Յովհաննէս Սարկաւագ Գումրուեան, 15 Մարտ 2023
Ադրինէ Թորոսեանը հետաքննող լրագրող է, հեռուստաբեմադրիչ, բեմագիր, հետազօտող-փորձագէտ, մանկավարժ: Աշխատել է հայաստանեան առաջատար լրատուամիջոցներում, միջազգային տարբեր ծրագրերում: 15 տարուց աւելի հասարակական գործունէութիւն է ծաւալում իրաւական, կրթական, ընկերամշակութային եւ բնապահպանական ոլորտներում: Հայաստանեան եւ միջազգային մի շարք մրցոյթների յաղթող է: Օրերս «Յունիսի 14» ամենամեայ մրցոյթում նոյնպէս արժանացել է առաջին մրցանակին:
– Յարգելի՛ Ադրինէ Թորոսեան, լրատուական ծառայութեան անունից ողջունում եմ Ձեզ եւ շնորհակալութիւն յայտնում հարցազրոյցի մեր առաջարկն ընդունելու համար։
«Եւրասիա» համագործակցութեան հիմնադրամը Գրողի համաշխարհային օրուայ առթիւ գրական-մշակութային միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում տեղի ունեցաւ «Յունիսի 14» մրցոյթի մրցանակների յանձնման արարողութիւնը: Ի՞նչ է խորհրդանշում անուանումը եւ ո՞րն է մրցոյթի նպատակը:
Յունիսի 14-ը խորհրդային ժամանակների բռնադատուածների յիշատակի օրն է: Այդ առիթով «Եւրասիա» համագործակցութեան հիմնադրամը (ԵՀՀ) յայտարարել էր ստեղծագործական մրցոյթ: «Յունիսի 14» աւանդական մրցոյթի առանցքում մարդն է, խորհրդային ժամանակներում հալածանքի, աքսորի ու բռնաճնշումների երեւոյթներն ու պատմութիւնը, անարդար իշխանութեան եւ բռնութեան ծիրի մէջ դրանք դիտարկելը, մեկնաբանելն ու վերլուծելը։ Նպատակն է վերականգնել եւ հանրայնացնել Հայաստանի պատմութեան այդ շրջանը, յիշեցնել մարդկանց այդ մասին, զրոյցներ ծաւալել մեր ոչ վաղ անցեալի պատմութեան շուրջ եւ դասեր քաղել: Խորհրդային տարիներին բռնաճնշումների ենթարկուածների, աքսորեալների կամ աքսորի ականատեսների անձնական պատմութիւնները, նրանց ժառանգների յուշերը հաւաքագրելը հնարաւորութիւն է տալիս ծանօթանալու մեր պատմութեանը այլ կողմից՝ իրողութիւնները տեսնելով հենց վերապրածի աչքերով:
Նիւթերը գնահատել է անկախ յանձնաժողովը: Այս տարի ԵՀՀ-ն յանձնեց չորս մրցանակ, դրամական պարգեւներ եւ հաւաստագրեր:
Աջէն 2-րդը Ադրինէ Թորոսեան՝ իր գործակիցներով
– Ի՞նչ նիւթ էք ներկայացրել եւ ի՞նչ զգացողութիւններ էք ունեցել ստեղծագործական գործընթացում:
Հաւաքուած պատմութիւնները ներկայացնելու համար այս մրցոյթում ժանրային լայն հնարաւորութիւն էր տրուած՝ գեղարուեստական գրութիւն (պատմուածք, չափածոյ), հրապարակախօսական յօդուած, հրապարակագրութիւն (որեւէ գրական սեռի, ներառեալ՝ գրախօսութիւն, վերլուծութիւն եւ այլն), վաւերագրական պատմութիւն, գիտական յօդուած, գրաֆիկ նովել, գրքից հատուած, տեսանիւթ, վաւերագրական ֆիլմ, գեղարուեստական ֆիլմ, պատկերապատում, լուսանկարներ՝ բացատրական բնագրով, նաեւ երգ, երաժշտական ստեղծագործութիւն, գեղանկար, քանդակ, ճարտարապետական նախագիծ եւ այլն:
Ես զրուցակցիս հետ խօսակցութիւնը տեսաձայնագրում էի իմ տեսախցիկով: Բաւականին երկար զրուցեցինք: Նա պատմում էր ամուր ձայնով, բայց յաճախ էր ընդհատում պատմութիւնը, յիշողութիւններն էր ժողովում, զգացմունքներն էր վերապրում… Ես ամբողջ ընթացքում մեղքի ու զղջման մարդկային իմ բաժինն էի ապրում ու մաշկիցս ներս թափանցող սարսուռ զգում…
