Սամվել Հովասափյան, Բեռլին, 5 Մայիս 2020
Այն ինչ այս օրերին մենք՝ բթացած, ապշած, շնչակտուր, այո՛, նաև բարկացած, Հայաստանի տարբեր հեռուստաէկրանների վրա դիտեցինք ու լսեցինք, վեր էր մեր բոլորի երևակայական պատկերացումներից: Մի խումբ մարդիկ, այո՛, մի խումբ հայեր, դանակներով, մահակներով, հրացաններով զինված, հարձակվում են հիվանդանոցի վրա, դռներ, ապակիներ, պահարաններ ջարդում, հիվանդասենյակներ մտնում, դանակահարում, գլխատում, դատաստան տեսնում հենց իրենց՝ ժամեր առաջ վիրավորած, այդտեղ փոխադրված և անկողինների մեջ պառկած հիվանդների հետ: Ինչպե՞ս կարելի է դա լսել, շարունակել քեզ հայ համարել ու հանգիստ մնալ: Նույնիսկ ամենաահեղ պատերազմներում, հիվանդանոցներն ու հիվանդները հատուկ կարգավիճակ ունեն. նրանց խնայում են, որովհետև անկողնում պառկած հիվանդն սպանելը դիտվում է ամենաստոր, ամենաարգահատելի հանցանք, որ մարդ արարածը կարող է կատարել:
Ուրեմն ի՞նչ անուն տանք նման՝ հայ կոչվող արարածներին, ովքեր կարող են միայն անտառի բնակիչներին հատուկ արարքներ կատարել: Այլևս ինչպե՞ս մենք մեզ կոչենք հայ, ով հպարտանում է իր հին մշակույթով, առաջին քրիստոնյա պետություն լինելու փաստով:
Նման արարքները ամեն բանից առաջ բացահայտում են հին իշխանությունների էությունը. նման բարբարոսություններ կարող էին կատարել միայն նրանք, ովքեր հասակ են առել վերջին երեսուն տարիներին թալանով, սպանություններով, խարդախություններով, խաբեբայություններով և կեղծիքներով սնուցված մի հասարակությունում, որը կոչվում է Հայաստանի անկախ Հանրապետություն…
Որ «անտառի բնակիչներ» որակումը ավելի քան դիպուկ է, խոսում է նաև այն փաստը, որ Կալիֆորնիայի քրեակատարողական հիմնարկներում տասնութից քսաներեք հազար հայեր են բանտարկված, մեծ մասամբ՝ Հայաստանից արտագաղթածներ…
Որ տարիներ առաջ այնտեղ ձերբակալված մի խումբ հանցագործների կապերը հասնում էին մինչև Հայաստանի իշխանությունների վերին շերտերը…
Որ Ամերիկայում, անցյալ ժամանակների իտալական մաֆիայի օրինակով, տարբեր տեսակի հրացաններով զինված հայ երիտասարդներ հաշվեհարդարներ են տեսնում իրար նկատմամբ…
Որ տարիներ է ինչ Եվրամիության մի քանի երկրներում իրավապահ մարմինները խոսում են հայկական մաֆիայի տարատեսակ հանցավոր գործողությունների մասին…
Եթե մեր մտահոգությունների աղբյուրը միայն վերոհիշյալ հանցավոր խմբերի գոյությունը լիներ, ապա կարելի էր այնքան շատ չմտահոգվել: Սակայն վերջին ժամանակներում, նախկին իշխանությունների մնացորդները և նրանց կողմնակիցները, օգտվելով երկրում տիրող ժողովրդավարության պայմաններում խոսքի ազատության հնարավորությունից և այն չարաշահելով, գնում են նոր իշխանությունների դեմ ուղղակի առճակատման, դիմագրքի ու այլ կայքերի էջերը լցնում նոր իշխանությունների հասցեին անհիմն մեղադրանքներով, շատ հաճախ՝ ստահոդ լուրերով ու հայհոյանքներով: Նրանք հաշվի չեն առնում, որ ներկայիս կորոնավիրուսի ավերիչ, ու Ռուսաստանի Դաշնության՝ Արցախի հիմնահարցի շուրջ հրահրած անամոթ քաղաքական քարոզարշավի պայմաններում, իրենք խարխլում են պետականության հիմքերն ու հայրենի երկրի անվտանգությունը:
Դաշնակցություն կուսակցությունը, որն իրեն հատուկ, իրեն հարազատ եղանակով շատ շուտ դիմակազերծեց ինքն իրեն, միացել է հին իշխանությունների մնացորդներին, լրացնում է նրանց շարքերը, և նրանցից ետ չմնալու համար, դարձել է նրանց թմբկահարը ամենայն ջանասիրությամբ…
Այսօր քիչ չեն նաև այն անձինք, ովքեր վարչապետին մեղադրում են հետևյալի համար. «Ձեր իշխանությունը դեֆորմացիայի (ձևախեղման – «Գեղարդ») է ենթարկել դաստիարակություն, պատասխանատվություն, ամոթ, բարեկրթություն, ժողովուրդ և բազմաթիվ այլ հասկացությունները: Երկու տարի առաջ փոփոխության հույսով հրապարակում հավաքված ժողովուրդը Ձեր թեթև ձեռքով դարձավ հայհոյող, ատելություն շնչող ամբոխ» (տե՛ս արդարադատության երբեմնի նախարար, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի դիմագրքի էջը):
Իրոք, միայն զարմանալ կարելի է: Պետք չէ հեռուն գնալ տեսնելու համար, թե ովքե՞ր են «դեֆորմացիայի ենթարկել» տիկին Հովհաննիսյանի թվարկած մարդկային առաքինությունները: Ավելի որոշակի՝ ովքե՞ր են «դեֆորմացիայի ենթարկել» հայ ընտանիքներին: Այս տիկինը մոռացել է գեներալ մանվելների ու շմայսների, Սարգսյան եղբայրների, Սուրիկ և Գագիկ Խաչատրյանների, սրանց որդիների և այլնների անցած ուղին ու նրանց կատարածները մինչև այսօր: Մի՞թե այդ նրանք չէին, որ ամբողջ ընտանիքով, ներառյալ նաև իրենց կանայք ու մայրերը, ներքաշվել են տարաբնույթ հանցագործությունների և անօրինականությունների մեջ: Տիկին Հովհաննիսյանը շատ շուտ է «մոռացել», որ իրենց իշխանության օրոք, պետական համակարգի գրեթե բոլոր օղակները, ամենավերևներից սկսած մինչև ամենաներքևները, ոստիկանությունը, դպրոցները, համալսարանները, դատարանները, հիվանդանոցները, տնտեսությունը և այլնը «դեֆորմացված» և կաշառակերության բույն են եղել: Այդ ամենը այսօր ջրի երես են եկել: Ինչո՞ւ է նա այդ ամենը «մոռանում» և, անմեղի ու գիտունի դիմակ դրած, փորձում է պարոն Փաշինյանին ժողովրդավարության ու բարոյականության դասեր տալ:
Այո՛, տիկին Հովհաննիսյան, վերջին երկու տարում Հայաստանում կատարված դրականները դուք երազել անգամ չէիք կարող: Դա նաև մեզ՝ սփյուռքահայերիս է ոգևորել, մեզ ներարկել է այն հպարտությունը, որի կարիքը մենք, բանաստեղծ Վահան Թեքեյանի բառերով՝ «օդի, ջրի նման ունեինք»: Մեր հազարամյա պատմության ընթացքում միայն վերջին երկու տարում է, որ առաջին անգամ միջազգային բարձր ատյաններում ու լրատվամիջոցներում դրական հաղորդումներ են եղել և հարգանքով է խոսվել Հայաստանի ու հայ Ժողովրդի մասին: Լավ է, որ Դուք և Ձեր կուսակցական գործընկերները այդ ամենը չեզոքացնել չեք կարող, և խորհուրդ կտամ՝ չհամարձակվե՛ք անել:
Տիկին Հովհաննիսյան, ի վերջո թույլ տվեք ևս մի խորհուրդ տալ Ձեզ. դուք գեղեցիկ և գրավիչ կին եք: Քաղաքականության դաշտը Ձեր տեղը չէ, շատ ավելի հաջողություններ կունենաք եթե որպես նորաձևության մոդել աշխատեք: Խնդրում եմ սա բոլորովին էլ հեգնանք ու վիրավորանք չհամարել: Դիմագրքում տեղադրված Ձեր իրոք որ գեղեցիկ նկարները, տարբեր հագուստներով ու տարբեր դիրքերով, ապացուցում են, որ Դուք շնորհաշատ եք այդ ուղղությամբ լուրջ աշխատանք կատարելու և առաջ գնալու համար…
Խոսքեր չգտնելու անզորություն
Սամվել Հովասափյան, Բեռլին, 9 Մայիս 2020
Անկասկած որ մեզանից շատերը, երբ ՀՀ-յան տարբեր հեռուստակայանների վրա մայիս 8-ին դիտել են ԱԺ-ի նիստը, ապա րոպեներ պապանձված են եղել, ի վիճակի չեն եղել, տեսածը, լսածը հասկանալու, ըմբռնելու, այն ինչ որ տեղ տեղավորելու համար։ Էդմոն Մարուքյանը մոտենում է բարձրախոսին և անմիջապես վիճաբանություն է սկսվում նրա և իրենից առաջ ելույթ ունեցող՝ Իմ քայլը խմբակցության պատգամավորի միջև, միջամտում է պատգամավոր Սասուն Միքայելյանը, ում հայտնվելը ԱԺ-ում, նոր իշխանությունների անիմաստ հանելուկային քայլերից էլ կմնա։ Ըստ երևույթին նա չի հասկանում, թե ինքը ԱԺ-ում է նստած, կամ իր համար դա բոլորովին էլ կարևոր չէ, կարևոր չէ նաև, որ ամբողջ հայությունն է լսում իրեն, նա Էդմոն Մարուքյանին սպառնում է, որ նրա վիզը կկտրի և այլն։ Սա ի՞նչ արտահայտություն է, ո՞վ է նա, ո՞ր սարերից է իջել, Հասկանո՞ւմ է, թե՞ ինքը որտե՞ղ է գտնվում։ Այնպես է պատահում, որ երկկողմ աքլորացած, նա ձեռքն երկարում է, ջրի շիշը վերցնելու, իսկ Էդմոն Մարուքյանը ներքև է իջնում և գնում է դեպի նա ու սկսվում է ծեծկռտոցը, անմիջապես մի տասնյակ պատգամավորներ են շրջապատում նրանց և սկսվում է քաշքշուքների մի ամոթալի տեսարան, տեղում են նաև փողոցային հայհոյանքներ, այո այլ կերպ չի կարելի յուրաքանչյուրիս, յուրաքանչյուր հայի՝ վերին աստիճանի հիասթափեցնող, այո նաև ամոթի զգացում առաջացնող, ստորացնող այդ պատկերները անվանել․․․
Ո՝վ խեղճ, բազմիցս խաբված, հիասթափված հայ ժողովուրդ, դիտե՝ք, տեսե՝ք, իմացե՝ք, թե ում եք՝ որպես ազգի ընտրյալ խորհրդարան ուղարկել․․․ Ինչպիսի «քաջ», բազմակողմանի և կիրթ անձանց եք, որպես երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի անդամ ընտրել․․․
Հետո իմացանք, որ դրան նախորդել է Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի բանավեճը։ Ըստ երևույթին Ալեն Սիմոնյանը իրեն ուժեղացած է զգում, մի քանի օր առաջ գլխի հարվածով ինչ որ մեկի երեսը ջարդելով։ Նա իրեն բոլորովին հաշիվ չի տալիս, որ ինքը որպես պատգամավոր պատասխանատու է իր երիտասարդ ընտրողների առաջ։ Եթե՞ զգար, եթե՞ հասկանար, թե ինքը ինչպիսի հարված է հասցրել պատգամավորի կոչումին և իրեն հարգեր, ապա անմիջապես, այո անմիջապես հրաժարական պետք է տար և վայր դներ իր ԱԺ-ի մանդատը։ Նույնը պիտի անեին և անեն Սասուն Միքայելյանը, ով արդեն իսկ սխալ տեղում է և Էդմոն Մարուքյանը։ Որովհետև նրանք անուղղելի վնաս են հասցրել Աժ-ի հեղինակությանը։
Հետո ելույթ է ունենում պարոն Փաշինյանը, ցավոք նա էլ իր բարձրության վրա չի գտնվում։ Փոխարեն նա փորձեր այդ լարված մթնոլորտում, բորբոքված կրքերը՝ մեղմացնել, իր հերթին նա բարկացած խոսում է սադրանքներից, անհի՞մն, թե հիմնավո՞ր մեղադրանք, այդ շիկացած պահին, դա չէ էականը, մանավանդ որ հարցը դատաիրավական է, իսկ Վարչապետը, իր ասելով, լինելով գործադիր իշխանության առաջին դեմք, հարգելու է արդարադատության իշխանության անկախությունը։ Ոչ, նա ենթադրում է, որ որոշ անձինք սադրանքների են գնալու, իրենց «թուլաբաժինը» ստանալու համար։ Սա ինչպիսի՞ տրամաբանություն է, ինչպիսի՞ բառապաշար։ Իսկ դա առաջին անգամը չէ։ Շաբաթներ առաջ նա խոսում էը «լափաբաժնից», իրոք, որ անհասկանալի լեզվի սայթաքումներ։ Բոլորը գիտեն, թե՝ դա ինչ է նշանակում, ուստի հարկ չկա բացատրություն տալ։ Միայն ափսոսել կարելի է, թե որքան հեշտ է վարչապետը՝ տանուլ տալիս այն բարձր ժողովրդականությունը, որը նա վայելում է։
Արդյունքը լինում է այն, որ Լուսավոր Հայաստան խմբակցությունը լքում է ԱԺ-ը։ Եվ ահա կորոնավիրուսի, սահմանադրական դատարանի և այլևայլ ճգնաժամերի կողքին, երկիրն ունի ևս մի այլ ճգնաժամ, ԱԺ-ի Ճգնաժամը․․․