Վահագն Տատրյան. հայ գիտնականի ոդիսականը

Աշոտ Գրիգորյան, Երևան, 25 Օգոստոս 2022

Արտերկրում պետականությունից զուրկ, հետո էլ նորանկախ մի երկիր ներկայացնող գիտնական լինելը դժվար բան է, յուրօրինակ հերոսություն: Երբեմն կարող ես հայ լինել, երբեմն՝ գիտնական, բայց ապրելով մշտապես Հայաստանից դուրս՝ միշտ մնալ հայ գիտնական՝ հատուկենտներին է տրված:

Սկսելով իր գիտական գործունեությունը դեռ 1950-60-ականներին՝ Վահագն Տատրյանը հավատարիմ մնաց հայ գիտնականի կոչմանը: Հաճախ էր նշում, որ իր գիտական գործունեությունը ոգեկոչումն է հայ նահատակների և որ ցեղասպանության ժխտումը կավարտվի թուլացած Թուրքիայի և ուժեղ Հայաստանի օրոք: Անաչառ էր, բայց հաւասարակշռված (“բալանսավորված”) պատմագրությամբ չէր զբաղվում, մարդասեր էր, բայց հայ-թուրքական հաշտության նորաձևություն (մոդայիկ) քաղաքական օրակարգը չէր վկայակոչում: Համոզված էր, որ էլի խաբելու են:

Ահավոր դժվար բան է Ամերիկայում լինել հայակենտրոն գիտնական, լավագույն բուհերի դասախոս ու զերծ մնալ ամենակուլ համակարգից, որ միգուցե ռուսականից զգալիորեն մեղմ է, բայց ոչ պակաս կայսերապաշտ ու շահամետ: Տատրյանը խոշոր հաշվով չեղավ այս համակարգի մաս։ Ոչ միայն առաջիններից մեկը ամերիկյան ցեղասպանագիտությունում սկսեց լրջորեն հետազոտել Հայոց ցեղասպանությունը, այլև այն գիտականորեն համեմատեց Հոլոքոստի հետ (դառնալով համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից մեկը):  Այստեղ բրիտանաբնակ պատմաբան Արա Սարաֆյանի համբերությունը հատեց: Ահա նրա ուշացած պատասխանը Տատրյանին.

“Հայոց ցեղասպանությունը նույնը չէ, ինչ Հոլոքոստը: Երիտթուրքերը չունեին այն գործիքակազմը, որ Հոլոքոստին համեմատելի ցեղասպանություն իրականացնեին: Փաստ է, որ օսմանյան շատ պաշտոնյաներ, այդ թվում ՝ նահանգապետեր, ենթանահանգապետեր, զինծառայողներ, ոստիկանության պետեր և ոստիկաններ ցեղասպանության ժամանակ փրկել են հազարավոր հայերի: Օրինակ, Ադանայի նահանգի հայերի մեծ մասը չի կոտորվել: Այս հիմնարար փաստը անտեսվում է հայ նշանավոր պատմաբանների աշխատություններում: Այլ օրինակներ էլ կան: Հայոց ցեղասպանության «Հոլոքոստի մոդելը» հիմնարար թերություն ունի”: Ոչինչ, որ փաստերն ապացուցում են, թե Ադանայից է սկսվել ցեղասպանության վերջին փուլը: Փոխարենը մի երկու գրքույկի համահեղինակ Սարաֆյանին ամերիկյան The Nation հանդեսն անվանում է “հայոց ցեղասպանության պատմության առաջատար հեղինակություն”:

Իսկ ինչպե՞ս հանդուրժել այն գիտնականին, որ գերհզոր տերությունների շահերը թողած՝ ցեղասպանություն վերապրած մի փոքրաթիվ ժողովրդի ու նրա նոր կայացող պետականության անեղծ պատմությունն ու ոտնահարված իրավունքներն է վեր հանում: 1991 թ. Ջինիսիոյի (Geneseo SUNY) համալսարանն աշխատանքից հեռացրեց 65-ամյա Տատրյանին՝ իբր նա համբուրել էր ուսանողուհուն: Ապրիլի 24-ին: Ինչպես ասում են՝ բոլոր համընկնումները պատահականություն են: Այսպիսով, Վահագն Տատրյանը դարձավ այսօր մեծ թափ ստացած սեռական ոտնձգությունների դեմ արշավի վաղօրյա զոհերից. «զոհը» երևի չակերտներում գրեի, եթե չկարծեի, որ նման մեղադրանքները հաճախ “վհուկների որս” են հիշեցնում, քանզի դժվար ապացուցելի են:

Հենց Տատրյանի ազդեցիկ մասնակցությամբ 1996-ին ամերիկյան մամուլում հարյուր ճանաչված գիտնականների ստորագրությամբ հայտարարություն տարածվեց, որը դատապարտում էր թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը:

Իր սան Թաներ Աքչամի վկայությամբ՝ Տատրյանը վերջին տարիներին խուսափում էր ամերիկյան համալսարաններում ելույթ ունենալ՝ ներկա գտնվող թուրքերի հարձակումների պատճառով: Ընտանիք չուներ, ապրում էր մեկուսացած:

Տխրությամբ ես համակվում, երբ թերթում ես մի քանի լեզուներ, այդ թվում հայերեն լավ իմացող գիտնականի հայերեն հրատարակությունների ցանկը. մի քանի լղար գրքույկ՝ հրատարակված մեկ Բոստոնի, մեկ էլ Բուենոս Այրեսի հայ համայնքների կողմից: Նրա հիմնական մենագրությունները՝ “Հայոց ցեղասպանության պատմություն”, “Գերմանական պատասխանատվությունը Հայոց ցեղասպանությունում”, “Ցեղասպանության երաշխիքը”, մինչև հիմա չեն հրատարակվել հայերեն։ Իր թիկունքին Տատրյան գիտնականը այդպես էլ պետություն չունեցավ, եթե չհաշվենք մի քանի կցկտուր կոչումներն ու պարգևները:

Սփյուռքում էլ ուներ չկամներ. CIA-ի բացահայտված արխիվում 1962 թ. տարբեր հայանուն աղբյուրներ, ներառյալ մի դաշնակցական ղեկավար գործիչ, սևացնում են Տատրյանին: “Տատրյանն անցյալում կասկածելի գործողություններ է իրականացրել”,- տեղեկացնում է մեկ այլ հայրենակից:

Եզրահանգումս թերևս անսպասելի լինի. բոլոր դեպքերում, պատմությունը հայ գիտնականի դիտանկյունից հետազոտող Տատրյանը Ամերիկայում կայացավ միջազգային լուրջ ակադեմիական մակարդակում, ինչպես ասենք Կլոդ Մութաֆյանը՝ Ֆրանսիայում: Հնարավո՞ր էր նման մի բան, օրինակ, Ռուսաստանում: Թերևս ոչ: Իսկ անկախ Հայաստանու՞մ…

1 comment
Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Ի՞նչ հետևություն անել ուսուցիչների կամավոր արտոնագրման գործընթացից

Լևոն Բաբաջանյան, Երևան, 13 Նոյեմբեր 2021 Հոկտեմբերին անցկացված ուսուցիչների կամավոր արտոնագրման (ատեստավորման) արդյունքները հայաստանյան լրատվության մէջ լայն քննարկումների…
Read More