպես նկատեցիք առաջարկված ձևաչափը (format) փաստացի մերիտոկրատիայի տարրերի և ժողովրդավարության սկզբունքների մի յուրահատուկ միաձուլում է: Ի դեպ, նույն ձևաչափը կարող է միանշանակ աշխատել Սփյուռքի պարագայում ևս: Դրա կարիքը մենք առավելապես ունեցանք թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ ունենք դրանից հետո ցայսօր (մինչև օրս):
Լուծումներ.
- Հայաստանը այլ ճանապարհ չունի, քան Այսրկովկասում տնտեսական հրաշքի ստեղծման վրա կենտրոնանանալը: Այս թեմային առաջիկայում կանդրադառնամ առանձին հոդվածով:
- Բանակի բարեփոխումները պետության վերկանգնման բանալին են։ Ինչպես ասել է Օտտո Ֆոն Բիսմարկը. «Պետության հիմքը դպրոցն է, հենարանը՝ բանակը։ Եթե տնտեսեք դպրոցի հաշվին՝ բանտեր կկառուցեք։ Եթե տնտեսեք բանակի հաշվին՝ գերեզմաններ կփորեք»: Շատ դիպուկ ձևակերպում մեր դեպքի համար ևս:
Ելնելով վերոհիշյալ առաջնահերթություններից, ստորև կներկայացնեմ մի շարք առարկայական քայլեր, որ պետք է սկսել հենց այսօրվանից.
- Ինքնակազմակերպվել: Ստեղծել մասնագիտական խմբեր (թիմեր) և լուծել ոլորտային խնդիրներ՝ թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում:
- Հիմնել Ազգային Ուխտի վարժարան, ուր հայ պատանին՝ թե՛ աղջիկը և թե՛ տղան կստանան գաղափարախոսական դաստիարակություն և զինվորական 3-6-ամսյա վերապատրաստում: Սա կդառնա 300 հազարանոց Աշխարհազորի (ՀՀ բնակչության 10%-ը) հիմքը, որն ամեն րոպե պատրաստ կլինի զորաշարժի (մոբիլիզացիայի):
- Քանի որ 5րդ ու 6րդ սերնդի պատերազմների հենքը Ընկալումների դիվերսիֆիկացիան (բազմազանություն) է լինելու, ապա անհրաժեշտ է հիմնել Վերլուծական Կենտրոն, ուր ամենօրյա աշխատանք կտարվի Big Data (մեծ տեղեկատվություն), AI (արհեստական բանականություն), Social Media-ի (ընկերային ցանցեր) շրջանակներում:
- Ստեղծել Ռազմական դատարան (տրիբունալ), բացահայտել վերջին պատերազմի բոլոր մեղավորներին և դատել ռազմական դատարանի շրջանակներում:
- Զարկ տալ ռոբոտաշինությանը՝ դպրոցներում դարձնելով պարտադիր առարկա:
- Զարգացնել հայկական արտադրության ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքերի) արտադրությունները:
- Հայաստանի բոլոր տարածքներում պետք է լինեն ռմբապաստարաններ՝ ներառյալ սննդային պահուստներ՝ առաջին հերթին Սյունիքի և Տավուշի սահմանամերձ գոտիներում:
- Ներդնել Ազգային Ազդանշանային Համակարգ (National Alert System), որի միջոցով հաշված վայրկյաններում մարդիկ իրենց հեռախոսների, հեռուստացույցի, ռադիոյի և այլ կրիչների միջոցով կտեղեկացվեն սպասվող վտանգների մասին և կմոբիլիզացվեն (կկազմապերպվեն):
- Թուրքերենը դարձնել պարտադիր ավագ դպրոցում:
- Աշխարհասփյուռ խորհրդատուների (մենթոր) օգնությամբ իրականացնել մարզային կրթական ծրագրեր երիտասարդների համար. ստեղծել հնարավորություն աշխատել հեռավար՝ առանց մարզից դուրս գալու: Վերապատրաստել և ստեղծել աշխատատեղեր նաև հաշմանդամ դարձած տղաների համար:
Մեջբերելով Գ.Նժդեհի պատգամը, փորձեմ ամփոփել մտքերս.
«Եթե դո՛ւ, հա՛յ երտասարդություն, պի՛տ շարունակես ապրել փոքրիկ հարցերի, փոքրիկ գործերի և նույնքան փոքրիկ օգուտների սպանիչ մթնոլորտում, երբ կա մեր հավաքական գոյության սպառնացող մեծ վտանգը, եթե դու էլ, անցյալ սերունդների նման, սովորական, փոքրիկ ճիգերով կամ արտաքին օգնության հույսերով պի՛տ շարունակես փորձել լուծել մեր լինել-չլինելու ահաւոր խնդիրը, գլխովին չկորչելու, ինչպես և
մարդկության արգահատանքից միանգամընդմիշտ ազատվելու խնդիրը, դու արդարացրած չես լինի ո՛չ քեզ, ո՛չ էլ քո ժողովրդի հույսերը։ Եթե, ցանկության դեպքում, դու պիտի չկարողանաս լինել ավելին, քան այն ինչ որ ես, այդ դեպքում վա՜յ և՛ քեզ, և՛ քո ժողովրդին»:
Ցանկացած մեղք գողության տեսակ է, իսկ ապաշխարությունը` աստվածային պարգև:
Ի վերջո, մենք կա՛մ մեզ կդատապարտենք ինքներս մեզ ինքնաճանաչման՝ վերագտնելով մեր պատմական առաքելությունն այս աշխարհում՝ դրանով իսկ դուրս գալով հարյուրամյա կոմայից (մահաքնից), կա՛մ կշարունակենք ապրել էթնիկ (ազգային) զտման հարացույցում (պարադիգմա):