Վտանգ

Ռուբէն Յովակիմեան Սեն Ռաֆայել 2-Ապրիլ 2022

«Երկչոտի վախը վտանգից առաջ է, Թուլամորթինը՝ վտանգի ընթացքին,
իսկ քաջը սրսփում է վտանգից յետոյ»: Ժ․Պ․ Ռիխտեր

 Ընդունուած շատ հին իրականութիւն է, որ ազնիւ եւ քաղաքական գործիչ եզրերը անհամատեղելի եւ իրար բացառող են: Նրանք չեն կարող համահունչ ապրել, որի ապացոյցները բազում են՝ խորհրդարանի մթնոլորտը եւ ոչ միայն այդ: Պիտի  կրկնեմ Եւրախորհուրդում եղած այն անհանդուրժելի եւ նողկալի անցքը, որի վկան եղանք, երբ հայկական հարցի քուէարկութեանը մասնակցող հայ ԱԺ պատգամաւոր «Պատիւ ունեմ» դաշինքի անպատիւ անդամը՝ Հայկ Մամիջանեանը, քուէարկեց  ՀՀ դէմ՝ ազերիների օգտին: Կարելի է՞ կուլ տալ նման նողկալի արարք:  Սխալ չի ասել Էրազմ Ռոտերդամցին, թէ «Բոլորին հաճելի է սեփական կեղտի հոտը»: Դժուար է հաշտուել հայրենիքի դէմ նման ստոր արարքի հետ:

Ամէն զինուորի մէջ զօրավար է ապրում՝ ըստ Բոնապարտի, համեմատաբար (analogie) ամէն աբեղայի մէջ՝ կաթողիկոս, մեծահարուստ՝  իւրաքանչիւր մուրացիկի,   թագաւոր կամ թուրք՝ որոշ  տեսակի  հայերի մէջ: Մեղա՜՜՜յ ․․․Մեղա՜՜՜յ, չեմ կարող հաւատալ :

Անըմբռնելի եւ նոյնքան զարմանալի է այն կարծիքը, թէ ինչ֊ինչ պատճառներով, մեր հասարակութեան մի մասը վարակուած է եւ տառապում է հայատեաց ախտով: Այդ ցաւալի  երեւոյթի մասին  գրել նշանակում է կրկնել այն, ինչ որ արդէն վաղուց ասուած եւ մոռացուած է: Կարիք կա՞յ յիշեցնել դարերի ընթացքին եղածները, մինչեւ իսկ 44- օրեայ դժոխքի օրերին յայտնաբերուածները: Դժուար՝ մինչեւ իսկ նողկալի է սեփական հասարակութեան մէջ  ընդհանրացուած ցաւերի ախտաճանաչումը: Կարելի է բախտաւոր համարել նրանց, որ դեռ չեն հասկացել եւ կը հասկանա՞ն արդեօք, որ արդի ներքին եւ արտաքին տիրող խաժամուժի պայմաններում մեր լինել֊չլինելու խնդիրն է դրուած, եւ ոմանք, վաղուց ի վեր երկրի գլխաւոր թշնամին համարելով Փաշինեանին, մեզ հասած ոչ-հաւաստի լուրերի, նոր հոկտեմբեր 27-ի նման անյաջող փորձ են արել եւ կրկին պատրաստւում  են նախատեսուած  ապրիլ 5\6ի ցոյցը վերածել իշխանափոխութեան քայլերի՝ քոչի կլանը վերականգնելու միտումով:

Ճիշտ է ասուած, թէ երբ շունը գայլ է խեղդում,   ոհմակը ի վերջոյ այդ շանը ուտում է, իսկ մեր երկրի իշխանութեան տենչով տառապող ոհմակը բաւական մարդաշատ է եւ ընդդիմադրի պիտակի տակ՝ առք ու փառքով տեղաւորուած,  թէ՛ խորհրդարանում եւ թէ՛ այլ եւ այլ իրաւական ու մամուլի  աթոռներին: Հակապետական գործունէութիւնը եւ փոխվրէժի բազում  տեսակները, որոնց հիմնական ատաղձը, տեղին թէ անտեղի, իշխանաւորներին վատաբանելն է, անպատշաճ եւ գռեհիկ դիմելաձեւով, նրանց արմատական նպատակն է:

Սխալ չի լինի, թերեւս տիրող արդի վիճակը համարել մեր պետականութեան ամենադժուարին փուլը, երբ պէտք է դիմակայել՝ թէ՛ ներքին եւ թէ՛  արտաքին քանդող ուժերին եւ անհերքելի է, որ եթէ պատերազմը դեռ չի դադարել եւ սահմանային սադրանքները անվերջ են, ապա ներքին ճակատում՝ վերջին նստաշրջանի կատակերգութիւնը իր անկարգապահ եւ աւերիչ բնոյթով, որ աւելի քան վեց ամիս տիրում է ԱԺ֊ում,  տանում է կործանումի: Ընդդիմադիր այրերը չհասկացան, թերեւս անընդունակ են կամ  չեն ցանկանում  հասկանալ, որ իրենց խափանիչ քայլերով աւելի յետաձգեցին օրինական ընտրութիւնները՝ մէջտեղ հանելով արտահերթի անհրաժեշտութիւնը, մինչդեռ մենք խաղաղ եւ խելացիօրէն համախմբուելու կարիքը ունենք:

Ի վերջոյ խաւարի մէջ է մեր մօտ ապագան եւ վաղուայ համար որեւէ երաշխիք չունենք հաշուի առնելով թուրք֊ազերի ստոյգ ախորժակը մեզ կուլ տալու առումով եւ արդի  ռուս֊ուկրաինական բախումները դրական ելք չեն կարող ունենալ մեզ համար եւ մեր սահմանագծի սադրանքները,  որ վերջանալու միտում չունեն, եւս դրա հետեւանք են եւ աւելին՝ որքան արեւմուտքը ԱՄՆ հովանաւորութեամբ շատ զինի Կիեւին, նոյնքան աւերածութիւնն ու զոհերի  թիւը  կը բազմապատկուեն, որ մենք եւս  անբաժին չենք մնայ, երբ Պուտին֊Ալիեւ յարաբերութիւնները իրարամերժ չեն, թերեւս թուրք մեծ եղբօր միջնորդութեամբ:

Ո՞վ եւ ո՞ւմ պէտք է խօսք հասկացնի, երբ սեղանի վրայ են խոշոր ծաւալի խնդիրներ կամակորների միջեւ, եւ մենք պարտաւոր ենք ծայրայեղ զգոյշ լինել իրար յօշոտելուց, քանզի  այն կարող է մեր ոչնչացման սկիզբը լինել, ուստի պաշտպանողական կատարեալ նոր զէնքերի ձեռքբերումը պէտք է դառնայ ոչ միայն նպատակ, այլ իրականութիւն: Փոխարէնը, տիրում է զգօնութեան պակաս եւ վտանգը դեռ բոլորի կողմից չի ընկալուած լրջօրէն:

Ցաւալի է, որ վերջերս Խրամորթ եւ Փառուխ գիւղերում եղած ոտնձգութիւնների առիթով ԱԺ֊ում հարց տրուեց,  թէ  ինչո՛ւ սահմանը պաշտպանուած չէր: Եթէ հարցադրումը նոյնիսկ ճիշտ եւ տեղին է, պէտք չէ մոռանալ, որ տարիների ընթացքին այդ նոյն սահմանը պաշտպանուած էր պահածոյի դատարկ տուփերի շարանով եւ ոչ ոքի չէր անհանգստացնում, քանզի թանկ չէր եւ եղած գումարները ներդրւում էին անձնական ապարանքների կառուցմանը: Այս ասելով համամիտ եմ այն կարծիքին, որ անցեալով չեն դատում ներկան, ուստի ներկայի հետ ապագայի հոգսերով  անհանգստանալը բոլորի միաբան գործն է, որպէսզի սահմանամօտ գիւղերում եւ ՀՀ տարածքում կրակոց չլինի, եւ պէտք չէ մոռանալ եւ անընդհատ կրկնել, որ սահմանին եղած դէպքերը պատահական չեն, այլ մանրակրկիտ ծրագիր, որ կարող է տարածուել դէպի ՀՀ, եթէ բոլոր ջանքերը չդնենք Արցախի կարգավիճակը պարզեցնելու, գիտակցելով, որ այն մեզանից չի կախուած եւ խանգարող տարրերը բազում են տարատեսակ եւ մեզ անհասանելի:

Վերջերս սկսել են տարբեր խմորումներ տարածել նախ Արցախը ռուսականացնելու մասին, որոնց կողքին պակաս չեն հակառուսական մտորումները, որ երբեւէ մեր օգտին չեն, եւ ինչպէս բելոռուս նախագահն էր լրբօրէն ասել, թէ «Հայերը գնալու տեղ չունեն եւ ո՞ւմ են պէտք»:

Վտանգը միշտ առկայ է եղել եւ շարունակում է կախուած մնալ մեր գլխավերեւում, եւ ողբերգական է, որ ամիսներ անց  մեր ԱԺ֊ում ոչ մէկ հարցի շուրջ շինիչ քննարկում չի եղել, բացի իրար հայհոյելուց եւ  շիշ նետելուց: Աւա՜ղ: 

   ՉՔՄԵՂԱՆՔ

«Սատանայի կռնակին շահածը՝ հանգիստ ծախսւում է նրա առջեւ»:
                                                                                                   Անգլիական

 Բարեգործութիւնը յատուկ է միայն մարդ էակին եւ կենդանական աշխարհում այն ընկալելի չէ, իսկ   մեծ գիշատիչները կշտանալով՝ իրենց որսի մնացորդը թողնում են ուրիշներին, չնայած կան նաեւ բացառութիւններ,  մինչդեռ մարդը իր ունեցածը՝ ինչ ձեւով որ տիրացած լինի, նախընտրում է պահել եւ կուտակել: Այդպէս է, որ դարերի ընթացքին չքաւոր դասի կողքին ստեղծուել են ունեւորներ, հարուստներ, մեծահարուստներ, որ բազմախաւ հասարակութեան ձեւաւորման սկզբունքն է, միայն թէ միշտ մթութեան մէջ են մնում հարստանալու միջոցները: Տեղին է յիշեցնել հարցազրոյցի ընթացքին հնչեցուած այն խօսքը,  թէ «Մի՛ հարցրէք, թ՛է իմ առաջին միլիոնը ինչպէս եմ ունեցել՝ մնացածը բիզնես է»:Այս ընթացքը շարունակւում է մինչ այսօր եւ թերեւս կանգ չառնի ապագային: Այս սկզբունքը համատարած է եւ մեր երկրում, երբ անյայտ զբաղմունքով պատգամաւոր՝  հիւրանոցի կամ այլ ինչքի տէր է դառնում:

Գաղտնիք չէ, որ երկրի ուժեղներ են համարւում գերհարուստներն, որ տնօրինում են պատերազմներն ու խաղաղութիւնը, գնահատում չարն ու բարին, աւերում կամ կառուցում բնակավայրեր, կերտում եւ հովանաւորում եկեղեցիներ ու թատրոններ, ինչպէս նաեւ արուեստի անգնահատելի գործեր, եւ այդ անում են յաճախ   փառասիրութիւնից դրդուած եւ երբեմն բարի կամքի թելադրանքով եւ բացառուած չէ նաեւ չքմեղանքի զգացումով, քանզի իրենց եւ միայն իրենց են յայտնի անցած ծուռ ու մուռ ուղիները:

Ակնառու է նաեւ, որ մեր երկրում անկախութեան ձեռքբերումից մի փոքր անց, երբ սակաւապետերի (օլիգարխ) թիւը աճեց, զարմանալիօրէն միեւնոյն յարաբերութեամբ  աճեց նաեւ եկեղեցի կառուցողների թիւը՝ մայրաքաղաքում, ինչպէս  նաեւ մարզերում՝ մէկը միւսից բարեկարգ ու աւելի մեծ: Երեւոյթը, տասնամեակների դադարից յետոյ, վերադա՞րձ էր դէպի կրօն՝  թէ՞ ինքնապաշտպանութեան նպատակով՝ չքմեղանքի բարոյական քայլ:

Վերջերս բաւական լուրջ մտաւոր բախումներ կան  Ծառուկեանի փարաւոնեան մի ծրագրի շուրջ, եւ երկու կողմից իրար հակադրուող եւ լրացնող մտքեր են փոխանակւում: Կոտայքի մարզի փառաբանուած եւ հասարակութեան մի մասի կողմից գնահատուած բարերար-գործարարը արդէն 7 եկեղեցի է կառուցել եւ ներկայիս ձեռնարկում է խոշոր յուշարձան-համալիրի կառուցումը՝ կրօնական հիմունքներով, որտեղ կը խոյանայ նաեւ հսկայ չափերով Յիսուսի արձանը: Նախաձեռնողները յաւակնում են, որ այն կը լինի համաշխարհային հոգեւոր կենտրոն եւ կը ծառայի  ընդհանուրի  համերաշխութեանը: Նպատակը թւում է ազնուական եւ փառաւոր, միայն թէ արձանի տեղադրման  հիմնական ժխտական դիրք  ունեցողը Առաքելական եկեղեցին է իր հոգեւոր խորհրդով՝ պնդելով, որ արձանի տեղադրումը մեր կանոնին չի համապատասխանում եւ  նախագիծը ընդունելի կը համարուի՝ միայն  առանց արձանի:

Որեւէ կարծիք յայտնել նման ձեռնարկի վերաբերեալ  դժուար է, քանզի ծանօթ չենք անհրաժեշտ տարրերին, միայն թէ անկարելի է հարց չտալ, թէ աւելի քան երկու հազար տարի է, որ Վատիկանը՝ իր հզօրութեամբ, միւս յարանուանութիւնների հետ մէկտեղ  եւ անհամար կարողութեամբ չկարողացան հաշտութեան մթնոլորտ ստեղծել եւ ի սփիւռս  աշխարհի պատերազմներն ու ոճիրները իրար յաջորդեցին, ապա  ի՞նչ հրաշքով եւ ի՞նչ միջոցներով կառուցուելիք այդ կենտրոնը, որին հակառակ չենք սկզբունքօրէն, պիտի կարողանայ յաւակնել համաշխարհային հաշտ եւ  համերաշխ միջավայրի ստեղծում, դառնալով բոլորի համար միաբանութեան խորհրդանիշ, երբ արդէն ամիսներ է, որ հայրենի ԱԺ-ը վերածուել է խամաճիկների կրկէսի եւ  երկրի ընտրեալները իրար հասկանալու եզրեր չեն գտնում: Եւ հէնց ինքը այդ ծրագրի նախաձեռնողը՝ լքելով վարչապետի աթոռին բազմելու յաւակնութիւնը, թերեւս տրամադիր է կաթողիկոսի գաւազան ձեռք բերել: Ո՞վ գիտի, զարմանալու պատճառ չկայ, երբ տասնամեակներ շարունակ իր հիմնադրած Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան անդամներով՝ շուկայական մթնոլորտ էին ստեղծում խորհրդարանի նիստերի դահլիճում: Մօտ անցեալի այդ լպիրշ ու ճղճիմ  տեսարանները յիշողները բազում պիտի լինեն: Աւելի ճիշտ չէ՞ր լինի, եթէ այդ յարգարժան պարոնը ձեռնարկեր մեզ համար պատուաբեր, անհրաժեշտ, փնտրուած եւ  օգտակար դպրոցաշինարարութիւն, քանի որ հոգեւոր կենտրոնի պակաս չկայ:

Ապրիլ 6-ը ծանրաբեռնուած օր կարելի է համարել, նախ, որ Բրիւսելի մէջ Շառլ Միշելի միջնորդութեամբ տեղի ունեցաւ Փաշինեան-Ալիեւ հանդիպումը, որի մանրամասնութիւնները լրիւ յայտնի չեն, բայց պայմանաւորուածութիւն է գոյացել, որ երկու կողմի արտաքին գործերի նախարարները միատեղ ծրագիր պատրաստեն: Կողմերը յոյս յայտնեցին, որ  եռակողմ այդ բանակցութիւնները կը լինեն արդիւնաւէտ եւ կը նպաստեն համապարփակ կայունութեանն ու խնդիրներ կարգաւորմանը:

Կարելի՞ է յուսալ, որ սայլը տեղից շարժուի:

Միւս բարի լուրն է, որ մեր հայրենակից Արտաշէս Քասախեանը ընտրուեց Գլենդելի (ԱՄՆ) քաղաքապետ,  մի երեւոյթ, որի բազմապատկումը ոչ միայն հաճելի, այլ նաեւ օգտակար եւ պարտադիր է, որի համար երկար տարիների լուրջ աշխատանք է հարկաւոր:

Յաջորդը, ընդդիմադիր ուժերի կազմակերպուած հաւաքն էր «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով Ազատութեան հրապարակի տարածքում՝ ուր սպասուած բազմութիւնը բացակայ էր: Գնահատական  չեմ տալու այս անմիտ ու աննպատակ, ոչնչի չծառայող  հաւաքոյթի մասին, միայն թէ ստոյգ է, որ պատահական չի եղած օրի եւ ժամի ընտրութիւնը, որ համընկնում է   վարչապետի եւ թշնամի ղեկավարի հանդիպման հետ: Ստոյգ է, որ այդ արուել է  միակ նպատակով՝ աւելի պառակտել երկրի  հասարակարգը, իշխանութիւն-ընդդիմութիւն ակօսը խորացնել եւ դժուարին խնդիրներ ստեղծել Հայաստանի իշխանութիւնների համար: Այս քայլերով  ընդդիմութիւնը շարունակում է սպասարկել օտարին ՝ յուսալով, թէ կը կարողանայ հասնել իշխանութեան, որի դիմաց կը պահպանուի թաքցուած գողօնը:

Ո՞ւմ համար է նորութիւն, որ Արցախը պաշտպանելը միշտ անհրաժեշտ եւ պարտադիր է եղել, բայց պարզ եւս չէ, թէ ո՞վ եւ ե՞րբ է հակադրուել այդ գաղափարին:  Ապիկարութիւն  չէ՞ պարզամիտ ու գաղափարազուրկ բնաբանով փողոց ելնելը եւ  երբուանի՞ց ի վեր է, որ մեծին պաշտպանելը կախուած է փոքրից եւ պատահական չէ ասուած, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»:  Ըստ իս՝ նշուած բնաբանը հեռու է բանականութիւնից եւ պարզ տրամաբանութիւնից, այն սոփեստութիւն է եւ կեղծ, իսկ խելամիտ լինելու պարագային այն պիտի հնչէր՝

« Հզօր Հայաստանն է Արցախի պաշտպանութիւնը»:

7-4-2022

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published.

You May Also Like