Սուտը, Պատերազմ, Խոցելի

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, Մարտ 2022

«Ստի հացը հաճոյքով է ուտւում, միայն թէ բերանդ աւազով է լցւում»: Աւետարան

Սուտը եւ կեղծիքը շատ աւելի տարածուած  եւ գործօն են, քան իրականութիւնն ու ճշմարտութիւնը, մանաւանդ միջազգային յարաբերութիւններում, քաղաքական դաշտում եւ մասնաւորապէս մամուլում, որ համատարած արատ է եւ որեւէ երկիր արտօնեալ չէ: Շատ հեռուն չփնտրելու համար, այս առաւօտ (20-3) «ՊԱՅՔԱՐ»֊ի առաջին էջի վրայ ազդարարում են թէ Արցախի վնասուած գազի վերակառուցումը սկսուած է, մինչդեռ օրեր առաջ աշխատանքները աւարտուած լինելու պաշտօնական հաստատում եղաւ եւ դեռ ի՞նչ կարծիքներ կ՝ունենանք:

Արդար լինելու համար՝ չեմ կարծում, թէ լուրը յայտնող լրագրողը ստելու հաճոյքը վայելելու փորձ է արած, բայց աներկբայ է, որ անփոյթ պատասխանատւութեան ծնունդ է երեւոյթը, որ տիրում է ամէնուր եւ երբեմն կարեւոր բնագաւառներում, որ ցաւալի է, բայց իրական: Ստում են ոչ բոլորը, բայց շատերը՝ պետական եւ քաղաքական գործիչները, նրանց յարակից պատգամաւորներն ու փաստաբանները, դատաւորներն ու ընդդիմադիր խմբաւորումները, մինչեւ իսկ երկրի ղեկավարը եւ այս նուաստ ցանկից պէտք է անջատել միայն երեխաներին, որ դեռ չեն ճաշակել ու վայելել ստախօսութեան պտուղները:

Շաբաթներ է, որ Ուկրաինայում տիրող դժոխքը գրաւել է երկրագնդի ուշադրութիւնը, խօսում եւ մեկնաբանում են շատերը՝ պաշտօնական վերադաս մարմիններ եւ բանից անտեղեակներ, միայն թէ տարբեր կողմերից հասնող լուրերը՝ միեւնոյն դիպուածի մասին, մեծ ի մասամբ լինում են իրականութիւնից շատ  հեռու՝ կեղծ տեղեկութիւններ եւ որպէս մի նմուշ՝ ռմբակոծուել էր տարիներով լքուած մի ծննդատուն, բայց մի կողմի մամուլը այն ներկայացնում էր որպէս ոճիր նորածինների նկատմամբ, մինչ հակառակ կողմը փաստարկում էր, որ այդ կիսաւեր շէնքում տեղաւորուած էր մարտական ջոկատ, եւ ոչ մէկ երեխայ է գտնուել այնտեղ: Մէկ այլ համազօր դրուագ․ գիշերով քար ու քանդ են անում  առեւտրի կենտրոն, եւ տուժող կողմը յայտարարում ութ զոհ, միեւնոյն ժամանակ յարձակուողը փորձում է հաւատացնել, որ այն զինամթերքի պահեստ էր: Որին հաւատալ կամ մերժել՝ դժուար է որոշել, բայց մի բան կասկածի ենթակայ չէ, որ ճշմարտութեան մի ոտքը հակառակորդի դաշտումն է:

Աւելորդ չեմ համարում նշել, որ Զելենսկին իր կոչով աշխարհասփիւռ ազգակից հրեաներին հայցում է, որ   ծաւալուն պատժամիջոցների հետ մէկտեղ սատարել եւ ապահովել իր յաղթանակը այս անհաւասարակշիռ պատերազմում,  եւ պատահական չէ, որ բարձրաստիճան դիրք ունեցող՝ ծագումով հրեաների բանակը գործի է անցել հակառուսական ելոյթներով  տարբեր երկրներում,  եւ օրերս Ֆրանսայի  արդարադատութեան նախկին նախարարը կոչ էր անում նիւրնբերգեան դատարանի նմանուող ատեան ստեղծելու անհրաժեշտութիւնը, ուր Պուտինը լինի դատապարտեալը, քանզի նա Հիտլերի արդի  կրկնօրինակն է: Այսու չի նշանակում, որ տրամադիր ենք մեղմացնել, քաջալերել եւ արդարացնել Պուտինի արարքները, քաւ լիցի, քանզի որեւէ պատերազմ ստեղծում է անմեղ զոհեր եւ անթիւ հաշմանդամներ՝ զանց չառնելով անհաշիւ աւերումները, բացի այդ նոյն Պուտինը, լինելով մեր «փրկիչ» դաշնակիցը, թոյլ տուեց թուրք֊ազերի հրոսակներին, սիրիացի ջիհադական վարձկանների մասնակցութեամբ, քառասուն չորս օրուայ դժոխային օրերին քար ու քանդ անել ազատագրուած Շուշին եւ մերձակայ տարածքները մարդկային զոհերով մէկտեղ: Պատժամիջոցի քայլ չէ՞ր այդ, մեր մի թիզ չզիջելու յամառութեան դիմաց:

