ԵԶՐԱՅԱՆԳՈՒՄ | ՍԱԴՐԱՆՔ | ՈՂԲԱՄ

 Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, 4 Սեպտեմբեր 2021

ԵԶՐԱՅԱՆԳՈՒՄ

«Կարելի է համակրել որեւէ մէկին՝ իր
ազգային պատկանելութեան համար,
բայց երբեք դատապարտել մի ժողովուրդ՝
նրա որեւէ անդամի  վարքով»
Ստանիսլաս Լեզինսկի -լեհ փիլիսոփա

Հաւատացած եմ, որ  երկրում տիրող քաղաքական մթնոլորտը,  խորհրդարանի ներսը տեղի ունեցող ծեծկռտուքը եւ իրար նկատմամբ համատարած ծայրայեղ ատելութիւնն ու անհանդուրժողականութիւնը, ոչ միայն պատուաբեր չեն, այլ նաեւ չեն կարող մի դրական եզրայանգումի  հասնել: Այն տարերային եւ պատահական չէ, մանրակրկիտ ծրագրուած է եւ ցաւօք երեւոյթը նոր եւս չէ եւ ըստ Ռուբէն Տէր Մինասեանի վկայութեան, Սեւրի դաշնագրի բանակցութիւնների ընթացքին նման մթնոլորտ էր տիրում Ազգային՝ Պօղոս Նուբար փաշայի եւ Հայկական՝ Աւետիս Ահարոնեանի ղեկավարած պատուիրակութիւնների միջեւ[1]:

Չեմ կարծում, թէ իրար չհասկանալը մեր ազգային հիւանդութիւնն է, միայն թէ հաւատում եմ , որ դարեր շարունակ զուրկ լինելով սեփական պետութիւնից, որին կարելի է կցել եօթ տասնամեակ տիրող խորհրդային համակարգը՝ երբ մարդը ամենաթանկ  ոչնչութիւնն էր՝ կորցրինք պետական մտածողութեան հիմունքները, որի ճիշտ արտացոլումն է տիրում այսօր, եւ երբ իննսունականներին, շատերի նման յոյս էինք փայփայում, թէ բոլոր անհրաժեշտ պայմանները ներկայ են մեր ճաշակի երկիր վերակառուցել, աւա՜ղ նախկին գաղտնի գործակալները կէս կրթութեամբ քրէական  տարրերի հետ միանալով  ստեղծեցին գողապետական համակարգ, որ ելեւէջներով մօտ երեք տասնամեակ տիրեց, որի ընթացքին աղքատ համարուող մեր երկրում ծնուեցին ոչ իրենց աշխատանքով, այլ տարբեր խարդախութիւններով հարստացած միլիոնատէրեր, որոնք պարտադրաբար պիտի բնակուէին թանկարժէք ապարանքներում:

Երրորդ նախագահը ուղերձ յղելով Արցախի 30-ամեակի առթիւ, մասնաւորապէս նշում է, թէ «Դարձեալ կը յաղթէինք, եթէ մինչ 44-օրեայ պատերազմը չվարկաբեկէին մեր բանակը, կադրային ջարդ չիրականացնէին զինուած ուժերում․․․»: Թէ ինչու պարտուեցինք երկար թեմայ է եւ շտապ գրելիք չէ եւ ստոյգ փաստերի վերաքննութեան կարիք ունի, մինչդեռ այդ յարգելի պարոնը՝ իր համակիրներով, ակնթարթօրէն մոռանում է, որ իր թիկնապահ՝ երրորդ դասարանի կրթութեամբ «սերժի վաչոն» իր իսկ հովանաւորութեամբ դարձել է միլիոնատէր, զանց չառնենք միւսներին: Այս է պատերազմ կորցնելու պատճառներից մէկը, որին կարելի է միացնել իր փեսայի եւ եղբայրների մատուցած թալանը: Իրականում խայտառակ պատերազմի հիմքերը դրուել են իննսունականներին, երբ դժուար պայմաններում ձեռք բերուած յաղթանակը չդարձաւ զինադադարի պայմանա-գիր՝ կողմերի ստորագրութեամբ եւ մեր թելադրանքով:

            Վերջապէս ի՞նչն էր այս պետական այրի նպատակը․- երկու տասնամեակ անընդմէջ իշխանութեան տարբեր պաշտօններ ունենալուց յետոյ, քաղաքական դաշինք կազմաւորելը՞, խորհրդարանում անկարգ ու անվայել միջավայր ստեղծելը՞, որտեղ ընդդիմադիր դաշինքների անդամները իրենց բիրտ եւ լկտի ելոյթներից զատ, փայլում են լուրջ տեսակէտների  եւ գաղափարների բացակայութեամբ: Նրանք  մերժեցին իշխանութեան  ներկայացրած հնգամեայ ծրագիրը, թերեւս առանց կարդալու եւ քուէարկութեան չմասնակցեցին, մինչդեռ պարտաւոր էին քննել եւ այլ առաջարկներ տալ: Ա՞յդ է երկիր փրկելու ճիշտ ուղին: Անկեղծօրէն այդ կարծիքի չեմ:

      Խօսելով կադրային ջարդի մասին ընդդիմադիր բոլոր պատգամաւորները բազում յարմարուողական համակիր-ների եւ որոշ  առք ու ծախի           առարկայ մամուլի մասնակ-ցութեամբ մոռացութեան անդունդ են նետում այն փաստերը, որ երբ քոչը հաստատուեց նախագահի աթոռին, կասկածելի պայմաններում, սպանուեցին՝ ներքին զօրքերի հրամանատարը եւ ռազմական ոստիկա-նութեան պետը, որից յետոյ եղաւ Հոկտեմբերի 27-ը մարտի 1-ը, որոնց կարելի է կցել նաեւ Պօղոս Պողոսեանի եւ Նաղդալեանի մահերը: Միաժամանակ բանակում առօրեայ խնդիրները բազում էին եւ անհամար: Ահա պատերազմը կորցնելու մի այլ պատճառ:

 Արդեօք գաղտնի՞ք է, որ բանակը դարձել էր հարստանալու միջավայր՝ ոմանց բիզնեսն ու կթան կովը, տարբերութեամբ, որ կթո՛ւմ էին, բայց չէի՛ն կերակրում: Կարելի՞ է մոռանալ, երբ զինուորներին ուղարկուած դպրոցականների մաղթանքի նամակները համեստ փաթեթների հետ մէկտեղ յայտնուեցին գեներալներից  մէկի բակում՝ Էջմիածնում կենդանիներին կերակրելու համար: Ո՞վ էր մեղաւոր: Թերեւս բոլորը եւ ոչ ոք:

   Նման  ընդհանուր սխալ կամ անհեթեթ վիճակի կողքին չմոռանանք բարոյական անկումը ի դէմս դատական եւ իրաւական ոլորտում, որ ըստ որոշ յայտարարութիւնների կաշառակերների եւ կամայականութեան որջ էր դարձել: Կարիք կայ յիշեցնել հէնց Քոչարեանի դատավարութեան  եւ տարբեր կեղծ սարքած հիւանդութիւնների  բժշկական տեղեկագրով նրա ազատ արձակումը: Մինչդեռ այդ ծանր հիւանդը չվարանեց դարձեալ դաշինք ստեղծել յարմարուողականների հետ մէկտեղ՝ վարչապետի աթոռի յաւակնութեամբ, որի նախաբանը եղաւ քաղաքական մի դիակի ժամանակաւոր վարչապետ դնելու անյաջող դրուագը, փողոցներ փակելը եւ դաւադիր խմբերով պետական կառոյցներ ջարդ ու փշուր անելը, մինչեւ իսկ բարձրաստիճան պաշտօնեայ ծեծելը՝ չմոռանանք վարչապետի դէմ անյաջող մահափորձը, որոնց հիմնական նպատակը կարող է ենթադրուել՝ իշխանութեան գալով մաքրել իրենց վերաբերեալ դատական հետապնդումները: Խոստովանեմ, որ 2018-ի յեղաշրջումը սրտովս էր, ոչ թէ անձնական ինչ որ պայմանների հետ կախուած, այլ միայն ու միայն տեղի ունեցող անբարոյ երեւոյթները վերջապէս մաքրագործելու հնարաւորութեան  հանգամանքով եւ շատերն էին այդ  կարծիքի, հաշուի առնելով առաջին իսկ ընտրութեան բարձր նիշը, որ ընտրեալներին տարաւ դէպի բերկրաթմբիր՝ «էֆորիա»:   Ամէն մարդ սպասում էր, թէ  հանդարտութեամբ եւ հանգամանօրեն կը սկսուեն ծուռ եւ թարս եղած դրոյթների, վիճակների շտկումը, բայց ցաւօք անփորձութեան, թէ աճապարանքի հետեւանքով Նիկոլ Փաշինեանը ճիշտ չգնահատեց իր պաշտօնի յոյժ կարեւորութիւնը՝ երբ ամէն մի բառ իր կշիռը եւ ստոյգ նշանակութիւնը ունի եւ խօսեց արագ եւ յաճախ  գաւա-ռական բառապաշարով, անտեսելով, որ մի վտանգաւոր դաշտ է մտնում, որ ապականուած է նախկինների կողմից: Անդրադառնալով խորհրդարանում  կազմակերպած «շանտաժ»ի  բնոյթի բախումներին,  կարելի է վստահօրէն ասել, որ ոչ մէկի սրտով չէ, բացի նրա հեղինակներից: Գոյութիւն ունեցող միջազգային պահանջները, որոնք երաշխաւորում են քաղաքական խօսքի ազատութիւնը՝  ամրագրում են նաեւ, թէ որոնք են այդ ազատութեան սահմանները: Ուստի, դրանց հիման վրայ, պէտք է ընդունել յստակ կանոններ, որպէսզի խորհրդարանի քննարկումները լինեն ճիշտ եւ առողջ հանրային բանավէճեր եւ չյանգեցնեն մարդու իրաւունքների համակարգը խաթարող գայթակղութիւնների յագեցած տխմար եւ քաղաքակրթութեան հետ կապ չունեցող լկտի եւ սանձարձակ արատաւոր երեւոյթներով:

            Անխուսափելի է՝ արդի այն թշնամական կացութիւնը, որ  պետութիւն-ընդդիմութիւն յարաբերութիւններում է  տիրում: Այն երկու կողմերի ջանքերով պիտի հարթուի: Կողմերը ստիպուած են համագործակցել՝ միմեանց սխալները վեր հանելու պարտականութեամբ, միայն թէ չմոռանալով իրար դիմելու բարեկիրթ բանաձեւերը: Վստահ եմ որ երկու դաշտում կան շնորհալի եւ ունակ մասնագէտներ եւ այդ ներուժի համատեղ գործածումն է, որ պիտի օգտակար լինի անցեալի բոլոր սխալների հետեւանքները վերականգնելու դժուար ճանապարհին, իրար հայհոյելը երբեք դրական չի դիտուել՝մնալով տխմարութիւն եւ թշնամու ջրաղացին ջուր բերող երեւոյթ:

            Պատերազմի հետեւանքների վերացումը միայն վարչապետի ու նրա համակիրների գործը չէ, այլ բոլորի, քանի երկիրը բոլորի հայրենիքն է եւ մեզանից իւրաքանչիւրը պարտադիր է  ներդնել  իր համեստ լուման: Դեռ շատ երեւոյթների մասին կարելի է գրել, բայց յուսանք, որ «Նորից գարուն կը գայ, կը բացուի վարդը» ըստ Չարենցի եւ հայոց երկնակամարում կը շողայ խաղաղ բարեկեցութեան աստղը: Այդ է մեր նախնիների թողած սրբազան պատգամը, որին պիտի խոնարհուենք:

1. Ռուբէն Տէր Մինասեանը բազմահատոր « Հայ յեղափոխականի մը յիշատակները» գրքում գրում է «․․․մեր պատուիրակութիւնն էլ իր քայլերը ստիպուած էր համաձայնեցնել Պօղոս փաշայի տրամադրութիւններին, որոնք համապատասխան չէին մեր ցանկութիւններին» մի ուրիշ տեղ նշելով, որ նա, երբեմն արհամարհական վերաբերմունք էր ցոյց տալիս Ահարոնեանի եւ պատուիրակների նկատմամբ:

 

ՍԱԴՐԱՆՔ

27 Օգոստոս 2021

«Սխալուելու հաւանականութեան
հանդէպ վախը  մեզ պիտի ետ չպահի
ճշմարտութեան որոնումներից »:
Հելւեցիուս

«Ծանր հիւանդութիւնը՝ սկզբում դիւրին
է բուժել, բայց դժուար է ախտորոշել, մինչդեռ երբ այն սաստկացել է՝ աւելի հեշտ է ախտորոշել, բայց դժուար է բուժել»
Մաքիաւել

Ի սկզբանէ յայտնի էր եւ ամէն մարդ սպասում էր, թէ ուշ կամ կանուխ, ամիսներ շարունակ կուտակուած մաղձն ու թոյնը պիտի ժայթքէր, եւ ընդդիմադիր որոշ կարկառուն մեծ կամ փոքր գործիչներ բաց է ի բաց յայտնում էին, որ եղած փողոցի առճակատումը պիտի տեղափոխեն խորհրդարան, իշխանութեանը ամէն տեսակի խոչընդոտ ստեղծելու ստոյգ ծրագրով՝ կիրառելով անկիրթ եւ գռեհիկ դիմելաձեւի  բոլոր տեսակները, ընդհուպ՝ բռնցքամարտը, եւ անցած օրերին վառ վկան եղանք, որ հայկական խորհրդարանը տարածաշրջանի բոլորից մարտունակն է, նպատակ ունենալով, ըստ քոչի արտայայտութեան, «խորքից կրծելու իշխանութեան քօքը՝» իմա արմատները:

Մեր նպատակը չէ մատնանշել մեղաւորն ու անմեղը  կամ թէ ո՞վ առաջին սխալ քայլը արեց, այլ ցաւալի՝ մինչեւ իսկ ողբալի է, որ մեր հայրենի քաղաքական դասը հասել է այդ մակարդակի[1], եւ ըստ իս այդ պայմաններում երկիր թալանելը բնաւ յանցանք չի կարող նկատուել: Այս է մեր աչառու  ունեցածը, բայց այն հայկական յատկանիշ չէ: Միեւնոյն ժամանակ ընդգծեմ, թէ որեւէ մէկին պաշտպան լինելու յաւակնութիւնը եւս չունեմ, մասնաւորապէս վարչապետի, քանզի նա եւս կատարեալ չէ, բայց անառարկելի է նրա դիրքի օրինականութիւնը եւ, երբ պատգամաւոր մի «աղջնակ[2]», տգէտ ու տխմար  գաւառական դիմելաձեւով   բազմիցս խօսք ուղղեց նրան, նիստի ընթացքին, որպէս սադրանք՝  ծեծկռտուքի առիթ դարձաւ եւ նման այլ ամօթալի դիպուածը կրկնուեց յաջորդ օրը (25-8), այն սփռուուեց աշխարհով մէկ:Ոչ միայն  անհասկանալի, այլ անհանդուրժելի է թշնամին փնտրել խորհրդարանի նիստերի դահլիճում: Այս երեւոյթը սպասելի էր եւ անակնկալ չէր՝ ունենալով խոր արմատներ: Նախ պատերազմի անշրջելի հետեւանքները, որի արմատները ոչ միայն այսօր, այլ նաեւ անցած քսանամեայ համակարգի ծնունդ են, ջղաձիգ են դարձրել մարդկանց, յաճախ այն շահարկելով ոմանց օգտին, իսկ բուն պատերազմի առիթով ենթադրաբար այն անստոյգ կարծիքն է շրջում, թէ երրորդ նախագահը կռահել էր մօտալուտ չարիքի անխուսափելիութիւնը եւ, երբ 2018-ին յայտարարեց, թէ «Նիկոլը ճիշտ էր» եւ զիջեց նորընտիր վարչապետի իր աթոռը՝ մտածուած քայլ էր՝ հեռու մնալու հետագայ  պատասխանատուութիւնից: Եթէ վարչապետը այն ժամանակ յայտնէր, թէ  բանակցային ինչ համաձայնագիր է փոխանցուել իրեն,  ապա հանրութիւնը նախ կ՝իմանար, թէ 20-ամեայ   գործընթացով  ո՞ւր ենք հասել  եւ պարզ կը լինէր նախկինների թողած ժառանգութիւնը[3]: Թերեւս տեղին է յիշել այն իմաստութիւնը, թէ մարդ աւելի քիչ սխալ կը գործէր, եթէ իմանար, թէ ինչ չգիտի, եւ երիցս իրաւացի է «ԱՍՊԱՐԷԶ»-ի(27-8) խմբագիրը գրելով՝«․․․ինչի կը ծառայէ այս նիստերուն գերազանցապէս տիրած ապառողջ եւ ոչ-կառուցողական մթնոլորտը, որուն մէջ խելայեղ փոխադարձ վարկաբեկումի, ամբաստանութիւններու եւ վիրաւորանքներու յորձանուտ մը տեւաբար կը պտտի․․․»:  Միանում ենք այդ մտքին եւ կարծում եմ,  թէ վիճակը քաղաքական իմաստակութիւն է, միայն թէ լաւ չհասկացանք թէ այն ուղղուած է բոլորի՞ն,  թէ՞ ընդդիմադիրներին, որ մեծ ի մասամբ բացակայ են դահլիճից եւ, յոյժ կարեւոր պետական ծրագրի մասին որեւէ բանավէճ չձեռնարկելով, բաւարար համարեցին չքուէարկել: Ա՞յս է կառուցողականութեան ձեւը եւ փայլուն օրինակը:

Որքան որ ցաւալի է՝ անհնար է չնկատել, որ բռնի ուժով խնդիր լուծելու մշակոյթը բաւական զարգացել է ներքաղաքական դաշտում եւ քաղաքակիրթ կեցուածքը իր տեղը վաղուց է զիջել տխմար գաւառականութեանը:

Տիրող քաոսային վիճակը, որ ոչ միայն յարիր չէ մեզ, նրա կարիքը չունենք եւ, եթէ շարունակուի եւ թափ առնի,  տանելու է դէպի կործանում՝ տարերային չէ,  ունի հեղինակ(ներ), իր ստոյգ ծրագրով եւ նպատակներով, թերեւս մասամբ, ինչ որ  ուժերի կողմից քաջալերուած եւ պարտադիր չէ մարգարէ լինել  գուշակելու, որ ընդդիմադիր դաշինքներ ստեղծելու գաղափարը նախկին նախագահների կողմից արուեց այն միտումով, որ մտնելով  կառավարութիւն՝ պիտի կարողանան իրենց նկատմամբ յարուցուած քրէական հետապնդումները չեղարկել, իսկ քաղաքական կուսակցութիւններ ներգրաւելը իրենց քաղաքական մերկութիւնը քողարկել է, քանզի զուրկ են գաղափարախօսութիւնից եւ նրանց կրօնը թալանն է՝ զանց չառնելով յանցագործութիւնների շարքը,  եւ այսօր դաս տուող դաշինքի անդամները երբեւէ պիտի չկարողանային երազել խորհրդարան մտնել, առանց երկու նախագահների ըստ ասէկօսէների ներդրած պատկառելի գումարների՝ չնայած նրանց սկզբնական նպատակը քոչին վարչապետի աթոռին նստեցնելն էր, որ թոյլ կը տար իրենց եւս որոշ մեծ կամ փոքր արտօնութիւնների տիրանալ, ինչպէս անցեալում:

Անհասկանալի եւ անըմբռնելի է ետպատերազմեան եւ նախընտրական ամիսներ տեւող խժդժութիւնների՝ ընդհուպ վարչապետի եւ խորհրդարանի նախագահի նկատմամբ անյաջող մահափորձից յետոյ հայրենիքի փրկիչները մտնում են խորհրդարան օրէնքի ուժով եւ պետական կարեւոր ծրագիր քննելու ընթացքին փոխանակ տրամաբանական լուծումներ թելադրելու քուէարկութեան պահին՝ զինուորի  հրաման ստանալու նմանութեամբ, բոլոր ընդդիմադիր թեւը լքում է դահլիճը, որ դասալքութեան համազօր է՝ իմ ընկալումով, փոխանակ մնալու եւ դէմ քուէարկելու, որ աւելի օրինական եւ տրամաբանական պիտի դիտուէր:

Անկարող եմ ենթադրել, որ դեռեւս ի՞նչ անակնկալներ են մեզ սպասում, միայն կարելի է յուսալ, որ ամէն մարդ կարողանայ գիտակցել իր տեղը եւ դերը երկրի բարօրութեան ճանապարհին:

1. Իմ համոզմունքն է, որ ունենք անզուգական մտաւոր մի  զանգուած՝ օժտուած բոլոր մարդկային որակներով՝ ցաւօք ստուերում մնացած:

2. Աննա Մկրտչեանի հայրը՝ Քասախ գիւղի համայնքապետը,  բազում իրաւախախտումների առիթով հետաքննութեան  ներքոյ է եւ գուցէ դուստրը փորձում է իր սանձարձակութեամբ  սատար լինել հօրը:

3. Միեւնոյն պահին, եթէ նա փորձառութիւնը ունենար եւ  կարողանար հաշտութեան որեւէ պայմանագիր կնքել, ապա գուցէ այդ դժոխքը չէինք ապրի, բայց այդ բոլորը «եթէ»ների  շարք է եւ խնդրեմ ա՛յն որպէս խորհուրդ չնկատուի:

 

ՈՂԲԱՄ

23 Օգոստոս 2021

«Իմ դժոխարմատ մահառիթ ծառի պտուղները դառն,
Որոնք ընտանի թշնամիներ են՝ մօտ ու հարազատ․․․
Անպատրաստ մարտիկ, նենգաւոր զինուոր,
Ցոփ սպառազէն, թուլամորթ մշակ,
Անխունկ քահանայ, անձիր վարդապետ,
Կշտամբուած դպիր, ցնդած իմաստակ, բռի ճարտասան»:
Նարեկացի– բան ԾԶ

Ասում  են բնութիւնը կատարեալ է, բայց գտնում եմ, որ նա  անարդար չի եղել երբ բաշխում  էր բանականութիւն եւ տրամաբանութիւն՝ հուսկ մարդկանց մտայնութիւնը հաւասար նժարի վրայ  դնելը դժուար էր՝ իմա անիմաստ եւ ոմանք գտնում են, որ այդ է մարդու ոչ-նիւթական հարստութիւնը: Թերեւս առանց որեւէ առարկութեան համաձայնուէինք այդ մտքի հետ մի կարեւոր պայմանով, որ այն լինի սանձահարելի եւ բարոյական  բարձր մակարդակի՝ ընդհուպ հեռու բոլոր տեսակի արտաքին պարտադրանքից ու գրաքննութիւնից:

Նման դժգոյն մտքեր ակամայից ծնւում են, երբ դիտում կամ կարդում ենք հայրենի ընդդիմադիր կոչեցեալ որոշ պատգամաւորների եւ մասնաւորապէս մի շարք մամուլի ծառայողների, որոնց ոչ միայն իմացականութիւնը կաղ է, այլ նաեւ կատարելապէս բացակայ է բարոյականութիւնը: Թերեւս նուաստս անհրաժեշտ ձեւով զինուած չէ նրանց հասկանալու եւ ընդունելու, միայն թէ երբ փորձում են սեւը ճերմակի տեղ ներկայացնել՝ խնդիրը այլ ծաւալ է ստանում:[1]

Կարծում եմ թէ շատերի համար, աւելի քան նողկալի էր, երբ տասնամեակներ անընդմէջ երկիրը թալանող եւ սնանկութեան դուռը հասցնող՝ ընդդիմադրի պիտակով որոշ աւազակախմբեր երկրի հաւասարակշռութիւնը խախտելու բազմաթիւ փորձեր արեցին, որի միակ նպատակն էր՝ իշխանութիւնը վերագրաւել փողոցներ փակելով եւ ամէն տեսակի վայրահաչութիւնով բոլոր տեսակի մեղքերը  բարդել եղած իշխանութեան եւ վարչապետի վրայ, ընդհուպ Աւարայրի ճակատամարտը, իսկ մի քաղաքական խրտուիլակի ժամանակաւոր վարչապետ նշանակելու տխմարութեան մասին աւելորդ եմ համարում անդրադառնալ՝ ամէն մարդ հասկացաւ եւ ժողովուրդը պարզօրէն արտայայտուեց յունիս 20-ի ընտրութիւններին, թէպետ ոմանք յամառօրէն պնդում են, թէ քուէարկութիւնը վարչապետի օգտին չէր, այլ քոչի դէմ եւ չեն թաքցնում, որ կնոջ հետ վարչապետի դէմ եւս մահափորձի անյաջող քայլեր են եղել՝ պատսպարուուած երկրի փրկութեան  քողի տակ: Ինչ ամօթ եւ ստորնութիւն: Ի մէջ այլոց քաղաքական ընդդիմադիր դաշտում մի կեղծ մտայնութիւն է հաստատուել ու զարգացել, որ ամէն անգամ, երբ իրենց համակիր որեւէ յանցագործ են կալանաւորում, ակնթարթօրէն աշխարհով մէկ տարածւում է միջադէպը «քաղաքական հետապնդման» գնահատականով եւ շինծու փաստերով, ինչպէս այդ եղաւ երկրորդ նախագահի դատավարութեան ընթացքին, երբ եւրոպական դատարանները ողողուած էին նրա անմեղութեան եւ գործի հակասահմանադրական լինելու գրութիւններով եւ աւելի ահռելին այն է, որ հոկտեմբերի 27 եւ մարտի մէկ, ինչպէս նաեւ ապօրինի հարստացում չեն եղել, եւ անմեղ, հայրենաշէն երկրի փրկիչը քաղաքական ճնշման տակ, իսկ աղմուկ աղաղակ կարող է ստեղծուել ցանկացած օրինազանցի պարագային եւ առք ու վաճառքի ենթակայ մամուլը պատրաստ է արձագանքել,  երբ ունի՝ պատահաբար, կամ սխալմամբ մի քանի իրենց աթոռին նստած բարձր պաշտօնեաների կամ հոգեւորականների հովանաւորութիւնը կամ սատարը: Խորհրդարանի[2] արդի կազմը բնաւ ոգեւորիչ չէ, եւ այնտեղ նստարան զբաղեցնողների ընդդիմադիր թեւը ոչ միայն  պատրաստ չէ, այլ նաեւ հայրենափրկութեան բարձր կանչերով, նրանցից իւրաքանչիւրը հեռու է կառուցողական որեւէ քայլ առնելու: Նրանք իրենց շահը գերագոյն նպատակ համարելով չեն հաշտւում այն պարզ մտքի հետ, թէ ինչ որ մէկը կարող է արգելք լինել նախկին տիրող թալանի համակարգին, եւ ամէն տեսակի խարդախ միջոցներով խորհրդարան մուտք գործելով փորձում են իրենց կամքը թելադրել մեծամասնութեանը: Ընտրապայքարի աւարտից սկիզբ առան զանազան բողոքներ եւ նիստերի դահլիճում ձեռնարկած խանգարիչ արարքներ, որոնք ուղղակի շարունակութիւնն են ամիսներ տեւող փողոց փակելուն՝ նոյն անձանց նոյն գարշահոտ բառապաշարով: Չեմ կարծում, թէ նրանք տեղեակ չեն, որ պատերազմը դեռ չի վերջացել եւ ընդամէնը չորս տարի է մնում մեզ ոտքի կանգնելու եւ վերակազմուելու եւ Ալիեւի ախորժակը ոչ միայն չի նուազել, այլ օր ըստ օրէ նոր պահանջներ է առաջ բերում, որոնք արժանի պատասխանի կարօտ են, մինչդեռ մեր հայրենանուէր, նոյնիսկ կեանքը չխնայող ընտրեալները նիստերի դահլիճը լքում են, մի քանի այլ պատճառաբանութիւնների կողքին այն պատրուակով, որ կառավարութիւնը որոշել է խստացնել լրագրողների ելք ու  մուտքը խորհրդարան, անվտանգութեան եւ ներքաղաքական կայունութեան  սկզբունքի պահանջով՝ նրանց յատկացնելով անհրաժեշտ տարածք եւ դա գնահատւում է որպէս բռնութիւն եւ ազատութեան իրաւունքի սահմանափակում: «Խելքի աշեցեք»՝ պիտի ասէր  գուսանը:

Նման խժդժութեան պայմաններում, թերեւս անհրաժեշտ ուշադրութիւնից դուրս է մնում երկրում եղած կարեւորագոյն խնդիրներից՝ Արցախի կարգավիճակի՝  ոչ միայն արծարծումի այլ վերջնական լուծման հարցը, որ հեռու է պարզ եւ հեշտ լինելուց, քանզի մօտ երեք տասնամեակ ձգձգուելով որեւէ եզրայանգում չունեցաւ, եւ ոչ մէկի համար գաղտնիք չէ, որ «այդ խմորը դեռ շատ ջուր կը քաշի» եւ յուսանք, որ այդ հարցը իր լրջութեամբ տեղ կը գտնի պատկան եւ անհրաժեշտ ատեաններում: Ողբալի է նման ընդդիմութիւն ունենալը,  ԱՆԵԼԻՔ ՇԱՏ ԿԱՅ, ՄԻԱՅՆ ԹԷ․․․

1. Արդի պայմաններում անձնական կարծիք ունենալը վտանգաւոր է դարձած, քանզի անմիջապէս ,ինչ  որ մէկին համակարծիք չլինելով պիտակը փակցնում են ճակատիդ եւ չեմ կարծում, թէ վարչապետը կամ իշխանութիւնը այլ իրաւապաշտպանի կարիք ունեն:

2.  Քսան տարի անընդմէջ պատգամաւոր են եղել անգրագէտ ու տխմար մարդիկ, որ երբեւէ  առնչութիւն չեն ունեցել ընթացքի մէջ եղած նիւթի կամ խնդրոյ հետ եւ ներկայ են եղել միայն անհրաժեշտ պարագային կոճակ սեղմելու համար՝ ըստ եկած հրահանգի, եթէ քնած չէին եւ միայն նրանց անունները՝ Նեմեց Ռուբօ, Շմայս, Դոդի Գագօ եւ բազում նման այլանդակութիւններ նողկանքի էին արժանի եւ անյայտ է, թէ այսօր  ո՞ր մկան ծակն են ծախու առել:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published.

You May Also Like