Լռութիւնը միշտ ոսկի չէ

Credit: Connecticut Public Radio / WNPR

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայէլ (Ֆրանսիա), 29 Դեկտեմբեր 2022

«Կեանքը պէտք է ապրել, եւ ոչ գոյատեւել»:
Պղուտարքոս

«Մարդկանց ապրելակերպը աւելի
տեսանելի է քան Մասիսի գագաթը»:
Հայկական 

Երբ աշխարհը զոյգ տօները ճոխ դիմաւորելու հոգսերով է ծանրաբեռնուած, ՀՀ-ի եւ Արցախի շուրջ ընթացող զարգացումները մնում են անորոշ: Այս վիճակն ստեղծուել է ազերի ռազմատենչ «գորշ գայլեր»-ի՝ Բերձորի միջանցքը բնապահպանական պիտակի տակ փակելու եւ ռուս խաղաղապահների կրաւորական կեցուածքի պատճառով: Թէպէտ տեղում ռուս պատասխանատու սպան խոստացել էր մի քանի օրից խնդիրը կարգաւորել, բայց խոստումը չյարգուեց. աւելին, վտանգ կայ, որ իրավիճակը ամէն պահի կարող է անվերահսկելի դառնալ: Վարչապետը նոյն օրերին հանդիպել է Պուտինի հետ՝ ներկայացնելով տիրող վիճակը եւ հայցել նրա միջամտութիւնը՝ Արցախի վիճակին վերջնական լուծում գտնելու նպատակով:[1] Անյայտ է, թէ որքա՛ն պիտի սպասենք…

Ո՞ւմ համար է գաղտնիք, որ այս բոլորը սադրանք է եւ պատերազմի յաջորդ փուլի նախաշեմ, նոյնիսկ զգուշացում մեր իշխանութիւններին՝ նոր բանակցութիւնների ժամանակ նոր պահանջներ դնելու միտումով:

Իսկ մեր ներքին պառակտումները բաւական առատ ջուր են բերում Ալիեւի ջրաղացին:

Երբ իրար հակասող մտքեր եւ «փրկարար» ծրագրեր են առաջարկում հանրութեանը, դժուար է հարց չտալ, թէ հայրենի հասարակութեան նպատակը ի՞նչ է եւ ո՞ւր են ցանկանում հասնել: Ոմանք ուղղակի պնդում են ռուսների հետ դաշինքից հրաժարուել եւ ուղղուել դէպի Արեւմուտք՝ մոռանալով ոչ հեռու անցեալում մոլդաւացիների ու վրացիների գլխին եկածը եւ ուկրաինական արդի դժոխքը: Մեր անզգոյշ լինելու պարագային կը դառնանք մեր դրացիների կամ այլոց կեր: Կարիք կա՞յ յիշեցնելու, որ պետութիւնները միայն սեփական շահի սկզբունքով են գործում, իսկ մենք շահաբեր չենք դարձած դեռ: Չմոռանանք Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի լպիրշ խօսքը, թէ «հայերը ո՞ւմ են պէտք», նաեւ Բաթումի, Ալեքսամդրապոլի, Կարսի եւ միւս պայմանագրերը, Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքուի ու այլ վայրերի եղեռնները, 44-օրեայ դժոխքը:

Ժամանակն է, եթէ արդէն ուշ չէ, արդի աղջամուղջային պայմաններում, համահայկական մեր շահերին համեմատ զգոյշ քայլերով առաջանալ, ներքին թէ արտաքին քաղաքականութեան ոլորտներում գործել ծանր ու թեթեւ անելով մեր իւրաքանչիւր խօսքն ու արարքը: Ոմանք պնդում են, թէ ԱՄՆ-ից պէտք է պահանջել աջակից լինել մեզ, որպէս ժողովրդավար երկիր եւ խիստ պատժել ազերի արկածախնդիրներին, ուրիշներ բողոքում են ռուս խաղաղապահների անօգուտ լինելու փաստից, մինչեւ իսկ համարում են որ ճանապարհը փակել են ռուսները՝ մեզ ստիպելու մտնել Ռուսաստանի կամ Ռուսաստան-Պելառուս միութենական պետութեան կազմի մէջ, եւ տարբեր նման բաներ: Եթէ նոյնիսկ այդ տեսակէտները մասամբ ճիշտ են ու հաւանական, արդեօք տեղի՞ն է ամէն ճշմարտութիւն բարձրաձայնելը:[2]

Եթէ վերոյիշեալները վտանգածին հանգամանքներ են՝ կապուած արտաքին աշխարհի հետ, ապա ոչ պակաս կործանարար են ներքին պառակտումները: Իշխանութիւն-ընդդիմութիւն անիմաստ ու ոչնչի չծառայող յարաբերութեանը մտադիր չեմ անդրադառնալ: Արդէն բաւական խօսուել է այդ նիւթի շուրջ: Մի կողմից դժգոհում ենք, թէ ազերի դպրոց-մսուրներում իսկ հայատեացութիւն են քարոզում, միւս կողմից Տաւուշի առաջնորդ Բագրատ եպս․ Գալստանեանը (որ քաղաքական ոլորտ է մտել ակամայ կամ իր վերադասի ցուցումով) իր հանրային ելոյթում կաթոգին շեշտում է, թէ իրական հայերը յաղթելու են վատ-թուրք հայերին՝ պառակտելով հայ հանրութեանը: Նա մոռանում է, որ հայութեան մեծ մասի համար իրե՛նց իսկ հրաժարումը հոգեւոր կարգից՝ աւելի ցանկալի է եւ անհրաժեշտ: Ցաւօք մերոնք-ձերոնք-ի այս հիւանդագին մտայնութիւնը շատ տարածուած է: Եւ հէնց մեր իսկ հեղինակած ա՛յդ մօտեցումն է ինքնակործանման ակունքը:

Նման քաոսային մտայնութեան պայմաններում թիւ մէկ տուժողը հայեցի մթնոլորտն է, ազգային միութեան գաղափարախօսութիւնը, իսկ պետական մտածողութեան մասին խօսք անգամ լինել չի կարող: Իրար հետ հաղորդակցուելու անընդունակ ենք դարձել: Փայլուն օրինակն է Ազգային ժողովը:

Անժխտելի է, որ անկախութեան երեք տասնամեակներին կորցրինք մեր ունեցած բարոյական շատ արժէքներ՝ առանց նորը ստեղծելու կամ պեղելու, մինչդեռ մեր դռները լայն բացեցինք ամէն տեսակ այլանդակութիւն ներմուծելու, քանի հողը պարարտ էր, մեր տգիտութիւնը՝ գերազանց: Մասոններ, սորոսականներ, սեռափոխներ եւ աղբամանից ելած ուրիշ այլանդակներ ազատօրէն տեղ գտան մեր պարզամիտ միջավայրում: Մեր աւանդական տօները մոռացած՝ սկսեցին նշել «հելոուին» իրլանդական հեթանոսական ծէսը: Ո՞ւմ համար են դրանք եւ ինչի՞ են ծառայում:

Հետեւանքը եղաւ այն, որ Երեւանը դադարեց հայոց մայրաքաղաքի նմանուել իր արտաքինով: Բազմիցս անդրադարձել ենք խանութների ճակատին փակցուած, մեր կենցաղին ու բարքերին անյարիր ցուցանակների մասին, որոնք աշխարհի շատ լեզուներով են լինում՝ բացի հայերէնից: Ըստ պատմաբան Գէորգ Նաթալիի տարածած նիւթերի՝ այժմ քաղաքի շէնքերի պատերը ծածկուած են բացառապէս օտարալեզու գովազդային պաստառներով եւ ազդերով, հայկական տառը բացակայ է դրանց մէջ: Կիսատ-պռատ անգլո-հայերէնը դարձել է տիրակալ ամէնուր, ներառեալ պետական միջավայրերը, իսկ գրաւոր թէ բանաւոր մամուլը խայտառակ վիճակ ունի հայերէնը խեղաթիւրելու առումով: Ինչպէ՞ս կարելի է հանդուրժել, երբ ինքը՝ վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարներ, պատգամաւոր այրեր ու կիներ եւ բազում ուրիշներ խօսում են հայերէնի նմանող մի լեզվով, օտար բառեր գործածելով՝ թերեւս մնալով անծանօթ դրանց լիարժէք իմաստին: ՀՀ առողջապահութեան նախարար տիկինը հեռատեսիլով իր ելոյթում հիւանդ բառի փոխարէն գործածեց պացիենտ (patient) բառը, եւ ահա՛ բուժական ոլորտի գրեթէ բոլոր աշխատողներն սկսեցին այդ բառը գործածել մոնիտորինգ, սուբյեկտ, հիգիենա եւ օտարածին ուրիշ բազում բառերի հետ: Դժուար է հաշտուել այն մտքի հետ, որ երկրում բազմաթիւ համալսարանների, գիտութիւնների կաճառի հայագիտական հիմնարկների, Լեզուի պետական կոմիտէի եւ մեծաթիւ լեզուաբան մասնագէտների ներկայութեամբ՝ լեզուի խեղաթիւրման դիմաց կատարելապէս լռակեաց են բոլորը, անհանգստացող եւ միջամտող չկայ:

===================

[1] Հայրենի թէ սփիւռքի մամուլի՝ Նիկոլախտից տառապող հատուածը չի վարանում նրա ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ հանրային ատելութիւն ու մարմնական բռնութիւնների սպառնալիք հնչեցնելու: Իրաւ է, որ վարչապետն ու նրա մերձաւորները երբեմն անպատշաճ քայլեր են անում, մասնաւորաբար Դիմատետրի աղբանոցում, մինչդեռ ցանկալի ու պարտադիր է, որ զուսպ լինեն: Նման պարագաների է պետք լինել լռակեաց՝ կրքերը աւելի չբորբոքելու համար:

[2] Յօդուածագիրին այս հաստատումը անընդունելի կը գտնենք: Հայ ազգի ներկային ու ապագային առնչուած ճշմարտութիւնները ՀՀ-ի իշխանութիւնները ոչ միայն իրաւունք չունին թաքցնելու ազգէն, այլ ընդհակառակը՝ պարտաւոր են յայտնել աշխարհասփիւռ հայութեան: Հայութեան հետ անկեղծ վերաբերմունք ունենալը ՀՀ-ի բոլոր իշխանութեանց համար պէտք է պարտաւորիչ ըլլայ: Ծանօթագրութիւնը ԳԵՂԱՐԴ-ի խմբագրութեանն է:

1 comment
  1. Դուք մոռցաք Հոսպիտալ օտար բառը փոխանակ Հիւանդանոցի եւ շատ ուրիշ օտար բառեր։
    Նկատած եմ նաեւ Ֆեյսբուքի մէջ տեղադրուած մեկնաբանութիւնները որոնք մեծ մասամբ գրուած են ՅԱՆ վերջացող անհատներէ որոնք կամ Հայաստանի մէջ կ’ապրին կամ ալ Նոր Սփիւռք ժամանած են։
    Ես ամբողջ կեանքս Սփիւռքի մէջ ապրելով, Հայերէն կը գրեմ, անդին Հայաստանի մէջ ապրող շատեր Լատինատառ “Հայերէնով” կը գրեն!
    Պէտք էր հակառակը ըլլար։
    Շատ ցաւալի է։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like