Նման պղտոր մթնոլորտում տրամաբանութիւնից զուրկ եւ անհասկանալի է, որ հայրենաբնակների մի մասը դեռ հաւատում է, որ մեր վերջնական ապագան ռուսների հետ է՝  վասալի կարգավիճակով, այլ տարբերակ չեն տեսնում եւ չկայ, միեւնոյն ժամանակ իրար բզկտելը առկայ է՝ որպէս ապացոյց խորհրդարանում տիրող մթնոլորտը՝ մինչդեռ պարզ է եւ երկար ժամանակ է, որ անընդմէջ կրկնուում է, թէ մեր միակ փրկութիւնը միաւորման մէջ է (Չարենցի ականջը կանչի), առնուազն վերապրելու տեսակով:

Սուտ չէ, որ մենք փոքր ենք, աւելի ճիշտ՝ փոքրացել ենք, բայց կան մեզանից աւելի փոքրեր, որ կարողացել են,  տարբեր արհաւիրքների դիմակայելով եւ առանց իրենց ինքնուրոյնութիւնը  փոխելու, ստեղծել միջավայր, որ յարիր է  իրենց  թէ՛ անցեալին եւ թէ՛ ներկային (յիշենք Բելգիան, Սինգապուրը, Լիւքսեմբուրգը, Անդորրան եւ այլն) մի առաւել պայմանով, որ նրանք ազերի կամ թուրքի դրացի չեն:       Չգիտեմ ինչո՛ւ մենք այդ տեսակէտով յաջող ընտրութիւն չունեցանք եւ արդի Երեւանի փողոցներում քայլելով քիչ են մեր ինքնութիւնը յիշեցնող տարրերը, մանաւանդ տարբեր բնագաւառներում բուսած  նորաձեւ կենցաղը՝ տիրակալ հեռախօս, հագուստ֊կապուստ, արուեստ եւ անյայտ ծագում ունեցող կրթական համակարգ՝ մասնաւոր համալսարաններով եւ տարբեր տեսակի դպրոցներով, որ ամէնուր դրսից եկածի հոտ է բուրում,  որոնց պտղաբերութիւնը այն է, որ որոշ մակարդակի  աշակերտներ, ըստ կրթութեան մարմնի պնդումին, անկարող են նոյնիսկ կարդալ, հուսկ մանկավարժներին վերապատրաստելու քայլեր են արւում, իսկ գաւառական սխալախօսութիւնը գրեթէ համատարած բնոյթի է:

Խոշորների խաժամուժի նմանուող խաղերի ընթացքին փոքրերն են, որ ոտքի տակ են մնում, ինչպէս այն եղաւ մեր երկրում, Վրաստանում եւ դժոխքի վերածուած՝ ոչ այնքան փոքր Ուկրաինայում, եւ տեսնենք, թէ ո՛վ է լինելու յաջորդը եւ մոռացութեան գիրկը չնետենք Աֆղանստանը, Իրաքն ու Սիրիան, որ դարձել էին նոր զէնքերի փորձադաշտ՝ բազում մարդկային կորուստներով եւ աւերուած բնակավայրերով:

Մեր պետական այրերի դերն ու պարտականութիւնն է՝ տիրող սուտ եւ կեղծ մթնոլորտում նաւարկել խելացիօրէն եւ  զգուշութեամբ, քանզի խօսքը մեր լինել-չլինելու  մասին   է, եւ մի քանի անգամ  չափելով է, որ որեւէ որոշում պիտի ընդունուի, մանաւանդ երբ գործ ունենք ազերի֊թուրք ճիւաղների հետ, իսկ նրանք պատրաստ են մեզ յօշոտել, քանզի չեն դադարում կրկնել թէ, ոչ միայն Արցախը, այլ նաեւ Սիւնիքը, Սեւանը եւ նոյնիսկ Երեւանը հայկական չեն:

