Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, 3 Մարտ 2021
«․․․Օ˜ վաշխառու ճորտեր, հացկատակնե՛ր մթին
Մեր ժառանգած գանձի, օ˜ վատնիչներ յետին…
Մեր անունից մրրիկ սերմանեցիք,−
Եւ այսօրուայ ձեր խեղճ ոչնչութեանն անգէտ՝
Վերջին խարիսխը մեր վաճառքի հանեցիք»:
Ե. Չարենց
Այն վիճակը, որ տիրում է մեր երկրում, կարծում եմ, թէ շատերի սրտով չէ, քանզի այն դրական գործօն չունի եւ ոչ մի տեսակով պետականակերտ չէ եւ աւելի է նման դաւադրութեան քան առկայ բազում խնդիրների դիմաց՝ այլախոհ մօտեցումի: Ի սկզբանէ փաստեմ, որ որեւէ երկրում, բանական ընդդիմութեան ներկայութիւնը ոչ միայն ցանկալի այլ նաեւ պարտադիր է բազմաթիւ հասկանալի պատճառներով:
Անձամբ, դպրոցական հասակից եղել եմ այլախոհ եւ միշտ փորձել միւսներին չնմանուել, այդ առիթով մի դիպուած․ ուսանողական տարիներին, Բեռլինում ուսանած՝ ծագումով արցախցի դասախօսը, երբ մտայ քննութեան, ասաց․ «Վստահ եմ, որ հարցաթերթի բոլոր պատասխանները գերազանց գիտես, ուստի համարում եմ քննութիւնը աւարտած, փոխարէնը ծրագրից դուրս հարցում պիտի տամ, նստիր եւ լուծումներ մտածիր»: Աննախադէպ էր ինձ համար, բայց համաձայնուեցի՝ մի էջի վրայ գրառումներ անելու: Յաջորդ օրը, յարմար առիթով կանչեց եւ բացատրեց, թէ ցանկանում էր ստուգել իմ տրամաբանական ունակութիւնը, նշելով, որ այն պարագային, երբ ուսանողը իւրացնում է պարտադիր ծրագիրը, նա դառնում է գործադիր մասնագէտ, մինչդեռ ոմանք նախընտրում են անծանօթ շաւիղներով անցել եւ այլ նոր լուծումներ փնտրել, որ նորարար են, այլ ձեւով մտածող,– եւ կ’ուզէր, որ ես եւս այդպիսին լինեմ:
Ցաւօք, բոլշեւիկ սկզբունքներից ժառանգած տգեղ մտայնութիւն է տիրում մեր երկրում, երբ այլախոհը, նոյնն է ինչ թշնամին եւ յաճախ անձինք կամ երեւոյթները իրենց իրական արժէքին չեն արժանանում: Որպէս ցայտուն օրինակ նշեմ, որ 17+ի վարչապետի թեկնածուն իր պատկառելի տարիքի եւ փորձառութեան համեմատ հոկտեմբեր 27-ի սպանդը փորձում է արդարացնել՝ Նայիրի Յունանեանին համարելով «ռոմանտիկ», իսկ քառասուն չորս օրեայ դժոխքի օրերին, բանակի սպաներին թելադրում էր չհնազանդուել եւ լքել ճակատը: Նա ջատագովն էր խուժանի կառավարական շէնք մուտքը եւ գոյքը ջարդ ու փշուր անելուն, ինչպէս նաեւ իր համակիրներից բացի՝ միւսներին կոչել դաւաճան, ժեխ կամ աղբ: Սա եւս այլախոհութեան մի տեսակ է: Սկզբունքօրէն այլախոհութիւնը բացարձակ արժէք չէ եւ նայած անձի իմացականութեան մակարդակին՝ կարող է լինել դրական կամ տխմար՝ իմա ընդհուպ նողկալի, բայց անհատի իրաւունք, միայն թէ չփորձեն այն փաթաթել ուրիշների վզին, ինչ որ տեղի է ունենում այս օրերին խորհրդարանի առջեւ վրաններ տեղաւորելով, որին լուսահոգի մայրս պիտի ասէր «զօրաւոր գողը՝ տան տիրոջը գող է հանում»:
Ցաւալի է, որ հասարակութեան սերուցք համարուող (էլիտա) խմբակներ մերժում են բանականութեան մեծ կամ փոքր պահանջները՝ ընկնելով կրքերի ու մոլուցքի վտանգաւոր ոլորտը, ընդհուպ բարձրաձայնելով մտքեր եւ մեղադրանքներ առանց որեւէ փաստերի ու հիմքերի՝ համարելով այդ անհեթեթութիւնը պայքար յանուն իրենց համոզմունքի եւ այլախոհութեան, մի պահ անգամ հաշուի չառնելով քաղաքակիրթ եւ տրամաբանական լինելու անհրաժեշտութիւնը՝ դառնալով կեղծ քարոզիչ:
Բազմամբոխ եւ միանձնեայ խմբակների անունները գայթակղիչ են եւ ականջի համար շոյող՝ նոյնիսկ յոյս ներշնչող․ Բարգաւաճ Հայաստան, Լուսաւոր Հայաստան, Հայրենիքի փրկութիւն․․․ եւ բազում այլք, որոնց գործունէութեան բացայայտ միակ նպատակը՝ որեւէ աթոռ գրաւելն է: Այլ եզրայանգում չկայ, երբ լսում ենք նրանց ելոյթներն ու կոչերը:
Ի՞նչ ասել գործող դատական համակարգի մասին, երբ նախկինների վերաբերեալ յարուցուած աղմկարար քրէական գործերի մեծ մասը կասեցնում են: Այլախո՞հ են նրանք, թէ՞ կլանային դաւադիրներ: Դռները բաց են:
Ի դէպ այս օրերին ֆրանսական ատեանը եռամեայ կալանքի դատապարտեց՝ դրամական խառնաշփոթ խախտումների առիթով՝ նախկին նախագահ Սարկոզին երեք գործակիցներով, իսկ մերոնք տարիների ընթացքին տեղ քայլ են անում, իսկ մեր մեղադրեալները այնքան ապահով են, որ համարձակւում են, մամուլի ասուլիսներից զատ, քաղաքական դաշտ մտնել՝ վարչապետի աթոռի յաւակնութիւնով: Խենթանալ կարելի է:
Ատելութեան մոլուցքը այնքան բարձր աստիճանի է, որ ոչ ոքի մտքով չի անցնում սպասուելիք չարիքները եւ մտահոգուող չկայ, որ չարաբաստիկ զինադադարը ընդամէնը հինգ տարի ժամկէտով է եւ թուրք-ազերի ախորժակին դիմակայելու համար լուրջ անելիքներ կան ռազմական թէ դիւանագիտական տեսակով եւ յայտնի չէ, թէ ո՞ւմ ուսերին է դրուած այդ պարտականութիւնը, մինչ քաղաքական դաշտը՝ տարբեր աստիճանի անբարեխիղճ պաշտօնակատարների համակրանքը վայելելով՝ կուրօրէն արտահերթ ընտրութեան եւ հրաժարականի տխմար պահանջով է մրափում:
Իրաւ է, որ բանակի գերագոյն հրամանատարը՝ ըստ պաշտօնի վարչապետն է եւ նա է ամէն տեսակի ելքի պատասխանատուն, բայց երբ սպայակոյտի քառասուն անդամ, որ կարողանում է նրա հրաժարականի պահանջ ներկայացնել, –պիտի չանդրադառնամ քայլի օրինական լինել-չլինելու վրայ, –ինչո՞ւ սեպտեմբերին նոյն ջանքով ու հաստատակամութեամբ չյայտնեցին հանրութեանը, որ մենք պատրաստ չենք թուրքի հետ պատերազմելու եւ դա նրանց օրինական պարտքն էր եւ նրանք այդ գիտէին, որի փոխարէն «ՅԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»-ը մէջտեղ հանեցին, ողջ ժողովրդին մոլորեցնելու եւ անփոխարինելի կորուստով:
Ինչպէս վերը նշեցի այլախոհ լինելը երբեմն դրական է, բայց մերոնց ստեղծած արդի վիճակը հեռու է, շատ հեռու պատշաճ անուան արժանանալու, այն տխմար եւ տգէտ հայաոճիր արարք է, որից մեր ժողովուրդը վաղուց ձանձրացել է եւ դրա կարիքը չունի, փոխարէնը շունչ քաշելու եւ մխիթարուելի անհրաժեշտութիւնը առկայ է, որը իրատեսութեան պակաս ունի: