Հարյուր տարվա կոմա (մահաքուն)

Վազգեն Ղարիբյան, Տորոնտո, 8 Դեկտեմբեր 2020

Պատրանքներն ու իրականությունը միախառնվելով արտացոլում են ամբողջ երկրագնդի կյանքն ու կոնֆլիկտները (բախումները): Ցավոք մենք՝ հայերս, վերջին հարյուր տարիներում հայտնվեցինք դրա էպիկենտրոնում:

Ամեն օր մարդը կանգնած է ընտրության առջև. ամեն մի ընտրություն՝ մի նոր հնարավորություն, որ կարողանաս կամք դրսևորել եւ նայել իրերի դասավորվածությանը կողքից, որից հետո այլևս երբեք չես կարող ասել, որ չգիտեիր: Փաստորեն, մեզ հարյուր տարին չբավանակացրեց սովորել նայել իրականությանը այնպիսի դիտանկյունից, որից կհասկանայինք, թե ինչ է ուզում հայն այս աշխարհից և հակառակը:

1920-ի Նոյեմբերի 22-ին, երբ ԱՄՆ նախագահ Ուիլսոնը ստորագրում էր հայտնի Իրավարար վճիռը, նույն օրը Բաքվում՝ բոլշևիկ Սարգիս Կասյանի նախագահությամբ, ձևավորվում էր Ռազմահեղափոխական կոմիտեն` Հայհեղկոմը, որը տասն օր անց պետք է տիրանար Հայաստանի իշխանությանը: Այնուհետև, Նոյեմբերի 23-ին Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունը հրաժարականի օրը պաշտոնական «Յառաջ» օրաթերթը «Դեպի հաշտություն» վերնագրված խմբագրականում գրեց. «Մենք, որ օտարների ուժի վրա հույս դնելով շարունակ ձգտել ենք միանգամից ստեղծել Մեծ Հայաստան, մեր այս շշմեցուցիչ պարտությունից հետո համոզվեցինք, թե որքան խաբուսիկ և վնասակար էին այդ մեծ հույսերը: Եվ եթե մենք լինեինք իրական քաղաքագետներ և ժամանակին ընդունեինք, որ չի կարելի առաջնորդել ազգային քաղաքական նպատակներ` հենվելով ոչ թե սեփական, այլ օտար ուժերի վրա և եթե մենք ի վիճակի լինեինք ճշտորեն չափելու մեր սեփական ուժի և կարողության իսկական կշիռը, մենք երբեք չպիտք է ձգտեինք ստեղծել Մեծ Հայաստան»:

Ծանոթ պատկեր չէ՞ արդյոք: Ակամայից, ինչպես ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի, եթե դասեր չես քաղում նրանից: Սակայն, եթե մարդիկ ուրիշների սխալներից են իմաստնանում, մենք մեր սխալներից՝ միամտացանք:

Մեր կյանքում ոչ մի երևույթ պատահականության արդյունք չէ, և այն իրականությունը, որին առերեսվում ենք այսօր, դա մեր նախորդ տարիների դրսևորման արգասիքն է: Տարիներ, որոնք լեցուն էին ավելորդ ինքնավստահությամբ, դիմացինին թերագնահատելու հանճարեղ ուղղամտությամբ, հայրենասեր զգալու մեր հարմարավետությամբ, ինքնահոսի մատնված կյանքով, շատ ու շատ այլ պատրանքներով ու այսօրեական նպատակներով: Եվ ահա, քանի որ ստացված արդյունքը սպասվածից խիստ տարբերվեց, հետևաբար մենք մեր սխալների համար պատասխան տվեցինք մեր ամենաթանկով՝ հայրենիքով ու ապագա սերնդով:

Առհասարակ, իմ խորին համոզմամբ, հայը ապրում է երկու զուգահեռ իրականությունների մեջ: Դրա վառ ապացույցն են մեր ծայրահեղական ընկալումները ամենատարբեր կարևորության հարցերում՝ փոքրից մինչև մեծ: Սա մեկ անգամ ևս խարխսվեց Նոյեմբերի 9-ի հայտարարություինից հետո, երբ մենք անմիջապես հանձն առանք շարունակել բողոքել, քննադատել, թերագնահատել, ոչնչացնել այն, ինչ ստեղծել էինք վերջին 30 տարիների և նաև պատերազմի 44 օրերի ընթացքում. մենք մեղադրում ենք դավաճաններին, բայց չենք գիտակցում թե ինչ հերոսական սերունդ բացահայտեցինք… ասում ենք ինչպես նահանջեցին, սակայն չենք ասում, որ փրկվեցին.․. մրթմռթում ենք, որ ագահությունը մեր տունը քանդեց, սակայն չենք ասում, որ սահմանին կանգնած զինվորը, թիկունքից ուղարկված վերջին հացի պատառը, կիսեց ընկերոջ հետ..․ խոսում ենք արցախցիների փախնելու մասին, սակայն մոռանում ենք այն արցախցի քաջորդիներին, որ սփյուռքից օրերի ընթացքում հայտնվեցին խրամատներում.․. պատմում ենք թույլ հրամանատարի մասին, սակայն մոռանում ենք հիշատակել տանկի վրա նստած զորքն իր հետևից տանող հրամանատարին մասին և այսպես շարունակ…