Երբ վերադառնալով՝ նստեցի աշխատելու ու փորձում էի հասկանալ՝ ինչ տեսք է ստանալու ստեղծագործութիւնս, տեսագրութիւնիցս մի հատուած նայելով՝ հասկացայ, որ այդ ամէնն այնքան է ներանձնական, որ երեւի թէ իրաւունք չունեմ տեսապատկերով հրապարակելու 73-ամեայ մարդու՝ աքսորավայրից այդպէս էլ ամբողջ կեանքում թաց մնացած մանկութեան աչքերը… Եւ շատ արժէքաւոր այս զրոյցն ամբողջական պահպանելու ու պատմութեանը փոխանցելու համար որոշեցի դարձնել այն յուշապատում՝ վերնագրի համար ընտրելով, իմ կարծիքով, աքսորի ամբողջ ողբերգութիւնը խտացնող հետեւեալ պատկերը՝ «Ես այդ մի կտոր չոր հացը ոչ թէ ուտում էի, այլ փոքր կտորներով ծծում, որ երկար վայելեմ համը…»:
Ես վաւերագրել եմ դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան Սամուէլ Խալաթեանի մանկութեան պատմութիւնն աքսորավայրից՝ ամենաանկեղծ, բայց ցաւոտ յիշողութիւններով:
– Ձեզ շնորհուեց առաջին մրցանակը: Ինչո՞վ էր առանձնայատուկ Ձեր աշխատանքը։
Ամենակարեւոր գնահատականը յանձնաժողովի անդամի այն դիտարկումն էր, որ թէեւ վաւերագրութեան հիմքում փաստագրութիւնն է, եւ այդտեղ յստակ է փաստերի տարանջատումը, բայց իմ ներկայացրած նիւթում փաստն ու յոյզը միաձուլուած են եւ՝ շատ նրբօրէն: Սա արդէն գեղարուեստական վաւերագրութիւն է: Վաւերագրուած փաստերով ամբողջական գեղարուեստական պատկերներ են ի յայտ եկել:
Յանձնաժողովի անդամը նիւթից մէջբերեց նաեւ իր վրայ տպաւորութիւն թողած այն հատուածը, որ աքսորավայրում հաւաքուած հայերը, վախեցած, որ լսող կը լինի, հայկական երգերը խմբով երգում էին մտքում՝ իրար հետ սկսելով, իրար հետ աւարտելով…
«Մի հետաքրքիր երեւոյթ կար: Նախ, որպէս կանոն, եթէ հայերը ինչ-որ խնդիր էին ունենում, մեր տանն էին հաւաքւում, սեղան էին գցում, ինքնաթոր օղի (սամոգոն) էին բերում, տատիս պատրաստած գարեջուրը դնում սեղանին: Հայրս ասում էր. «Դէ՛, տղէ՛ք, սկսե՛նք երգել»: Տիրում էր մի խոր լռութիւն, բոլորը մտքում էին երգում… Ես երգի բառերը գիտէի, Անդրանիկին նուիրուած երգերն էին: Երգում էին, բայց վախեցած, որ լսող կը լինի, մատնող կը լինի… Ինձ մինչեւ հիմա զարմացնում է, թէ ինչպէ՞ս էին բոլորը լուռ, իրար նայելով, իրար հետ սկսում, իրար հետ աւարտում այդ երգերը…»:
– Երկար տարիներ լրագրողական, հանրային գործունէութիւն էք ծաւալել: Ո՞րն է լրագրողի առաքելութիւնը։
Լրագրողի առաքելութիւնը ես ընդհանրապէս դիտարկում եմ երկրային իմ առաքելութեան ու կոչման մէջ. արդարութեան, ճշմարտութեան, հաւասարութեան հաստատումն ու երջանիկ հասարակութեան ստեղծումը:
– Իմ մեծ հայրը նոյնպես ստալինեան բռնաճնշումների է ենթարկուել՝ անարդար պատիժը կրելով Ալթայի երկրամասում: Բոլոր բռնադատուածների ժառանգների անունից շնորհակալութիւն եմ յայտնում Ձեզ, բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ բռնադատուածների յիշատակի օրը վառ պահելու համար: Վերջում ի՞նչ կը մաղթէք մեր ընթերցողներին։
Վերջերս բոլոր մտքերս երջանկութեան մասին են: Միտքս ամփոփեմ Ջոն Լենոնի յայտնի պատմութեամբ. փոքրուց մայրը նրան սովորեցրել էր, որ կեանքում ամենակարեւորը երջանիկ լինելն է։ «Ո՞րն է կեանքի իմաստը» դպրոցական շարադրութիւնն էլ նա ուղղակի գրել էր՝ լինել երջանիկ: Ուսուցչի դիտողութեանը, թէ նա չի հասկացել յանձնարարութիւնը, Լենոնը պատասխանել էր, որ այդ նա՛ չի հասկացել կեանքը:
Մաղթում եմ բոլորիս՝ սովորենք լիարժէք իրացնել երջանիկ լինելու՝ մեզ ի վերուստ տրուած մեր բնական իրաւունքը:
– Շնորհակալութի՛ւն: Յուսանք Ձեր գրութիւնը շուտով հասանելի կը լինի նաեւ մեր ընթերցողներին։