Չգիտեմ, թէ ո՞ւր ենք գնալու,
Բայց գիտեմ, որ ինչ էլ պատահի,
Աշխարհում մենք մե՛նք ենք մնալու՝
Ճեղքելով չարութիւնն աշխարհի:
Համօ Սահեան
Երբ երկու անձ վիճում են կրօնից՝
նրանցից մէկը անգիտակից է:
Արաբական
Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել (Ֆրանսիա), 6 Նոյեմբեր 2022
Ընդամէնը մի քանի օր առաջ Երեւանում տեղի ունեցաւ ՀՀ-Սփիւռք համահայկական գագաթաժողովը: 600-ից աւելի մասնակիցների շարքում լինելու բախտն ու առիթը չունեցանք՝ ինչպէս նախկինում, բայց մամուլի միջոցով փորձեցինք տեղեկանալ անց ու դարձին: Պարզուեց, որ բազում էին խօսք առնողները՝ տարբեր եւ կարեւոր մտքերով: Նրանք մեզ անհանգստացնող խնդիրների շուրջ հնչեցրել են կարծիքներ, ահազանգեր, սակայն ոչ մէկ վստահութիւն կայ, որ այս հաւաքի որոշումներն էլ, նախորդների նման, պիտի չմնան թղթի վրայ, որպէս գեղեցիկ նպատակների նմուշ եւ յուշ:
Նկատեցինք անցանկալի մի փաստ՝ այդ ելոյթների մի զգալի մասը եղել է օտար լեզուով. գերակայ եղել է անգլերէնը: Յայտնի չէ, թէ մինչեւ ե՞րբ կարելի է հանդուրժել նման կացութիւնը: Արդեօք պէտք է զարմանա՞լ, թէ՞ ողբալ, որ մայրենի լեզուին տիրապետելը նուազ կարեւոր է համարւում, քան որեւէ այլ լեզուի: Դեռ չեմ նշում մեր մայրաքաղաքում տիրող բազում ցուցանակների լեզուական այլանդակութիւնները: Ա՜խ, երանի միայն այդ լինէր շտկելիք:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, եւ շատերն են դա վաղուց հասկացել, որ մեր առջեւ ծառացած գլխաւոր մարտահրաւէրներն են ՀՀ-ի շուրջ խաղաղութեան հաստատումը, Արցախի կարգավիճակի վերջնական յստակեցումը եւ այդ ուղղութեամբ անհրաժեշտ քայլերը ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչումով: Այդ բոլորը միայն մեր ցանկութեան հետ չեն կապուած. կան խանգարող բազում տարրեր, որոնց մէջ կարեւոր դեր ունի ազերի-թուրքի անյագ ախորժակը. փաստ՝ սահմանագծի կրակոցները դադար չունեն: Ինչո՞ւ է այս հարցը կարեւոր: Պէտք եղած ժամանակին ճիշտ քայլեր անելու իմաստութիւնը չենք ունեցել եւ այսօր կրում ենք այդ անհոգութեան հետեւանքը: Բացառուած չէ, որ այսօր եւս շարունակում ենք անել նման ու համազօր այլ սխալներ: Միայն թէ ոմանք դեռ չեն հասկացել, որ տարբեր ամբիոններից միասնականութեան մասին ճառելը մնում է բարբաջանք:
Վարչապետին դէմ էր համարեա ողջ հոգեւոր դասը: Ռուսաստանին «անգնահատելի ծառայութիւն» մատուցելու համար Պուտինից շքանշան ստացած կաթողիկոսի հրաւէրով նախկին նախագահների հաւաքի ժամանակ, ըստ մամուլի, ԼՏՊ-ն առաջարկել է, ցաւոտ լուծումներից խուսափելու համար, օգնել վարչապետին, նուազ ցաւոտ լուծում ընտրել ու պատասխանատուութիւնը նրա հետ կիսել: Ըստ էութեան, առաջարկը միւս հաւաքուածների սրտովը չէր: Պատասխանը լինում է նոյն յանկերգը՝ «Նիկոլի հետ խօսելու կարիք չկայ, նրան մնում է միայն հեռանալ»: Այս է մերօրեայ «փրկիչների» ունեցած միակ ծրագրի առարկայական եւ հոգեբանական մտահորիզոնը… Ինչպէս լուսահոգի մայրս կ’ասէր՝ կարմիր կովը կաշին չի փոխում:
Համահայկական գագաթաժողովի հետ միաժամանակ սկսեցին Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովի աշխատանքները: Ընթացիկ տարբեր խնդիրների հետ քննարկուել են Եկեղեցւոյ կրթական ու դաստիարակչական առաքելութեանն առնչուած հարցեր, անդրադարձ է կատարուել ՀՀ-ի եւ Արցախի շուրջ ստեղծուած ծանր իրավիճակին: Հիմնական դրոյթը եղել է 44-օրեայ պատերազմից յետոյ առաջացած պարտուողական հոգեբանութեան սրբագրումը, եւ շեշտուել է, որ պարտութիւնը նուազ կործանարար է քան պարտուողականութիւնը: Հուսկ եթէ ոչ զարմանալի, ապա տարօրինակ է հնչում ՀՀ իշխանութեանն ուղղուած պատգամ-հրամանը՝ «Վերականգնել տարածքային ամբողջականութիւնը, կանխել մարդկային ու տարածքային հնարաւոր նոր ցաւալի կորուստները եւ միջազգային հարթակներում հետեւողականօրէն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը»: Սրանք ընդդիմադիրների ցոյցերի կոչերի «ստերէո» կրկնութիւնն են հոգեւորականների բերանով…
Նոյեմբերի 5-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպուել էր ընդդիմութեան Միասնութեան հանրահաւաքը: Ըստ մամուլի, մասնակցել է 5620 հոգի, այդ թւում Ռոբերտ Քոչարեանը: Յայտարարուած գլխաւոր նպատակն էր վերականգնել Համահայկական զարթօնքի միասնականութիւնը: Հանրահաւաքի բացմանը ելոյթով հանդէս եկավ Տաւուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը: Մեր իմացածով՝ այդ ամբիոնը ոչ միայն նրա կոչումին ու կարգին համապատասխան չէ, այլեւ պարզ չէ, թէ իրականում ո՞ւմ ցուցումով կամ հրամանով է նա յայտնուել այդ հարթակում, մանաւանդ, որ նա ամիսներ առաջ հռչակ ստացաւ իբրեւ վարչապետի հրաժարականը մոլեգին պահանջողներից մէկը եւ նրանց խօսափողը:
Ծայրայեղական չե՞ն Տաւուշի թեմի առաջնորդի ցանկութիւն-պահանջներն ու համոզմունքը, թէ «Հայոց եռագոյնը վերստին պիտի ծածանի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի եւ Հադրութի բարձունքներում՝ որպէս հայոց սահմանների պատուի եւ արժանապատուութեան վերահաստատման եւ նոր վերականգնման արշալոյս»: Ի՜նչ փառահեղ մտքեր…
Եթէ սոփեստութիւն չհամարենք այդ ուղերձները, ապա անկարելի է հարց չտալ՝ ո՞վ է դէմ այդ բոլորին, ո՞ր հայը դրանք չի երազում այսօր: Սակայն այս կոչերը հնչեցնողները չեն ասում, թէ ի՞նչ ծրագրերով, ո՞ր միջոցներով են այդ երազանքներն իրագործելու. արդեօք թուրք-ազերի ոհմակների հարցերը եւ մեր ներքին պառակտումների ծուռ ու շիտակ յարաբերութիւնները արդէն լուծուա՞ծ են, դրանք այլեւս գոյութիւն չունե՞ն եւ մի՞թէ այդ ամէնը կախում ունի միայն մեր ցանկութիւնից:
Ինչ լաւ կը լինէր, եթէ ամէն ոք կարողանար իր դրան առջեւը մաքրել: Երկրի հոգսերով իբրեւ թէ տառապող հոգեւոր հայրերը լաւ կանէին եթէ մտածէին կաթողիկոսի ցմահ գահակալութեան եւ կուսակրօնութեան ճղճիմ խնդիրների վերացման մասին. այդ պարագային՝ թերեւս որոշ հարցեր լուծում գտնէին:
Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Հայաստանի ու Արցախի հանրապետութիւնները գտնւում են տագնապի դէմ յանդիման, որ կարող է լինել ճակատագրական: Սրա դիմաց, պառակտուած հայ հասարակութեան հատուածները շարունակում են ներխմբային քաղաքական քայլեր անել եւ, ինչ որ առաւել ցաւալի է, դրսից թելադրուող վէճերի հարթակը թէժացնել, փոխանակ բազմագլուխ թշնամու դէմ առճակատումի պատրաստուելու միասնաբար:
Ոմանք կարծում են եւ գուցէ համոզուած են, թէ մեր գլխին եկած դժոխային չարիքը միայն իրենց է բաժին հասել, մոռանալով, որ այն համահայկական է եւ պատերազմը ողջ ազգի դէմ է: Ոչ միայն իշխանութիւնները, այլեւ ողջ ազգն ունի ողբալի եւ կարեկցելու վիճակ: Օրհասական կացութիւնը չի վերաբերում մի հատուածի միայն, այլ բոլորն են ողբում մեր զոհերի կորուստը՝ նրանց ծնողների հետ մէկտեղ:
Բաւակա՛ն է պղտորել մէջտեղը: Վաղուց հասել է ժամը լրջանալու, վերջ տալու անիմաստ ցոյցերին ու բացականչութիւններին, ազգի ցաւն ու ողբը սեփականացնելով շահարկելուն, կեղծիքի եւ ատելութեան մթնոլորտ ստեղծելուն՝ միայն ու միայն իշխանատենչութեան նպատակներով: Սա չէ՛ երկիր վերակառուցելու ճիշտ ճանապարհը. կան աւելի ուղղամիտ եւ փորձուած ուղիներ: Երիցս ցաւալի է որ մեր հասարակութիւնը կորցրել է իրատեսութեան եւ երեւոյթներին ճիշտ որակում տալու զգացումը: Սա յատուկ է բոլոր կողմերին՝ բազում են աննպատակ հայհոյանքները հասարակութեան տարբեր մակարդակներում: Իրար ամբաստանելն ու իրարու հայհոյելը միայն թշնամուն են օգտակար: Մինչեւ ե՞րբ է շարունակուելու այս անբովանդակ կացութիւնը:
Իրաւ է ասուած, որ Հայրենիքը կարելի չէ պահել միայն աղօթքով, ծափով ու ծնծղայով եւ դրօշ ծածանելով, իսկ բանականութիւնը իրատեսութեան հետ մէկտեղ ամէն մարդու չէ տրուած:
Բարի երթ ծուռ ու շիտակը հասկացողներին:
Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել (Ֆրանսիա), 31 Հոկտեմբեր 2022
ՊՏՈՅՏ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Ասում են կարօտը խօսել չգիտի,
Բայց իմ կարօտը արտասուել գիտի…
Ասում են կարօտը զգալ չգիտի,
Բայց իմ կարօտը համբերել գիտի,
Նա ներել գիտի ու սիրել գիտի,
Ամէն մի բառը ու ամէն տառը
Նա յամառօրէն վերլուծել գիտի…
Բայց ես էլ կ’ասեմ,
Որ իմ կարօտը, տանջուել գիտի…
Պարոյր Սեւակ
Ասում են Հայաստանը չքուելու ենթակայ է եւ անդունդի եզրին է, բայց այլ է իրականութիւնը: Եթէ նոյնիսկ մեր չարաբաստիկ հարեւանների ախորժակի համեմատ վտանգ նախատեսելի է, հայրենի պետական այրերը պէտք է գիտենան դիմակայել մարտահրաւէրներին: Կարծում եմ, թէ այդ ուղղութեամբ որեւէ ջանք չի խնայւում ճիշտ քայլեր անելու, թէեւ ամէն ինչ մեր ցանկութեամբ թերեւս չի կարող լինել: Սակաւ են երկրները, որ իրենց ուզածի պէս են ընտրում սեփական վիճակը:
Լրատուամիջոցները լայնօրէն տեղեկացնում են սահմանամերձ տարածքներում թշնամու կողմից հրադադարի խախտումների մասին, բայց Երեւանում խուճապի նշոյլ անգամ չկայ… Այդ լուրերը դարձել են սովորական եւ ուշադրութեան չեն արժանանում: Երեւանի փողոցները երբեւէ այնքան մարդաշատ չէին եղել մեքենաների ու զբօսաշրջիկների ներկայութեամբ, ինչպէս այս տարուայ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Կեանքը եռում էր ամառուայ սաստիկ տաքից յետոյ: Առիթ ունեցայ զրուցելու մի քանի ռուսների հետ: Բոլորը հիացած էին մեր բազում ճաշատեսակների բուրմունքով ու համով, երկրի բնությամբ: Դա հասկանալի է. հարթ ու միալար հսկայական տարածքներին վարժ մարդիկ տեսնում էին լեռնային բազմաբնոյթ տեսարաններ, յատկապէս Մասիս սարն իր վեհապանծ տեսքով: Իմ ռուս խօսակիցներից մէկը նոյնիսկ իր զաւակին բերել էր Դիլիջանի միջազգային դպրոցում գրանցելու, քանզի այդ դպրոցի տուած կրթութեան համբաւը լայն տարածում ունի, ինչը հպարտանալու տեղիք է տալիս մեզ, միայն թէ այն ելքի դուռ չդառնայ մեր «անփորձ ուղեղների» արտագաղթի առումով, եթէ մերոնք չկարողանան զերծ մնալ գայթակղութիւնից եւ օտարամոլ զգացումներից:
Անհնար է չնկատել Երեւանի արդի պայմաններում թատերական ներկայացումների հարուստ եւ առատ առկայութիւնը, օպերան ներառեալ, նաեւ բազում համերգները: Կամերային թատրոնը բեմ էր հանել երաժշտական դպրոցների սաներին, որոնք ճիգ չէին խնայում լաւագոյնների շարքին դասուելու, ինչը շնորհակալ, քաջալերիչ եւ օգտակար երեւոյթ է:
Մէկ այլ հաճելի փաստ էր գրքի շնորհանդէսների լայն տարածումը, որոնք լինում են թէ՛ տեղացի եւ թէ՛ սփիւռքահայ հեղինակների լոյս տեսած գրքերի առիթով: Ներկայ գտնուեցի Յորդանան բնակուող մտաւորական Թադէոս Եսայեանի բանաստեղծութիւնների «Ընտրանի բերքահաւաք» գրքի շնորհանդէսին – բարեհաճ կազմակերպութեամբ Շաքէ Մանկասարեանի – Վահան Թէքէեան կենտրոնի մէջ, ուր նաեւ առիթ ունեցայ իմ խօսքն արտայայտելու տեղացի թէ սփիւռքից ժամանած ջերմ եւ զգայուն գրասէր հասարակութեան ներկայութեան:
Տեղին է լռութեան չմատնել նման մի այլ երեկոյ իմ հեղինակած «Մեր խոհերի հետ» գրքի տպագրութեան առիթով՝ Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարանի սրահում, նրա մեղուաջան տնօրէն Սուսաննա Դաւթեանի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ, ում մեր երախտագիտութիւնն ու կատարեալ գոհունակութիւնն ենք յայտնում: Ափ ի բերան մնացի, թէ ինչպէս այդ նրբամարմին կինը կարողացաւ մի քանի օրուայ ընթացքում ի մի բերել հայրենաբնակ թէ սփիւռքահայ շուրջ 50 գրասէր մտաւորականների, որոնց շարքին թղթակիցներ, արհեստավարժ երգիչներ եւ ասմունքողներ: Ամէնքը իրենց ազատ կարծիքները յայտնեցին մինչեւ իսկ բուն նիւթից շեղուելով երկրում տիրող վիճակը մեկնաբանելով: Պարզ է որ շարքային քաղաքացին ձանձրացել է դատարկ խօսակցութիւններից ու գաղափարազուրկ ցուցարարների բարբաջանքներից: Ամէն ոք իր սրտի վրայ կուտակուած բեռից ազատուելու կամ լիցքաթափուելու կարիքն ունէր մանաւանդ գրքի գինեձօնի ընթացքին:
Աւելորդ չեմ համարում ընդգծել, որ Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարանը իր տնօրէնի շնորհիւ նոր վերելք է ապրում, նոր շունչ ու հոգի է մտել նրա չորս պատերից ներս. ամէն տարիքի բազում այցելուներ առիթ են ունենում պարբերաբար ունկնդրել նախկին տանտիրոջ ձայնագրութիւնների անզուգական ելեւէջները: Փա՜ռք ու պատիւ:
Իւրայատուկ կառոյց ունի մեր երկրի հասարակութիւնը, ինչպէս այլ երկրներում է: Այն բազմաբնոյթ է եւ բազմաշերտ: Բարձրակարգ մտաւորականների կողքին կան Րաֆֆիի Քաւոր Պետրոսի հոգեբանութեամբ յղփացած, կիսագրագէտ միջակութիւններ, որոնք սողոսկում են քաղաքական կամ «բիզնեսի» միջավայր, նաեւ պետական մարմիններ, որոնց «սրբութիւն սրբոց»ը կեղծիքն ու սուտն են: Սրանք դրամի գոյնից զատ այլ երանգ չեն ճանաչում, բայց յաջողում են երբեմն բարձր դիրքերի տիրանալ իրենց մակաբոյծի բնոյթով: Կայ նաեւ իր իւղի մէջ տապակուող լայն հասարակութիւնը, որ քարշ է տալիս իր վիճակը եւ սպասում հրաշքների՝ մի աչքը յառած արտագաղթի ճանապարհին, որ յաճախ ընտրութիւն չէ, այլ պարտադրանք:
Մինչ թշնամին հիւսում է իր սարդոստայնը, մերոնք իրար յօշոտելու նորանոր ծրագրեր են յղանում: Վերջին 30 տարուայ ընթացքում չի եղել ոչ մէկ համահայկական հաւաք, ուր կլոր սեղանի շուրջը նստէին երկրի ու սփիւռքի բանիմաց անձինք՝ խելք-խելքի տալով, թէ մեր առաջ ծառացած մարտահրաւէրներին անսխալ դիմակայելու ի՛նչ ուղիներ կան: Տիտղոսով դաւաճանների կողքին, անթիւ են երկիրը «փրկող» եւ աջին ու ձախին դաս տուողները, որոնցից փրկուելու միակ ուղին համազգայնօրէն սթափուելն է, որ ուշանում է ցաւօք: