Կարո Հակոբյան, Շվեդիա, 18 Մայիս 2021
Բռնատիրական երկրներում ժողովուրդը հնարավորություն չունի իր բողոքի ձայնը բարձրացնելու, քանի որ համատարած վախի մթնոլորտում պատասխանը բիրտ ճնշումն է, բանտերն են ու կախաղանները:
Հայաստանի պարագան 180 աստիճանով տարբեր է: Այստեղ տիրում է լիակատար ազատություն, ես կասեի հանձինս դատաիրավական քմահաճ և քաոսային համակարգի՝ թալանիչների ու հինգերորդ շարասյան դերը կատարող բազմաթիվ ուժերի համար անպատժելիության եւ թողտվությունների եզակի միջավայր:
Պատերազմի ընթացքում, և պատերազմից հետո, վեց երկար ամիսներ ընդդիմություն կոչված 17 թիվը կրող «փրկիչները» կեղծ ազգային լոզունգների ներքո գործի դրին իրենց ողջ նյութական, լրատվական , քաղաքական և մարդկային խուլիգանական ռեսուրսները՝ բռնազավթելու իշխանությունը և քանդելու պետության հիմքերը: Սակայն նրանց չհաջողվեց: Պատճառը մեկն է. նոր իշխանությունների նկատմամբ արդարացի եւ անարդարացի ընդհանրական քննադատությունների և պատերազմի ահավոր հետեւանքների հակառակ՝ ժողովուրդը չգնաց այս հակապետական, հետադիմական, կոռումպացված և երկիրը թալանած հների ետևից, ուստի այդ հակազգային շարժումը ունեցավ անփառունակ վախճան:
Սրանք իհարկե չվերացան, սակայն ցավոք դասեր էլ չքաղեցին, այլ ընդհակառակը տարբեր դաշինքների անվան տակ իրենց սև գործը այժմ կատարում են բազմաթիվ այլ եղանակներով, որոնցից, որպես օրինակ կարելի է նշել Սյունիքի անվան տակ անթույլատրելիորեն հանքատերերի կողմից իրենց գրպանային տեղական կուսակցության և նման այլ կուսակցությունների ստեղծումը:
Այժմ, երբ թշնամին մտել է մեր տունը, մեր սահմաններից ներս, և սպառնում է ողջ Հայաստանին, հարկավոր է մի ժամ առաջ կատարած սխալներից դասեր քաղել և հանուն պետականության, հանուն ինքնիշխանության՝ արտաքին թշնամու դեմ դուրս գալ միասին, մեկ ձայնով, և ցույց տալ թշնամուն, բարեկամին և աշխարհին, որ հակառակ ներքին անհամաձայնությունների՝ ի զորու ենք մեկ միասնական ճակատով պաշտպանելու մեր երկիրը, մեր պետականությունը: Ահա այդ ժամանակ բոլորի՝ նույնիսկ թշնամու կողմից կվաստակենք և հարգանք, և արժանապատվություն: Եվ հաղթանակը մերը կլինի:
Հայաստանը լինելով միատարր երկիր, և ունենալով ազգային փոքրամասնությունների սքանչելի հայրենասեր համայնքներ, բնականաբար ներքին միասնություն ստեղծելու համար ունի հնարավոր բոլոր հատկանիշները:
Սա է մեր փրկության միակ ճանապարհը:
Պատմությունը ցույց է տալիս, որ կայսրությունները եւ ժողովուրդները աշխարհի երեսից վերացել են այն ժամանակ, երբ այդ երկրների բնակիչներն ու ժողովուրդը կորցնելով իրենց ներքին միասնությունը՝ երկիրը քանդել են ներսից, իսկ արտաքին թշնամին օգտվելով, ներխուժել և ոչնչացրել է նրանց:
3 comments
Գրիչդ դալար, կեանքդ երկար, ազնիւ հայ:
ՄԻԱՍՆՈՒԹԻՒՆ: Որքա՜ն գեղեցիկ, մանաւանդ յուսադրիչ բառ: Շուրջը անձի մը, որ երեք տարուան ընթացքին կատարած և ցուցաբերած է հետևեալ արարքներն ու յատկութիւնները. –Բացարձակ մենատիրութիւն, անողորմ բռնատիրութիւն, ազգային ատելավառ պառակտում ճերմակներ ընդդէմ սևերու, խոստումներու լիակատար դրժում, իւրայինները սեփականացնելու համար պատուագիններու անմիջական յաւելում և փողաշնորհումներ, նախկին նախագահհի մը երկամեայ կալանաւորում առանց մեղադրական հաւաստի հիմնաւորումի, ահաւոր տգիտութիւն և անչափելի ամբարտաւանութիւն, աւելի քան հազար տարուան ընթացքին ազգային ամենէն քանդարար և ամօթալի ռազմական պարտութիւն, սփիւռքահայութեան ողնաշարի, յոյսի և հաւատքի անմոռ կոտորում, հայ ժողովուրդի արժանապատւութեան և ազգային հպարտութեան գետնաքարշ լլկում, մտային անհաւասարակշռութեան բազում անհերքելի արտացոլացումներ……….Սիրտս կը փշռուի երբ կը դրսևորեմ վերոգրեալ բառերը:
Յաւելուած.–«Փաշինեանն ապացուցեց, որ իսկապէս քաղաքականութիւնից ոչինչ չի հասկանում։ Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախօսների եւ ո՛չ նոյնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասուած խօսքերը։ Աւելին, նա չի հասկանում անգամ, թէ ինչում է մեղադրում առաջին նախագահին, ասելով, թէ վերջինս ուզում է Ղարաբաղը յանձնել Ադրբեջանին։ Մի բան, որ ինքն արդէն «փառաւորապէս» իրականացրել է՝ Ղա րաբաղը ոտքով-գլխով յանձնել է Ադրբեջանին։»
Լ. Տէր-Պետրոսեան