Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայէլ (Ֆրանսիա), 15 դեկտեմբեր 2022
«Հասարակութիւնը կարող է ոտքի կանգնել, ըմբոստանալ
միայն ցածր գաղափարներով»:
Շամֆորտ (XV դար)
Երկիր, ազգ, հայրենիք, հասարակութիւն, համայնք, ժողովուրդ, ամբոխ, հանրութիւն, բնակչութիւն: Այս բառերից իւրաքանչիւրն ունի ի՛ր իմաստն ու ծաւալուն բովանդակութիւնը, ի՛ր անխափան արժէքը, նաեւ ի՛ր պահանջներն ու մօտեցումները: Այդ արժէքների բաղադրիչները՝ բարեկեցութիւն, մշակոյթ, լեզու, առողջապահութիւն, արդարադատութիւն, բանակ, կրթութիւն եւ այլն, անվարան պարտադիր եւ կենսական է պահպանել ու զարգացնել: Ցաւօ՜ք, բնակչութեան մի մասը դա չի գիտակցում, այնքան, որ իրար ատելը հասել է թշնամանքի մակարդակի:
Գիտենք, մեր ազգային եւ պետական կեանքում թերացումները բազում են: Թերեւս այդ է ՀՀ եւ Արցախի շուրջը տեղի ունեցող զարգացումների պատճառներից մէկը, քանզի սահմանի միւս կողմից տեսնում են, որ հայերը դեռ բռունցք չեն դարձած:
Ադրբեջանը, մեզ բզկտելու նպատակով, օրըստօրէ նոր պահանջներ է ստեղծում՝ իր իղձերն իրականացնելու համար, իսկ ռուս խաղաղապահները մեզ՝ հայերիս համոզում են, որ հնարաւորութիւն չունեն նրանց կարգի հրաւիրելու եւ չեն կարող որեւէ քայլ անել, ուստի մենք պէտք է համակերպուենք նրանց պահանջներին՝ աւելի վատից փրկուելու համար: Բերձորի միջանցքի փակումը բացայայտ սադրանք է, նոր պատերազմ սկսելու, աւելի ճիշդ՝ պատերազմը շարունակելու պատրուակ: Միջազգային հեղինակաւոր կառոյցներն էլ, որոնք իբրեւ թէ անքուն գիշերներ են անց կացնում աշխարհը փրկելու համար, նոր պատերազմը անխուսափելի են համարում։ Իսկ ի՞նչ ասենք հայրենի մեր «ամենագէտներ»ի մասին, ովքեր սփիւռքի որոշ մամուլի հետ համահունչ, կրկին փախցնելով խոհեմաբար լռելու առիթը, աղմկում են, թէ ՀՀ արդի իշխանութիւնները ակնյայտօրէն մտադիր չեն կանխել պատերազմը ու չեն էլ աշխատում այդ ուղղութեամբ։ Կարելի՞ է աւելի տխմար լինել, քան նման թերուսները, որ կուրացել են նիկոլախտից եւ պատրաստ են ամէն տեսակի ստոր քայլի: Նրանք ընդունակ չեն հասկանալու, որ լինել-չլինելու վիճակում ենք եւ մեծ է նոր բախումների հաւանականութիւնը: Մեր «թղթէ շերեփ»ի դիմաց, ազերի բորենին գեղեցիկ խօսք ու գիր չի հասկանում, նա ճանաչում է եաթաղան, կացին եւ բիրտ ուժ: Պարզամիտ պէտք է լինել չհասկանալու, որ Ալիեւի աճպարարութիւնների նպատակը Սիւնիքի միջանցքին տիրանալն է եւ թէ նա պատրաստ է ամէն գնով հասնել այդ նպատակին:
Կանգնած ենք անժխտելի փաստի առջեւ՝ հասարակական կարծիք ստեղծող հայ տարատեսակ մամուլը, Արմէնպրեսի հետ մէկտեղ, հիւանդ է, մթնոլորտը՝ թունաւոր: Այդ լրատուամիջոցներից ոմանք գործում են ինչ որ մէկի պատուէրով եւ այնքան են մխրճուել ոլորանի սուտ ու կեղծ գալարների մէջ, որ նրանցից մէկը[1] համարձակւում է նշել, թէ միջազգային չափանիշերով «Եւրատեսիլ»-ը, ոչ կարեւոր միջոցառում լինելով, պետութիւնը, այսուհանդերձ չի կարողացել այն ծառայեցնել քարոզչական նպատակներով եւ նոր պատերազմի վտանգը կասեցնել: Աւելի հեռու է գնում Բեյրութի «Զարթօնք» օրաթերթը, որի մի խմբագրականում կարդում ենք. «Արցախի ելքը միայն անկախութեան միջազգային ճանաչումին ի խնդիր մեր միահամուռ եւ գործնական պահանջին մէջ կը կայանայ» (Սեւակ Յակոբեան): Ինչպիսի՜ «պայծառ» միտք. բաւական է միահամուռ պահանջենք եւ ամէն ինչ ըստ կանոնի տեղաւորենք՝ Ալիեւը ծնկի կը գայ:
«Խելքին աշեցէք»,− պիտի ասէր ժողովրդական գուսանը:
Նման մտքերի ծնունդը սերտօրէն կապուած է ազգային ընդհանուր գաղափարախօսութեան բացակայութեան, մտաւորականների կրաւորական կեցուածքի եւ համատարած թերուս լինելու հետ: Այս գործօններին կարելի է կցել նաեւ տնտեսական վիճակը, որ հեռու է համասեռ լինելուց (սա չի նշանակում թէ բոլորը միեւնոյն մակարդակի կենցաղ պիտի ունենան): Իսկ ի՞նչ կարելի է ասել լեզուի եւ մշակոյթի մասին, երբ թերի գրագիտութիւնը դարձել է համաճարակ, ուր տիրում են ամօթալի անգլոհայերէնն ու օտարներին կապկելը:
Իւրաքանչիւրը, իր պարտաւորութիւնները կատարելու փոխարէն, ամէն ինչի լուծումը սպասում է իշխանութիւններից: Նրանց դերը, իրօք, հսկայական է, բայց յաճախ նրանք եւս նոյն տեսակի անձանց խմբաւորումներ են: Հայ դպրոցը վրիպել է իր դերի մէջ: Միակ գաղափարը, որ բազում հայրենաբնակների մէջ ամրագրուած է ու աներեր՝ արտագաղթն է: Շատերը եթէ իրենք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում լքել երկիրը, ապա ուղարկում են զաւակներին: Արտերկրում բուժուելը դարձել է սովորոյթ, որ նման է Եվրամիության արդարադատութեանը դիմելուն: Կալանքի դէպքում բոլորը դառնում են անբուժելի հիւանդ կամ քաղբանտարկեալի պիտակով կնքւում: Օրինակները շատ են:
Ճիշտ է՝ պատերազմ ենք կորցրել, որի պատճառները բազում են եւ այլազան: Մեր տարածաշրջանում պայմանները բարենպաստ չեն մեզ համար, շրջապատուած ենք արիւնարբու թշնամիներով, որոնք հոգեբանական ահռելի ճնշում են գործադրում մեզ վրայ, իսկ Ալիեւի ու Էրդողանի լրբութիւնները սահման չունեն: Ճիշտ է նաեւ, որ կարելի է մտածել, թէ մենք ի՞նչ սխալներ ենք գործել ու շարունակում ենք գործել՝ առանց մի պահ անդրադառնալու, որ այդտեղ է թաղուած խոզի գլուխը:
Կան տարբեր ամբոխավար կարծիքներ՝ հակադիր, չմտածուած հիմքերով: Ոմանք յամառօրէն կրկնում են, թէ կործանման եզրին ենք եւ պէտք է շուտափոյթ միանանք մի մեծ երկրի: Ուրիշներ կոչ են անում ռուսներից հեռանալու եւ Արեւմուտքին ապաւինելու… Մէկը միւսից աւելի անմիտ ու տխմար մտքեր: Շատ քիչեր առաջարկում են՝ ինչպէ՞ս անել, որ գլուխ գլխի գալով միասին քննարկենք եղած հնարաւոր ուղիները եւ մեր ջանքերով, նուազ վնասով մի ելք գտնենք՝ զանց չառնելով ենթադրեալ օգնութիւնները դրսից:
Յաճախ եմ մտորում՝ անկախութիւնը ճի՞շտ էր մեզ համար եւ ի՞նչ ունեցանք՝ բացի մաշումից ու անհամար վնասներից, բանականութեան կորստից եւ քաղաքակիրթ հասարակութեան բացակայութիւնից: Մեր արդի վիճակով՝ հեռու չենք ամբոխ լինելուց, մինչդեռ առկայ են երկրներ, որ մի ժամանակ մեզանից աւելի վատ կացութեան մէջ լինելով, կարողացան ոտքի կանգնել, մինչեւ իսկ բարեկեցիկ երկիր ստեղծել, ինչպէս Գերմանիան, Կորեան, Սինգապուրը… Որքան էլ ցաւալի է, անհնար է հարց չտալ՝ ինչո՞ւ մենք այս ցանկի վրայ չենք: Նոյնիսկ եթէ նաւթ ունենայինք, երեւի դարձեալ չկարողանայինք իրար հասկանալ:
[1] Անուն չտանք, քանզի իրենց մտքերով, գործածած բառապաշարով եւ կեղծիքի մակարդակով այնքան նման են իրար, որ ամէն մէկը կը ճանաչի ինքն իրեն: