«… Հայաստանի և սփյուռքի միջև փոսը խորացել է»

Ներքոյիշեալ հարցազրոյցը «Հետք» Երեւանեան մամուլէն Ֆրանսահայ երիտասարդ քաղաքագէտ Տիգրան Եկաւեանի հետ նոյնութեամբ կարտատպենք՝ արծարծուած հարցերու աժմէականութեան համար կարգ մը վերապահումներով.-Խմբ.

Տրդատ Մուշեղյան, «Հետք», 29 Հուլիս 2022 «Հետք» ՀայաստանՍփյուռք հարաբերությունների, Ֆրանսիայի հայկական համայնքի, հայթուրքական երկխոսության և այլ թեմաների մասին «Հետքը» զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ, արևելագետ Տիգրան Եկավյանի հետ։

Ինչպե՞ս կգնահատեք ՀայաստանՍփյուռք հարաբերությունները ներկա պահին, արդյոք դրանք բավարար չափով ամու՞ր են, փոխվստահություն կա՞ միմյանց նկատմամբ։

-Ո՛չ, հակառակը, փոխվստահություն չկա։ Պատերազմը մեզ ցույց տվեց, որ առավել քան երբևէ Հայաստանի և Սփյուռքի միջև փոսը խորացել է։ Կարող ենք արձանագրել, որ վստահության թելերը կտրված են։ Չկա առողջ հիմք գործնական հարաբերություններ մշակելու համար։ Մինչև հիմա Հայաստանի և Սփյուռքի կապը հիմնված էր երկու բանի վրա․ առաջին՝ զբոսաշրջության, երկրորդը՝ մարդասիրական օժանդակության։ Կարելի է նշել նաև սահմանափակ ազդեցություն ունեցող ներդրումները։ Դժբախտաբար, սա ոչ միայն ներկա իշխանությունների խնդիրն է, այլ ավելի վաղ ծագում ունի՝ նախքան Հայաստանի անկախացումը, և անկախության շարժումը։

Սփյուռքահայ կազմակերպությունները պատրաստ չէին ընդունել, որ Հայաստանը անկախ պետություն դառնա, քանի որ մտահոգված էին, թե կորցնելով ռուսական երաշխավորությունը՝ մենք թիրախ կդառնանք պանթուրքիզմի համար։ Այսինքն՝ գլխավոր խնդիրը պետականության գաղափարի շուրջ էր։ Ընդհանրապես սփյուռքահայերը քաղաքական միտք չունեցող մարդիկ են, որոնք վերացական գաղափար ունեն Հայաստանի, ազգի, Հայ դատի և պետության մասին, նրանք չեն կարողանում բնական ձևով ըմբռնել, թե ինչ է նշանակում պետություն ունենալը։ Պատերազմը մեզ ապացուցեց, որ մենք պետական մշակույթ չունեցող ազգ ենք, մենք չենք տարբերում «ազգ» և «պետություն» հասկացությունները։ Գործող կառավարությունն էլ, որը թեկուզև Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակ ունի, չկարողացավ շահերի վրա հիմնված հարաբերություններ մշակել։ Իշխանությունների գլխավոր սխալն այն էր, որ նրանք չկարողացան սփյուռքահայերի ներուժը ձգել Հայաստան, իսկ Սփյուռքի համար Հայաստանն ու Արցախը վերացական բաներ են, նրանց համար գլխավոր թեման Ցեղասպանությունն է, այսինքն՝ նրանք կենտրոնացան հիշողության վրա՝ չհասկանալով, որ Հայաստանում իրենք իրենց դերն ունեն, քաղաքական դերակատարություն պետք է ունենան՝ Հայաստանի համակարգը վերափոխելու համար։

Իսկ, որոշակի կերպով, ֆրանսահայ համայնքը, որի ներկայացուցիչը նաև Դուք եք, որքանո՞վ է հետաքրքրված Հայաստանի հասարակականքաղաքական կյանքով։

Ֆրանսահայ համայնքի մասին խոսելիս անպայման պետք է շեշտել, որ համայնքը ձևավորվել է երեք փուլերով։ Առաջինը՝ 1920-ականներին, որոնք Ցեղասպանության վերապրածներն են։ Երկրորդը՝ 1970-ականներին, Միջին Արևելքից՝ Սրիիայից, Լիբանանից, Իրանից գաղթած հայերը, և երրորդը՝ 1991 թվականից հետո Հայաստանից Ֆրանսիա գաղթած հայերը։ Հայաստանից եկած հայերը չկարողացան իրենց տեղը գտնել համայնքի ավանդական կառույցների մեջ, այդ պատճառով խմբերի մոտեցումները տարբեր են։ Ընդհանուր առմամբ, ֆրանսահայերը այդքան էլ հետաքրքրված չեն Հայաստանի հասարակական-քաղաքական հարցերով, ո՛չ հետևում են, ո՛չ էլ ըմբռնում են այստեղի քաղաքական կյանքի բարդությունները, իսկ Հայաստանից եկածներն այս առումով ավելի ակտիվ են հետևում, բայց ցավոք, նրանք չկարողացան իրենց կառույցը ստեղծել, գուցե քանակով շատ են, բայց որակով քիչ են։ Կարող ենք նաև բախում նկատել դասական սփյուռքի և Հայաստանից եկող հայերի միջև, որոնք ուրիշ մոտեցումներ ունեն ինքնության նկատմամբ։ Ի տարբերություն դասական սփյուռքի, որը կենտրոնացած է Եղեռնի և  Հայ դատի վրա, նոր եկածները ավելի տարված են Հայաստանի կենցաղով, ընկերային-հասարակական կյանքով։ Մենք հիմա նոր խնդրի առաջ ենք կանգնած, թե ինչպես նորոգել Սփյուռքի մեր հայկական կառույցները, որոնք վաղուց հնացած են։ Երբ որ խոսում ենք սփյուռքի մասին, միշտ պետք է հաշվի առնենք, որ այն ռազմավարական լծակ է Հայաստանի համար։

Ձեր խոսքում նշեցիք համայնքի խնդիրների, հնացած կառույցները նորոգելու մասին։ Իսկ եթե ավելի խորքային նայենք այս հարցին, ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած ֆրանսահայ համայնքը։

-Ինչպես արդեն ասացի, մենք ունենք շատ հնացած համակարգ։ Մենք շատ ժամանակ կորցրինք միայն Ցեղասպանության ճանաչման վրա կենտրոնանալով։ Մեզ օրակարգն է պակասում, որպեսզի հասկանանք, թե ֆրանսահայությունը ինչ դերակատարություն ունի Ֆրանսիայի հասարակական կյանքում, Հայաստանում և ընդհանուր Սփյուռքում։ Առաջին հերթին Ֆրանսիայի ներսում հայերը շատ մեծ հարգանք են վայելում, քանի որ հայերը կարողանում են բոլորի հետ լեզու գտնել, դա մեր պատմությունից է գալիս, որ հայերը միջնորդ ժողովուրդ են, կամուրջ են հանդիսանում տարբեր ազգերի միջև, բայց այս կարևոր բանը մենք չենք ըմբռնում։ Երկրորդը պետք է նշեմ, որ մենք ամենաքաղաքականացված սփյուռքն ենք, որը պայմանավորված է Ֆրանսիայի քաղաքական մշակույթով, ինչպես նաև լիբանանահայերի գալով։ Լիբանանահայությունը ժամանակին ամենահզոր քաղաքական օջախն էր, Ֆրանսիա արտագաղթելուց հետո նրանք աշխուժացրին համայնքային համակարգը։ Չպետք է մոռանալ, որ Ֆրանսիան միակ երկիրն է, որտեղ պաշտոնապես նշվում է Հայոց ցեղասպանության տարելիցը։ Եվ երրորդը՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հիմքը շատ տկար է։ Երկկողմանի առևտուրը ընդամենը 80 միլիոն դոլար է, և ցավոք սրտի, ֆրանսահայ գործարարները շատ ներկա չեն Հայաստանում։

Մեկ այլ տաբու էլ կա, որն ինձ հետաքրքրում է։ Եթե հաշվի առնենք, որ հայության 70 տոկոսն ապրում է Հայաստանի սահմաններից դուրս, մենք Հայաստանի Ազգային ժողովում չունենք ֆրանսահայ կամ ամերիկահայ պատգամավոր, որը կլինի Սփյուռքի ձայնը, կհնչեցնի մտահոգությունները։ Օրինակ՝ հայ-թուրքական երկխոսության մասին խոսելիս տպավորություն կա, որ Հայաստանի իշխանությունների նպատակն է չեզոքացնել սփյուռքահայության կեցվածքն ու ասելիքը։ Կամ որ (այժմու) վարչապետն ասում է՝ Հայ դատը միայն սփյուռքի գործն է։ Սա ինձ համար շատ մտահոգիչ է, որովհետ պետք է իրատես ձևով հաշվի առնել սփյուռքահայության շահն ու ասելիքը, և ցավոք, Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում լսելի դարձնել այդ մտահոգությունը։

Ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները, որ չեն անում, Սփյուռքի հետ կապերն ամրապնդելու համար, և արդյոք դուք դրա մեջ որևէ միտու՞մ եք տեսնում։

-Տարբեր թեմաներ կան, օրինակ՝ երկքաղաքացիության հարցը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ընդհանրապես փակ էր, և չէին ցանկանում, որ սփյուռքահայությունը Հայաստանի քաղաքացիություն ստանա։ Եվ միայն 2005-ի սահմանադրական փոփխություններից հետո իրավիճակը փոխվեց։ Երկրորդ խնդիրը սփյուռքահայերի քաղաքական մասնակցությունն է։ Հայաստանն այնպիսի ծանր վիճակում է, որ մենք արդեն չենք տնօրինում մեր ճակատագիրը։ Կոպիտ ասած, երկու ընտրություն կա սեղանի վրա․ կամ մեր պետությունը պետք է դառնա Ռուսաստանի մարզ կամ միասնական պետություն, որի հետ համեմատելու այլ օրինակ չկա, իսկ երկրորդ ընտրությունը մի փոքր պատրանքային է, որը Հայաստանի սփյուռքացումն է։

Ինչ է դա նշանակում․ Սփյուռքի ֆինանսական աղբյուրների կամ մարդասիրական օժանդակության վրա կենտրոնանալու փոխարեն՝ հետաքրքրվել Սփյուռքի մարդկային աղբյուրներով, ինչպես տարբեր ոլորտների մեջ օգտագործել սփյուռքահայերին, ինչպես այստեղի կառույցները թարմացնել նոր արյունով։ Հայաստանի նման հետխորհրդային երկրում պահպանվել են գրեթե բոլոր կառույցները, որոնք կային խորհրդային ժամանակներում։ Օրինակ՝ մենք չունենք երկու խորհրդարան, ինչու չունենք Սենատ, որտեղ կարող էին լինել նաև սփյուռքահայեր, որոնք կընտրվեին անուղղակի ձևով, կունենային քիչ լիազորություններ, բայց իրենց դերակատարությունը կունենային, իրենց գաղափարները ցույց տալու հնարավորություն։ Սա մի թեմա է, որն այստեղ ոչ ոքի չի հետաքրքրում։ Բայց եթե ուզում ես տեսլական մշակել, պետք է մտածես այս մասին, թե ինչպես Հայաստանի պետական համակարգը կայացնես, որպեսզի ունենանք ավելի առողջ դիրք աշխարհում։ Իսկ մենք հիմա ճիշտ հակառակն ենք անում։

Ինչպե՞ս կարող է Հայաստանը գրավել սփյուռքահայ տաղանդներին, ի՞նչ հստակ քայլեր են անհրաժեշտ նրանց այստեղ բերելու և պահելու համար։

-Դրական նախաձեռնություններ եղել են, օրինակ՝ «ԻԳՈՐԾ» ծրագիրը, գաղափարը շատ լավն էր և հուսադրող։ Եթե մենք ուզում ենք, որ Սփյուռքը առողջանա, ապա այդ փոփոխությունը պետք է գա հենց Հայաստանից։ Դրա համար մենք պետք է գրավենք սփյուռքահայ տաղանդներին, նորավարտ համալսարանականներին, տարբեր ոլորտների արհեստավարժներին (պրոֆեսիոնալներին), որպեսզի այստեղ նոր ենթակառուցվածքներ ստեղծենք։ Որովհետև եթե խոսում ենք ներգաղթի մասին, գլխավոր խոչընդոտը անշուշտ Հայաստանի ընկերային-տնտեսական վիճակն է, բայց նաև ենթակառուցվածքների բացակայությունը։ Եթե ենթակառուցվածք չկա, չես կարող այստեղ մարդիկ բերել, նրանք էլ իրենց ընտանիքները բերեն, որ իրենց շուրջ նոր էկոհամակարգ ստեղծեն։ Հիմա այստեղ եկող ռուսները, իրենց ենթակառուցվածքներով եկան, իրենց գործը բերեցին, իրենց փողը բերեցին, իրենց բիզնեսն ու դպրոցը բերեցին, հասարակական կազմակերպությունները, և Հայաստանը նրանց համար հարթակ դարձավ։ Սփյուռքում թեև ևս այդպիսի ջանքեր գործադրվում են, բայց դրանք անհատական են, ոչ թե միասնական, և նրանք էլ, ովքեր գալիս են, գաղափարի համար են գալիս։ Իսկ եթե մենք ուզում ենք առողջացնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, պետք է բոլոր լոզունգները, այդ «մեկ ազգ, մեկ մշակույթ» և այլն, ոչնչացնել և հարաբերությունները բնականացնել, քանի որ Հայաստանը սովորական (նորմալ) երկիր է՝ սովորական  ժողովրդով։ Հայաստանը գուցե դրախտ չէ, բայց դժոխք էլ չէ, ուղղակի մի երկիր է, ուր պետք է գնաս մեկ նպատակի համար։ Ցավոք, այս գիտակցությունը չկա սփյուռքի մեջ: Բայց եթե մենք կարողանանք նոր կրթական դասակարգ պատրաստել, միջազգային ծրագրերով ուսանողներ գրավել, սա ևս մի միջոց է երիտասարդներին այստեղ բերելու։ Միայն Հայաստանը չէ, որ Սփյուռքի կարիքն ունի, Սփյուռքը ևս ունի Հայաստանի կարիքը։

Հայթուրքական հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացը ողջունելի՞ է Սփյուռքի համար։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Հայաստանի համար այս երկխոսությունից։

-Այստեղ երկու հայեցակարգ կա, որ պետք է իրարից տարանջատել։ Երբ որ խոսում ենք երկու պետությունների հարաբերությունների կարգավորման մասին, այստեղ սփյուռքահայությունը ասելիք չունի, քանի որ Սփյուռքը պետություն չէ։ Սփյուռքը գաղութներ են, անհատականություններ են։ Դա վերաբերում է միայն Երևանին և Անկարային, և մենք այստեղ իրավունք չունենք միջամտելու։ Բայց երբ խոսում ենք հաշտեցման մասին, Սփյուռքն ունի իր ասելիքը՝ որպես Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ։ Այս պարագայում սփյուռքահայ կառույցները պետք է մասնակցեն գործընթացին, որպեսզի Արևմտյան Հայաստանի մեջ մեր հուշարձանները պաշտպանված և նորոգված լինեն։ Ցավոք, այս երկխոսության մեջ ես որևէ հեռանկար չեմ տեսնում, տպավորություն է, որ Հայաստանի իշխաննությունները փորձում են ժամանակ շահել, որպեսզի Թուրքիան չճնշի մեզ կամ Ադրբեջանի վտանգը չեզոքացնենք։ Այստեղ ռազմավարական տեսլականն ու օրակարգն է բացակայում, իսկ Հայաստանի իշխանություններն ուղղակի ճգնաժամային կառավարմամբ են զբաղված։ Մենք պատմության դասերը լավ չենք քաղում, մոռանում ենք, որ Թուրքիան միայն ուժի լեզուն է հասկանում։ Եթե առավելություն ունի, անշուշտ միշտ կօգտագործի։ Օրինակ՝ 2009-ին հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի դիրքերը ավելի ամուր էին, քանի որ Արցախը Հայաստանի վերահսկողության տակ էր։ Իսկ հիմա շատ ավելին պետք է պահանջեն, հիմա Զանգեզուրի միջանցք պետք է պահանջեն, Ցեղասպանության միջազգաին ճանաչման նահանջ պետք է պահանջեն։ Էրդողանի համար դիվանագիտությունը առևտուր է, իսկ Հայաստանը շատ բան չունի նվիրելու այս համատեքստում։ Մյուս կողմից երկու պետությունների դիվանագիտությունները շատ տարբեր են։ Թուրքական դիվանագիտական դպրոցը լավագույններից է աշխարհում, իսկ Հայաստանում հազիվ փորձում են հասկանալ, թե ինչ են պետությունն ու պետականությունը։ Այդ պատճառով է պետք միշտ զգուշությամբ մոտենալ այս հարցին և ոչ զգացական կերպով։

Կրկին վերադառնալով ֆրանսահայության թեմային, այնտեղ հայկական համայնքը միասնակա՞ն է, թե՞ կան պառակտվածության դրսևորումներ։ Կա՞ն խմբեր, որոնք միմյանց միջև լուրջ տարաձայնություններ ունեն։

-Բնականաբար ինչպես ամեն տեղ, Ֆրանսիայում նույնպես համայնքը պառակտված է։ 2001-ից ի վեր ֆրանսահայությունը կարողացավ մի ինքնատիպ ձևաչափ ստեղծել, որը չկա Սփյուռքի այլ գաղութների մեջ։ Ստեղծվեց միասնական խորհուրդ, որը պետք է ներկայացներ ամբողջ համայնքը մեկ ձայնով Ֆրանսիայի իշխանությունների մոտ։ Դա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն է (CCAF), որը երկու համանախագահ ունի՝ Մուրադ Փափազյանը, որը Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ է, և Արա Թորանյանը, որը Nouvelle d’Armenie ամսագրի խմբագիրն է։ Երկու համանախագահները խոսում են մեկ ձայնով և պաշտպանում են հայկական շահերը։ Բայց և այնպես, հիմա կան երկու-երեք մրցակիցներ, որոնք ուզում են չեզոքացնել CCAF-ը և իրենց տեղը զբաղեցնել։ Պատերազմի ընթացքում այդպիսի երկու խումբ պայթեց, մեկը կոչվում է «Հայկական շարժում», մյուսը՝ «Հայկական-ֆրանսիական խորհուրդ», որոնք ուրիշ օրակարգ են հետապնդում։ Ցավոք, այս երկու շարժումները սկսեցին սիրաշահել Հայաստանի իշխանություններին, Զարեհ Սինանյանն էլ, նրանց կարևորություն տալով, վնաս հասցրեց ֆրանսահայությանը։ Մեր օրինաւոր հաստատությունները տկարացան, և սա շատ բացասական ազդակ էր։ Այդ պատճառով CCAF-ի ատենապետները շատ դժգոհ են, նամանավանդ Զարեհ Սինանյանից։

Քանի որ հիշատակեցիք Մուրադ Փափազյանի անունը, ըստ Ձեզ՝ Հայաստան նրա մուտքի արգելքը քաղաքական հետապնդման դրսևորու՞մ է, թե՞ գուցեև կան այլ պատճառներ։

– Դա լրիվ անձնական խնդիր է։ ԱԱԾ-ի ներկայացրած պատրվակները կեղծ են և անհիմն, թե իբր արգելքը կապված է Փաշինյանի այցի ժամանակ կազմակերպված ցոյցի հետ։ Ոմանց կարծիքով՝ պատճառը վերջերս վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցն է Մոնակո և Նիս, որտեղ նա հանդիպեց «այլախոհ» հայկական կազմակերպությունների հետ, որոնք քիչ թե շատ գաղտնի կապ ունեն թուրքական հատուկ ծառայությունների հետ, և դա խորը դժգոհություն պատճառեց CCAF-ին և Մուրադ Փափազյանին։ Խոսքը Նիսի համայնքի մասին է, ակնհայտ է, որ նշածս մարդիկ կապ ունեն թուրքական գաղտնի ծառայությունների հետ։ Երբ որ Մուրադ Փափազյանը այս թեմայով հայտարարություն արեց, նա կարծես, կարմիր գիծն անցավ, և այդ պատճառով նրա մուտքը արգելվեց։ Իրավունք ունենք սիրել կամ չսիրել Մուրադ Փափազյանին, չհամաձայնել նրա հետ, բայց արգելել մի մարդու մուտքը, որը Հայ դատի հայտնի պաշտպաններից է, գործարար, որը 30 և ավելի տարիներ ապրել ու պայքարել է Հայ դատի համար, շատ բացասական պատգամ է, որ Երևանի իշխանությունները ուղարկում են Սփյուռքին։ Եվ այս առումով, կարծես, թուրքերին ծառայեն, ուզում են որ Հայաստանն ու Սփյուռքը զատվեն միմյանցից, կապը թուլանա, և Նիկոլ Փաշինյանը զբաղվի միայն Հայաստանի Հանրապետության հարցերով, և ոչ թե Հայ դատով։

*************

Մեկնաբանություններ

Սևադա 16:53, 4 օգս 2022

Եկավյանը միշտ համարժէք (ադեկվատ) ու հետաքիր տեսանկյուն է տվել։ Էն որ ասում է Հայաստանից գաղթածները որակով քիչ են, հեռու չի գնում իր վերլուծության մեջ։ Նրանցից մեծ մասը գլուխը կախ աշխատում է տարբեր ոլորտներում ու ոչ էլ պայքարում է (դոշ ա տալիս) ցեղասպանություն ժխտողներին օրենքով պատժելու համար։ Իրանք լավ էլ գիտակցում են, որ Ֆրանսիայի դերը խիստ սահմանափակ է Հայաստանի վրա։ 20-ի պատերազմը դրա լավ ապացույցն էր։ Հայաստանը Ֆրանկոֆոն երկիր ճանաչելը ծիծաղ է առաջացմում բայց ոգևորրչ փաստ է։ Մեզ պետք չի ոգևորվել այլ միայն կերտել երկաթե շերեփ, մեր գոյությունը պաշտպանելու համար։ Թալեսը գալիս է Հայաստան ծախելու այլ ոչ թե ստեղծելու նպատակով։ Ինձ անչափ հետաքիր է բիզնեսմեն Մուրադ Փափազյանը Հայաստանում գործ դրա՞ծ է, թե մեդիասքուլի պղպջակները մենակ արևմուտքում արժեք ունեն։ Դաշնակները չզարգացան, մեջներից խելոքներն էլ օգտագործում են ցանցը իրենց շահերի օգտին։ Իմիջիայլոց, Մուրադի հոր հիմնադրած հայկական ռադիոն տխուր վիճակում է գտնվում։ Եթե համեմատում ես Լիոնի հայկական ռադիոյի հետ, որը ավելի թիրախավորել է Հայաստանցի հայերին, շատ ավելի լավ է աշխատում։ Ցանկացած հայի Հայաստան չթողնելը ցավ է պատճառում։ Եկավյանը արևելագետ է՝ դիսերտացիաններ է անում, մղկտում է՝ էս չունենք էն չունենք… Որ Թուրքիան լավ դիվանագետներ ունենար դա կիմացվեր։ Մի հատ չինագետ լիներ, ժամանակակից, գործնական բաներից խոսեր թե չէ էդ հայկական սփյուռքահայ օջախներից իրոք նավթալինի հոտ է գալիս։

Հովիկ 10:56, 2 օգս 2022

Փափազյանական փտած գծի հստակ զարգացման հարցազրույցի օրինակ։ Այս գիծը նախանձախնդիր կերպով արգելակում է իրենցից դուրս ցանկացած հայկական ներկայացուցչության փորձ իսկ Ֆրանսիայում։ 2018 ին պարոնը որպես ստրկամիտ ներկայացրեց հայաստանյան հասարակությանը (Փարիզ, տափանավ Անակո)։ Թերագնահատումը դառնում է խրոնիկ պարոնի մոտ։

Kevork 09:42, 30 հլս 2022

Yegavian fails to explain how “The war showed us that the gap between Armenia and diaspora has deepened more than ever.” In fact, a majority of people in Armenia and the diaspora shared the populist position, advanced by leaders in Armenia and the diaspora, that there was no need to make any concessions to formulate a settlement of the Karabakh conflict. There was no “gap” in thinkg here. Moreover, people in Armenia and the diaspora shared a profound sense of betrayal and disillusionment following the Armenian military defeat. Again, no mindset “gap”. Moreover, both Armenia and the diaspora today manifest a overarching apathy/disinterest in terms of studying the causes of that defeat. So where’s the “gap” that Yegavian refers to? One further point. When Yegavian writes: “It is not only Armenia that needs the diaspora, but the diaspora also needs Armenia.” Why exactly does the diaspora need Armenia. To do what? I understand, at face value, the argument that Armenia needs the diaspora, but the flip side of his argument remains vague. I won’t even comment on his fantastical proposals to engage the diaspora in Armenia’s body politic.

Օհան 05:37, 30 հլս 2022

Վերնագիրը շատ ԽԱՓՈՒՍԻԿ է։ Պարոնը բնավ չի բացատրում թէ ԻՆՉՊԵՍ պատերազմը բացահայտեց ՀՀ-սփյուռքի փոսի “խորացումը”: Պատերազմից առաջ թէ՛ Հայաստանի և թէ՛ սփյուռքը շատ լավ էլ կողմնակից էին “ոչ մի թիզ” դիռքորոշմանը։ Երկուսն էլ, բացառությամբ մի քանի խավերից, այն աստիճանի կույր հայերասիրությամբ տարված էին, որ Արցախի հիմնահարցի լուրջ քննարկումից խուսափում էին։ Հիմա, պարտությունից հետո լաց ու կոծ են անում, կոկորդիլոսի արցունք են թափում, թէ իբր լուր չունէին, որ բանակը այդքան տկար ու անզօր էր Արցախի ժողովրդի անահովությունը պաշտպանելու։ Եկավյանը նաեւ չի բացատրում թէ սփյուռքը ԻՆՉՈ՞Ւ Հայաստանի կարիքըն ունի։ Հոդվածը հակասություններով լիքն է։ Այստեղ չի կարելի դրանք ամենը թվարկել:

*************************

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published.

You May Also Like

Հիմա Էլ Լռե՞նք

Փոխան Խմբագրականի Սամվել Հովասափյան, Բեռլին, Մայիս 2011 Երբեմն մեզ մնում է միայն անզորությունից և անելանելության զգացումից նստել և…
Read More