ՎԱ՜Յ ՄԵԶ

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, 12 Սեպտեմբեր 2021

«Հեռու մօտիկ ընկերներին, աշխարհներին, արեւներին,
․․․Բոլոր նրանց, ում որ հոգին վառուում է վառ,
․․․Կեանքի՛, մահի՛ այս ամեհի աղջամուղջում՝
Ողջակիզող հոգիներին՝ ողջո՜յն, ողջո՜յն»:
Չարենց

Վերը նշուած տողերը գրելիս, ենթադրում եմ, հեղինակի սիրտն ու հոգին այրւում էին՝ տեսնելով տխմար ու անգրագէտ շրջապատի՝ նեղ կուսակցական մտայնութեան  անտարբեր ու ապիկար վիճակը, ինչպէս նաեւ Վազգէն Շուշանեանը, երբ բացականչում էր «Կտոր մը Մասիս չկա՞յ անոնց սրտի մէջ »[1]: Քիչ բան է փոխուել այսօր:

Հայրենի մամուլը տեղեկացնում է, թէ «Անկախութեան 30-ամեակին նուիրուած գունագեղ միջոցառում է  նախատեսել կառավարութիւնը, եւ այն ձեռնարկելու համար ընտրել է «Դոմինո փրոդաքշն» կազմակերպութեանը» («4-րդԻ»10-9): Ծանուցումը երկրաշարժի կամ ասուպի անկումին համազօր էր եւ ողջ ընդդիմադիր «մոլորակը», այլոց եւ յարմարուող մամուլի հետ իրար են անցել, մէջտեղ հանելով «ծանր հրետանին», թէ որքանով է այժմ խելամիտ եւ  բարոյական՝ կազմակերպել գունագեղ (շահարկելով եւ պինդ կառչելով այդ բառին) միջոցառումներ, երբ դեռ հազարաւոր զոհերի կսկիծը հեռու է ամոքուած լինելուց եւ այդ ողբերգութեան տարելիցը անգամ չի լրացել, իսկ նման ցնծումներ յատուկ են՝ ըստ աւանդութեան, յաղթանակների պարագային: Թերեւս կարելի է մասամբ հաշտուել եւ միանալ այդ մտքին, քանզի այդ երեսնամեակը չի եղել փառապանծ, այլ հոգսերով յագեցած եւ հպարտանալու պատճառներ եւս շատ չունենք:

Իրաւ է, որ մեծ դժուարութիւնների եւ կորուստների գնով անկախութեան հասանք, բայց չհասկացանք եւ չկարողացանք այն լիարժէք գնահատել, օրինական երազի երկիր կազմակերպել[2], ինչպէս նաեւ Արցախի փառապանծ ազատագրումը, որ ի վերջոյ վերածուեց 44-օրեայ դժոխքի, իսկ երկրում հաստատուած գողապետական համակարգի  գործունէութեամբ՝ բնակչութեան մօտ կէսը այժմ բնակւում է արտերկրում, որպէս վտարանդի, համատարած թալանն ու անիրաւութիւնները այլեւս ոչ ոքի չեն զարմացնում եւ ունենք ա՛յն ինչ ունենք՝ քաղաքական բարոյականութեան ցածր մակարդակ, համատարած աղքատութիւն, արդիւնաբերութեան կտրուկ անկում, հսկայ   օտարամոլութիւն, կիրթ փոխյարաբերութիւնների նուազում, կիսագրագէտ միջավայր եւ այլն: Այս թող չհամարուի յոռետեսութիւն:

Տխուր է վիճակը, միայն թէ, ինձ, թերեւս նաեւ շատերի համար առաւել յուզիչ է այն երեւոյթը, երբ այդ գալիք տօնակատարութիւնը կազմակերպելու համար, պետական գանձարանից պիտի վճարեն, ինչ որ խմբի՝ առանց որեւէ մրցակցութեան, որի միայն անունը արդէն նողկալի է եւ նմանները, ոչ միայն տեղ պիտի չունենան մեր շրջապատում, այլ խայտառակ ձեւով  արհամարհուեն եւ շպրտուեն, հնարաւորի չափ  երկրի սահմաններից հեռու:

«Ի՞նչ կը նշանակի Հայ Ըլլալ» հարցումին՝ ինձ ծանօթ Ատրինէ Գաբրիէլեանը իր համացանցի կայքի մէջ մի քանի այլ պատասխանների կողքին գրում է «․․․Ապրիլ օտար երկրի մէջ Հայրենիքի կարօտով եւ Հայրենիքի մէջ՝ օտար երկրներ երազելով»։ Ցաւալի է աւա՜ղ:

Մինչդեռ, «Դոմինո փրոդաքշն»ի տնօրէնը՝ ըստ  մամուլի, բացի վարչապետի աներորդու մտերիմը լինելուց՝ գուցէ տարբեր առաւելութիւններ եւ հունարներ եւս ունի, որ մեզ անհասանելի են, բայց երբ արտօնագիր ունենալու յայտ է ներկայացրել պատկան մարմիններին, ինչո՞ւ հարցնող չի եղել, երկու բեւեռների կողմից,  թէ այդ անուանումը ի՞նչ առնչութիւն ունի հայ իրականութեան հետ  եւ, եթէ նա գործելու է մեր երկրում, ապա ինչո՞ւ պարտադրաբար չի  կրում  հայ անուն։ Բազում եւ բազմապատիկ են նման տգեղ երեւոյթները, բայց հարցի այս մասը ոչ ոքի չի նեղում:

Այն կարծիքի եմ, որ այդ հարցադրումը պիտի դառնայ պաշտօնական մօտեցում եւ կանոն, որպէս պետական հրահանգ,  անձնանունների, խանութների ցուցանակների գրանցման պարագային եւ ամէնուր։ Կիրթ հայերէնը դեռ չի իշխում շատերի կենցաղում, նոյնիսկ խորհրդարանում։

Չեմ կարծում, թէ նման այլանդակութիւններով լեցուն հայրենի մթնոլորտում, միջադէպը որեւէ մէկին զարմացնի, կամ խորթ թուայ, քանզի այդ վարակը տասնամեակներ ի վեր տիրում է մեզ մօտ եւ սերունդից սերունդ է անցնում աննկատ եւ պատահական  չէ, որ երբ նայում ենք մեր պատգամաւորների ցանկը, ապա մեր գործիչների երկու սեռի զգալի մասը՝  ՕՏԱՐ անուն է կրում, ինչ խօսք՝ գուցէ «արժանապատուութեան» հարց է եւ յանցանք եւս չէ, միայն թէ մեր ազգային դիմագիծն է խեղաթիւրւում։ Անկախութեան տօնակատարութեան առիթով կարելի է ասել,  թէ գունագեղ ածականը սխալմամբ է գործածուած եւ եթէ ընդդիմադիր կամ չարակամ չենք  ամէն մի քայլի համար, ապա կարելի է այն համարել վրիպակ, քանզի խնդիրը  այլ չէ քան մի թամաշա եւ որեւէ կենսական արժէք չունի երկրի բարեկեցութեան համար եւ որքան երջանիկ կը լինէինք, եթէ աղմկարար մեր մամուլը նոյն եռանդով բացայայտէր եւ ջրի երես հանէր անհաշիւ խախտումներն ու բացթողումները, որ յայտնի են, կամ ոչ են գործել ու գործում են, թէ՛ նախկինները, թէ՛ ներկաները: Բանականութեան եւ առողջ դատելու հսկայական պակաս ու ճգնաժամ է տիրում հայրենի հասարակութեան մի մասի մօտ, չգիտեմ՝ տխմա՞ր, թէ՞ շահամոլ լինելու պատճառով, այլ կերպ ինչպէս բացատրել, որ դատական հետաքննութեան մէջ եղած երկու նախագահները կարողանում են այնքան համակիրներ ունենալ, որ նախ դաշինքներ կազմելու ոչ մէկ դժուարութեան են հանդիպում եւ մօտ երկու հարիւր հազար քուէ ունենալով խորհրդարան մուտքի իրաւունք ունենում:

Ուրեմն՝ հոկտեմբեր 27, մարտի 1 ու միւս յանցագոր-ծութիւնների շարքը չեն եղել եւ լոկ փչոց են: Դժգոհել եղած վիճակից ու վարչապետի կեցուածքից ընտրութեան չգնալ՝ լիովին հասկանալի է, քանզի ամէն մարդ ազատ է իր անձնական կարծիքն ու վերաբերմունքը ունենալ, բայց այլ բան է «ռեւանշի ու շանտաժի» սանձարձակ մասնագէտներին խորհրդարան մտցնելը, որ աւելի տագնապալի է քան գունագեղ տօնակատարութիւնը: Մտածելու շատ տեղ կայ եւ յուսանք, որ դեռ պիտի հասունանանք:

[1] Յիշողութեամբ է մէջբերումը:

[2] Բելգիան եւ Լիւքսեմբուրգը մեզ նման փոքր են, չունեն նաւթ, բայց ունեն ինքնագիտակցութեան զգացում:

1 comment
  1. Հավանաբար Փաշինյանը դիտմամբ գործածեց «գունագեղ» բառը , բոլոր անոնց ովքեր անհամբեր սպասում էին որ դու կոտրվես եւ չհամարձակվես երբեք հիշել անկախությունը:
    Երբ հաջորդ օրը միջոցառումը հրատարակվեց, կարդացի տակի գրությունները –

    Թուրք-Ազերի մը Հայերէնով գրած էր – “Հուսով եմ, որ չեք տեսնի 40 -ամյակը”

    Հայ մը գրած էր – “թուրք փաշինյան հաղթել պետք չէ — ու զոմբիները լսում են” …

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like