Ռուբէն Յովակիմեան, Ֆրանսա, 13 Դեկտեմբեր 2020
«Քաղաքագէտներից ոմանք ջուր են պղտորում, միւսները պղտոր ջրում
ձուկ են որսում, իսկ ուրիշներ՝ ջուրը պղտորում են, որ ձուկ որսան»:
Ֆրանսական
Խորը կսկիծով տեղեկանում ենք, որ Երեւանում քաոսային մղձաւանջ է եւ տիրող տրամաբանութիւնը պարսաւանքն է իրար նկատմամբ, ուր բացակայ է բացարձակապէս՝ խոհեմ եւ իմաստուն յարգանքի մարդկային յատկութիւնը: Կարելի՞ է արդեօք այն բացատրել պատերազմի դժբախտ ելքով կամ մասամբ համաճարակի ստեղծած անբարենպաստ մթնոլորտով: Անձամբ կարծում եմ, թէ դրանք գրգռիչ լինելով ստեղծում են ոչ-բարենպաստ հոգեբանական լարուածութիւն, բայց փոխել չեն կարող բանականութիւնը եւ ընդհանուր գիտակցութիւնը շահի նկատմամբ: Այսօր փողոցի ցուցարարների միակ եւ հիմնական կոչ-«լեյտմոտիւ»ը (շարժառիթը) հրաժարականն է, ուր ամբոխի մաս են կազմել անձնաւորութիւններ, որոնք կարող էին լինէլ աւելի ճիշտ եւ տրամաբանական, եթէ պարզապէս լռէին եւ մնային տասնամեակներ շարունակ իրենց նախընտրած երկրի թալանի եւ ոչնչի հետ կապ չունենալու վիճակում: Թող ներողամիտ լինեն եւ չզարմանան ոմանք, եթէ իմ հայ լինելու հանգամանքով եւ բնատուր իրաւունքով հարց տամ, թէ՝ բացի քաղաքական ինչ որ բացառիկ դրդումներից, ի՞նչ պատճառ կարող էր ստիպել հայ բարձրաստիճան հոգեւոր տիրակալներ՝ Գարեգին Բ-ին եւ Արամ-Ա-ին, վարչապետի հրաժարականի կոչ անել, եւ ադամանդեայ խաչը ճակատին քաղաքական նկուղից ելած՝ այդ աթոռի թեկնածու յայտնուածի հետ նկարուել եւ սփռել: Իմ կարծիքով քայլը առաջադրանք է՝ ձեռագիրը՝ ծանօթ, որ ոչ մէկ կապ ունի մթնոլորտը հանդարտացնելու իմաստով, փոխարէնը այն հաստատում է իր իսկ հրաժարականը պահանջողների իրաւացի լինելը:
Նոյնքան ցաւալի է, որ նոյն քայլին են դիմում պատասխանատուներ՝ յԱնթիլիաս եւ սփիւռքի բազում թեմերի հոգեւոր առաջնորդներ՝ հաւանաբար Արամ Ա-ի հրամանով եւ օրհնութեամբ, որ ինչ որ քաղաքական ստոր ճնշումների հետեւանք կարող է լինել, որոնց տխմարաբար միացաւ նաեւ ՀԲԸՄ-ի «համբաւաւոր» գլխաւոր տնօրէն՝ Պերճ Սեդրակեանը, որ փառաւոր կերպով դպրոցներ փակեց եւ թերեւս շարունակում է, որոնց շարքին Մելգոնեանը իր դարաւոր վաստակով: Ո՞ւմ են ծառայում սրանք, երկրի՞ն, թէ՞․․․ Ո՞վ տուեց այդ անբեկանելի հրամանը:
Ինչպէ՞ս հասկանալ եւ հաշտուել, որ երկիրը փրկողի թեկնածուն (իմա՝ թալանը վերականգնողի յանձնառու ներկայացող) խստօրէն յայտարարում է՝ թէ «Նիկոլը պիտի հեռանայ կամքով, թէ չէ՝ կը հեռանայ զօռով, այլ կերպ ժողովուրդը կը յօշոտի նրան»: Փրկչի թեւաւոր խօսք:
Բազմիցս ասել ենք ու դարձեալ պիտի կրկնենք, որ վարչապետի սխալներից կարեւորագոյնը այն է, որ կառչած մնալով իր թաւշեայ թոյլ գաղափարին, անհրաժեշտ մաքրագործումներ չարեց եւ թողեց, որ կիսաթագնուած աւազակները բարգաւաճեն եւ այսօր ընդդիմադիր բանակ ստեղծեն, որոնք մոլուցքով տարուած դեռ չեն հասկացել, որ քաղաքականութիւնը այլ ծաւալի է՝ համապատասխան չէ իրենց տգիտութեանը եւ իշխանատենչութեանը:
Նախկինների կողմից ոտքի կանգնած մի քանի շահագրգիռ ճարպիկ անձեր, որ հեռու, շատ հեռու են որեւէ տեսակի ու բնոյթի գաղափարախօսութիւնից, կարողանում են մի քանի դրամ կաշառքով փողոց հանել, ընդհուպ խորհրդարանի վրայ յարձակուելով նախագահին ծեծել, կահոյք ջարդել, համարելով, որ ամբոխը իրենց հետ է, իսկ հայհոյանքն ու պարսաւանքը դարձել են քաղաքական մշակոյթ: Յիշեցնեմ ԲՀԿ դոդի-գագոյի գաղափարական յենարան երկու փափկասուն տիկնանց աղբակոյտի նմանուող ելոյթները՝ որ հնչում են ամէնուր: Աւելին, սրանք ստուարաթղթէ շինուած քաղաքական գործիչներ են, որոնց ուղեղում գործում է միայն աթոռի եւ հանրային բարիքից օգտուելու տենչը՝ իրենց խմբի ղեկավարին դարձնելով կուռք, եւ անընդունակ են այլ խնդիրների մասին մտածել, բայց ցաւօ῀ք՝ այդպիսիները բազում եւ անպակաս, իրար նման եւ զանազան․ բայց ընտրուած պատգամաւոր լինելով՝ օրինակ կարող են դառնալ ապագայ սերունդի դաստիարակութեան ոլորտում:
Այսուհանդերձ հրաժարականի հարցը մնում է օդից կախուած, որին միակ լուծում տուողը կարող է լինել վարչապետը՝ իր անձնական խղճի եւ գիտակցութեան թելադրանքով, միայն թէ, այն պիտի լինի նիւթի մանրակրկիտ քննարկումով՝ առարկայական, առանց արտաքին երեւոյթների ազդեցութեան ենթարկուելու: Այս նիւթի վերաբերեալ բազում են նաեւ գիտակներ, որոնք մտավարժութեամբ տառապելով, գտնում են, որ պատերազմ կորցնողը չի կարող աթոռը պահել եւ ուշադիր լինենք, թէ ինչպէս է միշտ խնդիրը պտտւում աթոռի շուրջը, բայց մարտերը կորցնելու պատճառի եւ հիմունքներից չեն խօսում: Մեր նախորդ յօդուածով նշել էինք, որ այս պատերազմը հնարաւոր չէր շահել, քանի որ անցած քսան տարիներին յաղթանակի պատրաստ չենք եղել, որին կարելի է աւելացնել առաջնագծում եղած դաւադիր սպաների ներկայութիւնը: Ըստ Արցախի անվտանգութեան պատասխանատու Սամուէլ Բաբայեանի վկայութեան՝ բազմաթիւ են եղել դասալիք ջոկատներ, մանաւանդ Շուշիի մատոյցներում՝ քարոզելով զինուորներին, թէ «արդէն Նիկոլը ծախել է, գնացէք տուն»: Ուրեմն թոյլատրելի է մտածել, թէ ոմանք՝ աւելի քաւութեան նոխազ են փնտրում, քան կորուստը ողբում:
Միւս կողմից՝ ժողովրդի երերուն վստահութիւնը կրկին վերականգնելու համար, պէտք է, որ վարչապետը գտնի գողօնը վերադարձնելու իր նախկին խանդավառութիւնը:
Եթէ ճշմարիտ է, որ երկու տարին բաւարար չէ բանակը զինել, ինչ միւսները քսան տարում չկարողացան անել՝ մանաւանդ դրամի լուրջ պակասի պայմաններում, ապա այդ ժամկէտում հնարաւոր էր լուրջ մաքրագործում իրագործել քաղաքական դաշտում նրան՝ կցելով իրաւական համակարգը: Ոչ մէկ արդարացում կարող է լինել խոշոր ձկներին բանտը դնել ու մի քանի օրից տուն ուղարկել առանց դատ ու դատաստանի՝ գիտենալով, որ նրանք ձեռները ծալած պիտի չսպասեն յաջորդին:
Չեմ կարծում, թէ վարչապետը անտեղեակ է իր հակառակորդ դասակարգի մարդակեր որակին եւ նա շատ լաւ պիտի գիտենայ, որ առաջին զոհը ինքը կարող է լինել, եւ գաղտնիք չէ, որ արդէն փորձեր եղել են եւ բարի հրեշտակը կանխել է զինուած դաւադրութիւնը: Կարիք կա՞յ արդեօք հոկտեմբեր 27-ը յիշեցնել, որ կարող է աւելի մեծ ուժգնութեամբ կրկնուել: Պատահական չէ ցոյցերի թեկնածուի զգուշացումը, թէ «կը յօշոտեն» եւ այնքան վստահ են, որ նոյնիսկ հրաժարման ժամկէտ են դնում թերեւս՝ օրուայ, ժամի եւ վայրկեանի ճշտութեամբ:
Յոյսով եմ, որ վարչապետը անհրաժեշտ ժամանակ կարողանայ յատկացնել վերլուծելու խիստ կարեւոր հարցերին լուծում գտնելու հրամայականը:
Նա պարտաւոր է:
1 comment
Յարգելի պարոն Յովակիմեան, Ձեր սիրած վարչապետ Փաշինեանը՝ ապուշ եւ ապիկար ամբոխավար է, անպայման պիտի հրաժարական տայ, իր նոյնպէս ապիկար թայֆայով հանդերձ: Ինչքան շուտ՝ այնքան լաւ երկրի համար: Հայաստանում առողջ ու իսկապէս հայրենասէր ուժեր կան, որոնք կարող են երկիրը այդ ահաւոր փոսից վեր քաշել՝ օրինակ Ազգային Ժողովրդավարական Բեւեռը («Սասնայ Ծռեր + Հայաստանի Եւրոպական Կուսակցութիւն): Իսկ վեհափառները երկուսն էլ ճիշտ են՝ Կիկոլը պիտի գնայ, երկրի համար նա հանդիսանում է իսկական անէծքը: Ալեքսանդր Բրինքեն (ոչ-Հայ), Զուիցերիա: http://www.brincken.ch [email protected]