ՑՆՈՐՔ

Յարգելով խօսքի եւ  կարծիքի ազատութեան սկզբունքը՝ ստորեւ մեր ընթերցողներուն կը ներկայացնենք մեր աշխատակիցներէն Ռուբէն Յովակիմեանի մեկնաբանութիւնը՝ ունենալով հանդերձ կարգ մը վերապահութիւններ այնտեղ արտայայտուած կարգ մը գաղափարներու հանդէպ։ Խմբ.

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, 7 Հուլիս 2021

«Խենթութիւնը այն է, երբ մարդիկ անդադար անում են միեւնոյն բանը եւ ակնկալում՝ տարբեր արդիւնքներ»:
Էյնշտայն

Յունիս 20-ի ընտրութեան արդիւնքները շատերի երազի ու զանազան ծրագրերի ցնդման պատճառ եղան: Երկու շաբաթ անց կրքերը դեռ չեն հանդարտուել, ու քաղաքական դաշտի միակ տղամարդը, դուրս չգալով նախընտրական տրամաբանութիւնից, լրջութեամբ եւ ամենայն պատասխանատուութեամբ  յայտարարում է, թէ՝ «Մէկ ու կէս տարի դիմացէք, այս իշխանութիւնները չեն  դիմանայ եւ  մենք  կը վերադառնանք»: Ցնորք: Իրաւ է որ գետափ ընկած ձուկը աւելի է թփռտում, քան ջրի մէջ եղածը, ըստ աւանդական իմաստուն առածի:

Այդ մարդիկ չեն հասկացել կամ չեն ցանկանում հասկանալ եւ շատ հաւանական է, որ անընդունակ են հասկանալու, որ՝ նախ իրենց գնացքը գնացել է եւ ասելիք չունեն, երկրորդ, որ ժողովուրդը պարզօրէն այդ հարցին պատասխանել է իր քուէարկութեամբ եւ վերջապէս մեր երկրի պէս փոքր պետութիւնները ոչ մէկ հնարաւորութիւն ունեն իրենց ճակատագիրը իրենց ցանկութեամբ տնօրինելու, այլ մեծ ի մասամբ կախուած են միջազգային խոշոր դրամավարկային (ֆինանսական) եւ նորագոյն զինարդիւնաբերութեան համակարգից:

Քառասունչորսօրեայ դժոխքից առաջ եւ յետոյ մեր հայրենաբնակներից քանի հոգի հասկացաւ՝ ներառեալ քոչ-սերժ-դոդ եւ միւս փողոց փակողները եւ տիտղոսաւոր փրկիչները, որ երկրագնդի լուրջ հարցերի լուծումը գտնւում է եռանկիւնի բեւեռային ուժերի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան) ձեռքում, եւ միւսները փորձում են յարմարուել, ըստ ներկայացող հանգամանքների՝ իրենց շահերի համաձայն[1]: Ի մէջ այլոց Թուրքիան իր խորամանկ եւ նենգ կեցուածքով կարողացաւ NATO-ի ընդմէջ իր յարմար դիրքը գրաւել միջազգային հարթակի վրայ, իսկ մենք, որքան որ ցաւալի է նշել, չկարողացանք առողջ՝ մեր պահանջներին յարիր քաղաքական դաշտ ստեղծել, երբ երկրի ներսում ինչ-որ կուսակցութեան անուան տակ իրար են գզում՝ ընդհուպ պարտիզանական բախումներ ձեռնարկելու սպառնալիքով, մինչ հասարակութիւնը յոգնած է այդ աճպարարութիւններից:

Երբ մէկը յայտարարում է, թէ  պատերազմ չէր լինի, եթէ ինքը լինէր պետութեան ղեկավար, այլ բան չէ քան տարրական կեղծիք ու ստախօսութիւն: Առաւել ցաւալին այն է, որ հաւատացող, խոնարհուող եւ հիացմունքով հետեւողներ կան: Ճիշտ տեղին է այն իմաստութիւնը, թէ «Սուտն ու կեղծիքը  վերելակի մէջ են՝ մինչ ճշմարտութիւնը փորձում է դժուարութեամբ աստիճաններով բարձրանալ»:

Կարծում եմ, թէ մեր բոլորի մռմուռի  առարկայ պատերազմից գուցէ սկզբունքօրէն կարելի պիտի լինէր խուսափել, եթէ հակառակորդը 94-ի զինադադարի ստորագրմանը  չմերժէր պայմանագիրը ստորագրել եւ յետոյ՝ մերոնք քսանհինգ տարի շարունակ զբաղուած էին քաղաքական խեղկատակութիւններով, մինչդեռ թշնամին մեր քթի տակ զինւում էր անդադար՝ հուսկ ապրիլեան պատերազմը, եւ քսանի ամրանը թուրքերի հետ համատեղ եղած զինավարժութիւնները ապացոյց են, որ դա՛ զգուշացում էր, եւ մերոնք դարձեալ բան չհասկացան եւ բարձր գոռում էին, թէ այս անգամ Բաքուն պիտի գրաւեն: Միակ անձը, որ իմաստութիւնը եւ քաջութիւնը ունեցաւ յայտարարելու, թէ՝ «Պարտութեան համար բոլորս ենք մեղաւոր», Արցախի նոր նախագահն էր, որին փորձում են խաչին գամել տեղի ընդդիմադիրները, որ ենթադրաբար քոչ եւ իր դաշնակցի ոհմակին մաս են կազմում[2]: Այնտեղ եւս միլիոններ դիզելու միջոցներ կան, եւ յայտնի է, որ դրամը հոտ չունի եւ ոմանց ախորժակը տեղն  է:

ժողովուրդը նորընտիր իշխանութեանը վստահել է ոչ թէ  յաւիտեան մնալու համար, այլ հիւանդ ժառանգութիւն ստացած միջավայրը նկուղից տանիք մաքրագործելու եւ տեղ պատրաստելու սերնդափոխութեամբ աճած եւ հասուն նոր գործիչների համար: Կառավարութիւնը եւ Ազգային ժողովը քրէական յանցագործների նստավայր չէ, ինչ որ տեսանք անցած  երկու տասնամեակներին: Գալիք նստաշրջանին դաշինքները որպէս ընդդիմադիր են եւ չեն թաքցնում, որ ամէն քայլի պիտի դիմեն դժուարացնելու իշխանութեան աշխատանքը – երկիրը փրկողի վարք է այս:

Յուսանք, որ նոր միջոցներ կը ձեռնարկուեն անվայել վարք ունեցող պատգամաւորներին կարգի հրաւիրելու, ընդհուպ նրանց պատգամաւորական իրաւունքից զրկելով: Տեսել ենք, թէ ոմանք ինչպէս էին խորհրդարանը դարձրել ախոռ, ո՛ւր տիրում էր, լեզուի ու վարքի  գաւառականութիւնը՝ ընդհուպ փոխադարձ ծեծկռտուքը: Խորհրդարանի ներքին կանոնադրութիւններից առաջինը պիտի լինի մայրենի լեզուն անսխալ չտիրապետողին «մանդատ» չտալը, եւ աւելի ճիշտ կը լինէր, որ այդ պայմանը պարտադրուէր ընտրական ցանկին գրանցուելու ընթացքին եւ աւելորդ չեմ համարում յիշեցնել, որ այդ տեսակէտով մեր յարգարժան վարչապետի համար եւս մտածելու տեղ կայ, քանզի իր արտասանած իւրաքանչիւր բառը յատուկ տեղ եւ արժէք ունի․․․աւա˜ղ «Ձայն բարբառոյ յանապատի:

Մէկ բան անհերքելի է, որ բազմաթիւ էին Հայաստանը եւ Արցախը գերիների հետ մէկտեղ փրկողները՝ անշուշտ այն պայմանով, որ վարչապետ ընտրուեն, մինչդեռ երկու տասնամեակ երկրի նախագահի աթոռը զբաղեցնելով՝ անյայտ է թէ իրենց ծննդավայրում ի՞նչ բարեփոխումներ կամ ակնառու ներդրումի են մասնակցել մեր բարձրախօս նախկինները:

Խորհրդանշական եւ ցաւալի է, որ նախընտրական շրջանում՝ 26 յաւակնորդներից՝ ոչ մէկ  կառուցողական խօսք կամ ծրագիր ներկայացնող չեղաւ, բայց իրար նկատմամբ ատելութեան նշագիծը բաւական բարձր էր:

Քաղաքակրթուելու երկար ճամփայ ունի անցնելիք մեր քաղաքական հասարակութիւնը, եւ Թորգոմեան տան վերաշինումը չի լինելու՝ ո՛չ լուտանքով, ո՛չ աղօթքով:

[1]Երկար փնտրելու կարիք չկայ, բաւական է տեսնել, թէ Լիբանանի մէջ ինչ է տեղի ունենում այսօր եւ ինչ եղան Իրաքը, Լիբիան եւ Սիրիան:

[2]Զարմանալի չի կարող համարուել, որ միեւնոյն ոհմակից ոմն Գեղամ Մանուկեան համարձակում է բարձրաձայնել, որ՝ եթէ ՍԴ-ն իրենց բողոքը չընդունի, ձեռքերը պարապ չեն մնայ: Աւելի քան ողբալի է, որ ուղեղից եւ պատշաճութիւնից զուրկ նման պատգամաւորներ պիտի ունենանք եւ ցաւօք նրանք բազմաթիւ են, իսկ  մտաւորական  գրող Ռազմիկ Դաւոյեանը համարձակւում է յայտարարել, թէ մեր ժողովրդի որակեալ մասը գնաց Հայաստան եւ Պատիւ ունեմ դաշինքների յետեւից: Լուսահոգի մայրս պիտի ասէր՝  իսկ երկրի կէսը անորակ է՞, ապա քոչը ախոռ է մտել՝ էշի ճակատն է համբուրել:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Մեր մտքերը Հայաստանում են․ ռազմական դրությունն ու օտարության մեջ գտնվող հայերը

Մարիամ Մուղդուսյան, Տորոնտո, 27 Սեպտեմբեր 2020 Ադրբեջանի կառավարությունը սանձազերծել է լայնատարած պատերազմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հանրապետության դեմ՝…
Read More