Եվ եղան հայեր․․․

Սամվել Հովասափյան, Բեռլին, փետրվար 2021

                                                                                              Եվ եղան Հայեր․․.
Շահան Շահնուր

Հայտնություն չի լինի եթե ասել, որ ծանր օրեր է ապրում հայաստանաբնակ և Արցախի հայությունը, մանավանդ այն ընտանիքների անդամներն, ովքեր ահավոր պատերազմի ընթացքում կորցրին իրենց երեխաներին, սիրելիներին։ Մանավանդ այն արցախահայերն, ովքեր զոհեր տալով, կորցրին նաև իրենց հայրենիքը, իրենց տուն-տեղը, բակ ու դուռը, դարերի ստեղծածը․․․

Եվ ինչպես միշտ, եղան՝ հայեր, ովքեր կամավոր ռազմի դաշտ գնացին, եղան նաև երիտասարդ հայեր, ովքեր հայրենիք վերադարձան, ռազմի դաշտ գնալու համար ու զոհվեցին․․․

Սակայն եղան նաև հայեր, ովքեր փախուստ տվին, փրկեցին իրենց կյանքը։

Եղան հայեր, ովքեր փորձեցին պատեհ առիթը օգտագործել, շահույթ ստանալու, հարստանալու համար։ Եղան և կան ժողովրդի կողմից մերժված նախկին հին ու նոր, ոչ՝ այրեր, ովքեր պահը պատեհ համարելով, զարկ տվին իրենց մոլուցքին, լծվեցին՝ հինը ետ բերելու, իրենց հակաժողովրդական իշխանությունը կրկին ժողովրդի վզին փաթաթելու մտադրությամբ։ Ո՞ւմ հայտնի չէ նման ձեռագործը։ Ո՞ւմ հայտնի չէ, թե՝ ովքեր են համազգային սգի, անելանելիության պահին, խուժանին կաշառելով, նրան փողոց դուրս բերել, որոնք ըստ այդ հների հայտնի ձեռագրի, կույր ատելությամբ, ջարդեցին ԱԺ-ի և կառավարական տան կահույքը, կատարեցին նաև մահափորձ ԱԺ-ի նախագահի նկատմամբ։

«Ո՛ղբամ քեզ հայ ժողովուրդ»։ Պատմությունը կրկնվում է, ինչպես միշտ, այսօր էլ կան հայեր, որ հայությունը թափով ինքնաոչնչացման են տանում, ինչպես միշտ, ինչպես հարյուրամյակներ, հազարամյակներ շարունակ․․․ Այդ նրանք են, երեկվա մերժվածները, ովքեր այսօր գառան մորթի հագած, ստեղծել են ազգային փրկության կոմիտե, թե՝ ինչ և չեն խորշելու, չեն զլանալու երկիրը հասցնելու անդունդի եզրին, ինչ է որ իրենք իշխանությունը զավթեն։

Ե՛վ եղան Հայեր, ովքեր իրենց դիրքով, պաշտոնով, պետք է, որ հայի կողքին լինեին, բազմաթիվ երիտասարդ զոհերի ծնողների կողքին, տնավեր, բնավեր դարձած ընտանիքների, ծերերի, երեխաների, անօգնականների, չքավորների կողքին լինեին։

Հե՛նց միայն իրենց ներկայությամբ սփոփեին նրանց, հայության գլխին պայթած այս հերթական աղետի վիշտը թեթևացնեին։

Ո՛չ․․․

Նրանք՝ այդ երկու ամենակարևոր պետական և կրոնական այրերը, հավատարիմ հներին և իրենց անցյալին, նախ գերադասեցին ձայնակցել նրանց, եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ այդ երկու այրերը, ոչ միայն չդատապարտեցին խուժանին, այլ մեղանչելով ճշմարտության դեմ, մեղանչելով ժողովրդի և իրենց պաշտոնի դեմ, այդ ծանր օրերին, կանգնեցին հների կողքին և պահանջեցին կառավարության  հրաժարականը։

Եվ ո՛վ զարմանք, այդ այրերից՝ Հայաստանի Հանրապետության նախագահը, գերադասեց, այդ հների թողած երկրից մեծ Բրիտանիա բուժման գնալ։ Իբր թե ի՛ր պաշտոնավարած երկրում լավ մասնագետներ, ՀՀ-յան նախագահին վայել հիվանդանոցներ չկան։ Ո՛չ, իրեն վայել չեն դրանք, ինքը՝ թագաժառանգի բարեկամ և թագավորական երկրի նախկին քաղաքացի․․․

Ի՛հարկե որ հանրությունը իրավունքն ուներ իմանալու, որտեղ է երկրի նախագահը։ ՀՀ- նախագահի գրասենյակը իր պարտքն է համարել, պարբերաբար տեղեկացնել այդ մասին, և ահա, նա հիշել է, որ պարտականություններ ունի և  հայրենիք է վերադարձել․․․

Հապա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը․․․ Ինչեր չեն գրվում նրա մասին, հանցագործ հների հավատարիմ՝ զինակից, սեղանակից, այլ և այլ պիտակներ, ապա նրա հրաժարականի պահանջները։ Կարելի է վստահորեն ասել, որ հավանաբար նա միակ կաթողիկոսն է, որ արժանացել է հանրային նման հակակրանքի․․․

Որ ի սկզբանե Հայաստանի վերնախավը ու եկեղեցին անարգել են հասարակ ժողովրդին․

-Դա ապացուցված է հենց միայն գրաբառի գոյությամբ։ Ռամիկը ո՞վ է, որ հասկանա արքաների, իշխանների, եկեղեցու՝ ինքնակոչ սրբերի և մյուս մեծամեծների լեզուն․․․

-Դա ապացուցված է հենց միայն Հայաստանում քրիստոնեության բռնի տարածումով։ Ժամանակին, նրանք՝ պետության և եկեղեցու երկու՝ բռնակալներ, իրենց սրբեր անվանելով, տկարամիտ հրեայի ստեղծած պատմությունը, որը հրամցվել էր որպես կրոն, բռնությամբ հայության վզին փաթաթելով, ահա մինչև օրս շնչահեղձ են անում նրան․․․

Եթե ո՛չ, ապա թող ասեն, թե՝ այսօր, երկրի ներկա օրհասական պահին, ինչո՞վ են զբաղված, ո՞ւմ կողքին են կանգնած հայության երկու կաթողիկոսները, իրենց մի ամբողջ՝ սրբազանների և սուրբ հայրերի բանակով․․․

***

Բաց նամակ ԱԺ-ի՝ «Իմ քայլը» խմբակցության

Այսօր խմորվում է դառը հաց՝ վաղվա համար:
(ժողովրդական ասացվածք)

2018 թվականին Բեռլինում բնակվող մի խումբ հայեր առիթն ունեինք ուղիղ եթերով զրուցելու պարոն Փաշինյանի հետ։ Այդ զրույցի ընթացքում նա այն միտքը հայտնեց, որ իրենք չեն հետևում «իզմ»երին։ Նա խոսեց նաև թավշյա իշխանափոխության հասնելու իրենց տեսակետի մասին…

Նախ, ի՞նչ ասել է՝ «իզմ»երին չհետևել, երկիր ղեկավարել՝ առանց որևէ հստակ գաղափարախոսության և տնտեսական ծրագրերի…

Ի՞նչ ասել է «Արցախը Հայաստան է և վե՛րջ» հայտարարությունը, որը իրագործելու համար երկիրը ոչ մի նյութական, մարդկային պաշար չուներ, և ինչպես հիմա է պարզվում, չէր կարող ոչ մի քիչ թե շատ բարեկամ պետության կողմից աջակցություն ակնկալել…

Վերջին երկուսուկես տարիների անցուդարձերը մասամբ բացահայտեցին.

– Որ ոչ-հետևողական, չափից ավելի թավշյա և «իզմ»երին չհետևող գործադիր իշխանության մեղկ և ներքին՝ գաղափարազուրկ քաղաքականությունը լուրջ խոչընդոտ է լինելու երկրի ներսում հասնելու արդար և համերաշխ հասարակություն ստեղծելու նրանց ձգտումների իրագործման համար։

– Որ որոշ, թող թույլ տրվի ասել՝ ամբոխավար կոչերը, բարյացակամ ցանկությունները բավական չեն արմատախիլ անելու տասնամյակներ շարունակ հասարակության մեջ արմատացած մի շարք բացասական բարքեր և սովորություններ:

– Որ անցյալ իշխանությունների գաղափարազուրկ խամաճիկներին (վանեցյաններ, օսիպյաններ և այլն) վստահել, նրանց նշանակել պատասխանատու պաշտոնների և սպասել, որ նրանք դարձի կգան և չեն չարաշահի իրենց դիրքը, մեղմ ասած՝ միամտություն է եղել…

– Որ դատական իշխանությունը բարեփոխելու, հեղափոխության պահանջներին համաձայնեցնելու և ինքնամաքրման սպասելու ուղղությամբ քայլեր չանելը լուրջ բացթողում է եղել, որի հետևանքն են այդ կառույցում նկատվող տեղատվությունն ու ներկայիս փողոցներում ձևավորվող ընդդիմության տարատեսակ թշնամական պատկերը։

– Որ 2018 թվականին, ժողովրդի՝ հեղափոխությանը ձայնակցելու պատկերից ոգևորված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չփորձեց, ավելի ճիշտ՝ չուզեց հեղափոխությանը մոտ կանգնած քաղաքական ուժերին ներգրավել նոր ձևավորվող գործադիրի մեջ։ Ինչպես գերմանացիք են ասում՝ նրանց չվերցրին նավակի մեջ: Ուստի, բնական է, որ այս օրերին նրանք միայնակ պատասխան պետք է տան պատերազմի այսպիսի ելքի համար, որքան էլ որ այդ պարտությունը ամենից առաջ պետք է առնչել անցյալ իշխանությունների ազգակործան գործունեության հետ:

– Որ ներկայիս Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում նկատվող՝ բոլորը բոլորի դեմ, համարյա բոլորը իշխանության դեմ, պետականության հիմքերը խարխլող գործընթացը դիտելով, մեզ միանգամայն պարզ է դառնում անցյալում հայ ժողովրդի պարտությունների պատճառը։ Եվ եթե այսօր տարբեր ուժեր լուրջ քայլեր չանեն, զսպվածություն չցուցաբերեն, ինքնամաքրման չհասնեն և չկարողանան առաջնորդվել միայն հանրության ու երկրի շահերով, ապա հաջորդ պարտությունը անխուսափելի է լինելու։

Եվ բոլորովին էլ մարգարեություն չէ, եթե ասենք, որ այսօր որոշ մերժված շրջաններ խմորում են այն դառը հացը, որ վաղը հրամցվելու է հաջորդ սերունդներին, եթե իրենք հաղթանակ տանեն:

Նման հոռետես վարկածը գուշակություն չէ, այլ ներառում է իրական վտանգի կանխատեսում՝ նկատի առնելով Հայաստանի քաղաքական դաշտում ներկայիս շիլա- շփոթը և տարբեր ու տարատեսակ անուններով կուսակցությունների և իշխանության հավակնող անձերի բազմազանությունը. «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Երկիր ծիրանի», «Սասնա ծռեր» և այլն, և այլն, որոնք մեկը մյուսի պատճենն են ու երկրի զարգացման համար ոչ մեկ հստակ քաղաքական, տնտեսական ծրագիր են առաջադրում… Անպատասխանատու քայլ այն բոլոր քաղաքական գործիչների կողմից, ովքեր բոլորն էլ անխտիր, իմաստնությունն ունեն տեսականորեն վերլուծելու մեր մոլորակի մարդկային հասարակությունների քաղաքական ու տնտեսական բոլոր խնդիրները և լուծումներ առաջադրելու, սակայն անկարող են սեփական երկրում դեն նետել իրենց անհատական հավակնությունները, չափավորել իրենց եսը և գործնականորեն միավորվել որևէ հստակ գաղափարի և տնտեսական- քաղաքական որոշակի ծրագրեր ունեցող, ասենք, նոր՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության շուրջ։ Խոսքը այն ուժերի մասին է, որոնք պաշտպանեցին 2018 թվականի հեղափոխությունը կամ նրա մոտ էին կանգնած։ Դա պետք է արվեր շատ վաղուց, հենց Ազգային Ժողովի ընտրությունների նախօրյակին, կամ պետք է փորձ արվեր, առնվազն, ԱԺ-ում ներկայացված Լուսավոր Հայաստան կուսակցության հետ միասնական կառավարություն ստեղծելու: Այդ դեպքում, ամբողջովին «Իմ քայլը» խմբակցության ուսերին չէին ծանրանա պետության ներկայի ճգնաժամը:

Ցավոք պետք է նշել, որ եթե 2018 թվականի հեղափոխության թարմ և ոգևորիչ շունչը նաև սփյուռքում էր որոշ չափով արթնացրել Հայաստանից հեռացած, ինչպես նաև բուն սփյուռքահայության շրջաններին: Եվ եթե ոմանք ոչ միայն երազում, այլև լուրջ մտածում էին Հայրենիք վերադառնալու մասին, ապա ներկայիս նրանց մոտ էլ է նկատվում հուսալքում, շփոթություն, հարցադրում և իհարկե սպասում՝ արդյո՞ք հայրենի իշխանություններին կհաջողվի՞ հնարավորինս կարճ ժամկետում հաղթահարել ներկայի ճգնաժամը և վերացնել պատերազմի հետևանքները…

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published.

You May Also Like
Read More

Նուիրեալները

 Մեթր Պարգև Դաւիթեան, Թորոնթօ, 5 Ապրիլ 2016 Ապրիլ 1-ը ճանչցուած է որպէս կատակի և ճերմակ սուտերով զուարճանալու օր։…
Read More