Ամալյա Գրիգորյան, Արցախցի լրագրող, 15 դեկտեմբեր 2025
Վերջին ամիսներին, հատկապես, երբ ՀՀ կառավարությունը դադարեցրել էր Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող նպաստները և հրաժարվում է նրանց վերադարձի հարցով զբաղվել, փակված համարելով Արցախի հարցը, անտերության մատնված լինելով՝ արցախցիները մշտական բնակության հաստատման նպատակով արտագաղթում են Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Գերմանիա, հատկապես Հունգարիա: Առանձնապես մտավոր խավի ներկայացուցիչներն են հեռանում Հայաստանից՝ ոչ միայն չկարողանալով ապրուստի միջոցներ գտնել, այլև առաջին հերթին չկարողանալով հանդուրժել պետական մակարդակով արցախցիների նկատմամբ տարվող ատելությունը, խտրականությունն ու քաղաքական հետապնդումները:
Այսպես՝ ոչ պաշտոնական տվյալներով վերջին մի քանի ամիսներին Հայաստանից Հունգարիա են տեղափոխվել 1000-ից ավելի փախստական:
Սակայն հարց է առաջանում. ինչու՞ է Հունգարիան շահագրգռված ընդունելու արցախցի փախստականներին և ինչո՞վ է բնակության համար գրավիչ այդ երկիրը հատկապես արցախցիների մտավոր հատվածի համար, մանավանդ որ Հայաստանը շուրջ տասը տարի դիվանագիտական հարաբերություններ չուներ այդ երկրի հետ:
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Արցախից բռնի տեղահանված անձանց ներգաղթը կազմակերպում է Հունգարիայում գործող հայտնի բարեգործական կազմակերպություններից մեկը՝ «Մալթայի Ուխտ»-ի բարեգործական ծառայությունը, որն ի թիվս այլ ծրագրերի, աջակցություն է տրամադրում ներգաղթյալներին և ապաստան փնտրողներին: Այս հասարակական կազմակերպությունը ֆինանսավորվում է ինչպես ԵՄ-ից, մասնավոր հիմնադրամներից և նվիրատուներից, այնպես էլ անմիջականորեն Հունգարիայի կառավարությունից:
Սկզբնական փուլում «Մալթայի Ուխտ»-ի ծրագիրը նախատեսված է եղել միայն Արցախից բռնի տեղահանված ուսանողների համար, որոնք կրթություն ստանալու նպատակով կարճաժամկետ ծրագրերով մեկնել են այդ երկիր, այնուհետև հնարավորություն են տվել ուսանողներին՝ հրավիրել իրենց ընտանիքի անդամներին, ավելի ուշ նաև՝ հարազատներին: Թեև Հայաստանում այս ծրագրի վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն առկա չէ: Արցախից տեղահանված ուսանողների հավաքագրման գործընթացը նախ կազմակերպվել է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի կողմից, որի հետ դեռևս 2018 թվականի մարտին Արցախի պետական համալսարանը համագործակցության հուշագիր էր ստորագրել: Ըստ այդ հուշագրի, երկու բուհերը պետք է իրականացնեին ակադեմիական փոխանակման ծրագրեր ուսանողների և դասախոսական կազմի համար, ինչպես նաև հայագիտությանը վերաբերող կրթական և հետազոտական գործունեություն իրականացնեին:
Սակայն հարց է առաջանում՝ թե հայագիտության վերաբերյալ ի՞նչ պետք է սովորեին արցախցի ուսանողները թուրքամետ և ադրբեջանամետ երկրում, հայտնի չէ: Սակայն, թե ինչու է ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունեցող Հունգարիան շահագրգռված իր երկիր հրավիրել քրիստոնյա բնակչությանը և հոգ տանել ընտանիքների կեցության մասին, առավել քան տրամաբանական է:
Հայտնի է, որ Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է թրքամետ և ադրբեջանամետ դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։
Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։
Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։
Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն։
Ավելին, հիշենք, Հունգարիայի ներկայացուցչի ընդգծված ադրբեջանամետ ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, երբ քննարկվում էր շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար վիճակը:
Այս ամենից հետո, Հունգարիայի կառավարությունը արցախցիներին մեկ տարով ապահովում է բնակարանով, ապրելու համար տրամադրում որոշակի գումար, տալիս բժշկական ապահովագրություն, կազմակերպում լեզվի դասեր, ինչպես նաև օգնում աշխատանք գտնել:
Հաշվի առնելով վերոնշյալ բարենպաստ պայմանները՝ արցախցիները ստիպված մշտական բնակության նպատակով հարկադրված մեկնում են Հունգարիա: Համենայն դեպս, գիտեն, որ որոշ ժամանակ ապրելու տեղ կունենան:
Այսպիսով՝ ՀՀ կառավարության վարած ապազգային, հակաարցախյան քաղաքականության հետևանքով արցախցիներն իրենց գոյությունը պահելու համար արտագաղթում են և հարկադրված ապաստանում Հունգարիայում, որը մտահոգության տեղիք է տալիս:
*****