Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, 14 Մայիս 2022
«Շուշիի Սուրբ Ամենափրկիչ հայ առաքելական եկեղեցին մե՛ր օրերում, մե՛ր աչքի առաջ մզկիթ դարձաւ:
Աստուած Էջմիածնի մայր տաճարը պահպանի: Ազերի թուրքերից չէ, ազգադաւ հայերից»: Գրիգոր Ջանիկեան
Այլախոհ կամ ընդդիմադիր լինելը ոչ միայն սխալ ու պախարակելի չէ, այլ նոյնիսկ գովելի, յարգելի է եւ հպարտանալու տեղիք է տալիս, միայն թէ այդ ուխտին հետեւողը ունենայ լուրջ գաղափարական հիմունքներ, կի՛րթ, պատշա՛ճ կեցուածք եւ նպատակ՝ օգտակար լինել իր երկրին եւ հասարակութեանը, երբ նոյնիսկ բանավէճի ընթացքին նրա ամէն արտասանած բառը լինի իմաստալից, նպատակային եւ տրամաբանական, անգամ եթէ ոմանք չեն ըմբռնում ու համակերպւում:
Կարող է պարզամիտ թուալ, բայց այդ է գործելաձեւը մի շարք երկրներում, ուր տիրող է բանականութիւնը, իսկ սակաւապետութիւնը ազգային ախտ չէ դարձած, համատարած է փոխադարձ յարգանքը եւ միջավայրի կրթական մակարդակը միջակից բարձր:
Ցաւօք, իմա՝ դժբախտաբար, այդպէս չէ մեր աւետեաց երկրում, ուր հակադրուող անձանց յարաբերութիւնը ոչ միայն ամօթալի եւ անընդունելի է, այլ երբեմն նողկալի՝ տարրական բարեկրթութեան բացակայութեամբ: Կարիք կա՞յ ԱԺ-ի նիստերի կամ փողոցային ցոյցերի պատկերը ներկայացնել, որ միայն երեւացող մակերեսն (façade) են, քող, որի ներքոյ դաւադրական մի ամբողջ համակարգ է թաքնուած՝ թէ՛ հայրենածին եւ թէ՛ ենթադրաբար դրսից ներմուծուած:
Պիտի չանդրադառնամ երեսնամեայ աւազակային քաղաքական անբարոյ աճպարարութիւններին, երբ ծնունդ առան եւ հիմնաւորուեցին արդի բոլոր չարիք դարձած սկզբունքներն ու գործելաոճերը: Ի՞նչ անուն կարելի է տալ, երբ պատգամաւորների մէկ երրորդը, որ ընդդիմադիր է, քաղաքական որեւէ կառուցողական ծրագիր կամ առաջարկ չի հնչել ընտրութիւնից ի վեր եւ այդ ժամանակահատուածում միայն ամպագոռգոռ կոչերով՝ թէ խորհրդարանում եւ թէ փողոցային ցոյցերում, վարչապետի հրաժարականը պահանջելով սադրանքի է դիմում Արցախը փրկելու պատրուակով, որ եւս կեղծ է եւ շինծու: Անհասկանալի է, թէ իրականում ի՞նչ խնդիր է ցանկանում լուծել, թերեւս անգիտանալով, որ դրօշ ծածանելով չէ, որ կարելի է որեւէ տարածք գրաւել, կամ որ հայն է, որ այդ ազատագրմանը չի երազում:
Պարզապէս, քանի որ ընդդիմադիր համայնքը ոչ մի ասելիք չունի. նա փորձում է խանգարել իշխանութեան քայլերը, ժամանակը ձգում եւ սպասում իրեն համար լաւագոյն եւ բարենպաստ պայմանների ստեղծման, իսկ իշխանութեան գրաւման դէպքում՝ փրկել գողօնը: Չմոռանանք նաեւ, որ իշխանութիւնը եւս՝ «օրէցօրի» տրամաբանութեամբ գործելով, խուսափում է որոշ առարկայական եւ երկարաժամկէտ քայլերից:
