Մեծարգո Պարոն Փաշինյան,
Եթե հիշում եք, 2016 թվականին Բեռլինի գաղութի հետ Skyp-ի ուղիղ կապի ընթացքում մեր զրույցի ժամանակ ես չհամաձայնվեցի Ձեր մի՝ իմ կարծիքով շատ մեղմ հայտարարության հետ: Քանի որ ժամանակը կարճ էր, խոստացա իմ տեսակետը Ձեզ գրել: Ժամանակին Ձեզ եմ դիմել մի բաց նամակով: Այժմ նորից եմ դիմում՝ Ձեր ուշադրությունը հրավիրելով երկու հարցի վրա, որոնք ավելի քան կենսական են Հայաստանի բնության պահպանման և ընդհանրապես հայ ժողովրդի գոյատևման համար…
Այո, գիտեմ, շա՜տ լավ գիտեմ, որ Դուք դրանց մասին որևէ մեկից ավելի տեղյակ եք: Սակայն վախ ունեմ, որ ցանկանում եք այդ կնճռոտ հարցերին ևս թավշյա մոտեցում ցուցաբերել: Դրանք են հանքարդյունաբերությունն ու Արարատյան դաշտի ձկնաբուծական ավազանները: Այս հարցերը, իրոք, շատ արագ՝ օր առաջ և կտրուկ՝ հեղափոխական լուծումներ են պահանջում:
Իհարկե բոլորիս պարզ է, որ կարելի չէ և հնարավոր էլ չէ այսօր-վաղը վարչապետի մի հրահանգով վերջ տալ հանքարդյունաբերությանը, սակայն հնարավոր է և պետք է ծրագրեր մշակել, ամենակարճ ժամկետում դրանց քանակը սահմանափակել և նորերի, այն է՝ Ամուլսարի և այլնի շահագործումը չթույլատրել ո՛չ մի դեպքում…
Ինչ վերաբերում է Արարատյան դաշտի ձկնաբուծարաններին, ապա կարելի է և պե՛տք է դրանք անհապաղ արգելել, քանզի դրանք այսօր բնապահպանական անդառնալի աղետ են դարձել Արարատյան դաշտի համար, ինչպես որ «Հետք» կայքէջն է վերջերս՝ դեկտեմբերի 23-ին ահազանգել:
Հայաստանի Հանրապետությունը որքա՞ն մեծ է, քանի՞ Արարատյան դաշտ ունի, որ մի քանի հաստավիզ ու հաստափոր անձեր այդպես ավազակաբարո – այո՛, չեմ խորշում նման որակումը գործածելուց – կողոպտում են ՀՀ Սահմանադրության անբաժան մասն եղող «Հայաստանի անկախության մասին» 23 օգոստոսի 1990 թ. հռչակագրով ՀՀ ժողովրդի սեփականություն հայտարարված ընդերքի ջուրը՝ աղուտի, անմշակելի հողերի վերածելով Արարատյան դաշտի բերրի հողերը, բնավեր, տնավեր, թափառական դարձնելով այդ հողերում բարիքներ ստեղծող, այդ նույն ընդերքի սեփականատեր հայտարարված գյուղացիությանը… Այսինքն, ոչ միայն ապօրինաբար սեփականազրկել են ՀՀ գյուղացիությանը ու ՀՀ ժողովրդին ընդհանրապես, այլեւ՝ գիշատիչ ձևով կողոպտում են նրանց անօտարելի սեփականությունը, ինչը պատժելի է ՀՀ և միջազգային օրենսդրություններով:
Ձեզ կամ ներկայի Ձեր կառավարության անդամներից որևէ մեկին չեմ մեղադրում այս բոլորի համար: Քավ լիցի: Լավ գիտեմ, որ Դուք ամեն օր այդ հարցերին առնչվելով և մեծ պատասխանատվություն կրելով, բոլորիցս շատ եք տառապում, սակայն թող թույլ տրվի նորանոր հանքավայրեր շահագործելու կողմնակիցներին այստեղ հարցնել.
– Արդյո՞ք ներկայիս պոչամբարները բավական չեն աղտոտելու համար փոքրացած, խեղճացած ՀՀ տարածքները (տե՛ս «Հետք», դեկտեմբերի 18 և 22):
– Արդյո՞ք դրանք բավական չեն թունավորելու, հիվանդացնելու, ի վերջո՝ սպանելու ՀՀ առանց այն էլ նույնպես փոքրացած ու խեղճացած բնակչությանը:
Սովետական ժամանակաշրջանում, թերթերից մեկում ժամանակի գրողներից մեկի հուշերն էին տպագրվել: Ավետիք Իսահակյանի հարցին, թե ո՞ւր է գնում հանգստանալու, նա պատասխանում է.
– Սևան:
Վարպետը նրան ոչ միայն բարի ճանապարհ չի մաղթում, այլև հանդիմանում է.
– Չեմ հասկանում, ինչպե՞ս կարող ես փոքրացած, խեղճացած Սևանին նայել և հանգստանալ…
Թող այստեղ ինձ իրավունք տրվի ամբաստանել նախկին իշխանությունների այն պատասխանատու անձանց, ովքեր իրենք իրենց երկրի ղեկավար կոչելով, իրենց թույլ են տվել այլևայլ հանցագործություններ անել, իրենց անձնական շահերի համար նման եղեռնագործություններ կատարել (և դեռ կատարում են…) հետագա սերունդների ժառանգության հետ… Առաջարկում եմ պոչամբարներից ամենամեծի հարևանությամբ բանտեր կառուցել (որոնց երկաթյա պատուհաններն այդ պոչամբարին ուղղված լինեն) և այդ մեծամեծ բոլոր հանցագործներին այնտեղ աքսորել՝ այդ «գեղեցիկ» պոչամբարի պատկերով հիանալու ու նրա գարշահոտ «բուրմունքը» վայելելու համար…
Հարգանքներով՝
Սամվել Հովասափյան
Բեռլին, դեկտեմբերի վերջ, 2019 թ.