Դարձյալ միասնականության մասին…

Կարո Հակոբյան, Շվեդիա, 7 Հունիս 2021

Հայաստանի Հանրապետության համար արտաքին թշնամու վտանգը այսօր վտանգավոր չափերի է հասել: Հայաստանին բարեկամ կամ դաշնակից պետություններից հստակ, առարկայական ու աներկբա աջակցություն և երաշխավորության ազդանշաններ չեն նշմարվում:

Իհարկե միշտ, բայց հատկապես այս պարագային, մեր անվտանգության միակ վստահելի երաշխավորը պիտի լինենք մենք՝ հայերս, մեր բանակով, մեր ներկա ամբողջ ներքին ու արտաքին հնարավորություններով: Մենք ինքներս պիտի գծենք մեր ապագայի և ազգային անվտանգության ուղղությունը և ընթացքը: Անկախության հենց առաջին օրվանից սա պիտի լիներ մեր ուղեգիծը, բայց մենք անկախ հանրապետություն ստեղծելով՝ նրա ճակատագիրը մեծավմասամբ կապեցինք օտարի հետ, կամ հանձնեցինք օտարների պատասխանատվությանը, մսխեցինք պետական աղբյուրները (ռեսուրսները) և  այսօր ունենք այն ինչ ունենք:

Շատ է խոսվել ու խոսվում միասնականության մասին, բայց  այդ միասնականությունը միշտ չէ, որ ստացվել և ստացվում է: Եր և ի պատճառներից մեկը այն է, որ չենք բացատրում այդ միասնականության ինչպիսի լինելը, էությունը…Միասնական լինել ինչի՞ մեջ, ի՞նչ հիմունքների վրա կառուցված:
Բարձրագոչ՝ վերացական  խոսքերով և ազգային վերամբարձ ու մշուշոտ գաղափարներով միասնականության քարոզները բավական չեն, և մեզ տեղ չեն հասցնելու: Հարցը խորքային է, սակայն այնուամենայնիվ ունի հստակ եւ բոլորի համար հասկանալի պատասխան:

Անվերապահորեն միասնական պիտի լինել առաջին հերթին արտաքին թշնամիներից պաշտպանվելու համար:

Բոլոր քաղաքական և հասարակական ուժերը այստեղ պիտի լինեն միաձայն: Դրա փորձը մենք պատմության մեջ ունեցել ենք: Լավագույն օրինակներից մեկը Սարդարապատի հաղթանակած հերոսամարտն էր, ուր բոլորը անխտիր մեկ մարդու պես դուրս եկան անարգ թշնամու դեմ: Հաջորդը Արցախյան ազատագրման առաջին պատերազմն էր, իսկ վերջինը, զարմանալի թող չթվա, մեր ժողովրդի (ոչ թե քաղաքական ուժերի) միասնությունն էր՝ ընդդեմ այսպես կոչված 17–ի շարժմանը, որի հեղինակների նպատակը ըստ էության իրենց անձնական նեղ շահերի և փառասիրությունների համար պետականության հիմքերը քանդելու գնով՝ իշխանությունը զավթելն էր: Եվ նրանց չհաջողվեց միայն ու միայն մեր ժողովրդի միասնականության ու իմաստնության շնորհիվ, որ չգնաց նրանց ետեւից… և ինչու չէ, նաեւ իշխանությունների խոհեմության շնորհիվ, որոնք չտրվեցին սադրանքների:

Իսկ ի՞նչ պատահեց 44–օրյա պատերազմի ընթացքում:

Մի կողմից հայ ժողովուրդը ամբողջ աշխարհով մեկ, մի մարդու պես, ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքը և պետականությունը, մյուս կողմից, բանակում ծառայող մեր 18–20 տարեկան հերոս երիտասարդների ու սպաների կողքին տեսանք հին ռեժիմը ներկայացնող ուժերի պառակտիչ ու դավադիր գործունեությունը, որոնք երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողքին կանգնելու և թուրք–ադրբեջանական–ջիհադիստական ոհմակների դեմ միասին պայքարելու փոխարեն, բացահայտորեն որդեգրեցին պատեհապաշտական քաղաքականություն՝ օրինավոր իշխանություններին տապալելու և ամեն գնով նորից իշխանության հասնելու համար:

Դրան իհարկե օգնում էր անկազմակերպվածությունը, թերացումները, պետական ապարատի և բանակի մեջ համատարած սաբոտաժը: Մի խոսքով օդի մեջ սավառնում էր դասալքության եւ դավադրության թունավոր ոգին: Իսկ վերոնշյալ ուժերը ազգի ու բանակի կողքին կանգնելու փոխարեն, հրապարակայնորեն, անթաքույց հայտարարում էին, որ գեներալները իրենց զենքը ուղղեն դեպի Երեւան…
Պատերազմում պարտության կծիկը այստեղից է բացվում, և ցավոք դեռ շարունակվում է:

2018–ի հեղափոխությունը եկավ դրանց պատմության աղբանոց նետելու, սակայն ներքին ու արտաքին բազմաթիվ բացահայտ ու ոչ բացահայտ պատճառների բերումով պատերազմը չոքեց մեր դռանը և հների համար, նույնիսկ մեր պարտության գնով, դարձավ ամենահարմար առիթ՝ վերականգնելու իրենց իշխանությունը:

Եվ այսօր արտահերթ ընտրությունների այս շեմին արտաքին թշնամու դեմ միասնական ճակատ կազմելու փոխարեն, հակահեղափոխական ուժերը հին ու նոր նախագահների գլխավորությամբ, մեր սահմանները պաշտպանելու ի խնդիր, ոչ միայն  ՄԱՏԸ ՄԱՏԻՆ ՉԵՆ ԽՓՈՒՄ, այլ արտաքին թշնամու հետ միեւնույն ճակատում՝ ձգտում են ամեն գնով հասնելու իշխանության:

Առանց իմանալու դավաճանության իմաստն ու բնույթը, ո’վ քնից արթնանում՝ մյուսին անվերապահ հայտարարում է դավաճան: Իսկ դավաճանը նա է, ով այս վտանգավոր պահին արտաքին թշնամու դեմ դուրս չի գալիս՝ գեթ սովորական մի հայտարարությամբ… Պարզ ասած լկտիության չափը անցած Ալիևին չի հայտարարում, որ մենք կարող ենք ունենալ ներքին խնդիրներ, բայց քո դեմ մենք միասնական ենք և ջարդելու ենք մեր երկիրը ներխուժող յուրաքանչյուր թշնամու ողնաշարը:

Այս պարագային ժողովրդին մնում է հսկայական մեծամասնությամբ վերջին անգամ մերժել ազգը թալանած բոլոր կեղծ ազգային կոչված հին ու նոր հակահեղափոխական ուժերին և ազատ ընտրությամբ պաշտպանել իրենց իսկ իշխանությունը և կանգնել հեղափոխության ու հեղափոխությանը աջակցող ուժերի կողքին:

Իսկ ժողովրդավարությանը և ինքնիշխան պետականությանը հավատարիմ ուժերին մնում է համախմբվել և ընտրություններում թույլ չտալ, որ «կեղծարարության մեջ գրոսմայստերներ» համարվող հակահեղափոխական ուժերը իրենց հնարաւորություններով կեղծեն ընտրություններն ու այդպիսով ժողովրդից խլեն իրենց ազատ կամքի արտահայտությունը:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Ամանորեան Մտորումներ

Արամ Սեփեթճեան, Պէյրութ, Յունուար 2014 Համայն աշխարհ կ’եռեւեփի ճգնաժամային ծանրածանր կենսական եւ լրջագոյն իւրայատուկ խնդիրներու հետեւանքներով:   “…Եւ յերկիր…
Read More