Սամվել Հովասափյան, Բեռլին, 22 Ապրիլ 2021
Վերջին ժամանակներս անցյալի երեք նախագահները և առհասարակ անցյալ իշխանությունների դրածոները առիթը բաց չեն թողնում տարատեսակ քննադատություններ հնչեցնել նոր իշխանությունների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Նրանք իրենց պատեհապաշտ մոլուցքով, երբեմն կեղծ, երբեմն ուռճացված մեղադրանքներով, անցնում են նաև պատշաճության սահմանները, որը ասես Հայաստանում դարձել է քաղաքականությամբ զբաղվող անձանց պայքարի ձևը, այնպես որ «դոդի գագոյի» «անբարոյական վաստակի ծնունդ» դարձվածքը, իր՝ հաղթական արշավով, մուտք է գործել նույնիսկ ԱԺ։
Որ Հայաստանում ներկայումս տիրում է նման քաղաքական վատառողջ մթնոլորտ, որ հերյուրանքներ տարածելն ու բոլորը բոլորի դեմ լինելը, դարձել է բնականոն, ապա կարելի է վստահորեն որակել, որ դա առաջին նախագահի ժամանակ ձևավորված և հետագա երկու նախագահների պաշտոնավարության ժամանակ երկրում արմատացած մթնոլորտի բոլորովին բնական արգասիքն է։
Այո, Լևոն Տեր-Պետրոսյանը լավ կանի, որ լռի, Նախկին ՀՀՇ-ականները և նրա կողմնակիցները պետք է, որ լռեն։ Որովհետև նրանք էին, որ այն ամենի հիմքը դրեցին, ինչ որ մենք այսօր ունենք։ Նրանք երկրում իշխանություն ստանալու նախօրեին, նախ հիմնահատակ ավերեցին հինը, հայավարի, ինչպես դա կատարվել է նախկինում։ Նրանք անհիմն պատճառներով փակեցին ատոմակայանը, Նաիրիտի գործարանը։ Բացի այդ, նրանց օրոք էր, որ թալանվել է ԽՀ-ից ժառանգություն մնացած երկրի ազգային հարստությունը, թալանվել են գործարանների պահեստները և շատ որակյալ մեքենաներ, որպես մետաղի ջարդոն, վաճառվել են իրանցիներին, նույնիսկ թուրքերին։ Միթե՞ նրանք չէին, որ սեփականաշնորհեցին մի շարք պետական կառույցներ, գյուղացիությանը պատկանող ոռոգելի ջրեր, արոտավայրեր ու հողատարածքներ։ Այո՛, հենց նրանք են հիմքը դրել այնպիսի պետականության, որտեղ գալիք իշխանություն բանեցնող անձինք, իրենց թույլ են տվել ամեն ինչ, ամեն մի չարաշահում։ Միթե՞ հենց միայն նրանց ապաշնորհության պատճառով չէր, որ նրանք ստիպված՝ չարիքի բունը, Արցախից՝ Հայաստան տեղափոխեցին։
Անցյալ 44-օրյա պատերազմում պարտություն կրելու հիմնական պատճառը եղել են նրանք և հետագա իշխանություններն, իրենց հիմք դրած, թալանի, կեղծիքների, կաշառակերության, ահաբեկչության, սպանությունների դրվածքով, որի պատճառով երիտասարդությունը՝ աշխատող, երկիրը կառուցող, պահող ձեռքերը լքել են հայրենիքը։ Արդյունքն եղել է այն, որ 30 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը ոչ միայն չի ավելացել, այլ պակասել է։
Մոտավոր հաշվարկներով, եթե նկատի առնենք՝ 1990 թվականի ԽՀ-ի բնակչության թվաքանակը, գումարած Ադրբեջանից, Արցախից ներգաղթածներին ու Հայաստանի պայմաններում բնական աճը, ապա այսօր երկրի բնակչությունը պիտի լիներ 6 միլիոնին մոտ, (եթե ավելի լավատես լինենք, մոտ 7 միլիոն)։ Չհաշված սփյուռքահայության այն հատվածին, ովքեր պատրաստ էին երկրում օրենքի գերակայության պարագայում, Հայաստան ներգաղթել։
Իսկ այդ 30 տարիների ընթացում, մեր հարևան երկրների՝ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի բնակչությունները աճել են հարյուր տոկոսով։
«Պետականության ինչպիսի՞ վերակառուցում»։
Ահա, թե՝ յուրայինի ձեռքով, ինչպիսի եղեռնագործություն է կատարվել Հայաստանի բնակչության և հայության ապագա սերունդների նկատմամբ։
Ահա թե՝ հայությունը ե՞րբ և որտե՞ղ է պարտություն կրել։
Եվ եթե այսպես շարունակվի, ապա անխուսափելի են գալիք պարտությունները։ Իսկ դրա համար մեղավոր կլինեն ոչ միայն անցյալի ու ներկայիս իշխանությունները, այլ նաև Հայաստանի վերնախավը ու հեղափոխությունը սատարող կուսակցությունների ներկայիս լիդերները ու նաև քաղաքական դաշտ մտած մտավորականությունը։ Այո՛, այն բոլորը, ովքեր չեն կարողանում այս դժվարին օրերին իրար հետ համագործակցության եզրեր գտնել և նրանցից ամեն մեկը, ժողովրդական լեզվով ասած՝ միայն իր զուռնան է փչում․․․