Տխմարութիւնը անսահման է եւ նրա  դէմ պայքար չկայ:

Պատերազմ

  «Հողը, աշխատող   մարդու  քրտինքի է ծարաւ  եւ ոչ զինուորի  արեան»

Ի վերջոյ, ուկրաինական տարածք ներխուժեց ռուսական   բանակը եւ դադարեց մկան ու կատուի խաղը: Չեմ կարծում թէ Գողիաթի եւ Դաւթի նմանուող առճակատում է եղածը, բայց ուժերը անհամեմատ են եւ ոչ համադրելի: Ռազմական փորձառու քաղաքագէտ կամ քանքարաւոր իմաստուն լինելու կարիք չկայ,  հասկանալու, որ պետական բարձր մակարդակի գործիչները զուրկ են զգացումից, որի տեղը գրաւում է երկրի շահի հոգսը, մանաւանդ, երբ ուժերի յարաբերութիւնը հաւասարակշիռ չէ, իսկ մէկը ցանկանում  եւ  կարողանում  է միւսին թելադրել իր կամքը: Ում համար է գաղտնիք, որ մէկ մարդ սպանողին դատում են որպէս մարդասպան, իսկ հազարներով ոչնչացնողներին՝ հերոս գովերգում:

Պատերազմը ժամանակներից ի վեր անցանկալի է եղել եւ մնում է այդպիսին: Նա հիմնում, ստեղծում է նոր գերեզմանատներ եւ երեք տեսակի հասարակութիւն՝ ողբացողներ, հաշմանդամներ, եւ գող-աւազակներ: Առաջին երկուսը իրենց  իւղի մէջ տապկուելով մի կերպ գոյատեւում են, յարմարուելով իրենց վիճակի հետ իսկ երրորդ տեսակը, որ մեծ ի մասամբ լինում է բաղկացած արկածախնդիր, անկիրթ, կիսագրագէտ անձանցով, որ  սողոսկում են,   իշխանութեան կառոյցներ եւ  կերտում  սակաւապետ  (օլիգարխ)  համակարգ, ինչպէս այն եղաւ մեր աւետեալ երկրում, մեր դրացիների մօտ եւ այլուր, որից զերծ չմնաց նաեւ Կիեւի պետական համակարգը:

Իրաւ է, որ անցեալով  պիտի չդատենք ներկան, բայց տխմարութիւնից հեռու չէ, եթէ դաս չքաղենք ոչ միայն մեր այլ նաեւ ուրիշների անցեալի սխալներից, օրինակ՝ եթէ Հիտլերը, Բոնապարտի սխալին ծանօթ լինէր եւ ընդունէր, ապա նոյնը չեր կրկնի՝ աշխարհին դժոխային չարիքի ենթարկելով:

Երբ, մեր հարեւան Վրաստանում Սահակաշուիլին, որի իշխանութեան գալու միջոցները մութ մնացին, բազմեց երկրի ղեկավարի աթոռին, իր նպատակների առաջին  հանգրուանը  եղաւ թեքուել դէպի արեւմուտք ՆԱՏՕ-ին անդամակցելու անուրջով եւ ստիպուած էր հակադրուել ու բախուել Ռուսաստանին: Կարծելով, թէ Արեւմուտքը ամէն տեսակով սատար է լինելու իր նախաձեռնութիւններին, փոխանակ օր առաջ ձեռք մեկնելու հաշտութեան միտումով, քանզի պայքարի եւ յաղթելու ոչ մէկ հնարաւորութիւն ունէր, հետեւանքը եղաւ, որ    ունեցան թէ մարդկային եւ թէ տարածքային կորուստ, իսկ իր մաշկը փրկելու համար լքեց երկիրը՝ պատսպարուելով ուկրաինացի  համախոհների մօտ:

Նոյն պատկերը չէ՞ր 44-օրեայ դժոխքի եւ մեր երկրում եղած կորուստների պարագային, իսկ միթէ նոյնը չէ՞, որ տեղի է ունենում Կիեւում: Փոխանակ, ժամ առաջ ջանք չխնայել հրադադարի հասնելու, նախագահ Զելինսկին զէնք է բաժանում բնակիչներին, միեւնոյն ժամանակ օգնութեան կոչեր ուղղելով արեւմտեան երկրներին: Կարեւոր է նշել նաեւ, որ նա դեռ չի հասկացել, որ նախ իր ունեցած մարտական ուժը բաւարար չէ Ռուսաստանին դիմակայելու եւ յետոյ ոչ մէկ այլ երկիր իր փոխարէն կռուելու պատրաստ չէ, եթէ ինքնապաշտպանումի անընդունակ ես,  իսկ  այդ ընթացքում կան զոհեր եւ տառապողներ, իսկ պարոն նախագահը հրադադարի բանակցութեան կը գնայ միայն այն դէպքում, եթէ ԵՄ-ը անյապաղ ընդունի Ուկրաինայի անդամակցութիւնը եւ միաժամանակ ռուսական բանակը կը հեռանայ իրենց տարածքից:

Թերեւս սխալ չէ պահանջը, բայց անհնար է չմտահոգուել եւ հարց չտալ, քանի որ ա՛յս չամոքուող ցաւը եւ ամէնուրեք  տիրող խուժամուժը, որին գումարելի է մեր ներքին անհանդուրժողականութիւնը   եւ անկայուն  վիճակը,  ի՞նչ ազդեցութիւն կարող են ունենալ մեր երկրի կեցութեան համար: Կարեւորը, յանցաւոր եւ անմեղ փնտրելը չէ, այլ այն փաստացի անգործունէութիւնը՝ իմա  հակադիր մթնոլորտը, որ տիրում է օրէնսդիր մարմնի շրջանակում: Չեմ կարող հանդուրժել, ներել եւ  մոռանալ այն անվայել  դէպքը,  երբ ԵԽ-ի նիստերից մէկի ընթացքին, մեր երկրի  վերաբերեալ հարցը քուէարկութեան է դրւում՝  հայ պատգամաւոր Հայկ Մամիջանեանը իր ձայնը տալիս է ազերիների օգտին, արդարանալով, թէ ինքը Փաշինեանի դէմ է գործել․- կարծեմ ասելիք չկայ, քանզի տխմարութեան ու նողկանքի շաղախ  է եղածը եւ այդ նուաստը  հայ է:-

Նոյն հոգեբանութեամբ անձանց մի բանակ եռանդով  պայքարում է Հայ-թուրքական բանակցութեան դէմ, որ միայն սաղմնային վիճակի է, մինչդեռ անկախութեան առաջին օրերից ի վեր, 139 կազմակերպութիւն թուրքական մասնակցութեամբ արձանագրուած են մեր երկրի տարբեր ոլորտներում գործելու եւ քիչ չեն Երեւանում բնակարան առնող թուրքերը: Այսու կարելի է եզրակացնել, որ սահմանների լիակատար բացման դէպքում եւ արտագաղթի փաստով, թուրքերի օրինական ներխուժումը հնարաւոր տարբերակ կարելի է համարել է եւ մեր պատկան մարմինները այդ վտանգը կանխելու բոլոր միջոցները պիտի նախատեսեն, մանաւանդ որեւէ պայմանագիր ստորագրելու ընթացքին:

Պարզ չի, թէ ինչ հետեւանքներ կ՝ունենայ ներկայ բախումը մեր երկրի տնտեսութեան եւ գոյութեան համար միայն մի բան պարզ է, որ ըստ ստորագրած դաշնագրի Պուտին-Ալիեւ համագործակցութիւնը ջերմանում է աւելի, չնայած  վերջինս խոստացաւ աւելացնել գազի  մատակարարումը դէպի Ուկրաինա, իսկ  թոյլատրելի չէ՞ ենթադրել, թէ ռուս ղեկավարի փայփայած երազանքն է վերականգնել խորհրդային շրջանի հզօր  եւ մեծ Ռուսաստանը իր նախկին բաղադրիչներով:

Ո՞վ գիտի: Մեզ մնում է զգաստ մնալ եւ զգուշանալ թէ դրսից եւ թէ ներսից:

28-2-2022

Խոցելի

              «Խոցը աւելի վտանգաւոր է, երբ արիւնահոսութիւնը ներքին  է» Լիլի, անգլ․ միջնադար:

Խոցելիութիւնը մի երեւոյթ է, որին ենթակայ են բոլորը՝ մարդիկ, երկրները, պետութիւնները, կենդանական թէ բուսական աշխարհը եւ չնշուած  միւս կառոյցները:  Բացառութիւն չկայ եւ ամէնը ենթակայ են այդ չարիքի գործօնին: Նրանք խոցելի են եւ խոցւում են, եթէ զգօնութեան պակաս ունեն կամ անտարբեր են իրենց իսկ նկատմամբ:

Այս օրերին ողջ աշխարհի ուշադրութիւնը սեւեռուած է Ուկրաինայում տիրող վիճակին, ինչ որ մենք ապրեցինք աւելիով՝ քառասունչորսօրեայ դժոխքի օրերին, միայն թէ մեր պարագային լռութիւն տիրեց եւ որեւէ մատ շարժող չեղաւ, ինչպէս Կիպրոսի դէպքում, ուր աւելի քան 25 տարի է, ինչ թուրքերը իրենց ախորժակի, ճաշակի եւ աւանդութեան համաձայն գործում են առանց որեւէ  արգելքի: Արդարադատ զգայուն հզօրները միշտ չէ, որ անհանգստացած են միւսների բարեկեցութեամբ, մանաւանդ երբ իրենց շահերը ներգրաւուած չեն:

Նոյն Ուկրաինան ռազմական սպիտակ ֆոսֆոր էր մատակարարում ազերի բանակին՝  գիտենալով, որ այն կիրառուելու է Արցախի տարածքում, քանզի չկար այլ նպատակ, բայց հոգը չէր, քանի որ շահաւէտ էր, նոյնիսկ հաշուի չառնելով որ մօտ 350 հազարանոց հայ գաղութ կայ այդ երկրում, որոնք չեն մնում փախստականների կարգավիճակով, այլ այդ երկրի  տնտեսութեան համար բարգաւաճող գործակիցներ են, իսկ այսօր աշխարհով մէկ օգնութեան կանչեր է արձակում՝ չկասկածելով, որ այդ օրը սպասելի էր:  Մտադիր չեմ այս գորշ դէպքերը թուարկել, միայն չարն ու բարին իրարից զատելով, բայց  նշենք, որ փոխարէնը մերոնք Արցախից  դէպի  Կիեւ օդանաւ ուղարկեցին՝ մարդասիրական օգնութեան 14 տոննա բեռով, չնայած նրանք Ալիեւին շնորհաւորել էին մեր դէմ յաղթանակի առիթով: :

Մի բան հաստատ է, որ խոցելիութեան աստիճանը կախում ունի գերհզօրների կամքից, ախորժակից եւ շահից, ինչպէս այն եղաւ Սիրիայի, Իրաքի եւ այլոց պարագային, իսկ այժմ արեւմուտքը ոտքի է ելել տարբեր պատժամիջոցներով ճնշելու ռուսներին, որ եւս իրենց  բնոյթին համապատասխան է եւ վստահօրէն, կարելի է հաստատել, որ տխմարութիւնը հայկական որակ չէ, այլ հաւասար սփռուած, եթէ յիշենք վաթսունականներին Կուբայում տեղաւորած ռուսական հրթիռների առիթով  եղած վիճաբանութիւնը, երբ Խրուշչովը կօշիկով  խփեց սեղանին ՄԱԿ֊ի նիստի ընթացքին:

ԱՄՆ-ի տարատեսակ յայտարարութիւնների կողքին, որ յաճախ իրար հակասող են, արժանի է նշել Բելգիայում մի ռուսազգի ուսանողին կրթաթոշակից զրկելու փաստը՝  որպէս պատժամիջոց, իսկ Իտալիայում նոյն նպատակով համալսարաններից մէկում արգելել են  Դոստոեւսկի դասաւանդելը: Չեմ համարձակւում անուն տալ, միայն թէ նոյն տրամաբանութեամբ շարունակելու պարագային պէտք էր, որ  երկու համաշխարհային պատերազմների տարիներին արգելէին Բեթհովենին ու Վագներին, իսկ այսօր մոռացել են  արգելքի տակ դնել Մենդելեյեւի քիմիական տարրերի աղիւսակը, որ միակ է:        Ողբալի է:

*****

Խոցելիութիւնը միայն դրսից եկած արհաւիրք չէ եւ այն կարող է լինել ներքին պայմանների, ադաթների եւ համատարած տխմարութեան ինքնածին հետեւանք, որ յատուկ չէ միայն մեր երկրին:

Այդ չարիքներից մէկը կարելի է համարել ծխախոտի, թմրանիւթի, սուրճի եւ ոգելից խմիչքի՝ հիմնականում օղի (թթի արաղ) ոչ-հսկելի գործածութիւնը, երբեմն բոլորը միաժամանակ:

Ամէն տարի հազարաւոր մահերի առիթով բուժական անձնակազմի հնչեցրած տագնապը, որ հետեւանք է այդ բաղադրիչների հիւանդածին լինելու եւ նրանց անգիտակից օգտագործմանը, մնում է «ձայն բարբառոյ», իսկ փակ տարածքներում ծխելը արգելելու քայլը  համազգային բողոքի առիթ եղաւ: Ոմանք  փորձում են համոզել, թէ ճանաչում են մէկին, որի հարեւանի քեռին  ծխում եւ խմում էր անչափ, բայց հարիւր տարի ապրեց: Տխմարութիւնը սահման ու չափ չունի եւ որպէս նորոյթ՝ Երեւանում գործում են մի քանի նարգիլէի սրահներ եւ երբեք դատարկ չեն լինում:

Մի այլ արհաւիրք է համարւում կերակրի աղի անչափ գործածումը: Ըստ մասնագէտների՝ այն առաջացնում է սրտանօթային տարբեր հիւանդութիւններ, որից ամէն տարի հազարաւոր անժամանակ մահացութեան դէպք է լինում: Իրաւ է, որ ոմանք սեղան նստելուն պէս առաջին քայլը լինում է, կերակուրը ճաշակելուց առաջ, նախ աղել, մինչ հնարաւոր է, որ այն արդէն անալի չէր, բայց ինչ հոգ, մարդը իր սովորութեան գերին է եւ պիտի իր քայլը անի: Առողջապահութեան պատասխանատուները այն եզրակացութեան են եկել, որ նուազեցնելու համար աղի սպառումը, պէտք է ճաշարաններում եւ բոլոր սննդի կէտերում արգելել սեղանին աղի ամանի ներկայութիւնը, հակառակ դէպքում՝ ինչ որ չափի տուգանքի խնդիր է ծագում: Որոշումի տրամաբանական լինելը թողնենք ընթերցողի հայեցողութեան,  միան այն կոշտ է ու բռի:

Մի այլ ներքին խոցելիութեան կարեւոր նմուշ են երկրում տիրող մեքենաների անթիւ եւ անմիտ բախումները, որ հազարաւոր կորուստների պատճառ են եւ նրանց դէմ պայքարի որեւէ միջոց չկայ, բացի վարորդական արտօնութեան կաշառքով ձեռք բերելու ճանապարհի փակումը: Այս ոլորտում անհասկանալին եւ զարմանքը այն է, որ մեր երկրում արկածները յաճախ լինում են դէմ առ դէմ՝ ճակատային, ինչը նշանակում է որ  երկուսից մէկը խախտում է կատարել, քանզի ծանօթ չէ եւ չգիտի երթեւեկութեան տարրական կանոնները. չմոռանանք ճանապարհային ազդանշանների իսպառ բացակայութիւնը: Նիւթական վնասների կողքին, որ արհամարհելի չեն, լինում են յաճախ երիտասարդ գործունեայ անձանց կորուստ, որ անփոխարինելի են, եւ մենք չենք կարող եւ իրաւունք չունենք նման կորուստներ ունենալ, հաշուի առնելով մեր երկրում ծնելութեան՝ իմա մարդկային աճի ցածր մակարդակը:

Ամենամեայ այցելութիւնների օրերին տեսնում եմ, թէ ի՛նչ անկարգութիւն է տիրում Երեւանի փողոցներում: Ոչ ոք  դիմացինին   հանդուրժելու տրամադիր չէ, իսկ անսպառ խճողումների պարագային շչակներն են, որ գործում են առանց դադարի՝ ստեղծելով ժխոր: Տգիտութեան այս անշեղ մթնոլորտում, չարիք դարձած  անփոխարինելի հեռախօսը նաեւ առկայ է, որ երբեմն վթարների պատճառ է լինում:

Դեռ ասելիք շատ կայ, բայց այս է մեր ունեցածը եւ այն պիտի սիրենք եւ գուրգուրենք:

11-3-2022

ՍՐՏԱԳԻՆ ԿՈՉ ԵՒ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՒԱՔ ՓՐԿԵՆՔ ՀԱՅԵՐԷՆԸ
Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like