ՔԱՈՍ

Ռուբէն Յովակիմեան, Սան Ռաֆայէլ 21 Փետրվար 2021

«Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն
 արիւնաքամ վէրքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ
Հայաստան – եա՛րն եմ սիրում»։
Չարենց 

Մարդկային տեսականիով մեր երկիրը բարգաւաճ է, ուր բնակչութեան մօտ կէսը պատրաստ է վարչապետի պաշտօնը ստանձնել առանց տատանուելու կամ պարզօրէն հարց տալու թէ իր ունակութեան կամ իմացականութեան մակարդակը բաւարա՞ր է եւ արդեօք համապատասխանո՞ւմ է անհրաժեշտ պահանջներին, եւ առաւել ցաւալի է, երբ այդ մտաբախ տհասութիւնը ակնյայտօրէն համաճարակի բնոյթ է ստացել: Թերեւս  զարմանալի չէ, քանզի դարեր շարունակ փորձել են կրտել ու առնազրկել հայի միտքը, նրանից օգտուելով հանդերձ, որի մեր իսկ տուած հուժկու հարուածը եղաւ արտագաղթը, որ թերեւս  աւարտին չի հասել, իսկ եղած հասարակութեան մի զգալի մասը մոլորութեան մէջ է եւ չի գտնում իր արժանի տեղը՝ ընդհուպ մի քանի դրամի համար քուէարկում իր իսկ կողոպտողի օգտին:

Արդար լինելու համար, նշեմ, որ Փաշինեանը եւս իր պաշտօնի պահանջած բոլոր որակները չունի, երբեմն քայլեր է անում, կամ կարեւոր խնդիրներ շօշափում, հաշուի չառնելով, որ նրանք երկար կշռադատելու կարիք ունեն, բայց արդի պայմաններում, անհերքելի է, որ թերեւս միակ պատուարը նա է, որ կարողացել է անդամալոյծ անել, գուցէ մասամբ, գողապետական նախկին համակարգը եւ կասեցնել նրանց վերադարձը:

Գաղտնիք չէ, որ հրապարակում կամ փողոցում գիշերող ընդդիմադիր յորջորջուողները գաղափարական ո՛չ միայն նոր ասելիք չունեն այլեւ կոկորդ են պատռում, երկրորդ նախագահի ցուցմունքները կատարելու, որ այնքան է վստահ, որ նոյնիսկ մոռանում է իր թալանի անփառունակ անցեալը եւ յայտարարում, որ եթէ ինքը լինէր երկրի ղեկավար՝ պատերազմ չէր լինի: Լրբութի՞ւն է այս, թէ՞ ծաղրանք հասարակութեան հանդէպ, մի գուցէ կլորիկ աւարի վրայ նստած դարձել է հաւկուր եւ իրեն ապահով է զգում մոռանալով 98-ի խարդախութիւնները, հոկտեմբեր 27-ը եւ մարտի մէկը՝ բազում այլոց կողքին, իսկ նրա կրկնօրինակ յաջորդը իր վարպետից հեռու չէ եւ հանդուրժում է, անմեղ հրեշտակի տեսքով, խեղաթիւրել անցած քսան տարիների իրենց ստեղծած դժոխքը, զանց առնելով, որ այդ ժամանակահատուածում քայքայեցին հասարակութեան բարոյականը, կաշառքը գործելակերպ դարձրին, 5+2 տարածքները զիջելու բանակցութիւններ վարեցին եւ այսօր երեք ամիս է անդադար շահարկում են մեր անմեղ զոհերի յիշատակը, որ մեր բոլորի ողբն է, իսկ իշխանութեան վերագրաւելը՝ հիմնական նպատակ:

Խուժանավարութեան սկզբունքներով գործելով եւ, հասարակութեան վիշտը ոտնահարելով անդադար դաւաճան եւ հրաժարական գոռալով, փորձում են իրենց մեղքի բաժինը մոռացութեան գիրկը նետել, մինչ նրանց արժանաւոր մեղսակից Վանեցեանը յայտարարեց, որ եթէ ինքը վարչապետ լինի՝ երեք օրուայ ընթացքում բոլոր գերիներին տուն կը դարձնի: Ի՞նչ անուն տանք՝ երբ մի ոմն մեր գերիներին փրկելու հնարաւորութիւն ունի, բայց չի գործածում՝ իրականում լիրբ դաւաճան է կամ ստախօս: Այս է փողոցի մեր ցուցարարների՝ իմա վարչապետի թեկնածուների բարոյական կերպարը եւ առաւել ողբալին այն է, որ այս աղմկարար խմբակները չունեն ծրագրի նմանուող որեւէ առաջարկ, բացի իշխանութիւն գրաւելու մոլուցքից, որպէսզի կարողանան անցեալի բոլոր կեղտերը ծածկել եւ շարունակել նախկին գործը:

Այսուհանդերձ մի անհանգստացնող միտք յաճախ է յղանում ու մզմզում ուղեղիս մէջ, թէ արդեօք մեր ազգային գիտակցութիւնը եւ վերապրելու բնազդը այնքա՞ն է թուլացել՝ իմա անհետացել, որ չենք կարողանում զանազանել ճիշտը սխալից, դրականը՝ բացասականից, դաւաճանութիւնը՝ նուիրումից, կեղծը՝ արդարից եւ երբեմն ընկնում ամբոխավարութեան եւ ինչ որ տեսակի քարոզչութեան թակարդը: Եթէ ոչ հեռաւոր անցեալին դա պետական սկզբունք էր եւ ելքի հնար չկար, ապա վերջին տասնամեակներին այն կատարեալ կլանային բռնապետութիւն էր, աւազակային սկզբունք եւ այսօր այդ կացութեան հեղինակներին հետեւող եւ ծափահարողներ կան: Իրականութիւնը որքան ցաւալի նոյնքան անբնական եւ անընդունելի է:

Դժոխային պարտութիւնը իր հետեւանքներով ծանր բեռ է մեր բոլորիս ուսերին, պարտութիւն կրել ենք ազգովին, իւրաքանչիւր հայ այդ չարիքի մասնակից է եւ պարտաւոր է ուշքի գալ, արթնանալ բոլոր տեսակի հռետորաբանութեամբ թմրեցնող քայլերից եւ ուշիմ ու առողջ գիտակցութեամբ լծուել երկրի հիմքերը վերակառուցելու երկար եւ դժուար աշխատանքին, որ պիտի լինի այսօրուայ ունեցածի հակադիր պատկերը: Մեզ հեռու են պահել մեր իրաւական կեցութիւնից սուտ ու կեղծիք մատուցելով, երկրի նոյնիսկ չափաւոր գանձը բաժանելով մի քանի արտօնեալ ընտանիքների միջեւ եւ այդ վիճակի կարօտախտով տառապողներն են, որ կրկին ցանկանում են վերադառնալ, փաստ՝ տեղի ունեցող ցոյցերը: 15+2-ի կոչի վերջին հաւաքոյթը ապացոյց էր, որ բնակչութեան զգալի մասը մերժում է նախկիններին: Մի փոքր իրատեսութեան դէպքում, դժուար չէ զանազանել դաւաճանը եւ նուիրեալը: Բացայայտ է, այսպէս երկար շարունակել չի կարելի: Պարտաւոր ենք վերափոխուել:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like