Հակասությունների մի ամբողջություն է հայը:

Շարունակելով երկակի իրականոթյան թեման, կարելի է հստակ արձանագրել, որ մենք վերջին հարյուր տարում ցուցաբերեցինք անսասան սկզբունքայնություն՝ փորձելով մեր քաղաքական ռազմավարությունը հարմարեցնել մեր ցանկություններին: Դրան զուգահեռ մենք «օգտվեցինք» հայտնի բիզնեսմեն Ջերարդ Սվոուփի բանաձևից. «Ես չեմ կարող ձեզ տալ հաջողության բանաձև, բայց կարող եմ տալ անհաջողության բանաձևը. փորձեք դուր գալ բոլորին»: Ցանկությունները դիմացինին պարտադրելու մոլուցքը հաղթեց բանականությանը: Իսկ մնացածը՝ այս ամենի ածանցյալն է, որտեղ դիվանագետը պարտվեց դեղին մամուլին, մտավորականը պարտվեց բլոգերին, գիտնականը պարտվեց արհեստական բանականությանը, ավտոմատը պարտվեց դրոնին (drone), իրական Հայաստանը պարտվեց ֆեյսբուքյան Հայաստանին:

Ինչպես Էդվարդ Ֆրիմանն է ասել. «Պատմությունը, այն անցյալի քաղաքականությունն է, իսկ քաղաքականությունը՝ ներկայի պատմությունը»: Ահա այսպես մեր նախկին խնդիրները դարձան այսօրվա իրականությունը:

Հին ժողովուրդները, իրենց պատմական էվոլյուցիայի (եղափոխութեան) ընթացքում, ակամայից բախվում են նույնատիպ խնդիրների, սակայն ուսումնասիրելով հասկանում ես, որ ամեն մի ժողովուրդ ընտրություն է կատարում ելնելով իրեն հատուկ ազգային արժեքներից: Մի օրինակ կցանկանամ բերել՝ հիշատակելով Իսրայելի հետ 1978-ին կատարվածը. երբ Իսրայելը Սինայի թերակղզին (իր տարածքից մի քանի անգամ մեծ) զիջել-չզիջելու հարցի առաջ էր կանգնած: Պետությունը՝ ի դեմս ղեկավարի, կարողացավ որոշում կայացնել, որն այդ պահին շատ ցավոտ էր: Իսրայելը կանգնած էր ընտրության առաջ, և հիմա հետ նայելով կարող ենք արձանագրել, որ եթե Սինայը չզիջեր Եգիպտոսին, այն, որպես պետություն, այժմ հավանաբար գոյություն չէր ունենա։ Իսրայելում ևս կային «ոչմիթիզականներ», որոնք պայքարում էին հայրենասիրական թեզերի համար, հնչեցնում էին «արաբների հետ խոսելու բան չունենալու» մասին։ Սակայն իսրայելական հասարակությունը այնքան իմաստություն դրսևորեց, որ նրանց չլսեց և կայացրեց ռազմավարական որոշում գալիք սերունդների համար՝ ելնելով իրենց պետական շահից: Իսկ այսօր տեսեք, թե որտեղ է Իսրայելը, որտեղ՝ Եգիպտոսը: Իհարկե, բերված օրինակը, որպես պատմա-քաղաքական փաստ, որևէ կերպ համեմատության մեջ չէ մեր այսօրվա իրականության հետ, սակայն ակնառու է այն փաստը, որ քաղաքական էլիտան (ընտրանին) դրսևորեց կամքի կիրարկման բարձր հատկանիշներ և թեկուզ ճիշտ որոշում կայացնելու հանգամանքի տեսանկյունից ուսանելի է:

Այժմ դադար է. ճակատամարտի, թե պատերազմի՝ ապագան ցույց կտա: Առնվազն ունենք հրադադար: Ահավասիկ այս դադարը ճիշտ ժամանակն է ևս մեկ անգամ վերընթերցելու մեր մեծերի կողմից դարերի խորքից աղաղակող պատգամները: Ինչպես Խորենացին էր ասում. «Ողբում եմ քեզ Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»:

Այս դադարը կրկին պատահական չէ, այն տրված է նոր սկզբի, անցյալը վերաիմաստավորելու, ներկան ձևակերպելու, իսկ ապագան՝ այս անգամ հուսանք հաշվարկելու համար։ Մնում է հասկանալ, արդյո՞ք այս դադարը ճիշտ ենք օգտագործում…

Ամեն մի հայ պետք է կանգնի հայելու առաջ և այս հարցը տա ինքն իրեն:

(Շարունակելի)

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like