44-օրեայ դժոխքը դաս չեղաւ շատերի համար, ոմանք չեն ցանկանում հասկանալ, որ առերես ենք թուրք-ազերի ճիւաղի հետ եւ չենք կարող, իմա՝ պատրաստ եւս չենք դիմակայել նրանց ախորժակին, ու Արցախը վերագրաւելու կեղծ ու սին գոչումները խաբկանք են եւ բանի չծառայելուց զատ՝ վնասակար, ինչպէս, որ հայ ընդդիմադիր պատգամաւոր Հայկ Մամիջանեանը (չեմ կարող կրկին չանդրադառնալ) ԵՄ նիստի ընթացքին քուէարկում է թշնամու օգտին՝ արդարանալով, թէ իր համոզումների համաձայն Նիկոլի դէմ է գործել: Տգէտ, տխմար եւ դաւաճան մտայնութիւն, ինչպէս նաեւ այս օրերին՝ վարչապետի Հոլանդիա պաշտօնական այցելութեան ընթացքին, նոյն տրամաբանութեամբ , հայրենիքի սիրով եւ փրկելու տենչով տառապող մի խումբ պարման-պարմանուհիներ, Երեւանի նոյն բողոքի պաստառներով ցոյց էին կազմակերպել՝ իրենց՝ ոչ երիտասարդ հրահանգիչների թելադրանքով, «Նիկոլի դէմ», մի պահ անգամ չգիտակցելով, որ օտար երկրում Նիկոլը մարմնացնում է Հայաստանը: ԱՄՕ՛Թ:
Ի՞նչ ասել արուեստի ոլորտում՝ այն թափթփուկների մասին, որոնցից մէկն է Հրանտ Թոխատեանը, որ անգիտակից իր տխմարութեան եւ ապիկարութեան աստիճանին, միանում է վրանների տակ գիշերող ցուցարարներին՝ կրկնելով նրանց կոչերը, որի կողքին առաւել բեղուն է քոչի դաշինքի կարկառուն կոչնակ եւ երկիր փրկելու տենչանքից հալ ու մաշ եղած Գեղամ Մանուկեանը, որ իր ներկայութեամբ՝ որդին, զարմիկն եւ փեսան (7 հոգով), Գիւմրիում ծեծի են ենթարկում երեք ալեհեր բնակչի, որոնցից մէկը ձեռնափայտով էր քայլում՝ նրանց անուանելով «թուրք»: Տեսաերիզը տարածուեց աշխարհով մէկ: Ա՞յս է փրկչի կերպարը:
Տիրող ամբոխային աղմուկի կողքին ո՞ւմ համար է գաղտնիք, որ Արցախի փրկութեան լաւագոյն զէնքը՝ այն վերաբնակեցնելն է, մինչդեռ այդ չքնաղ երկիրը թողած, նրա հոգսերով այրուող՝ անյայտ միջոցներով հարստացած զաւակները ամէնուր ապարանքների են տիրանում, փոխանակ իրենց գողօնը ներդրուեն երկրի բարեկարգման եւ զինումի համար: Ինչո՞ւ են ՀՀ եւ ԱՀ չորս նախագահները իրենց շքախմբով թառել Երեւանում, քաղաքական դաշինք կազմում եւ ընդդիմութիւն խաղում, ինչո՞ւ Պարգեւ սրբազանը հիւանդութեան պատրուակով փախաւ ԱՄՆ եւ չար լեզուները պնդում են թէ դատարկ գրպանով չգնաց՝ Ղազանչեցոց տաճարը անտէր թողնելով, ինչո՞ւ․․․ ցանկը երկար է եւ բազում են, աւելի քան 70 հազար, երկրի կարօտից տառապողները՝ Երեւանում, Մոսկուայում կամ այլուր, որոնց խիստ կարիքը ունի լքուած եւ թշնամու թիրախ դարձած երկիրը, եւ դժուար չէ որեւէ երկրի փողոցում դրօշ ծածանելով Նիկոլի հրաժարական եւ Արցախի փրկութիւնը պահանջել:
Դժուար է հաշտուել ընչաքաղցութեան տիրակալ լինելու մտքի հետ, որով վարակուած են հայրենաբնակ տարբեր մակարդակի գործիչներ՝ համոզուած լինելով, որ այն միայն հայկական երեւոյթ չէ, մարդկայի՛ն է:
Մնում է, որ խամաճիկային ցոյցերի հովանաւորները ըմբռնեն եւ գիտակցեն, որ իրենց երգը երգուած է, այլեւս վերադարձի ուղի չի մնացել եւ դադարեցնեն իրենց մանկլաւիկների դաւադիր գործունէութիւնների ծաւալումը:
Մենք դեռ անելիք շատ ունենք:
1 comment
ԳՐԻՉԴ ԴԱԼԱՐ ՅԱՐԳԵԼԻ ԳՐՈՂ Ռուբէն Յովակիմեան