ՓՐԿԻՉՆԵՐ

Illustration by Armine Shahbazyan.

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, 9 Հոկտեմբեր 2021

«Իւրաքանչիւր ոք պատկերացնում է քաղաքականութիւնը
ըստ իր մտային հասանելիութեան»: Կարդինալ Ռիշելիօ

Ցաւալի է տիրող ոչ պետական մտածողութեան բացակայութիւնը մեր քաղաքական դաշտում,  ընդհուպ անկիրթ ու գաւառական  մթնոլորտը հայրենի Ազգային  ժողովում: Երկրի արդի օրհասական եւ դժուարին պայմաններում անպակաս են ինքնաբաւ փրկիչները, բայց սակաւ են նուիրեալները:

Երկուշաբթի,Նոյեմբեր 8-ին, ստորագրուած եռակողմ յայտարարութեան մէկամեայի առիթով Ազատութեան հրապարակում  տեղի ունեցաւ Ռոբերտ Քոչարեանի, գլխաւորութեամբ եւ հովանաւորութեամբ  «Հայաստան» դաշինքի կազմակերպած  հանրահաւաքը,    որտեղ  խօսք առնելով Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը յայտարարեց, որ «Այդ հաւաքով հիմք են դնում համազգային դիմադրութեան եւ հայ ժողովուրդը պէտք է ձեւաւորուի, եւ պիտի ունենայ երկու ճակատ՝ արտաքին եւ ներքին»: Ինչպիսի վեհ եւ խորիմաստ սկզբունք, որ սոփեստութիւնից հեռու չէ, միայն  պարզ չէ, թէ  այդ նշուած ներքին ճակատը ի՞նչ բաղադրութիւն ունի եւ այդ սկսնակ գործիչը իր քաղաքական կնքահօր՝ քոչի յաւակնութիւններին յենուելով համարձակում է համազգային մեծութիւնների մասին բարբաջել տեղեակ չլինելով, որ նախկին ընտրութիւններին իր խումբը միայն շուրջ մէկ տոկոսի  քուէարկութեան էր հասել եւ աւազակապետի հետ դաշինք կազմելով է, որ յայտնուել է խորհրդարանում եւ ըստ էութեան հեռու չէ անբարոյ լինելուց: Ճիշտ է ասուած, թէ՝ «Քաղաքական ատենաբանութիւնը ծառայում է մի նպատակի՝ սուտն ու կեղծիքը ներկայացնել որպէս ճշմարտութիւն» (ՋորՋ Օրուել):  Ցաւօք այդ օրի ենք:  

   Այդ հանրահաւաքի մեծ զաւեշտը քոչի ներկայութիւնն էր՝ միշտ երկրի միակ փրկչի հանգամանքով:  Խօսքը  ներկաներին ուղղելով նա կարողանում է առանց աչքերը թերթելու եւ պատասխանատուութեան զգացումի բացակայութեամբ յայտարարել թէ «Պարտութիւնը սկսուել է աւելի շուտ, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, սկսեցին գլխատել բանակը, կադրային ջարդ իրականացնել բանակում: Իրենց պէտք էր ոչ թէ մարտունակ բանակ, այլ պէտք էր իրենց հաւատարիմ բանակ: Երբեք ոչ մի բանակ, որը հաւատարիմ է մէկ մարդու, չի կարող լինել մարտունակ»: (տես ԱԶԴԱԿ 9-10) Այդ անձը մինչեւ օրս չի հասկացել եւ երեւի չհասկանայ, կամ չի ցանկանում հասկանալ, որ իր նշած «Իրենց»ը հէնց ինքն է, իր իսկ շրջապատով եւ դաշինքներով: Նա շարունակում է իր ուղերձը՝ «Սա արժանապատուութեան հանրահաւաք է, քո ներկայութեամբ ցոյց տուր, որ մերժում ես Արցախի հայաթափումը, իշխանաւորների գանձագողութիւնը» ։ Ինչ անենք․- ծիծաղենք, լանք թէ ողբանք, երբ արժանապատուութիւնից է համարձակուում խօսել մի անձ, որ լինելով զուրկ այդ որակից՝ ժամանակին յայտարարում էր, թէ Հայաստանի միակ տղամարդն է, որի կատարեալ ապացոյցն  էր թիկնապահների միջոցով սրճարանի զուգարանում իր ուսանողական դասընկերոջ Պօղոս Պօղոսեանին սպանելը։ Արցախի հայաթափութիւնն է նշում, երբ Հայաստանի վարչապետ նշանակուելով՝ Արցախից Երեւան տեղափոխեց իր հաւատարիմներին՝  ընտանիքներով հանդերձ, իսկ գանձագողութեամբ կուտակած գումարներով   ներդրումներ արեց ամէնուրեք՝ բացի Արցախից, յունական կղզի գնելով կամ Աֆրիկայում առիւծի որս անելով՝։  Այսպիսով նա  վաստակել է  գանձագողութեան դէմ  պայքար ծաւալելու լիարժէք իրաւունքը, քանզի ինքն է հիմնական գործող անձը։ Ըստ երեւոյթին այդ անձը մի պատրանք ունի՝ կարծելով, թէ ինքը ամենազօր  աստուածային պարգեւ է, եթէ ոչ չէր յայտարարի, թէ ինքը կարող էր կանխել 44 օրեայ դժոխքը եւ հարց տուող չեղաւ, թէ ո՞ւմ էր սպասում եւ ինչո՞ւ տեղից չշարժուեց այդ օրերին: Մեր կարծիքով նա՝ ոչ աւել ոչ պակաս անբարոյ ստախօս խաբեբայ է: Նա նոյնիսկ չի յիշում, որ Մարտի 1-ի առիթով հրամայել էր սահմանին եղած բանակը տեղափոխել Երեւան իր պաշտպանութիւնը ապահովելու նպատակով:   Այս բոլորի հետ մէկտեղ անկարելի է պարզամիտ մի հարց չտալ, թէ ա՛յս ազգը փրկելու ցանկութեամբ այրուող անզուգական հոգիները, եթէ իրենց պայքարը մտադիր էին փողոցներում կայացնել, ապա ինչո՞ւ մտան խորհրդարան եւ եթէ մտան, ապա ինչո՞ւ իրենց պարտականութիւններով չեն զբաղուում: Անհերքելի փաստ է՝ երբ գողանալու առիթ այլեւս չի ունենում՝գողն իրեն պարկեշտ է համարում:

 Զարմանալ եւ միաժամանակ ողբալի է, որ մեր հայրենաբնակների մի տեսականի կայ, որ կարողանում է համակրել եւ նոյնիսկ անդամակցել նման խեղկատակներին, ընդհուպ ոմանք մասնակցում են ցոյցերին պիցցայի մի բաժին կամ դրամային փոխհատուցում ձեռք բերելու յոյսով, քանզի ինչպէս լուսահոգի մայրս իր խարբերդցի բարբառով կ՝ասէր՝ «անցուկը մոռցուկ է»:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like