«Պետութիւնը մեր գործերի գանձարանն է,
անցեալի վկան, խրատ ու օրինակ ներկայի
համար, նախազգուշացում՝ գալիքի համար»:
Սերվանտես
Ռուբէն Յովակիմեան, Փարիզ, 12 Սեպտեմբեր 2020
Յաճախ է պատահում, որ մտորումներիս ընթացքինդժգոհութիւնս յայտնեմ բնութեանը, թէ ինչո՛ւ նա իր ժուժկալութեան պատճառով բանականութեան եւ տրամաբանութեան զգացումներից զրկել է ոմանց, չնայած երեւոյթը հիւանդագին չէ եւ մահացու եւս չէ: Այդ
արատով օժտուածները բազում են, կարող են լինել ամէնուր՝ ընտանեկան անդամներից սկսած մինչ երկրի բարձրագոյն պաշտօնեաներ, եւ բացառուած չէ , որ նոյն գնահատականին արժանանանք մենք ինքներս՝ ոմանց կողմից: Հեռու եւ մօտ անցեալում գործող տաճարներին եւ մատենադարան-գրադարաններին փոխարինում են սուպերմարկետները ամերիկեան անուններով, որտեղ հնչում են, առանց ընդհատումի,
միայն արեւմտեան աղմկարար մեղեդիներ, իսկ նրանց ցանցը բաւական խիտ է, գրեթէ իւրաքանչիւր փողոց ունի իրենը: Երեւոյթը համատարած է աշխարհով մէկ, միայն հայկական չէ եւ հետեւանք է համաշխարհայնացման, որի հաւատամքն է դրամ եւ շահոյթ:
Յայտնի սկզբունք է, որ որեւէ հասարակութեան կայունութիւնը կախում ունի նրա բանական կենցաղի եւ իմացականութեան մակարդակից: Ո՞ւմ ծանօթ չէ
բիբլիական սոդոմ-գոմորեան պատմութիւնը, ուր ազատ կենցաղի անուան տակ տիրում էին արուամոլութիւնն ու իգամոլութիւնը: Նման երեւոյթներին մօտեցող կացութիւններ անպակաս են մեր երկրում, ուր մտքի բարոյական մակարդակը բաւական ցածր ու կաղ է, եւ ամէն տեսակի հարուածներ ու արարքներ կիրառելի են: Համատարած չե՞ն դիրքի չարաշահումները բոլոր ոլորտներում՝ լինի իրաւական եւ օրինական դաշտը,
կրթական, առողջական, մշակոյթի համակարգը, քաղաքական եւ հոգեւորական դասը եւ բազում ուրիշներ, որոնց բոլորը թուել դժուար է: Այս տխուր կացութեան
պատճառներից մէկը երկրում առողջ միջին դասակարգի չգոյութիւնն է, նրա փախուստը արտերկրներ: Դէպի ո՞ւր ենք գնում: ՅՈ՞ ԵՐԹԱՍ:
Անժխտելի իրականութիւն է, որ մեր երդուեալ թշնամի Իլհամ Ալիեւը կնոջ՝ Մեհրիբանի եւ իր անմիջական շրջապատի հետ միաձայն, ամէն առիթով յայտնում են, թէ մօտ օրերին պիտի գան, Երեւանը գրաւեն ու այնտեղ թէյ խմեն, իսկ նրանց ենթակայ զօրավարները
անդադար կրկնում են, թէ շուտով Սեւանի մէջ է, որ իրենց աղտոտ ոտքերը պիտի լուանան՝ մոռանալով, որ 1991-94 թուերին իրենց առաւել զինումով պատերազմեցին մեր փոքրաթիւ բայց քաջարի բանակի դիմաց եւ ջախջախուեցին փառաւոր ձեւով՝ մեզ թողնելով Արցախը, եւ որ արդէն բազմիցս փորձել են զէնքով խօսել մեզ հետ եւ միշտ կորուստով հեռացել:
