Մինչեւ ե՞րբ…մինչեւ ո՞ւր

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, 7 Օգոստոս 2022

«Եթէ ցանկանում ես վրէժ լուծել, ապա թուրքի քթի տակ ստեղծիր ուժեղ,
 բարեկեցիկ, օրինապահ երկիր, որտեղից մարդ չուզենայ հեռանալ»:
Պերճ Զէյթունցեան

Չարիքի նոր ալիքը դարձեալ պատեց մեր երկրին, մասնաւորապէս վեց ժամ տիրող աղէտը  կեանքեր խլեց բազում վիրաւորներով, իսկ մենք պատրաստ չէինք եւ կարող եւս չէինք դիմակայել բորենիների Արցախի սահմանի խախտումին: Աւելին ժամկէտ է պարտադրուած Բերձորը դատարկել օգոստոս 25-ից առաջ:  Պայմանները թելադրում  են յաղթողները:

Կարող է, տարօրինակ թուալ, բայց տարիներ առաջ կարդացել եմ, թէ երբ առնէտները ամբողջութեամբ հեռանում են՝ նաւը դադարում է  խորտակուել: Այս փոխաբերական պատկերը կարող էր ճիշտ լինել նաեւ  մեր  պայմաններում միայն, թէ մեր առնէտները ցաւօք կամ հիւանդանում են կամ ներսից արմատից կրծելու քայլեր ձեռնարկում, իսկ դրսից սպասուած միակ դաշնակիցը, որ հիւսիսից է, զանց չառնելով Իրանի բարեացակամութիւնը, մեր նկատմամբ անհասկանալի թմբիրի մէջ լինելուց բացի՝ օրեր առաջ Բաքուի հետ նոր համագործակցութեան պայմանագիր կնքեց, մինչդեռ մերոնք դռները լայն բացել են սորոսականների, ֆրանմասոնների ու զանազան նմանների առջեւ՝ համարելով, որ մեր մէջ եղած ու զարգացող ախտերն ու կործանարար երեւոյթները բաւարար չեն: Օրըստօրէ մեր խարխուլ հասարակութիւնը  հեռանում է իրականութիւնից բախուելով անվերջ տարաձայնութիւններով յագեցած երեւոյթների թէ՛ տնտեսական, թէ՛ հիմնականում քաղաքական յարաբերութիւններում, ուր գզվռտոցը դարձել է ապրելակերպ:

Անբացատրելի է, որ բոլորը բոլորին ատում են, բայց ինչո՞ւ եւ մինչեւ ե՞րբ եւ այդ երեւոյթը աննկատ չի մնում թէ՛ ոսոխի եւ թէ՛ դաշնակցի կողմից: Պարտադիր չէ անդրադառնալ, թէ երեք տասնամեակ ինչ սխալներ ենք գործել, որ այս օրն ենք ընկել, բայց պարտաւոր ենք անընդհատ միտք շարժել՝ կորցրածը վերակառուցելու, մանաւանդ հանրային կենցաղի, արդիւնաբերութեան եւ պաշտպանութեան ոլորտներում, որ առաջաւոր լինելուց ընկել ենք անգոյութեան մակարդակի, որի պատճառները բազում են, անհատականից՝ համայնական:

Թող խորթ չթուայ, բայց իրենց բարձր մակարդակին չեն այսօր եւ չեն եղել երեք տասնամեակների ընթացքին  իշխանաւորները, որոնց կարգին նաեւ ոչ մէկ բանի չծառայող քաղաքական խմբերը: Կառուցողական մտքի եւ հոգեբանութեան բացարձակ բացակայութիւն է տիրել այդ ոլորտում:

Կ’ուզեմ հաւատալ, թէ լաւ սկիզբը հետագայ յաջողութիւնների գրաւականն է, միայն թէ 2018-ի մայիսի  իշխանափոխութիւնը, որի մեծ պատրանքներով ծափահարողները բազում էին, ապացոյց՝ վարչապետի առաջին վերընտրութեան 83 տոկոս բացարձակ կողմ քուէարկութիւնը չունեցաւ սպասուած ազդեցութիւնը, նախ, որ խանգարող դաւադիր երեւոյթները ներկայ եւ անպակաս էին,  ներառեալ մեծ ու փոքր դաւաճանութիւնները եւ չանտեսենք, որ ինքը վարչապետը թերեւս անհրաժեշտ մակարդակի պատրաստութիւն չունէր բարդ,  խճճուած  հակադիր պայմաններում եղած  իշխանութեան սխալները շտկելու, որքան որ նախկինները ամպագոռգոռ յայտարարեն իրենց կատարեալ ու անթերի լինելը, բայց ո՞վ  են գնահատական տուողները, միեւնոյն ժամանակ նշենք՝ տեղին չէր, վայել եւս չէին  «ասֆալտին փռելու» կամ մուրճով բեմ ելնելը, ինչպէս նաեւ անդադար մեղաւորներ փնտրելու  վարչապետի քայլերը:

Այսուհանդերձ դառն  իրականութիւնը մեր դռան առջեւն  է եւ պաղարիւն մտայնութեամբ պարզաբանելու կարիք կայ, որ զլանում են  մեր մեկնաբանները: Անհնար է մոռացութեան մատնել եւ հանրութեան պէտք է տեղեկացնել,  թէ ինչո՞ւ պարտուեցինք, անշուշտ կան յայտնի եւ անյայտ պատճառներ:

Նախ նշենք, որ քառօրեայ, 44-օրեայ եւ վերջին վեցժամեայ   բախումները իրարից անջատ եւ իւրովի բախումներ չեն: Նրանք արցախեան պատերազմի   94-ի մայիսին Բեշքեքում չստորագրուած զինադադարի բնական շարունակութիւնն են: Մեր պարտութիւնների պատճառները շատ են եւ այն անտեսելու իրաւական եւ բարոյական բացատրութիւն չունենք: Անհերքելի է, որ երբ բանակցութիւնները լքեցին ազերիները,  իրենց միակ նպատակն էր՝ վերազինուել եւ վերադառնալ կռուի   դաշտ. ինչ  որ տեղի ունեցաւ՝ շարունակւում է մինչ այսօր: Ռազմավարութիւն էր այդ, որից մերոնք բան չհասկացան եւ մօտ երեք տասնամեակ ԱՐՑԱԽ-ի անկախ հանրապետութիւն խաղացին պատրանքներով, միշտ մնալով ազերի վարչական համակարգի շրջանակում, առանց վիճակը պարզաբանելու եւ ամրապնդելու, ինչպէս նաեւ գուշակելու ապագայի բարդութիւնները:

Պարտութեան պատճառներից մէկը չէ՞ր այդ:

Ժամանակաւոր յաղթանակով ոգեւորուած՝ մերոնք մոռացան, որ պատերազմի հիմնական նպատակը Արցախը հայրենիքին միանալն էր (մեզ անյայտ է թէ պաշտօնական  ինչ  քայլեր են արուած), բայց յաջողութիւնից ծնած գլխապտոյտը շատերին էր շշմեցրել,  եւ աւելի համարձակները յոխորտում էին,  թէ մինչեւ Բաքու կը գնան, Գանձակի  հետ մէկտեղ: Հետեւանքները առկայ են այսօր, որքան որ ծանր են եւ Արցախից Երեւան հաստատուած նոր «արքայախումբ»ը մելիքութիւնները վերականգնելու մարմաջով  արբեցան, ոչ մէկ արցախցի վերադարձաւ իր ծննդավայր՝ խամ ու խոպան թողնելով գրաւեալ հողերը: Երեւանում բարձր պաշտօններ զբաղեցնող արցախածին ընտանիքները երբեք չցանկացան վերադառնալ իրենց ծննդավայր՝ այն վերակառուցելու միտումով եւ միաժամանակ միւսներին քաջալերելու, մինչդեռ հպարտութեամբ ստեղծեցին «ARTSAKBANK» դրամատունը Երեւանում անյայտ ծագումի փողերով, փոխանակ զինուելու:

Քաղաքական  մեծ սխալ էր այդ, եթէ ոչ յանցանք եւ պարտութեան մի  պատճառ:

44-օրեայ դժոխքը սկսելուց առաջ մեր քթի տակ թուրք-ազերի միասնական  բանակը զինավարժութիւններ ձեռնարկեց, որից մենք կա՛մ բան չհասկացանք, կա՛մ չցանկացանք հասկանալ մեզ անյայտ պատճառներով: Երբ չարիքի մեքենան գործի դրուեց, հանրութեանը պարբերաբար լուսաբանում  էին վիճակը «Յաղթելու ենք» նշանաբանով եւ իրաւ է, որ բոլորն էին այդ մտքի, քանզի քաղցր անուրջ էր այն, մինչդեռ պարզուեց, որ թշնամին բազմապատիկ աւելի զէնք ու զինուոր  ունէր՝ թուրք բանակի բարձր աստիճանի փորձագէտ սպաների մասնակցութեամբ հազարաւոր վարձկաններ էին ժամանել սիրիական ճակատից՝ զանց չառնելով ռուսական օդանաւերի մեծ քանակը եւ իսրայէլեան զէնքերի տեսականին, բազում թուրքական աւերիչ ԱԹՍ-ով:

Ի՞նչ ունէինք մենք որպէս հակակշիռ,− համեմատաբար քիչ բան՝ չասելու գրեթէ ոչինչ: Չար լեզուները ասում են, թէ նոյնիսկ ծերակոյտի սպաների միջեւ, իրար հանդէպ լուրջ տարաձայնութիւններ կային ռազմական գործողութիւնների մասին եւ առ այսօր յայտնի չէ, թէ ինչ հանգամանքներում են գրաւուել Շուշին ու Հադրութը եւ եթէ ասէ-կօսէներին ականջալուր լինենք, ապա դաւադիր քայլեր են եղել մեր սպաների կողմից, որոնք ենթադրաբար վճռական դեր չէին կարող ունենալ:Կարելի է եզրակացնել, որ ռազմաքաղաքական տեսակով մերոնք հեռու էին պատրաստ լինելուց դիմակայելու նոր ծաւալով եւ բովանդակութեամբ առճակատումը, փոխարէնը շարունակում էին շքեղ առանձնատների կառուցումը եւ չմտածեցին մեր միակ աջակցութեան պատրաստ դրացի Իրանից ԱԹՍ-ներ գնել, որից լայնօրէն օգտուում է ռուսական բանակը:

Վերոնշեալ ռազմավարական սխալների եւ թերութիւնների համակարգը մի՞
թէ  բաւարար չէ համարել պարտութեան հիմնական պատճառը:

Մեր կրած պարտութեան աչքի զարկող պատճառներից է  թոյլ տնտեսութիւնը։ Այդ առումով համեմատելի բան չկայ ազերինեի դիմաց, ոչ միայն նաւթի եւ գազի բացակայութեան պատճառով, այլ նաեւ սխալ տնտեսավարութեան: Բազում են մեզ նման փոքր երկրները, որ զուրկ են բնութեան այդ բարիքներից, բայց խելամիտ գործելով կարողացել են բարեկիրթ մթնոլորտ ստեղծել՝ բազում են օրինակնեըը, աւա՜ղ մեզ չյաջողուեց նման ուղի բռնել եւ խրուեցինք կաշառակերութեան ու կեղծիքի մրուրի մէջ, վատնելով նախկին կարգերից ժառանգած առաջնակարգ արդիւնաբերութիւնը, տեղ տալով «սերվիսային» գործունէութեանը՝ սրճարան, հիւրանոց եւ այլոց հետ բնակարանաշինութիւն, որոնք հեռու են մեր իրական պահանջներին բաւարարելու եւ ինչ համեմատութիւն կարող է լինել Բաքու-Ջեյհան նաւթատարի բերած եկամուտների հետ: Ի դէպ այն կարող էր անցնել Հայաստանի տարածքով, ինչ որ փոխզիջումների համաձայնութեամբ, բայց մեզ անյայտ պատճառներով եւ ո՞ւմ հակադրութեամբ այն տեղի չունեցաւ, մինչդեռ այն տարիներին Բաքուն բաւական հարստացած չէր եւ դեռ արդի զինանոցին չէր տիրապետում:

Եթէ մերժումը մերոնց  կողմից է, ապա աններելի սխալ է եղել, քանզի այն կարող էր պատրուակ լինել անհաճելի հարեւանի հետ յարաբերութիւնները կարգաւորել՝ միշտ զգօն լինելու պայմանով, որ կենսական անհրաժեշտութիւն է:

Այսուհանդերձ մեր ղեկավար դասը որոշեց մնալ մեր սահմանների մէջ եւ ոչ մէկ լուրջ ծանօթութիւն ունենալով տնտեսավարութեան բնագաւառում՝ մեծ թափով զարգացաւ խնամի-ծանօթ-բարեկամ եռակողմ յարաբերութիւնների ոլորտը՝    ապականութեան և կաշառակերութեան (կոռուպցիայի) հետ կապակցուած: Ծախում էին ամէն ինչ՝ տուն, դպրոց, գործարան, թատրոն, հիւանդանոց, էլեկտրակայան, հանքավայրեր, միայն թէ առնող լինէր եւ գինը կարեւոր չէր:  Այդ տրամաբանութեամբ էր, որ երկիրը զրկուեց արտադրական բոլոր հիմնարկներից, որոնց մի մասը պարտքի դիմաց նուիրեցին Ռուսաստանին: Այդ շարքին ճանաչուած եւ համբաւաւոր Նայիրիտը, որ նախկին վարչապետներից մէկի եղբօր ձեռքին էր, 30 հազար գործաւոր ունէր, այսօր խոպան վիճակի է եւ անվերականգնելի, նոյնիսկ ճար ու միջոց գտնուեց վաճառել երթեւեկութեան տրամվայի համակարգի ոչ միայն վագոնները այլ նաեւ պողպատեայ ուղիները եւ ոչ ոք է տեղեակ թէ ում գրպանը մտան այդ գումարները: Երեք տասնամեակ է որ չեն դադարել Քաջարանի հանքաքարը որպէս հումք ծախել, մինչդեռ այդ բազմամետաղ հանքաքարի մշակումով կարող էին բազմապատիկ արժէքով ապրանք արտադրել, որ փնտրուած է աշխարհում:

Բանակում տիրող զինանոցի խեղճութեան եւ կենցաղային ցածր մակարդակը տեսնելով ամէն մարդ պիտի եզրակացնի թէ Հայաստանը աղքատ երկիր է, որ ճիշտ է մասամբ, բայց առցանց տեղեկութիւններից իմանում ենք, որ 2000 թուականից մինչ օրս  ապօրինի ճանապարհով Հայաստանից դուրս է բերուել 15 միլիարդ դոլար: Քանի՞ հրասայլ,  օդանաւ, ԱԹՍ  եւ տարատեսակ զինամթերք կարելի էր գնել այդ գումարով, միաժամանակ բանակի կենցաղային կացութիւնը բարելաւել: Պարտութեան պատճառներից չե՞ն այս նշումները եւ դեռ կարելի է այն  շարունակել եւ զարգացնել ՝ այնքան շատ են դիպուածները:

Մինչեւ ե՞րբ կարելի է անգիտանալ երկրը կորցնելու վտանգը, մինչեւ ո՞ւր կարող ենք հասցնել իրարամերժ ատելութեան մաղձը ու ստորանալ, վերոյիշեալին միացնելով իշխանութիւն-ընդդիմադրութիւն բախումները, որ բացատրութեան  որեւէ հիմք չունեն եւ հեռու են բարոյական եւ անհրաժեշտ լինելուց:

Եթէ կարելի է,   մտածել է, թէ ժամանակին ազերիները ոչ թէ Հայաստանին են պարտուել, այլ Կոմիտասին, Արամ Խաչատրեանին, Վիկտոր Համբարձումեանին, Մարտիրոս Սարեանին, Վիլեամ Սարոյեանին եւ միւսներիn՝ երկար է շարքը մեր հոգեւոր հսկաների, ապա ցաւօք նրանց փոխարինող ժառանգները բացակայ են ասպարէզից, իսկ բարձրաստիճան հոգեւոր դասի մասին խօսելն աւելորդ է:

Ե՛կ, վարդապետ, ու մի՛ խենթացիր:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published.

You May Also Like