Երեք անդրադարձ

Սամվել Հովասափյան, Բեռլին, մարտ 2023

Առաջին

Ռուբեն Վարդանյանի հանելուկային հայտնվելն Արցախում

Ի սկզբանե Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հանրությունը սովոր էր, որ քաղաքական որոշումների կայացումը և բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումն ու հեռացումը կատարվում են հանրությունից գաղտնի եւ առանց հաշվետվություն ներկայացնելու: Հանրությունը այդ որոշումներից և նշանակված կադրերից առանձնապես ակնկալիք չի ունեցել, որ իրենց կյանքում ու երկրի զարգացման համար դրական տեղաշարժեր ու փոփոխություններ կկատարվեն: Սակայն սպասելի էր, որ 2018 թ. կեսից, նոր իշխանությունների օրոք, որոշ կադրային փոփոխություններ ու քաղաքական իրադարձություններ նախկինի նման մթության մեջ չեն մնա: Բայց նախկին գործելաոճը անխափան շարունակվեց: Ամենացայտուն օրինակը Ռուբեն Վարդանյանի ամբողջովին հանելուկային հայտնվելն էր Արցախում ու պետական նախարար նշանակվելը: Նույնքան անսպասելի էր այդ պաշտոնից նրան հեռացնելը: Տարբեր վարկածներ ու տեսակետներ են հնչում, սակայն բոլորն էլ հավաստի չեն, որովհետև շատ տեղերում, մանավանդ Արցախում, դեռ հինը պահպանվում է: Կասկած կա, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները նրան հատուկ քաղաքական առաջադրանքով Արցախ են ուղարկել, բայց ինչպիսի՞…

Հանրությանը նաև պարզ չէ՝ Արցախում կարևոր քաղաքական կամ կադրային որոշումները համաձայնեցվո՞ւմ են ՀՀ իշխանությունների հետ, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա դա անհասկանալի և վտանգավոր բացթողում է…

Երկրորդ

Վերջերս լրագրող Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Սամվել Բաբայանը հենց այնպես, հանպատրաստի, անսպասելի ու անհասկանալի տեսակետ հայտնեց. ի՞նչ կա որ, թող Ալիևը Արցախում ներդնում անի, գնի ներկայիս խնդրահարույց հանքը ու հարկ վճարի Արցախի իշխանություններին: Դե եկ ու հասկացիր, թե այս «հիասքանչ» միտքը Բաբայանի՞ հայտնագործությունն է, թե՞ ինչ որ մեկը նրան դա հուշել է: Ալիևը երևի պետք է իրեն շոյված զգա այդ առաջարկի համար: Ցավալի է մտածել, որ այդ գաղափարը հայտնում է գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ Արցախի պաշտպանության երբեմնի նախարարը: Այսպիսի առաջարկ անելով, նա բոլորովին չի գիտակցում, որ դա նշանակում է Ալիևին պատուհանից ներս բերել ու նստեցնել Արցախի իշխանական աթոռին:

Երրորդ

Վերջին օրերին ՀՀ-ի գրեթե բոլոր քաղաքական մեկնաբաններն ու վերլուծաբանները, մեկը մյուսից առաջ ընկնելով, իրենց հիացմունքն ու գոհունակությունը հայտնեցին, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը թղթակիցների հետ հանդիպման ժամանակ մեջբերել է բազմիցս կրկնված ու ծեծված արտահայտություններ: Օրինակ՝ «Վարչապետն ինձ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները», «մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ և Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակի կապակցությամբ», «առկա իրավիճակը (ստատուս քվոն) չի կարող շարունակվել և պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց», «անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս սկզբունքները հավասարազոր են»:

Կանցլեր Շոլցը լավ գիտի, որ սրանք անիրագործելի թեզեր են և թուրքական բռնապետություններին, մասնավորաբար պատերազմական հանցագործ Ադրբեջանի իշխանություններին չեն վերաբերում: Այդ պատճառով էլ կարելի է դա բազմաթիվ անգամ կրկնել, շոյել ներկաների, հայ ժողովրդի՝ դյուրահավատ ու պատմությունից դասեր չառած «գիտունների» ականջները: Իսկ Արցախի ժողովո՞ւրդը, որին ամեն օր ու ամեն ժամ «հումանիտար աղետ» է սպառնում… Այդ ծանր կացությունը Գերմանիայում գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում ու անհանգստացնում: Նույն պատկերը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում էր: Գերմանացիների մեծամասնության համար կարևորը ադրբեջանական գազն ու նավթն են, որոնք «նորին մեծություն» Ալիևը խոստացել է մատակարարել ԳԴՀ-ին: Միգուցե ոչ միայն կանցլեր Շոլցը, այլ նաև ՀՀ-ում ու Արցախում շատեր չեն պատկերացնում, թե ի՞նչ ասել է պաշտպանել հայատյաց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու միևնույն ժամանակ խոսել Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալուց: Կա Կոսովոյի օրինակը, սակայն ո՛չ Արևմուտքը, ո՛չ էլ ՌԴ-ը պատրաստ չեն դրան:

Բոլորս լավ ենք հիշում, թե Կոսովոյի հակամարտության օրերին արևմտյան քաղաքական գործիչները, մամուլը, այլևայլ լրատվական միջոցները, միահամուռ, օրեր, շաբաթներ շարունակ ինչպես էին աղմկում, թե անհրաժեշտ է՝ Բալկաններում միջամտել, սանձել Սերբիային, այլապես Կոսովոյի ալբանացիներին «հումանիտար աղետ» է սպառնում: Բոլորից բարձր աղմկում էին ԳԴՀ-ի օրվա կանցլեր սոցիալ-դեմոկրատ Գերհարդտ Շրեոդերն ու արտաքին գործերի նախարար, Կանաչների կուսակցությունից Յոշկա Ֆիշերը: Նպատակը շատ պարզ էր. Բալկաններում ռազմական միջամտությունը անուղղակի հասցեագրված էր նաև ՌԴ իշխանություններին: Հակառուսական արշավներում՝ Միացյալ Թագավորության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանությունները միշտ զբաղեցնում են առաջին շարքերը:

Նույնն է նաև հիմա:

Այդ պատճառով էլ նախկինում սոցիալ-դեմոկրատ, ներկայումս Ձախերի կուսակցության առաջնորդներից Օսկար Լաֆոնտենը վերջերս քննադատեց ԳԴՀ-ի իշխանությանը, «որը դարձել է ԱՄՆ-ի ենթական»:

Ես կավելացնեի՝ Կանաչների կուսակցությունից ԳԴՀ արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը եւ տնտեսության նախարար Ռոբերտ Հաբեկը, ովքեր ժամանակին ամենաբարձրն էին քննադատում ԱՄՆ-ի իշխանություններին բնապահպանական ու պատերազմական հանցագործությունների համար, այսօր դարձել են Սպիտակ տան հասարակ ծառայողներ…

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Տեսակէտ

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, 5 Յունուար 2022 «Քաղաքական գործիչներից ոմանք, որ ամէն նիւթի շուրջ ասելիք են գտնում, սխալմամբ է…
Read More