Նոյն տհաս տրամաբանութիւնն ունեն մեր որոշ, իրենց անշահախնդիր ընդդիմադիր համարողները՝ մանաւանդ նախկինների թափթփուկները, որոնք առիթ չեն փախցնում կառավարութեանը քննադատելու՝ շտապ արտակարգ ընտրութիւններ պահանջելով: Նրանք եւս մոռացութեան են մատնում այն անհերքելի փաստը, որ վերջին ընտրութիւններին ժողովուրդը իրենց դուրս շպրտեց, եւ քաղաքական դիակ լինելով՝ այլեւս ասելիք բան չունեն (չեն էլ ունեցել), բացի երկիրը դէպի անդունդ մղելուց: Նրանք ընդդիմադիր չեն, այլ փոխվրիժառուներ (ռեւանշիստներ): Բացի իրենցից՝ բոլորը գիտեն այդ:
Տեղին է յիշել Պարոյր Սեւակի երկտողը՝ «Այն էլ զգացի, ցաւո՜վ զգացի, որ կտրելուց յետոյ է միայն երեւում ծառի բո՛ւն հաստութիւնը»:
Որտե՞ղ կարելի է փնտրել բանականութիւն, երբ երկրի խոշոր ընդդիմադիրների ղեկավարը, որ իրեն փոխարքայ է համարում, իր համակիրներից գրաւոր
խոստմնագիր (ղազագիր) է պահանջում հաւատարիմ մնալու պահանջով: Տարրական կրթութիւնից զուրկ այդ անձը, վարչապետի աթոռ զբաղեցնելու յաւակնութիւն եւ մարմաջ ունենալով, հաւաքոյթներ է կազմակերպում՝ դիմելով ներկաներին «Ժողովուրդ ջան, ձեր ցաւը տանեմ» յանկերգով… Աւելի, քան ողբալի է:
Երկրի «միակ տղամարդ» Ռոբը, որին ծանօթ չեն վեհանձնութիւն ու արժանապատուութիւն հասկացութիւնները, կեղծ եւ սուտ հիւանդութիւնների վկայականների տիրանալով, իր նման եւ իր լափամանից սնուող բժիշկների միջոցով պլստաց բանտախցից եւ որեւէ ջանք չի խնայում արգելակելու դատական ընթացքը՝ թերեւս յուսալով, որ իր սնած եւ աճեցրած քաղաքական թուլաները կը կարողանան իշխանափոխութիւն անել որեւէ ձեւով, եւ ինքը կը կարողանայ վերադառնալ երազած քաղաքական դաշտ՝ վստահ լինելով, որ արդիւնքը արդարացնում է միջոցները:
Ռոբի երկուորեակ Սերժիկը ետ չի մնում իր աւագ կոլեգայից: Նա եւս հանրահաւաքի սիրահար է եւ իր բացօթեայ հանդիպումներին ներկայանում է
քառօրեայ բախումների հերոսի դերում՝ համարելով, որ այդ օրերին վառելանիւթի եւ զինամթերքի անբաւարար լինելը զրպարտու֊թիւն է, չնայած այդ լուրի հեղինակը
իր իսկ վարչապետն է: Դոյզն պատուարժան մէկը չէր հանդուրժի հասարակութեան առջեւ ելնել, եթէ զանց չառնէր, որ իր հարազատ եղբայրները իրենց զաւակներով սարսափի էին ենթարկել ողջ երկրի գործարար հատուածը, իսկ փեսայ Միշիկը հօր հետ միասին, հազիւ մաշիկները թեւի տակ առած, փախան երկրից, շատերի նման գիտակցելով իրենց յանցանքների մեծ ծաւալը:
Սրանք եւ նրանց նմանները բաւական աշխուժացել են: Նրանք քննադատում են, թէ վարչապետը, կարեւոր գործերը թողած, ճանապարհ է շինում: Այո, սխալ է, որ այդ ոհմակը դեռ խցիկներում չէ եւ խօսելու հնարաւորութիւն ունի:
Լուսահոգի մայրս պիտի ասէր՝ «գողը երբ զօրաւոր է լինում, տան տիրոջը գող է հանում»:
Յուսանք՝ «Նորից գարուն կը գայ, կը բացուի վարդը»: