Նկարիչն իր արվեստանոցում

Աշոտ Գրիգորյան, Երևան, 15 հունիս 2023

Արդեն առիթ ունեցել եմ լինելու նկարչի պատկերասրահում, սակայն այս անգամ այնտեղից միասին գնալու ենք նրա արվեստանոց։

Պատերին վաղուց ծանոթ նկարներ են՝ անձնական խորը վերապրումներով ներշնչված, թարմաշունչ և կենսահաստատ, ու առաջին հարցերս դրանց են վերաբերում: Սակայն շատ արագ անցում ենք կատարում այլևայլ թեմաների։

Անցած ստեղծագործական ճանապարհը նա այսպես է բնութագրում․ «Նկարելը հաճույքից բացի տառապանք է։ Նկարելու ընթացքում ժխտում ես ինքդ քեզ, հետո հաշտվում, կռվում քեզ հետ, սիրում ու հասկանում քեզ։ Այդ ամենից հետո արդեն հանրությանն ես պարգևում սիրուց ու տառապանքից, կամ տառապալից սիրուց աշխարհ եկած ասելիքդ, որ հիմա էլ ուրիշները ժխտեն ու ընդունեն, կռվեն, սիրեն ու հասկանան քեզ»։

Զրուցակիցս ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարն է (Վոլոդյա Մարգարյան), ում մասին Ժանսեմն ասել է, որ նա «իր ստեղծագործությունների արտացոլումն է, միշտ ուժեղ ու հարաշարժ (դինամիկ)»։

Որքան ինձ հայտնի է՝ Վալմարն առաջին ու դեռևս միակ գեղանկարիչն է, որ իր արվեստի սրահը բացեց Հայաստանում, ինչն ինքնին ողջունելի երևույթ է։ Պատմում է, որ դժվարին տարիներին այստեղ այլ արվեստագետների ցուցահանդեսներ էլ են կազմակերպվել, իսկ ներկայումս ցուցադրվում են իր ու դստեր՝ արվեստի իր ուրույն ընկալումն ունեցող նկարիչ և ձևավորող Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքները։

Գնահատելի է, երբ արվեստագետը ամեն հարցում ունի իր սեփական տեսակետը, հետաքրքրվում է ամենատարբեր թեմաներով։ Հենց աշխարհի հանդեպ ունեցած այդ գործուն, սրտացավ վերաբերմունքն էլ, արվեստաբան Պողոս Հայթայանի խոսքերով՝ որոշարկել է Վալմարի «գեղագիտական հավատամքը, նրա սահմանները»։ Նկարչի խոսքը դիպուկ է, վճռական։ Նրա սիրելի արտահայտություններից է՝ «տաղանդը մեկն է, աշխատասիրությունը՝ զրոները, որոնք էլ մեծացնում են թիվը»։ Այդ սկզբունքով էլ ապրում է, երբևէ չդադարելով աշխատել, ստեղծել նորաբույր, իրենց մեջ գեղեցիկն ամփոփող գործեր։ «Ինչի որ հասել եմ այսօր, ինչ որ ունեմ՝ ձեռք եմ բերել իմ նկարչությամբ, իմ աշխատանքով»,– շեշտում է նա: Ու դժվար է նրա հետ չհամաձայնել։

«Իմ պատուհանից» շարքից, 1979

Ստեղծագործական վերընթացի մեկնարկն եղավ 1972-ին, երբ ավարտեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Աշակերտելով Երվանդ Քոչարին՝ հավատարիմ մնաց նրա խորհուրդներին։ Առերևույթ նկարչի կյանքը մի անխոչընդոտ վերելք է հիշեցնում՝ առաջին անհատական ցուցահանդեսը, այն էլ՝ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի կազմակերպած, երեք տարի անց՝ անհատական ցուցահանդես Տարտուում (Էստոնիա), հետո Մոսկվայում, Յուրմալայում (Լատվիա), 1987-ին՝ առաջին այցելությունը Փարիզ և ցուցահանդեսը Կարիկ Պասմաճյանի ցուցասրահում։ Այդ պահից սկսած այլևս դադար չի ունեցել Վալմարի հաղթարշավն արտասահմանում․ ԱՄՆ-ին հաջորդել են Հունգարիան, ապա՝ Մեծ Բրիտանիան, արաբական Արևելքը, ցուցահանդեսներն աշխարհի ամենահեռավոր անկյուններում։ Հիրավի, նա արտասահմանում ամենաշատ ցուցադրված ժամանակակից հայ նկարիչներից է։

Սակայն սա հաջողության տեսանելի կողմն է: Իսկ թե ինչ դժվարին ճանապարհ է անցել փոքրաթիվ ժողովուրդը ներկայացնող արվեստագետը՝ անելով անկարելին, իր տեղը գրավելով աշխարհի մշակութային մայրաքաղաքների առաջնակարգ ցուցասրահներում, կարելի է միայն ենթադրել։ Ահա թե ինչու է նա այդքան կարևորում պայքարը․ «Մարդու կյանքի ուղին ինքնին պայքար է։ Եթե նա ներքին ուժ չունի, ապա հաջողության չի հասնի»։

Ստեղծագործական առաջին փուլում Վալմարը հատուկ ձգտում է ունեցել դեպի կապույտ գույնը, այն դիտարկելով որպես երազների, երիտասարդության, առաջին սիրո գույն։ Հենց 1970-ականներին է ի հայտ գալիս նրա արվեստին բնորոշ մի հատկանիշ՝ ուղղությունների ու ոճերի զարմանալի բազմազանությունը, երբ միաժամանակ ստեղծվում են թե՛ իրապաշտությանը (ռեալիզմ) մոտ բնանկարներ, թե՛ կապույտի գերակայությամբ վերացական գործեր, որոնք դիտողին անակնկալի բերող յուրատեսակ գլուխկոտրուկ կամ հանելուկ են հիշեցնում։ Այսպես, «Նկարիչը» (1977) կտավում Վալմարն իր հախուռն, ըմբոստ էությամբ (ըմբոստություն էր թեկուզ կապույտի ընտրությունը՝ ի հակադրություն հայկական գեղարվեստում այդ տարիներին մեծ մասամբ գերակշռող վառ, արևային գույների) ասես դրված է վիրաբուժական սեղանին, տարազատված է այն հիմնական զգայական օրգանների, որոնք կազմում են նրա ինքնությունը։ Զարմանալի չէ, որ արվեստագետն այդ տարիներին մեծ նշանակություն է տալիս հայելային անդրադարձումներին․ դրանք ամբողջական, բազմակողմանի, ծավալային են դարձնում պատկերը, լցնում կտավը բովանդակությամբ, իմաստներով («Հայելիների մեջ», 1972, «Նատյուրմորտ հայելիների մեջ», 1974, «Շշեր», 1977)։

Ոճային մոտեցումներից անկախ՝ Վալմարի արվեստում առանցքայինը մնում է հայացքը դեպի պատկերվողի ներքին աշխարհը, բուն էությունը, ու դրա միջոցով՝ արվեստագետի զգացմունքների, տրամադրությունների, ինքնահակասումների բացահայտումը։ Հետագա տարիներին, հատկապես 1990-ականներից, Վալմարի գործերում նկատվում է գերակշռող գույների փոփոխություն. շեշտվում են կարմիրը, դեղինը, նարնջագույնը։ Գույների հարաբերակցությունը, ըստ նրա, տարիքի հետ կապված զգացողություն է։ Իսկապես, տարիների ընթացքում փոխվում են մինչև իսկ ինքնանկարների, բնանկարների գունային լուծումները, մեծանում է ցայտունությունը, գերակշռում են տաք գույները («Պարզ լիճ, աշուն», 2009, «Սուրբ Ղազար կղզին», 2010)։ Նկարչի խոսքերով՝ «բոլոր գույներն են բնության մեջ ներկա, և նկարչի հոգեվիճակում էլ բոլորն են ներկա»։

Վալմարը խուսափում է իզմերից, գտնում է, որ ամեն կայացած նկարիչ իրենն է ստեղծում․ տվյալ դեպքում դա այն է, ինչ արվեստաբանները երբեմն կես-կատակ վալմարիզմ են անվանում։ Չեմ վիճում, քանզի իզմերը հարաբերական են, դրանք սոսկ աշխատանքների դասակարգման, դրանց մասին որոշ ընդհանուր պատկերացում տալու համար են: Արվեստագետներն ի վերջո իրենց ներաշխարհում եղածն են կտավին հանձնում․ «Տարիներ առաջ Մոսկվայում «Արտ-էքսպո» ցուցահանդես էր կազմակերպվել, որտեղ իմ գործերն էլ կային: Այնտեղ մի ճապոնացի իր մոտի գործիքով ստուգում էր նկարները և հետո որոշում՝ առնի՞, թե՞ ոչ։ Իմ նկարներն էլ ընտրեց։ Հետո ասացին, որ դա իրենց ստեղծած գործիքն է, որով նկարում եղած ուժականությունը (էներգետիկան) են չափում։ Մինչդեռ իրականում նկարչի իրական արժեքը միայն հատուկենտ ժամանակակիցներ կարող են հասկանալ։ Երվանդ Քոչարի և Մինաս Ավետիսյանի ժամանակակիցներից քանի՞սն էին նրանց նկարչությունը հասկանում… Քոչարի մեծությունը ընկալում էին թերևս այնքանով, որ ցուցադրվել է Փարիզում՝ Պիկասոյի, Բրաքի ու մյուսների հետ միաժամանակ։ Սակայն Քոչարին խորությամբ չէին հասկանում։ Արվեստագետի և հասարակության միջև հեռավորությունն առնվազն 50-100 տարի է, արվեստագետը մեռնում է, անցնում է երկար ժամանակ, նոր միայն հասարակությունը գիտակցում է նրա արժեքը։

Մարդկանց միջի զգացական աշխարհը քնած է, արվեստի գործերը կոչված են այն արթնացնելու… Եթե նկարի մեջ ներուժը (էներգիան) բարձր է, այն դարերով ապրում է, ստիպում, որ իր վրա նայեն, հաղորդակցվում է մարդու ներքին աշխարհի հետ, հակառակ դեպքում՝ եթե ներուժը քիչ է, այն կընկալվի միայն աչքով և ուղեղով, ու երկար չի ապրի։ Ներուժն այն է, ինչ ի վերուստ է տրվում, ինչն անհնար է աչքով կամ ուղեղով բացատրել։ Նույնիսկ նկարիչը, վերուստ տրվածը փոխանցելով կտավին, չի հասկանում, թե ո՛ր պահին հաջողվեց իր գլուխգործոցը, հակառակ դեպքում Լեոնարդոյի բոլոր կտավները «Ջոկոնդայի» արժեքը կունենային: Նույնը կարելի է ասել նաև Ռեմբրանդի, մյուսների մասին… Նկարելիս կարող է երկար ժամանակ բան չհաջողվի, իսկ հետո մի օր հանկարծ հաջողվի։ Ու այդ ընթացքը կախված չի քեզնից, քո աչքից, քո ձեռքից, քո ուղեղից»։

Գեղանկարիչը նշում է, որ սեփական աշխատանքների արժեքը հասկանալու համար էլ ժամանակ է պետք․ «Միգուցե նկարդ մի տեղ դրված ամիսներ սպասես, մինչև ենթագիտակցորեն զգաս, որ ստեղծագործությանդ մեջ ինչ-որ բան կա, կապված է հետդ, քոնն է, չես կարող բաժանվել դրանից։ Երբ երիտասարդ ես, առանձնապես չես ընկալում նկարիդ արժեքը, չես գիտակցում որ այն այլևս չի կրկնվելու, որ ինքդ էլ ես փոխվելու հետագայում: Պետք է որոշ ժամանակ անցնի, փորձառություն ձեռք բերես, որ դա հասկանաս։ Եթե նկարի մեջ ներուժ կա, այն ստիպում է ամեն կողքով անցնելուց իրեն նայել։ Նույն կերպ պատահում է, երբ մի աղջկա սիրտդ կպչում է․ ո՛չ բոլորից սիրունն է, ո՛չ բոլորից նրբաձևը, սակայն նրա էությունը, հոգին ձգում են քեզ։ Իսկ հոգին ձևավորվում է, եթե մանկությունից անհատը մեծանում է արվեստներով շրջապատված։ Նույնն էլ կարելի է ասել ժողովուրդների մասին… Ի՞նչ է արվեստը՝ զգացմունքների գիտություն։ Այն օգնում է արթնացնել զգացմունքները երեխայի մեջ․ դիտած նկարները, արվեստի մասին կարդացած գրքերը ավելի ու ավելի են արթնացնում զգացմունքները նրա մեջ, և գեղեցիկը տեսնելիս նա բոլորովին այլ կերպ է հակազդում, քան մեկ ուրիշը, ով չի մեծացել արվեստի միջավայրում»։

Վալմարի վերջին տարիների գործերը ևս երիտասարդական ավյուն են կրում իրենց մեջ․ դրանցում պատկերված տեսարանները՝ ցլամարտ, մականախաղ (պոլո), պատկերներ շրջագայություններից, երաժշտություն, ինքնին խոսուն են, համահունչ նկարչի հավատամքին․ «Եթե ունես սիրելու հատկություն, ապա միշտ երիտասարդ կմնաս»։ Այսպես, կտավների նորագույն շարքը՝ արված գույների ուշագրավ համադրությամբ և բաղադրական (կոմպոզիցիոն) լուծումներով, փոխանցում է ջազային երաժշտության արտահայտչականությունը։ Վալմարը խոստովանում է․ «Երաժշտություն, հատկապես ջազ շատ եմ սիրում, այն ինձ հանկարծակիի է բերում, փակ դռներ բացում։ Եթե նկարիչ չդառնայի, ջազմեն կլինեի։ Երբ Նյու Յորքում Սառա Բրայթմանի համերգին եղա, մի ամբողջ տարի նրա երգեցողության ազդեցության ներքո էի, միացնում էի երգերը ու աշխատում»։ Երբ հասնում ենք արվեստանոց, համոզվում եմ, որ ձայնապնակների մեծ հավաքածու ունի՝ Մայլս Դևիսից ու Ռեյ Չարլզից մինչև Անդրեա Բոչելլի…

«Ընտանիք», 1980

Պատին հենված են տարբեր ժամանակներում արված գործեր։ Դրանց շարքում է Գյումրվա ծանոթ մի բնանկար․ թեկուզև անմարդ է, բայց որքա՜ն կյանք կա դրանում։ Գառզուի սուր աչքը նկատել է Վալմարին բնորոշ այդ հատկանիշը․ «Կյանքը հաճախ ներկա է իր բաղադրանկարների (կոմպոզիցիաների) մեջ, որը հրաշալի ձևով է մատուցում, որի մեջ բանաստեղծությունը (պոեզիան) հաճախ ներկա է»։

Վալմարի ակունքները Գյումրիից են, այնտեղ է ծնվել, այնտեղ է ավարտել Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը, տարիներ անց՝ 1976-80 թթ․ աշխատել որպես Հայաստանի նկարիչների միության Գյումրիի բաժանմունքի պատասխանատու քարտուղար, նաև՝ Ախուրյանի գեղարվեստի դպրոցի տնօրեն։ 1980-ին տեղափոխվել է Երևան ու մինչև 2006 թ․ աշխատել որպես Երևանի № 1 արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի վարիչ:

Պատմում է, որ 1988-ից սկսած, երբ իրեն ԱՄՆ-ում «սպիտակ անձնագիր» է տրվել, մեծ հնարավորություններ է ունեցել արտասահմանում հաստատվելու, սակայն երբեք այդպիսի ցանկություն չի առաջացել, քանի որ հայրենի հողն է իրեն ոգեշնչում ու կենարար ուժ պարգևում։

Սառնարանի վրա հետաքրքիր կցապատկեր (կոլաժ) է, որի կենտրոնում Վալմարի ստեղծած սրբապատկերի ուրուագիծն (էսքիզ) է։ Այն հավանել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը, ասելով՝ «քո “Տիրամոր” առջև կարելի է մոմ վառել»։ Վալմարի նկարած սրբապատկերներն այսօր զարդարում են Հայաստանի Հանրապետության, ԱՄՆ-ի, Կանադայի, Պաղեստին/Իսրայելի հայոց եկեղեցիները։ Այսպես, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում են կախված նրա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Սուրբ Գրիգոր Նարեկացի» սրբապատկերները։

Արվեստում Վալմարը հատկապես կարևորում է բազմազանությունն ու եզակիությունը։ «Տարբեր փուլերում՝ ըստ հոգեվիճակի, ստեղծել եմ շարքեր՝ հայելային արտացոլումների, չորացած ծաղիկների շարքեր, կամ, ասենք, միևնույն բնապատկերը տարվա տարբեր եղանակներին, նաև՝ հոգևոր շարժառիթներով (մոտիվներով): «Արհավիրք» անունով շարք ունեմ, Արցախյան շարժման՝ պայքարի շարք, երաժշտության հակառակ կողմը ներկայացնող գործեր։ Իմ առջև ստեղծագործական խնդիր եմ դնում ու աշխատում այն լուծել նկարների շարքով: Երբ ավարտում եմ թեման՝ ստեղծում եմ մի նոր ինքնանկար․ նայում եմ հայելու մեջ, ինչ որ կա մեջս, հանում-դնում եմ կտավի վրա, ապա անսպասելիորեն արտաքին միջավայրից կրկին լիցքավորվում եմ, ազդակներ (իմպուլսներ) ընդունում ու անցնում մեկ ուրիշ թեմայի։ Նկարելիս ինձ հետաքրքրում է այն ամենը, ինչ յուրահատուկ է, միայն ինքն իրեն է նման՝ լինի ծաղիկ, քաղաք, իրադարձություն, թե մարդ։ Եզակիությունը, անհատականությունը ուժի նշան է։ Արվեստում էլ երկար ապրում են այն արվեստագետները, որոնք եզակի են։ Անհատականությունն այն է, որ մեծ աշխարհի մեջ անես մի բան, որ քոնն է։

Շատ նկարներ ունեմ, որոնք ինձ մոտ չեն գտնվում, ու ես դրանց կարոտում եմ։ Լինում էր՝ տասնյակներով նկարներ էին պատվիրում, դեռ յուղաներկը չչորացած՝ առնում-տանում էին: Կան այնպիսիները, որոնց լուսանկարներն իսկ չունեմ, միայն հոգումս են մնացել դրանց մասին հիշողությունները։ Հետո հասկացա, որ պետք է գոնե լուսանկարները հավաքել, չարժե հեշտությամբ բաժանվել սեփական աշխատանքներից, որոնք շատ հոգեհարազատ են քեզ, մինչդեռ մեկ ուրիշը կարող է ամենևին չհասկանալ, չգնահատել այն։ Իհարկե, հաճելի է, երբ նկարդ գնահատում են, խնամքով վերաբերվում նրան։ 1000-ից ավելի գործեր միայն արտասահմանում ունեմ, հաճախ կարոտում եմ, ուզում եմ տեսնել, շփվել հետները, ցուցահանդեսում հավաքել դրանք, բայց անհնար է»…

Նկատում եմ, որ քիչ դիմանկարներ է արել. հիմնականում ինքնադիմանկարներ և ընտանիքի անդամների դիմանկարներ են, ընդ որում՝ մեծ վարպետությամբ արված։ «Ո՛չ, շատ են եղել, ցուցակատետրերում (կատալոգներում) պարզապես քիչ են ներկայացված։ Գյումրիում այնքա՜ն դիմանկարներ եմ արել՝ գրողներ, դերասաններ, արվեստագետներ, դրանցից երեքը Արցախի պետական պատկերասրահում են գտնվում, կան նաև Սարդարապատի թանգարանում, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին այնտեղ տեղափոխվեցին հրթիռակոծվող բնակավայրերից։ Ունեմ ինքնադիմանկարներ, որոնք պատկերասրահներում են, որոշ դիմանկարներ նվիրել եմ բնորդներին։ Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում են կնոջս դիմանկարը և զինվորական ծառայության ժամանակվա ինքնադիմանկարս. երբ մազերս սափրեցին, Երվանդ Քոչարի խորհրդով առաջին բանը, որ արեցի, ինքնանկար վրձնելն էր։ Նկարել եմ նաև զինվոր ընկերոջս դիմանկարը, որը պահվում է Ժամանակակից արվեստի թանգարանում։ Երևանի պատմության թանգարանում է գտնվում «Ընտանիք» կտավս, Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում՝ կնոջս դիմանկարը, Իջևանի պատկերասրահում՝ «Մտորում» դիմանկարը»։

Առանձին խոսակցության նյութ կարող է լինել Վալմարի գրաֆիկան՝ արված քնարական շնչով, կորերի և գծերի բացառիկ ներդաշնակությամբ։ Նկարիչ Աշոտ Մելքոնյանը նկատել է, որ իր նոր տեխնիկայի կատարելությամբ այն «կարող է ցուցադրվել աշխարհի ուզածդ երկրում և շահել իր ինքնատիպությամբ և վարպետությամբ»։

«Վենետիկյան տպավորություններ» շարքից, , 2010

1988-ին Ալեք Մանուկյանն ու Վարդերես Կարագյոզյանը Վալմարին հրավիրեցին Դետրոյթ ու Լոս Անջելես՝ մասնակցելու խմբակային ցուցահանդեսի: Այս ձեռնարկի շնորհիվ նա եղավ առաջին հայաստանցի նկարիչը, որ ընտրվեց անհատական ցուցահանդես կազմակերպելու համար։ Ալեք Մանուկյանը նրանից նկարներ ձեռք բերեց իր թանգարանի համար։ «Վալմարը նոր սերնդի լավագույն արվեստագետներից է»,– փաստեց ականավոր գեղանկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը։

Արվեստանոցում հոդվածների, բացիկների, նամակների, գրքերի, ցուցակատետրերի ամբողջական դիվան (արխիվ) է՝ սկսած 1970-ականներից մինչ այսօր։ Շատ են հարցազրույցները, հատկապես սփյուռքահայ մամուլում։ Առանձին թղթապանակում տարբեր լեզուներով նյութեր են՝ ժողովված օտար մամուլից։ Վալմարը մատնանշում է դրանցից մեկը, որի վերնագիրը շատ է հավանում՝ «Շրջանակների համանուագ» («Կոնտուրների սիմֆոնիա»)։ Գրադարակում հավաքված են այն բոլոր հանրագիտարանները, որոնցում զետեղված են նկարչի կենսագրականները։ Գրքույկներից մեկում վերատպված են նրա՝ Ալեքսանդր Գրիգորյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Ալբերտ Պարսամյանի, Չիք Դամադյանի, Աշոտ Մելքոնյանի, Աշոտ Հովհաննիսյանի և այլոց արած դիմանկարները։

Վալմարը կարոտով է խոսում նախկինում տարածված նկարչական հավաքների մասին․ «Տարին մի քանի անգամ հենց այնպես ասում էի՝ իբր ծնունդս է, որ հարմար առիթ լինի հավաքելու ընկերներիս ու քեֆ անելու»։ Զրույցի ընթացքում Վալմարը հետաքրքիր դեպքեր է պատմում Երվանդ Քոչարի, Աշոտ Մելքոնյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Վարուժան Վարդանյանի, Թադևոս (Թոմ) Գևորգյանի հետ իր մտերմության մասին։ Բաց է անում հնարժեք պահարանը և ցույց է տալիս հայ նկարչության նահապետի գունաթափ ձեռագիրը․ «Մարգարյան Վոլոդյային՝ Մարտիրոս Սարյանից»։ Վալմարը Սարյանի արվեստանոց է այցելել նրա մահից հաշված օրեր առաջ, այդ հանդիպման օրից էլ հիշատակ է մնացել այս գրությունը։

Ըստ Վալմարի՝ արվեստագետի հենման կետը ընտանեկան սերն ու միասնությունն է։ Խոսակցությանը մասնակցում է նկարչի կինը՝ Եվգինեն, ով արվեստի մեծ սիրահար է ու ամուսնու ստեղծագործության թերևս ամենախորագիտակ մասնագետը: Նա ևս սիրով է հիշում բոհեմային ժամանակները, երբ շփումն անմիջական էր, արվեստագետներն ավելի ուշադիր ու հոգատար էին միմյանց նկատմամբ։

Հայազգի իր գործընկերների աշխատանքների հարուստ հավաքածու ունի Վալմարը։ Պատմում է, որ նկարների մի մասը փոխանակել է, մյուս մասը գնել, նվեր է ստացել կամ վերցրել պարտքի դիմաց, երբեմն օգնել է նեղության գիրկն ընկած նկարիչների ու որպես շնորհակալություն ստացել նրանց գործերը։ Այդ հավաքածուն իսկապես հազվագյուտ է իր ընդգրկմամբ ու արժեքով: Այստեղ կարելի է տեսնել Գառզուի, Ժանսեմի, Հակոբ Հակոբյանի, Էդուարդ Արծրունյանի, Ռաֆայել Աթոյանի, Վրույր Գալստյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի և ուրիշների աշխատանքները․ «Ափսոս, որ Քոչարից որևէ գործ չունեմ, նա միշտ սիրով էր ցույց տալիս իր գունանկարները, գծանկարները»։

Հայաստանի Հանրապետությունում թերևս չկա մի պետական պատկերասրահ, որտեղ Վալմարի գործերը ներկայացված չլինեն։ 1976 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է (Երվանդ Քոչարի գրած երաշխավորագիրը պահվում է մեծ արվեստագետի տուն-թանգարանում), 1994 թվականից` նաև Նկարիչների միջազգային միության (UNESCO), արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների։ Բոլորովին վերջերս նրան հանդիսավորապես հանձնվեց «Ազգային ընտրանի – Հարյուրամյակի առաջնորդներ» միջազգային մրցանակաբաշխության պատվոգիրը, ինչի առիթով սրտանց շնորհավորում ենք վարպետին։

Մինչ օրս Վալմարն ունեցել է 50-ից ավելի անհատական և 133 խմբակային ցուցահանդես` կազմակերպված ՀՀ-ում, Ռուսաստանում, Եվրոպայի, Միջին Արևելքի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում ու պատկերասրահներում:

Վալմարը Նկարչի տանը այս տարվա ապրիլին կազմակերպված հոբելյանական ցուցահանդեսին 200-ից ավելի աշխատանք էր ներկայացրել: Նա կարծում է, թե իր անցած ճանապարհի մասին լավագույն պատկերացում տալիս է այդ ցուցահանդեսը․ «Ամեն տարի ապրիլի 21-ին «Վալմար» արվեստի սրահում հավաքում եմ հյուրերի ու ներկայացնում անցած տարում արածիս հաշվետվությունը։ Միշտ հետաքրքրությամբ եմ նայում նկարներս դիտողի աչքերին, փորձում իմանալ՝ ի՞նչ է կատարվում նրա ներսում, նկարը կարողացա՞վ նրա վրա ազդել։ Եթե այո, ուրեմն նկարը հաջողած է»…

Հեռանում եմ Վալմարի արվեստանոցից հոգեպես լիցքավորված, հավատով, որ վերադառնալու եմ այստեղ՝ կրկին հաղորդվելու նկարչի աշխարհին, շարունակելու կիսատ մնացած զրույցը նրա հետ…

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like