Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայէլ (Ֆրանսիա), 5 փետրուար 2023
«Լացող դէմք խայթելու համար՝
իշամեղուներն անպակաս են»
Ճապոնական
Համահայկական ողբերգութիւն է Բերձորի միջանցքի փակումը, որը համամարդկային առումով յանցագործութիւն է: Խռովք է ապրում հայութեան մեծամասնութիւնը՝ անկախ կուսակցական դիրքից, բնակավայրից ու դաւանանքից: Մեզ ցաւակից են բարի խղճի ու կամքի բազում օտարներ ի սփիւռս աշխարհի: Ցաւօք, կան երկրի «փրկութեամբ» մտահոգ հայազգի մարդիկ, ովքեր այլ գնահատական կամ մեկնաբանութիւն են անում տիրող ողբերգական երեւոյթներին՝ ելնելով իրենց շահերի նպատակայարմարութիւնից: Չեմ ցանկանայ այն անուանել շահամոլութիւն, միայն թէ ստոյգ կարելի է այն գնահատել քաղաքական տխմարութիւն, եթէ ոչ բաւական առաջացած հաւկուրութիւն:
Դժբախտաբար, այդ վիճակում են ոչ միայն երդուեալ կուսակցականներ, այլ նաեւ նրանց կուրօրէն միացած հետեւորդներ եւ որոշ բարձրաստիճան կրօնաւորներ: Ըստ Եկեղեցու կանոննների, վերջիններս պարտաւոր են նման քայլերից հեռու մնալ, առնուազն՝ լռելու տարրական իմաստութիւն ունենալ:
Օրերս ընդդիմադիր դաշինքը կազմակերպել էր մտքերի ազատ փոխանակման հանդիպում Ազգային ժողովի դահլիճում Բերձորի միջանցքի փակման եւ ընդհանուր կացութեան վերաբերեալ: Բազում էին խօսք առնողները, բայց նոյնքան բազմազան էին նրանց կարծիքները: Ոմանք յայտարարեցին, թէ միջանցքը փակուել է քանզի ՀՀ միջանցք է խոստացել ու չի տալիս (խօսք չկայ թէ ո՞վ, ե՞րբ, ինչպէ՞ս եւ ո՞ւմ է խոստացել), մէկ ուրիշ խումբ պնդում է, թէ Պրահայի պայմանագրով՝ միջանցքը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է եւ նրանք էլ անում են ինչ ցանկանում են:
Ցնցող էր հաւաքին Միքայէլ արք. Աջապահեանի խօսքը: Նա համոզուած յայտարարեց, թէ Բերձորի միջանցքը փակել են … ՀՀ իշխանութիւնները: Անկարելի է հարց չտալ ընդդիմադիրի համբաւ ունեցող այդ կղերականին՝ ինչո՞ւ եւ ո՞ւմ (եթէ ոչ իր վերադասի հրամանով) ինք ներկայ էր այդտեղ եւ ի՞նչ ներշնչումով ծնեց այդ «հրաշալի» միտքը, որ ոչ միայն տգիտութեան, այլեւ կատարեալ տխմարութեան արտայայտութիւն է:
Աւելի տպաւորիչ էր ներկաների համամտութիւնը, թէ միջանցքը վերաբացելու միակ միջոցը դաւաճան իշխանութիւններին արագ հեռացնելն է: Խնդա՞նք, թէ՞ լանք:
Այն պահին, երբ մեր այդ հոգետանջ հայրենաբնակները այդպիսի «լուծումներ» են գտնում, հրապարակւում են գաղտնազերծուած փաստաթղթեր, որոնցից մէկում բացայայտւում է ՌԴ երբեմնի վարչապետ Եւգենի Պրիմակովի սպառնալիքը. «Հրադադարը վստահութիւն է ներշնչել հայերին ու ադրբեջանցիներին, եւ նրանք հակուած չեն զիջումների գնալու: Բայց մենք պէտք է հասկացնենք կողմերին, որ նրանց յամառութիւնը կարող է յանգեցնել անցանկալի հետեւանքների»: Կարծեմ պարզ է պատգամը:
Մէկ ուրիշը՝ Հայրենիքի հոգսերով հալ ու մաշ եղող, գիշերներն անքուն անցկացնող հրապարակագիր Սարգիս Մահսէրէճեանը, ԱՍՊԱՐԷԶ օրաթերթի էջերը զբաղեցնում է հետեւեալ տխմար տողերով. «Թաւշեայ Հայաստան»ին մէջ չեն ուզեր տեսնել, թէ բարի խոստումներով երկրի ղեկը գրաւած մարդն ու գործակիցները հանգրուանաբար նորանոր անդունդներ կը փորեն եւ մեր հայրենիքը անկումէ անկում կը տանին, զայն մօտեցուցած են անէանալու վտանգին … Մեր ժողովուրդը անկումէ եւ պարտուողականութենէ հեռացնելու կոչուած ԲՈԼՈՐ ՁԵՌՔԵՐԸ վիթխարի մարտահրաւէրի մը դիմաց կը կանգնին. թօթափել տալ անձի պաշտամունքի մտածողութիւնը եւ ճանչցնել իսկական թուրքը…»:
Այս գրչակի տողերի ու փողոցի ցուցարարների «հայրենափրկչական» տգէտ կոչերի միջեւ ի՞նչ է տարբերութիւնը: Զարմանալի է, որ բծախնդիր խմբագրապետը ինչպէ՞ս հանդուրժում է դարաւոր պարբերականի էջերը զբաղեցնել նման անպատուաբեր գրառումներով, որոնք պարզամտութեան կատար են:
Բացառուած չէ, որ այս բոլոր ջղագրգիռ ճիգերը ուղղուած են մէ՛կ նպատակի՝ ռուսի ձեռքով ՀՀ իշխանութիւնը վերստանալ՝ առանց ընտրութեան (որովհետեւ արդար ու ժողովրդավարական ընտրութիւններով ոչ մէկ յոյս կայ աթոռի հասնելու): Արցախը, Սիւնիքը, Գեղարքունիքը, Տաւուշը, Բերձորի միջանցքը եւ այլք նրանց բնա՛ւ չեն հետաքրքրում իրականում: Նրանք պատրաստ ու յօժար են այդ բոլորը տալու: Մի՛այն Երեւանը բաւ է իրենց՝ իշխանական աթոռներին եւ պետական գանձին վերստին տիրելու համար: Ա՛յս է խնդրոյ առարկան:
Հասկացողին՝ բարի ողջոյն: