ՍՓԻՒՌՔ

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, 27 Յունուար  2022

«Մէկը  չի իմանայ իր խրճիթի խսիրի արժէքը, եթէ   չի
հանգչեցրել իր մարմինը գաղթի ճանապարհին՝ ապառաժի վրայ»
Թուրքական

Սփիւռք,ահա մի բառ, որ բաւական կարճ է, բայց ունի խոր եւ բովանդակալից իմաստ շատ ազգերի համար, մանաւանդ հայերի, եւ ինչպէս մեր հայրենաբնակներն են ասում՝ «մերը ուրիշ է»: Մարդկութեան պատմական ժամանակներից ի վեր գաղթ, տեղահանումներ, գերեվարումներ եւ նոր գաղութների  ծնունդներ միշտ եղել են տարբեր պատճառներով՝ առնուազն աւելի բերքառատ տարածք  փնտրելու միտումով, ինչպէս նաեւ  ասպատակումների եւ այլ բնական ողբալի աղէտների  հետեւանքով:

Թերեւս տեղին է յիշել հրէական գաղթերը Բաբելոնից, Եգիպտոսից եւ Երուսաղէմի կործանումից յետոյ աշխարհով մէկ սփռուելը, իսկ աւելի ուշ ասորիների, իռլանդացիների ու այլոց տեղաշարժերը եւ մեզ պատահած նախճիրը, որին կարելի է աւելացնել ստալինեան օրերի ընդհանուր աքսորները եւ սիբիրեան տարածքում հրէական ինքնավար պետութեան ստեղծումը Բիրոբիջան մայրաքաղաքով:

Սփիւռքի ծագման պատմութիւնը չէ որ պիտի անեմ, այդ չէ յօդուածի նպատակը, այլ անցողիկ ընդհանուր մի հայեացք կացութեանը եւ կարեւոր է նշել, որ հայ սփիւռքի կազմութիւնը կապուած է միլիոնաւոր զոհերի հետ, որ դեռ շարունակւում է տարբեր տեսակներով եւ առիթներով՝ զանց չառնելով սպիտակ ջարդը իր նողկալի հետեւանքներով, հուսկ ցաւալի է բայց անհերքելի փաստ, որ սփիւռքի մեր քոյրերից ու եղբայրներից, որոնք յետ եղեռնի առաջին սերունդն են, թերեւս խօսում են հայերէն, բայց հեռու են գրելուց եւ ընթերցումից, անշուշտ բացառութիւնները յարգելի են՝ զանց առնելով Միջին Արեւելքը:

Արդեօք պիտի զարմանա՞նք, թէ՞ ողբանք, որ ամենօրեայ Էլ․ փոստով  ստացուող թղթակցութեան ութսուն տոկոսը անգլերէն է լինում: Չմոռանամ ընդգծել, որ բացառապէս նիւթը հայութեան փրկութեան վերաբերեալ լինելով, նոյնիսկ երբ այն հայկական դպրոցաշինութեան մասին է: Երիցս ողբալի է, որ նոյն պատկերն է տիրում կամ սկսել է տիրել մայր հողի վրայ. հուսկ այն տպաւորութիւնն է ստեղծուում, թէ ընդհանուր միացեալ ցանկութիւն կամ նպատակ կայ, ինչ որ մի տեղից ղեկավարուած, նոր Հայաստան կերտել ԱՄՆ-ին նմանակող:

Այլ է արդի վիճակը:

Արեւմուտքի  երկրները ողողուած են փախստականներով, եւ բազում են նոր ստեղծուած ազգային օջախները, որոնք մատակարարում են էժան աշխատուժ, ինչպէս ապրեցին մեր ծնողները իրենց ժամանակին: Այդ նորածինների մէջ կազմակերպուած են լրջօրէն՝ թուրքերը, որ պետական յատուկ ծրագրին համեմատ ներխուժեցին Եւրոպայի բոլոր երկրներ՝ զանց չառնելով Աւստրալիան: Բացի ամէնուրեք խանութ եւ ճաշարան հիմնելուց՝ նրանք ջանք չեն խնայում տեղական կառավարական մարմիններում աթոռ գրաւել, որի համար ունեն իրենց հիւպատոսների լրիւ աջակցութիւնը: Նրանց գործունէութեան հիմնական նպատակն է մեծ թիւ կազմող «Գորշ գայլերի» մասնակցութեամբ պատնէշ լինել եւ սադրել հայկական բոլոր տեսակի ձեռնարկները: Ցաւօք նոյնը չեն անում մեր դեսպանատները, որ գրեթէ բացակայ են միջավայրից:

Մի փոքր լրջօրէն նայելով հարցին՝ դժուար չէ նկատել, որ շփման կառուցողական որեւէ կապ չկայ հայրենիք-սփիւռք  յարաբերութեան միջեւ, եւ վերջերս ծնած «Սփիւռքի նախարարութիւն»ը դեռ իր հասունութեանը չի հասել եւ կարծեմ թէ իրաւ էր հնչել այն միտքը, որ հայրենիքը սփիւռքին ծանօթ չէ: Գիտե՞ն արդեօք  մի քանի տասնեակից աւելի  միլիարդատէր Գագոները եւ Սամոները, որ սփիւռքը իր բազում նիւթական ու բարոյական խնդիրները լուծում է իւրովի, «իւր իւղի մէջ տապկուելով», ինչպէս կ՝ասէր լուսահոգի մայրս,−իսկ Ծառուկեանը ծրագրում է հսկայական Յիսուսի արձան  կերտել մրցելով Բրազիլիայում եղածի հետ, մինչդեռ մեր բանակը ԱԹՍ-ների  պահանջ ունի, եւ  տեղից շարժուող չկայ, իսկ աղօթքներով պատերազմի  ելքը աւելի դիւրին չեղաւ:

Արդի հիմնական կապը հայրենի երկրի հետ լինում է անհատական ճամբորդութեամբ եւ «Հայաստան հիմնադրամի» ամենամեայ դրամահաւաքով, անշուշտ զանց չառնելով որոշ կառոյցների մասնակցութիւնը, որի հետ անհնար է մոռանալ Մելգոնեան եւ Մխիթարեան վարժարանների անգործութեան մատնելը, որ յանցանք էր, բայց պատժուողը սաները եղան, եւ ոչ ոք արգելեց, որ Պերճ Սեդրակեանը շքանշան ստանայ վեհափառ հայրերից:

Իրաւ է որ աշխարհի որեւէ անկիւնում խառնաշփոթ եւ անյաջողութիւններ կան, բայց ինձ համար անհասկանալի եւ անըմբռնելի է, կամ ինձ է թւում, թէ մեր հասարակութեան շրջանակներում սփիւռք թէ երկիր անտրամաբան երեւոյթները աւելի շատ են: Օրերս, ըստ լուրերի («Ապարէզ»), ցոյց են կազմակերպել ամերիկեան դեսպանատան առջեւ՝ բողոքելու, թէ «Green card» սպասողների պատասխանը ուշացել է, եւ նրանց թիւը աւելի քան պատկառելի է՝ 161.000 դիմորդ: Դեռ շարունակւում է արիւնահոսութիւնը եւ ճար չկայ:

Պիտի չանդրադառնամ նախագահի հրաժարականին եւ նրա հետ կապուած մեծ ու փոքր, կեղծ ու իրաւ ասէկօսէներին, քանզի դա նրա անձնական իրաւունքն է եւ որոշումը, միայն թէ մի բան շշմեցուցիչ է, որ ներկայ ընդդիմադիր դաշինքը յաջորդ նախագահի թեկնածու է առաջարկում, ոչ աւել ոչ պակաս՝ Ռոբերտ Քոչարեանին: Արդեօք ասելիք բան դեռ մնո՞ւմ է, իսկ գիտունները միշտ յուշում են, թէ տարիները իմաստութիւն են բերում:

Ողբալի է եւ մերկ իրականութիւնը:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like