ՄԻԱԿՈՒՌ

«․․․Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն,
Ցեխերի մէջ ընկած մագաղաթեայ մատեան,
Կախաղանի սիւնից կախուած անկախութիւն,
Մեր յոյս երազների խաւարակուռ պատեան․․․»:(*)

Ռուբէն Յովակիմեան, Սան Ռաֆայէլ 2 Փետրվար 2021

Անընդհատ պարտութեան փաստին անդրադառնալը՝ այն թնջուկի վերածելով, դառնում է շահարկում շատ նեղ ու խղճուկ նպատակների ծառայեցնելու սկզբունքով, քանի որ բոլորն են գիտակցում նրա ողբերգական ծաւալը եւ նրա անխուսափելիութիւնը, թերեւս տարբեր երանգներով: Անշուշտ, թերեւս կային այլ ելքեր եւ լուծումներ, բայց  եղելութիւնից  դասեր քաղել, ապա այն դարձնել յաւերժական ողբ եւ ներքին  պայքարի շարժառիթ՝ համազօր է չարիքի բազմապատկման: Շատ աւելի կարեւոր է զգուշանալ աւելին չկորցնելու, մինչեւ իսկ ճիշտ եւ խելացի միասնական քայլեր յայտնաբերելու պայմաններում, որոշ օգտակար լուծումներ գտնել:  Փոխարէնը՝ լինում է հակառակը. Աւելանում են հրաժարականի կոչերը  տարբեր կարեւոր  կամ  աննշան եւ ոչինչ չարածների  կողմից՝ ունենալով մէկ հրահանգող, որ պղտոր մթնոլորտ ստեղծելուց բացի այլ բան չէ:

Մինչդեռ մեր եւ երկրի գոյութեան առաջնահերթ եւ կենսական պահանջը՝  ունեցած ներուժը հաւաքագրել ու ամբոխը իրար հետ համախմբելն է, որի հիմնական պայմանը իրար նկատմամբ ունեցած վերաբերմունքն է հասարակութեան մէջ  գրաւած տեղի համեմատ, որ շատ հեռու է յարգալի հաւասարակշիռ լինելուց: Անհատական յաջողութիւնները իմաստալից են դառնում, երբ նրանք ծառայում են  հասարակութեանը:

Մի փոքր իրատես լինելու պարագային նկատելի է, որ մեր երկրում բացակայ է՝ մեր բազում խնդիրներին լուծում գտնող  ճակատագրական (providentiel) անհատը, կամ խումբը, ուստի, մեզ մնում է իրար միանալու տարբերակը, մինչդեռ արդի պայմաններում իրար գզելն ու կեղծ-շինծու զրպարտիչ լուրերի տարածումը դարձել է գործելակերպ:

Բամբասանքն ու զրպարտութիւնները համացանցի եւ պաշտօնական մամուլում այնքան շատ են ու բազմազան, որ դժուար է տարբերել կեղծը՝ ճիշտ ու շիտակից: Զարմանալի  է, թէ ի՛նչ տրամաբանութեամբ ամէն մարդ իրաւունք է վերապահում դատախազի իրաւասութեամբ եւ առանց երկար-բարակ մտածելու մեղադրանք փակցնել ցանկացած անձի կամ պաշտօնեայի: Այս եւս դարձել է հաճոյքի կամ պայքարի մի տեսակ ու անյայտ է, թէ ե՛րբ  կը դադարի: Յաճախ են բողոքներ լսուում, թէ թշնամին կեղծ լուրեր է տարածում մեր մասին, բայց մենք անում ենք նոյնը մեր ներքին դաշտում, առանց որեւէ մէկին խնայելու:

Թւում էր, թէ պատերազմը եւ նրա աղէտալի դադարը կը ստիպեն քաղաքական ուժերին՝  վերանայել իրար  հանդէպ կեցուածքը՝ մերժելով գզուըրտոցի պահանջը, փոխարէնը ուղղելով առկայ ուժերը կորուստների վերականգնման եւ (երկրի-խմբ.) զարգացման: Առայժմ, սթափութեան, տրամաբանութեան նշոյլներ չեն երեւում, քանզի ամէն մարդ համարում է, որ ինքը ճիշտ է, եւ իր ձախողումները հետեւանք են  արտաքին ու ներքին,  դաւադրական գործօնների:

Իշխանութիւնն  ու ընդդիմութիւնը  չեն հաշտուել այն մտքի հետ, որ քաղաքականութիւնը չի իրականացւում միայն սթափ հաշուարկներով, այլ նաեւ որոշ շեշտակի նուիրումով: Վերջին երեք ամսուայ ընթացքին մէկ բառ չի հնչել համերաշխութեան կամ համախմբուելու եւ մի ելք գտնելու ուղղութեամբ՝ առանց անդրադառնալու,  որ  վտանգի տակ մեր գոյութիւնն է: Պէտք է վերակառուցել կարգապահ ու կազմակերպուած բարոյական սկզբունքներով հասարակութիւն:

Ի՞նչ անել:

Գնալով աւելի ակնառու է դառնում մօտ ապագայի մութ եւ անյայտ լինելը, քանի որ նախկին նախագահը անհանգստացած չէ իր դատապարտեալի հանգամանքով եւ փոխանակ զգուշանալու որեւէ անխոհեմ քայլ անելուց՝ ոչ միայն մտադիր է,  այլեւ պատրաստուում է առաջին թեկնածուն լինել հաւանական արտահերթ ընտրութիւններին, անշուշտ յենուելով դատական վարչակարգի  փտածութեանը, ինչպէս եւ ենթադրելով, որ վարչապետը չունի առանձնայատուկ յենարան եւ ինքը միակ փրկիչն է ու չկայ երրորդ անձ: Իրաւ է նաեւ, որ ժողովուրդը բերկրաթմբիրի մէջ լինելով, որոշ հիասթափութիւն ունեցաւ իր տնտեսական վիճակի համեմատ, որի պակասը լրացրեց ողբալի պարտութիւնը, գաղափարական սնանկութեան եւ ընդդիմադիր անուան տակ վրէժխնդրութեան ելած մարտիկների հետ մէկտեղ: Կարելի է ենթադրել, որ արտահերթ ընտրութիւնը նոյնքան վտանգ եւ հնարաւորութիւն է  նախկինների  համար, որքան զինեալ ապստամբութիւնը, ուտի ներկայ վիճակը՝ բոլոր թերութիւններով հանդերձ պահելը նախընտրելի է, թերեւս փոխելով թաւշեայ սկզբունքը, փորձել ի կատար ածել բարձրաձայն խոստումների գոնէ մի մասը եւ ճանաչել սեփական սխալները, որ նոր շունչ կը բերի: Չմոռանանք, որ «Իմ քայլ»ի յեղաշրջումը ճիշտ էր եւ տեղին, առանց մի կաթիլ արեան, բայց ցաւօք՝ բոլոր կանխատեսումները կիսատ մնացին: Կարծում եմ ժամանակը նպաստաւոր է, որոշ շրջադարձ անելու եւ վերսկսելու ռազմական արդիւնաբերութեան զարգացումը, ինչպէս գերճշգրիտ նշանառութեան լազերային սարքերը, որ նախկինում գործում էին մեր երկրում՝ բայց մոռացուեցին, անտեսելով նրա կարեւորութիւնը:   Արմատաւորուած է այն համոզմունքը, որ Հայաստանին եւ Արցախին սպասւում են շատ բարդ ու ծանր օրեր,  լաւ կը լինի, որ վարչապետը իր ֆեյսբուքեան գրառումները թողնի օգնականներին  եւ  զբաղուի  կենսական առաւել լուրջ խնդիրներով:

 

Այս  ողբը Կապուտիկեանը գրել է 2013-ին՝ ետ տալով Քոչարեանից ստացած «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published.

You May Also Like
Read More

ԳԻՏՈՒԹՅԱՆ «ԶԱՐԳԱՑՈՒՄԸ» ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ԴՊՐՈՑՈՒՄ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԻՑ

Լևոն Բաբաջանյան, Երևան, 17 Հուլիս 2021 Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայաստանյան լրատվության մեջ աշխուժացել են «գիտության զարգացման» շուրջ…
Read More