Վայելուչ

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել

«Վայելչութիւնը աւելի գնահատելի եւ իրական է, երբ ցուցադրական չէ»:
Անգլիական

Նորութիւն  եւ  զարմանալի եւս չէ, երբ աշխարհով մէկ, մեր ներկայութեամբ, մասնակցութեամբ, մասամբ մեր իսկ  մեղսակցութեամբ հասարակական բարք ու  վարքի բարոյական անկում է լինում՝ առանց աղմուկ աղաղակի, եւ անհանգստացող չկայ, նոյնիսկ տիրում է՝ մի տեսակ համընդհանուր համակերպում:

Վայելուչ, բարեկիրթ, պատշաճ բառերը, որ ոչ միայն իմաստ ունէին,  նաեւ  ապրելակերպի մաս էր՝ դարձել են  բովանդակազուրկ  հասարակութեան տարբեր խաւերի ու մակարդակի հայրենաբնակների շրջանում, անշուշտ բացառութիւնները յարգելի են, իրենց տեղը զիջելով գռեհիկ գաւառականութեան ու բռի կեցուածքին: Շատերն են տանջւում իրար  նմանուելու կամ ինչ որ մէկին կապկելու  ցանկութեամբ: Այն լինում է կեանքի առօրեայ տարբեր ոլորտներում՝ խորհրդարան, մամուլ՝ գրաւոր եւ բանաւոր, կենցաղ, մշակոյթ, դիմելաձեւ, խօսք՝ պաշտօնական եւ մասնաւոր,  արտաքին տեսք՝  (մօրուք, դաջուածք, սանրուածք), հագուստ,   մինչեւ իսկ բնակարանի ձեւաւորում ու կահաւորում եւ այլն:

Երեւոյթը նոր չէ  եւ դարեր շարունակ մարդիկ հարեւանների հետ յարաբերուելով է, որ իրենց դիրքը որոշել կամ ընտրել են: Խօսքը իւրաքանչիւրի յատուկ անհատականութիւնը պահպանելու մասին է եւ ոչ ա՛յն սահմանափակելու, քանզի ամէն մարդ  ազատ է իր իմացականութեան, կամքի եւ  ճաշակի   համաձայն իր առօրեան կարգաւորել եւ, եթէ այդ բոլորը  անձնական է՝ մնում է աննկատ, իսկ համատարած, համազգեստի նման  ազգային բնոյթ լինելու պարագային դառնում է անհանգստացնող, մանաւանդ երիտասարդների եւ քաղաքական ոլորտի գործիչների միջավայրում:

Տասնամեակներ առաջ, երբ ԱՄՆ քաղաքացիներին տեսնում էինք տարբեր գրութիւններ կրող հագուստով այն որեւէ հետք չէր թողնում, մինչդեռ այսօր ամբողջ աշխարհը այդպէս է զգեստաւորուած ՝ ակնթարթ անգամ չմտածելով, որ   այդ քայլով նրանք ոչնչացնում են իրենց անհատականութիւնը, դառնալով ինչ որ նշան կրող իր:

Ողբալի է մթնոլորտը  ազգային խորհրդարանում, ուր քաղաքակրթութեան կամ իրար յարգելու տարրական կանոնները իսպառ բացակայ են եւ շիշ նետելը ծեծկռտուքի հետ արտայայտուելու միջոց, իսկ գռեհիկ գաւառական դիմելաձեւը՝ սովորական, որոնց կողքին սխալախօսութիւնը այնքան է արմատացել, որ արժանի չէ նոյնիսկ ուշադրութեան, ո՛ւր մնաց հեգնանքի:

Բազմիցս արտայայտուել ենք՝ տարբեր առիթներով, այս ցաւալի խնդրոյ մասին՝ վստահ լինելով, որ գրելով ոչինչ չի փոխուելու, բայց յուսալով, որ  հասունութիւնը եւ գրաւած աթոռի կարեւորութիւնը կ՝արթնացնի պարտաւորութեան գիտակցութեանը, բայց  աւա՜ղ չարիքը շարունակւում է յամառօրէն եւ տեղը զիջելու նպատակ չկայ՝ բանաւոր, թէ գրաւոր խօսքում:  Մամուլի որոշ տեսակի համար այն արհեստ է:

Չեմ կարծում, թէ այդ ցաւալի վիճակը դիտաւորեալ կամ փնտրուած է: Ենթադրաբար համոզուած եմ, որ այն տասնամեակների ընթացքին  հայ դպրոցի թերի աշխատանքի հետեւանք է եւ ըստ տարածուած լուրերի՝ մանկավարժները, ըստ հրահանգի, աւելի զբաղւում էին նախընտրական հոգսերով, քան ուսուցման: Ծանօթներիս մէկի դուստրը համալսարանի բանասիրական ճիւղը փայլուն գնահատականներով աւարտել  էր եւ ինձ տեղեկացրեց համացանցի  միջոցով, միայն թէ երկու տող գրութիւնը փողոցի սխալագրութեամբ էր: Վրդովմունքս յայտնեցի եւ պատասխանը եղաւ, որ ներողամիտ լինեմ, այդպէս է գրում, որ ընկերուհիները հասկանան եւ չծաղրեն գրական գրելուն համար: Տեղին է սիրելի Համօ Սահեանի երկտողը՝ «Թող կուրծքս մի քիչ ցաւի, որ սրտիս տեղն իմանամ»:

Դարերի ընթացքին, օսմանեան ճնշման տակ ապրելով հանդերձ, հայերը պէտք է քաղաքակիրթ նուրբ կենցաղ ունենան՝ նկատի ունենալով մեր հազարամեայ անցեալը եւ մշակոյթը, որ նոյնպէս ոտնակոխ է արւում,   եւ ակնառու է, որ  բեմադրում եւ ցուցադրւում են միջակից թոյլ եւ գռեհիկ գործեր (անուններ չտանք՝ նրանք բազում են) եւ գրագէտների դասակարգը լուռ ու մունջ հանդուրժում է ամէն ինչ: Նշեմ նաեւ, որ ՝       ամէն գրաքննութեան դէմ եմ, բայց որակական վերլուծում անհրաժեշտ է մշակոյթի   զարգացման ճանապարհին: Ինչպէ՞ս չյիշեմ, երբ մեր նախակրթական տարիներին վայելչագրութիւն էին սովորեցնում եւ երբեմն խմբով տանում  թատրոն՝ պերճախօսութիւն լսելու:

Կ՝ուզեմ հասկանալ եւ յաճախ եմ հարց տալիս, թէ ի՛նչն է այս անկումի պատճառը: Չէ՞ որ անկախութեան ձեռքբերումով, որ առանց զոհերի չեղաւ, պիտի բոլոր միջոցները ոտքի հանէինք մեր ինքնութեանը եւ ճաշակին յարմար հասարակութիւն կերտելու եւ բոլոր բնագաւառներում, եթէ ոչ առաջատար, ապա առաջնակարգ լինել, քանզի ունէինք այդ ներուժը, փոխանակ երկիրը դէպի անկում հրելու «ծաղկուն օլիգարխ»-ների բազմացումով: Մի քանի օր առաջ իմացանք, որ նրանցից մէկը իր անձնական հաշուից երեսուն միլիոն դոլար վերադարձրել է պետութեանը՝ չվճարած տուրքերի դիմաց: Որտեղի՞ց այդ քանակի գումար,  նպաստներով գոյատեւող երկրում, երբ անթիւ են վթարային վիճակի դպրոց ու մանկապարտէզ, իսկ երեք տասնամեակից աւելի է, որ երկրաշարժից անտուն մնացածները՝ մինչ այսօր  «դոմիկ»-ների մէջ են մնացել: :

Ի՞նչ ասել այն արհաւիրքին, որ այսօր մի նոր խումբ կալանաւորուեց թշնամուն կարեւոր տեղեկութիւններ յայտնելու մեղադրանքով, որ արցախեան պետական եւ բանակի ծառայողներ էին եւ հաստատեցին արարքը:

Ե՛կ  ու մի՛ խենթացիր,

Պիտի գա՞յ այն օրը, որ հայրենաբնակների առողջ մասը, որ այսօր կէս թմբիրի վիճակում է, սթափուի եւ տէր դառնայ ի՛ր եւ ապագայ սերունդներին անցնող երկրի վերակառուցմանը՝ մաքրելով նկուղից տանիք հաստատուած օտար եւ խանգարող բոլոր բարքերից, որին անշուշտ իր անհրաժեշտ մասնակցութիւնը պիտի բերի համասփիւռ հայութիւնը:

ՍՐՏԱԳԻՆ ԿՈՉ ԵՒ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՒԱՔ ՓՐԿԵՆՔ ՀԱՅԵՐԷՆԸ
Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published.

You May Also Like