Սամվել Հովասափյան, Բեռլին, մարտ 2021
«…Որքան որ մտածումս ետև տանիմ, Հայերը կտեսնեմ միշտ այնպես ինչպես որ են այսօր: Պզտիկ, գաճաճ, տխեղծ: Իւրաքանչյուրը անդիմադրելի պաշտամունքը ունի ի’ր կաշիին, ի’ր մորթիին: Եսամոլ, անձնասէր, անմիաբան, նպարավաճառ…»
Շահան Շահնուր
Հույսով, որ ընթերցողները կհասկանան և կներեն ինձ, մի անգամ ևս Շահնուրի վերոհիշյալ խոսքերը վկայակոչելով։ Հենց այնպես չեմ ընտրել նրա բնորոշումը, թող այն ընկալվի, որպես մի հայ մարդու՝ հոգեկան տառապանքից և անելանելիության զգացումից ծնված հարցադրում․․․
Այսօր վերջապես, այս համազգային պարտության պահին, յուրաքանչյուրը մեզանից պետք է ինքն ի՛ր խղճի հետ երկխոսություն սկսի, ի՛ր մեջ գտնի մեղքի ի՛ր բաժինը և խոստովանի նախ ինքն իրեն։ Որովհետև այն ինչ կատարվեց վերջին ամիսներին, նմանը կատարվել է դարեր շարունակ, կատարվել է յուրաքանչյուր սերնդի հետ և ոչ մի սերունդ կանգ չի առել, չի մտածել, ի՛ր՝ եսին, ի՛ր մորթապաշտությանը, որպես ի՛ր ու ազգի գլխին կախված չարիքների մեծագույն պատճառ, ընդհանուրի, ազգի, հայրենիքի շահերին ենթակա դարձնել․․․
Իհարկե բոլորիս համար պարզ է, որ մարդկային հասարակարգերում մեղքի բաժինը և պատասխանատվություն կրելու չափը, տարբեր են լինում, ըստ անձերի դիրքի, գրաված պաշտոնի, ուստի ներկա պարտության պատճառները ամենից առաջ պետք է փնտրել երկրի վերնախավի և անցյալ իշխանավորների չարաշահումների մեջ։ Այնուամենայնիվ ես ցանկանում եմ հավատալ անհնարինին, որ մեր միակ փրկության գրավականն է և կլինի․
Եթե այսօր բոլոր նրանք, ովքեր ինչ որ չափով պատասխանատվություն ունեն երկրի ու ժողովրդի առաջ, այո՛, անխտիր բոլորը, մի պահ կանգ առնեն, մտածեն՝ ինքնամաքրման հասնելու, ուղին փնտրելու ու ելք գտնելու։ Յուրաքանչյուրը մտածի անհնարինը հնարավոր դարձնելու, յուրաքանչյուրը փորձի ընդհանուրի ու այլ առողջ ուժերի հետ համագործակցելու եզրեր գտնելու մասին․․․
Ցավոք Հայաստանի այսօրվա իրականությունը մեզ այլ բան է հուշում։ Միթե՞ ժողովրդավար և ազգային ուժերին պարզ չէ, որ ներկայիս մասնատվածությունը և բազմաթիվ կուսակցությունների գոյության փաստը, ապակառուցողական է և եթե այսպես շարունակվի, ապա այն ինքնըստինքյան ու պարտադրաբար տանելու է ազգային ուժերի պարտության։
Որովհետև մյուս կողմից նկատելի է, որ այսօր արդեն երկրորդ և երրորդ նախագահների գլխավորությամբ ձևավորվել ու ձևավորվում է հների մնացորդների և տարբեր ապազգային անձերի ու ուժերի միասնական խմբավորում։ Որոնց հավաքավայրն այսօր դարձել է Բաղրամյան փողոցն ու հրապարակը, որտեղից էլ նրանք անթաքույց սպառնալիքներ են հնչեցնում, ներկայիս իշխանությունների հասցեին, ոչ միայն այդ․․․
Այո, ապշել, ցնորվել կարելի է։ Հայաստանի վերնախավի ներկայացուցիչները և ընդդիմադիր հորջորջվող երեկվա մերժվածները, իրենց «հայրենիքի փրկիչներ» կոչելով և Բաղրամյան պողոտայում ամենօրյա ցույցեր կազմակերպելով և առայժմս միայն իրենց մկանները ցուցադրելով, մի անգամ ևս ոչ միայն հայ ժողովրդին հիշեցրին, այլ համայն մարդկությանը հուշեցին, թե իրենք ինչի են ընդունակ, որ իրենք ո՛չ միայն հասարակ հանցագործներ ե՛ն, այլ նաև ընդունակ են, այո, կարող են պատվերով՝ դահիճներ լինել․․․
Նրանք կախաղանի տեսարան ցուցադրելով ու մահափորձերի կոչեր հնչեցնելով, իրենց այդ խեղկատակ ու արգահատելի արարքով, ոչ միայն ընդմիշտ որակազրկեցին իրենց, այլ աշխարհի մարդկության առաջ, նաև հայ ժողովրդին, նաև մեզ․․․
Եվ վտանգավորն այն է, որ նրանք առայժմս օգտվելով առիթից և երկրում առկա տեղատվության, պարտության, նահանջի ու համատարած անելանելիության մթնոլորտը պատրվակ դարձնելով, իրենց ստահոտ քարոզչությամբ և անսպառ ֆինանսական կարողությամբ, կարողանում են նաև մոլորեցնել որոշներին և իրենց կողմնակիցներ հավաքել․․․
Բոլորիս մոտ օրինական հարց է առաջանում, այդ ո՞վ է նրանց իրավունք տվել, որ այդպես վարվեն հայ ժողովրդի պատվի հետ։ Արդյո՞ք Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Ռամկավար կուսակցությունները իրենց հարց չե՞ն տալիս, թե իրենք այդ ո՞ւմ կողքին են կանգնած, ո՞ւմ են ձայնակցում։ Միթե՞ իրենք կարող են հանդուրժել, որ անցյալի ու ներկայի մի բուռ հանցագործներ, իշխանությունը ետ ստանալու համար, պատրաստ են, այո բացե ի բաց սպառնում են մահափորձեր կատարել, որը ո՛չ այլ ինչ է, քան երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ։ Նույնը պետք է իրենց հարց տան նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց ու Կիլիկիո կաթողիկոսները։ Այն բոլոր զինվորականները, ովքեր գրավոր կամ բանավոր ներկայիս կառավարության հրաժարականն են պահանջել ու պահանջում։ Վերջապես այն բոլոր մտավորականները, հայրենասեր մարդիկ, ովքեր ակամայից, կամ ժամանակավոր շահ ստանալու հեռանկարից, հայտնվել են նրանց շարքերում և լսում են բազմիցս մերժված և կամակատար ծառայի դերը ստանձնած, ստրկամիտ՝ Վազգեն Մանուկյանի, ներկայիս իշխանությունների հասցեին նետած սպառնալիքներն ու բարբաջանքները․․․
Իհարկե, որ ներկայիս իշխանությունները բազմաթիվ սխալներ են թույլ տվել, որոնք՝ բացթողումների, անվճռականության և անփորձության հետևանք են։ Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ ներկայիս ճգնաժամից դուրս գալու միակ ելքը արտահերթ խորհրդական ընտրություններն են, ոչ թե կառավարության հրաժարականը, որը պահանջում են նրանք և ողջունելի է, որ իշխանությունները հենց դրան էլ ձգտում են։ Մնում է, որ Բարգավաճ Հայաստանը և Լուսավոր Հայաստանը խոհեմություն և բարի կամք ցուցաբերեն և ընդունեն իշխանությունների առաջարկները․․․
Անհասկանալի և անընդունելի իրականություն
Սամվել Հովասափյան, Բեռլին, ապրիլ 2021
«Հետք» կայքէջի սույն թվի ապրիլի 3-ի համարում տեղադրված է 44 օրյա պատերազմին մասնակցած և վիրավորված Սիմոն Հովհաննիսյանի բաց նամակը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին։ Այդ գրության մեջ Հովհաննիսյանը շարադրում է պատերազմում վիրավորվելու և իր հետագա ոդիսականի մասին, կապված պետական համապատասխան հիմնարկների, զինկոմիսարիատների, հիվանդանոցների աշխատողների անտարբերության, անպատասխանատու և ոչ հոգատար վերաբերմունքի մասին։ Երիտասարդ զինվորի պատմածներին մենք չհավատալ չենք կարող, մանավանդ, որ բավականին լուրջ և անաչառ «Հետք» կայքէջն է այն հրատարակել։
Ընթերցողի մոտ ամենից առաջ կարեկցանք է առաջանում տուժողի նկատմամբ, հետո նաև բարկություն՝ անհոգի և անսիրտ պատասխանատու անձանց նկատմամբ։ Ապշել կարելի է, հիասթափվել պարզապես։ Ովքե՞ր են նրանք, հների՞ մնացորդներ, թե՞ նորեր՝ հների բաճկոններ հագած։ Համենայնդեպս դա պատիվ չի բերում նոր իշխանություններին և ամենից առաջ նրանք պետք է որ զգաստանան։ Քանի դեռ ուշ չէ․․․
Այո՛, ժամանակի հրամայական պահանջն է, որ վերջապես նրանք պետք է ուշքի գան և գիտակցեն, որ հեղափոխությունը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ ժողովուրդը, այն էլ մեծամասամբ երիտասարդությունը, փողոց դուրս եկավ։ Եվ այդ նրանք կատարեցին ո՛չ միայն Սերժ Սարգսյանին ու մի քանի նախարարներ փոխելու համար, այլ ամենուր հիմնավոր և արմատական փոփոխությունների ակնկալիքով։ Սակայն այսօր հանրությունը գրանցում է, որ ոչ միայն դատաիրավական համակարգում, այլ նույնիսկ վարչապետի խոստովանությամբ, հեղափոխությունը կանգ է առել շատ պետական հիմնարկների շեմին, որի վկայությունը վերոհիշյալ ցավալի իրական դեպքն է։ Վստահաբար կարելի է ենթադրել, որ այն միակ եզակի դեպքը չէ։ Անցյալից նման շատ դեպքեր են մեզ այսօր հայտնի։ Վերջին տարիներին Եվրոպայի մի շարք երկրներ, ամենից առաջ սակայն Գերմանիա են եկել և ապաստան խնդրել մի քանի տասնյակ, եթե ոչ ավել, պատերազմում տարբեր տեսակի վնասվածքներ ստացած ու նաև տասնյակների հասնող հաշմանդամներ։ Նրանցից շատերը՝ Հայաստանում սխալ բուժումներ ստանալով, կամ՝ ընդհանրապես հարկավոր բուժում չստանալով, ահռելի հոգեկան և ֆիզիկական ծանր կացության մեջ են ընկել և ընտանիքները այլ ելք չտեսնելով, մեծ զոհեղությունների գնով, նրանց ինչ որ ճանապարհով հասցրել են Գերմանիա, մեն-մենակ։ Նման խեղված երիտասարդ կյանքերի առկա փաստերը ոչ միայն տխուր են ու սարսափելի, այլ հիասթափեցնող․․․
Այո՛, ազգովի պարտություն ենք կրել, այո՛, ամենից առաջ այն հասարակությունն է պարտություն կրել և մեղավոր է, որտեղ «ռուբոներ», «սերժիկներ», «մանվելներ», «դոդի գագոներ», «լվիկներ» են ծնվում և երկիրն հասցնում են ներկայիս վիճակին, որտեղ որ նա պատերազմից հետո է հայտնվել։ Սակայն ողբերգությունը կատարյալ կդառնա այն ժամանակ, երբ այդ երեկվա հանցագործները, ովքեր այսօր իրենց անվանում են «հայրենիքի փրկիչներ», դարձյալ իշխանությունը գրավեն, ուրեմն այսօր այն պահն է, որ բոլոր ազգային ուժերը համախմբվեն և թույլ չտան նրանց վերադարձը․․․
Այո՛, խոստովանենք, որ հայության, հայերի հավաքականությունը, հայի ստեղծած միջավայրն է մեղավոր, որտեղ դեռ խորհրդային տարիներից և այդպես շարունակ, կաշառքը և ծանոթը, ամենակարող գործոններն էին պետական ապարատում և այլուր, բարձր, նույնիսկ ղեկավար պաշտոններ գրավելու համար, որտեղ հնարավոր էր նույնիսկ բարձրագույն կրթության, օրինակ՝ բժշկական վկայականներ ստանալ։ Այո՛, այն միջավայրն է մեղավոր, որտեղ գողերը, ցեխավիկները, ապօրինի և տարբեր զարտուղի ճանապարհներով հարստացողները, թալանչիները, որպես ճարպիկներ, ձեռներեցներ և «շնորհքով տղերք», գովաբանվում էին, մեծարվում ու այսօր էլ մեծարվում են․․․
Արդյո՞ք մենք բոլորս, սակայն ամենից առաջ երկիրը թալանած հին ու նոր անձնավորությունները որոշ չափով մեղավոր զգում են և կարմրում, երբ, այսօր էլ, ինչպես անցյալում, օտարազգի թերթերը, լրատվական միջոցները, պարբերաբար հայ թափառական ընտանիքների, կարիքավոր ապաստանյալների, հիվանդների, կամ հայկական մաֆիայի մասին են հաղորդում։ Կամ, այսօր էլ, ինչպես անցյալում, պարբերաբար Հայաստան են առաքվում մարդասիրական օգնություններ, կամ, երկրում բացվում են կարիքավորների համար խոհանոցներ․․․