Կապհարնաում

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել (Ֆրանսիա), 12 նոյեմբեր 2022

«Կրօնի ազատութիւնը ստրկացման ազատութիւն է,
մանուկներուն ուղեղները լուալու ազատութիւնը՝
մարդկութեան հանդէպ ոճրագործութիւն»:
Արա Պալիոզեան

Մեր սիրելի երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, կրօնական, մարդկային առօրեայ յարաբերութիւնների եւ կենսական շատ ոլորտներում տիրող մթնոլորտը նման է «Կապհարնաումի»: Կատարեալ է իրար հանդէպ անմիտ ժխտողականութիւնը: Մտքերի փոխանակումը յաճախ ծայրայեղական է իրար չլսել-չհասկանալու սկզբունքով, հեռու քաղաքակիրթ բանականութիւնից, երբեմն անտեղեակ՝ իրողութիւնների ճշմարտութիւնից: Պետական մտածելակերպը բացակայ է, երկրի գերագոյն շահերի պաշտպանութեան կամ նոյնիսկ անվտանգութեան հոգեբանութիւնը մոռացութեան է մատնուած: Բացառուած չէ, որ այդ լինում է պաշտօնական ոեւէ անձի կամ կլանի միջամտութեան, մինչեւ իսկ լայնատարած տխմարութեան պատճառով: Սահմանային տարածքների վրայ ազերի ճիւաղների անընդմէջ յարձակումներն ու մեր մարտիկների կորուստները անպակաս են, դրանց կողքին՝ անիմաստ ու կոյր ինքնաոչնչացման քայլերը պակաս չեն:

10 նոյեմբեր 2022-ի «Գեղարդ»-ի մէջ ցաւով կարդացի մի խումբ սրտացաւ շարքային կուսակցականների՝ արցունքով գրուած ողբալի գոյժ-կոչի այս տողերը. «… Այսօր մեռած է Դաշնակցութեան գաղափարախօսութիւնը, մեռած է ազգային պետութիւն կառուցելու անոր նպատակը։ Ամբողջ աշխարհի շարքերով մէկ վերածուած ենք պարզապէս Քոչարեանի խաղալիքին, որպէսզի ան իր հաշիւները մաքրէ Փաշինեանին հետ եւ բանտէն դուրս մնայ։ Այսօր (ՀՅԴ) Հայաստանի Գերագոյն Մարմինը դարձած է Քոչարեանի պոչ…»:

Մեկնաբանութեան կարիք չկայ: Ինչ ասուած է մի կուսակցութեան վերաբերեալ՝ ճիշտ է նաեւ միւսների համար, ներառեալ մեր հոգեւորական բարձրաստիճան դասից ոմանց համար: Ասուածներն աննկատ չեն կարող մնալ: Եթե մարդիկ երբեմն լռում են, ասել չէ թէ նրանք չեն հասկանում երեւոյթների իրական պատկերը, որի պարզ ապացոյցն է ցոյցերին չմասնակցելը: Շատերն են հարց տալիս, թէ որքա՞ն կարող են տեւել հայհոյանքների եւ տխմարութեանը գերազանցող անկիրթ ելոյթներում հնչող իշխանափոխութեան կարգախօսները, որ, յանկերգ դարձած, մեզ զօրացնող պարագայ չեն: Դրանք ուղղակի հասանելի են Ալիեւին եւ նրա շրջապատին, հուսկ հետեւում են կրակոցները մեր դիրքերի ուղղութեամբ, շարունակում ենք զոհեր տալ, իսկ նրանց զաւթիչ բնոյթի յայտարարութիւնները աւելի լայնածաւալ ու լկտի են դառնում:

Ի միջի այլոց, ցաւով պէտք է նշել, որ դարաւոր փորձառութիւն ունեցող «Ասպարէզ»-ի տիտղոսաւոր յօդուածագիր Սարգիս Մահսերեճեանը (մինչ այսօր նրա մասին բարեկիրթ մտաւորականի կարծիք ունեի) իր բարձունքից իջնելով գործածում է ցոյցերում լսուող «վարչապետ կոչեցեալ» բառապաշարը, որը վայել չէ թէ՛ հեղինակի եւ թէ՛, ու մանաւանդ, երկրի բարձրագոյն մարմնի նկատմամբ յարգանքի տեսակէտից, ինչ էլ որ լինի անձի անհատականութիւնը եւ նրա մեր ճաշակով լինելը կամ չլինելը: Սա եւս Քոչարեանի կամ այլ մութ ուժերի ցանկութեամբ չէ՞ արդեօք: Վստահաբար, բռի հայհոյանքը երբեւէ ոչ մէկ տեղ խօսքի ազատութեան հետ կապ չի ունեցել:

Այս խաժամուժի պայմաններում իրենց անհերքելի տեղն ու խօսքն ունեն բարձրաստիճան կղերականները, որոնք փորձում են հնարաւորինս ազդեցիկ լինել: Անհնար է աչք փակել կամ լռել, երբ զոյգ կաթողիկոսները, համահունչ մի շարք կրօնաւորների հետ, բացէ ի բաց պահանջում էին վարչապետի անմիջական հրաժարականը, ինչը մեզ անյայտ անձանց կամ մութ խմբաւորումների (ընդդիմադիրներ, սորոսականներ, մասոններ…) ենթադրեալ պահանջով է եղած: Հետեւեցին Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր կարգի ու տրամաչափի կղերականների՝ ՀՀ իշխանութիւնները պախարակող քարոզները աշխարհով մէկ ցրուած եկեղեցիներում: Սրանց առաջատարն էր Միքայել արք. Աջապահեանը, որ վարչապետին եկեղեցում չընդունելուց զատ, Համահայկական գագաթնաժողովին հոգեւորականների բացակայութիւնը բացատրում է իւրովի՝ «Սփիւռքի յանձնակատարը իր տրամաչափով շատ փոքր անձնաւորութիւն է, որպէսզի գայ եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին բանաւոր հրաւիրի գագաթնաժողովին»: Մեկնաբանութիւնը աւելորդ է:

Հարց տանք՝ իսկ ի՞նչ է ի՛ր տրամաչափը: Կիլիկիոյ Աթոռի եօթը հայրապետ տուած տոհմի իր անդամ լինելը ոչինչ չի նշանակում:

Մէկ ուրիշը՝ Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ եպս. Գալստանեանը ընդդիմութեան դերի մասին պնդում է, թէ ընդդիմութիւնը իր արարքների, խօսքի ու որեւէ բանի համար պատասխանատուութիւն չի կրում եւ ինչ ուզի՝ կ’անի: Նա «մոռանում է», որ «ինչ ուզել անելու մէջ» են մտնում բոլոր տեսակի ու կարգի այլանդակութիւններն ու արգելուած քայլերը, ինչպէս վարչապետարանի ու Ազգային ժողովի շէնքի գրաւումը:

Դժուար է հարց չտալ, թէ իրենք իրենց ընդդիմութեան վերնախաւ կարծողները՝ իր առօրեայ հոգսերից, տիրող քաղաքական խառնակութիւնից, պատերազմի հետեւանքներից արդէն մոլոր մեր հասարակութեանը ի՞նչ ուղղութեամբ են ցանկանում քարշ տալ: Մէկ բան պարզ է, որ այսօրուայ դրութեամբ՝ շատ բան չկայ կառուցողական ու քաջալերող: Միաժամանակ աչքաթող չանենք նաեւ մի փաստ. հաւանաբար Քոչի թելադրանքով, ամիսներ շարունակ ժամանակաւոր վարչապետի թեկնածու էին առաջարկում Վազգէն Մանուկեանին: Այդ պահանջը հետագային փոխարինուեց հոգեւոր վերնախաւից ոեւէ եպիսկոպոսի նշանակումով այդ պաշտօնին: Այս բոլոր խաղերի նպատակը միայն ժամանակ շահելն էր: Թերեւս այս է պատճառը, որ Մայր Աթոռի նուիրապետութեան վերնախաւը աւելի առարկայական քայլերի դիմեց վարչապետի դէմ: Իսկ Հ-1 հեռուստատեսությամբ իր հարցազրոյցի ընթացքին Ոսկան արք. Գալփաքեան յայտարարեց, թէ իւրաքանչիւր եպիսկոպոս «ակամայ իշխանաւոր» է եւ ազատ է գործելու ըստ իր համոզումների: Դեհ եկ, վարդապետ, ու մի՛ խենթացիր:

Վերոնշեալ քաղկեդոնեան արկածախնդրութիւնը պետական քաղաքականութեան հիմքում դնելու օրինակները համաշխարհային պատմութեան մէջ բաւականին շատ են ու մի հիմնական ընդհանրութիւն ունեն՝ նրանց արդիւնքները լինում են կործանարար, իսկ շահողներ ընդհանրապէս չեն լինում։

Եթէ մտադիր ենք յարատեւել, մեր երկրի համար անհրաժեշտ է քաղաքակիրթ հասունութիւնը՝ անաչառութեան հետ համաձուլուած:

Կապհարնաում Այս բառը հիմնականում օգտագործւում է փոխաբերական իմաստով՝ որակելու համար բազմաթիւ առարկաների անկարգ կուտակման, մեծ քաոսի վայրը:

Բագրատ եպս. Գալստանեան Ընդդիմութեան 5 նոյեմբերի հաւաքում նրա ելոյթին անդրադարձանք մեր նախորդ գրութեամբ:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like