Որքան

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել 21Ապրիլ 2022

«Ի՛մ երկիրը ճիշտ , թէ սխալ,  մնում է անբաժանելի ի՛մ երկիրը»:
Անգլիական

Երկու հարիւրից աւելի երկիր կայ աշխարհում, մէկը միւսից տարբեր՝ իւրաքանչիւրը իր յատկանիշերով եւ ուրոյն կաղապարով՝ հարուստ կամ աղքատ, մեծ կամ փոքր, բարգաւաճ  կամ թերաճ, զօրեղ կամ թոյլ եւ  բազում   ու զանազան այլ յատկութիւններով:

Կարելի է ասել, որ մենք եւս մեր յատուկ տեղն ունենք այդ հսկայական խառնարանում՝ հազարամեակների  ընթացքին բախուելով ոմանց հետ՝ Բաբելոնն է ծառացել մեր դէմ ու չքացել, Բիւզանդիոնն է փորձել մեզ տիրել, բայց դարձեալ վերացել, հռոմէացի Լուկուլլուսն է արշաւել մեզ վրայ ու ետ դարձել:

Չգիտեմ մոնղոլ-թաթարներին դիմակայել կարո՞ղ էինք, թէ՞ ոչ, բայց  կարծիքներ կան, թէ այո՛, եթէ միաբան լինէինք, երկրի իշխանութիւններին հակադիր չլինէին ներքին ուժերը եւ  փաստ է, որ կաթողիկոս Յակոբ Գետադարձն էր Անի քաղաքի դարպասի բանալիները  ոսոխին յանձնողը՝ ըստ իմ կարդացածի:

Այլ կերպ, ինչպէ՞ս եղաւ, որ պարսիկները կարողացան մոնղոլ-թաթարական այդ փոթորկին դիմադրել,  մենք ոչ: Ըստ երեւոյթին՝ ներքին քանդող ուժերի գործօնը ոչ միայն արհամարհելի չէր, այլեւ իրական գործելակերպ, ինչ որ տեղի է ունենում այսօր, մեր աւետեաց երկրում ընդդիմադիր պիտակի ներքոյ եւ անյայտ է, թէ մինչեւ ո՞ւր  կը գնան, երբ «երկիրը փրկելու» ճանապարհին՝ իրենց ապիկարութեան   անգիտակից են:

Ճիշտ է ասուած, թէ ներկան անցեալի կրկնութիւնն է:

Որքա՞ն հանդուրժելի է եւ ո՞րն է այն կարմիր գիծը, կամ անպատժելիութեան սահմանը,  որ պէտք չէ  անցնեն  երկրի կայունութիւնը խախտող խմբերը, որոնք իշխանափոխութեան տարբեր փորձեր  են անում, ընդդիմութեան  շղարշի ներքոյ, որ  կարելի է որակել դաւաճանութեան համազօր:  Իրականում ճիշտ չէ նոյնիսկ նման գործիչներին ընդդիմադիր անուանել, քանզի այն աւելի բովանդակալից է, քան այսօրուայ աղմկարարները, որ զուրկ են գաղափար եւ ծրագիր կոչուող իմաստներից՝ ռեւանշի մոլուցքով յագեցած:

Որքա՞ն հանդուրժելի է խորհրդարանի ամէն նիստ անդամալոյծ անելը՝ պատգամաւորների դասալիք բացակայութեամբ՝ խաթարելով աշխատանքի իրական ընթացքը: Ամիսներ ի վեր, խորհրդարանի մէկ քառորդը   քննարկումներին չի մասնակցում եւ ոչ մէկ լուրջ միտք կամ առաջարկ չի ներկայացրել, փոխարէնը, լուտանք,   ծեծկռտուք  անպակաս են: Այդ բոլորը այլ բան չէ, քան ծրագրուած գայթակղում (diversion) իշխանութեան տիրանալու միակ նպատակով, բայց պատժուող չկայ:

Որքա՞ն  հանդուրժելի է,  երբ պատգամաւոր արկածախնդիրներ՝ Վանեցեանի գլխաւորութեամբ,  արտօնուած վրան են դնում  հրապարակում՝ տեղում գիշերելու պայմանով՝  վարչապետի հրաժարականին սպասելով: Նրանք ընդունակ չեն մտածել մի պահ,  թէ տրամաբանութեան եւ օրէնսդրութեան ո՞ր հիմունքով է վարչապետի հրաժարման իրենց պահանջը  օրինական, քան ժողովրդի ընտրութիւններով այդ աթոռը զբաղեցնողը: Գաղտնիք չէ, որ Վանեցեանը արդի գործողութիւնները ձեռնարկեց Մոսկուա այցելելուց յետոյ: Ինչո՞ւ ենթադրելի չէ , որ դրսից եկած պատուէր է կատարում, որպէս հինգերորդ շարասիւն-ի հնազանդ անդամ, քանզի դա՛ իր  մասնագիտութիւնն է :

Խաւարի մէջ ենթադրելի չէ, թէ հրաժարական լինելու պարագային՝  ի՞նչ պիտի եւ կարող են անել, երբ  տասնամեակներ ոչ մէկ լուրջ խնդիր են լուծել եւ արդի աղմկարար ցոյցերը, Հայաստանի ու Արցախի միջեւ սեպ խրել է, որ որոշ չափով ընդունելի է, նախկինների դրածոյ՝ տեղի ղեկավարների կողմից:

Որքա՞ն  կարելի է հանդուրժել եւ տուրք տալ կեղծ ժողովրդավարութեան տեսլականին, երբ աշխարհի բոլոր երկրներում հակապետական գործողութիւնները համարուելով դաւաճանութիւն խիստ պատժւում են, իսկ մեզ մօտ նմանները աւելի բարձր են գոռում: Այդ որեւէ կարգ ու կանոնի չհամապատասխանող   վիճակը միթէ՞ յատուկ է մե՛զ եւ մի՛այն մեզ: Ո՞վ գիտի: Նոյնքան զարմանալի,  անընդունելի եւ ողբալի  է տարիներ ձգուող  երկրորդ նախագահի դատավարութիւնը, ոչ թէ ստոյգ փաստերի բացակայութեան, այլ ատեանին դատապարտեալների կամ նրանց փաստաբանների՝ բացակայելու հետեւանքով, որ ժամանակ են շահում՝ յուսալով, որ «Կամ էշը կը սատկի, կամ իշատէրը»:

Ժամանակը չէ՞ արդեօք  պետական գործունէութեան եւ քաղաքականութեան հիմքում ողջամտութիւն ու առողջ բանականութիւն հաստատել, լուրջ պետական մակարդակով խնդիրներ սեղանին դնել, որոնց պակասը չկայ, փոխանակ ճաշի ընթացքին աղի գործածութեան արգելքով զբաղուել, կամ պարտադիր դիմակ կրելը դարձնել հիմնական խնդիր, չնայած առողջութեան հարցերը  իրենց կարեւորութիւնը ունեն, բայց, եթէ այդ մտայնութեամբ շարունակենք, կարող է մի օր կարմիր կամ այլ գոյնի հագուստները արգելուեն, կամ մի այլ անհեթեթութիւն, չմոռանանք, որ երկիր ղեկավարելը ամէն ինչի մասին խօսելը չէ, այլ  ամէն մէկ խնդրի լուծման՝ ունակ պատասխանատուն ընտրելը։

Զգոյշ, չափազանց զգոյշ պիտի լինի վարչապետը իր ամէն ասած ու արած քայլի համար: Շրջապատը խիստ ականապատուած է եւ իր անձի հետ մէկտեղ, նաեւ երկիրն է յոյժ վտանգաւոր սպառնալիքի ներքոյ եւ պատահական չէ, որ Արցախի պատասխանատուները միաբերան յայտարարեցին, թէ միակ իրաւասուն իրենք են Արցախի կարգավիճակը ներկայացնելու: Դժուար չէ կռահել՝ ում թելադրանքով է լինում այդ պառակտումը, որ ցաւալի եւ անսպասելի տմարդի  երեւոյթ է:

Այսուհանդերձ, ոչ միայն ընդդիմութեան հակառակ չենք, այլեւ համոզուած  նրա անհրաժեշտութեանը, քանզի այլախոհ լինելը մտքի հարստութիւն է, միայն թէ, այն լինի բանականութեան եւ տրամաբանութեան նմուշ, որ համազօր է երկնային նուէրի եւ ոչ անկիրթների այն խաժամուժը, որ  այդ անուան տակ դաշինքներ են կազմել պետական ընթացքը խաթարելու նպատակով:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published.

You May Also Like
Read More

Forty Thousand March in Istanbul

Forty Thousand March in Istanbul http://webtv.hurriyet.com.tr/2/27168/0/1/on-binler-hrant-icin-yuruyor.aspx http://news.am/arm/photos/sessions/istanbul-mourns-over-hrant-dink-memory/ BBC Article http://www.bbc.co.uk/news/world-europe-16632890 Hrant Dink’s Message in Turkish http://www.agos.com.tr/
Read More