Կյանքը մարզերում . երկնքին մոտ, Աստծուց հեռու (2)

Սամվել Խալաթյան, Երևան, 12 Ապրիլ 2021

Սեղմեցէք այստեղ ընթերցելու համար ակնարկի սկիզբը:

Ապարանը՝  եկող-գնացողների աչքերով

Փոքրիկ բարձունքը հաղթահարելուց հետո մեր առջև տարածվում է Ապարանի համայնապատկերը՝ «Վերածնունդ» հուշահամալիրի հոյակերտով, կառուցված՝ ի հիշատակ Մեծ եղեռնիԱպարանի հերոսամարտի և Երկրորդ աշխարհամարտում զոհվածների: Հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: Հուշարձանը կառուցվել է 1974-79 թթ.-ին, իսկ 2000 թվականին, արևմտյան եզրաթմբի վրա, ամփոփվեց Ապարանի հերոսամարտի ղեկավար, ազգային հերոս Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։

Ապարանի կենտրոնում աչքի է զարնում առևտրի «Գնթունիք» շքեղ հանրախանութը: Դրա վրա, հայերեն մեծադիր տառերով, գրված է՝ «ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ»: Ըստ երևույթին հայերեն տառերով են գրել, որ ապարանցիները չշփոթեն «հանրախանութը»՝  «supermarket»-ի հետ և ավելի մեծ պատասխանատվությամբ  առևտուր անեն: Տասը տարի առաջ դա անշուք լավաշի փուռ էր: Լինելով Երևան-Սպիտակ բանուկ ճանապարհի վրա, առևտուրը հաջողակ եղավ: Այսօր «Գնթունիքի» ընդարձակ վաճառասրահն ու սրճարանը առավոտից մինչև ուշ գիշեր մարդաշատ են և դա ուրախալի է, քանզի անգործ մնացած տեղացիների համար 100-ից ավելի աշխատատեղ բացվեց: Մենք էլ այստեղ  կանգ առնենք, մանավանդ որ, ահա, պատին հենված կանգնած է մեր հին ծանոթը՝ նախկինում հմուտ փականագործ, այժմ՝ գործազուրկ Գերասիմը:

-Բարև, Գերասիմ:

-Աստծո բարին:

-Ո՞նց ես:

-Երկրի պես,-հազիվ նշմարելի հեգնանք կա դեմքին:

-Ուրեմն, լավ ես,-ասում եմ,-տե՛ս, թե քո երկրում ինչ աշխույժ առևտուր է:

-Արի, 100 մետր հեռանանք էս փողոցով:

-Ինչո՞ւ համար:

-Քեզ իրական երկիրը ցույց տամ…

-Տեսել եմ,-ասում եմ:

-Տեսել ես, բայց չես նկատել: Եկող-գնացողներդ միայն առևտուրն եք տեսնում:

Տաուսե Մալակի, Արամազդի և Հիսուսի համերաշխությունը

Շարունակենք մեր ճանապարհը, որն արդեն անցնում է եզդիների Ռյա Թազա (Նոր ճանապարհ) գյուղի միջով: Անմիջապես կնկատենք, որ ավարտին է մոտենում եզդիական Շարֆադին կրոնի գլխավոր աստված Տաուսե Մալակի տաճարի կառուցումը: Ասում են, որ սա և Արմավիրի մարզում եղած ևս երկու տաճարները, աշխարհի եզդիական միակ աղոթատներն են, որ գոյություն ունեն  եզդիների հայրենիքից (Շանգալից  և սրբավայր Լալեշի տարածքից) դուրս:

Ռյա Թազայի և հաջորդաբար գտնվող Ալագյազ, Ջամշլու գյուղերի եզդիները, որ հիմնականում ոչխարապահությամբ են զբաղվում, 1800 թ.-ի սկզբներին են գաղթել Արևմտյան Հայաստանից, և եթե ներկա լինեք նրանց հարսանիքներին՝ չզարմանաք, որ եզդիերեն բառերով երգում են Մշո, Սասունի, Վանի հայ ազգագրական հանրածանոթ երգերի մեղեդիներով: Բացի այդ, Ալագյազի մուտքի մոտ կտեսնեք բարձրատեսք մի խաչ, որը գիշերվա ժամերին, պայծառ լուսավորությամբ դեռ շատ հեռվից է երևում: Երբ իմ զարմանքը հայտնեցի եզդի ընկերոջս՝ գյուղական դպրոցի ուսուցիչ Անդրանիկ Խուդոյանին, նա լայնբերան ժպտաց ու ասաց. «Վալլահ, մեր պապերը հեթանոս հայեր են, ախպեր, որ քաշվել են լեռներն ու խառնվել քրդերին…»: Անդրանիկն, իհարկե, կատակեց, բայց որ Արամազդին չուրացած հայերը չորրորդ դարում կարող էին լեռներում ապաստանելով եզդիանալ, խելքին մոտ բան է…

Հեռանում ենք եզդիների գյուղերից՝ մեր հիշողության մեջ դարձյալ ու ակամա դաճելով նրանց սարալանջերին նույնպես ծածանվող եռագույն դրոշների պատկերը:

«Դըբա լավի» տարաշխարհիկ կենցաղը

Ցուցանակն ազդարարում է՝ «Լոռու մարզ», իսկ պատվանդանին, արդեն քանի տարի, ինչ որ մեկը սև ներկով թարմացնում է իր ձեռագիրը ՝ «Դըբա լավը» (Լոռու բարբառ է՝ Դեպի լավը):

Եվ, ահա, «Դըբա լավի» հույսով ապրող Լոռու մարզի Քարաձոր գյուղում ենք: Եթե զբոսաշրջություն կազմակերպող որևէ մեկն այցելի Քարաձոր, անկասկած կգուշակի, որ զբոսաշրջիկներին զարմացնելու ամենամեծ հնարավորություններն այս գյուղն ունի: Բավական է այցելուներին ցույց տալ 1988թ.-ի երկրաշարժի հետևանքով սեփական բնակարաններից զրկված, մինչև հիմա տնակներում ապրող 15 ընտանիքների կենցաղն ու նրանց փլվող տնակները: Ուղեկցող, բացատրող պետք չէ: Իրենք՝ բնակիչները, շատ պերճախոս կպատմեն ու կբացատրեն: Նրանք, արդեն 30 տարի, նույն պատմությունը գրավոր և բանավոր հղում են մարզի և հանրապետության ղեկավարներին, պահանջում միջոցներ ձեռնարկել, բայց… ձայն բարբառո հանապատի: Քարաձորցի Արսեն Կարապետյանն ու Արթուր Մատինյանն, օրինակ, կարող են թեթև հպումով իրենց  փտած տնակի պատից, տանիքից և հատակից մեծ կտորներ պոկել և ձեռքի ափում փշրտելով զարմացնել զբոսաշրջիկներին: Իհարկե, այսպիսի արտասովոր փաստերի կարելի է հանդիպել նաև մարզի մյուս գյուղերում, երբ տարերային աղետի հետևանքով անօթևան մնացած բազմաթիվ ընտանիքներ դեռ տնակներում են ապրում և պահանջում են ճանաչել նախկինում տան սեփականատեր լինելու իրենց իրավունքներն  ու ապահովել բնակարանով: Ղեկավարները փոխվում են, հարցը չի լուծվում: Մնում է հուսալ, որ այդ ընտանիքների տարաշխարիկ կենցաղը կարող է հետաքրքրել միմիայն զբոսաշրջիկներին: Թերևս հենց այդ հանգամանքը  նկատի ունենալով է, որ մարզային իշխանությունում փոփոխվող բոլոր ղեկավարների աշխատանքային նախատեսումներում առաջնային տեղ են գրավում զբոսաշրջության զարգացման ու խթանման ծրագրերը… (իսկ հիմա ամուր բռնեք ձեր աթոռից՝ վայր չընկնելու համար), և այդ ծրագրերի վերջում գրված է՝ «Կյանքի կկոչվեն ներդրումների առկայության դեպքում»:

Այս ամենն, իհարկե, ազդեցություն չի թողնում գարնանացանի աշխատանքները կատարելու վրա: Լոռեցիներն իրենց արտերն սկսել են վարել ու ցանել: Նրանց, ինչպես որ լեռնային մյուս գյուղերի բնակիչների համար,  կյանքը դժվար է: Դիզելային վառելիք, սերմացու, պարարտանյութ ձեռք բերելու նպատակով շատերը բանկերից վարկ են վերցնում՝ բերքահավաքից հետո դրանք մարելու հույսով, եթե, իհարկե, տարին երաշտ կամ կարկտաբեր չլինի: Ի՞նչ արած, ստիպված են ապրել:

 Վանաձորում ժամանակը կանգ է առել

Վանաձոր: Հանրապետության երրորդ քաղաքն է, Լոռու մարզի վարչական, տնտեսական-մշակութային կենտրոնը։ Խորհրդային տարիներին քաղաքն ուներ 178.000 բնակիչ, գործում էին արդյունաբերական 27 ձեռնարկություն, գիտական, ուսումնական բազմաթիվ հաստատություններ, մշակութային օջախներ:

Երկրաշարժն ու անկախության տարիներից սկսված ճգնաժամը լիովին փոխեցին ԽՍՀՄ արդյունաբերական կենտրոններից մեկը համարվող քաղաքի աշխույժ  կյանքը: Այժմ բնակիչների թիվը հազիվ 80 հազար է, բարձր է գործազրկության նիշը: Գործում են թեթև արդյունաբերական, սննդի միջին և փոքր հզորության մի քանի ձեռնարկություններ, կենցաղային սպասարկման արհեստանոցներ,  բարձրագույն ուսումնական չորս հաստատություն: Ունի տեխնոլոգիական կենտրոն, մարզադպրոցներ, 19 մշակութային հիմնարկ՝ երաժշտական և արվեստի դպրոցներներ, երգչախմբեր, մշակույթի տներ, երեք թատրոն և այլն:

Մեր դժվարին օրերի համար, թվում է, բարվոք վիճակ է: Թվում է:

Վանաձորցին  ավելի խեղճացավ Արցախյան պատերազմի խայտառակ պարտության և կորուստների ցավից: Սուրբ Նարեկ եկեղեցու սրահում, արդեն որերորդ անգամ, թաղման կարգ է կատարվում մի քանի զոհված զինվորների համար՝ միասին: Կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք դեռևս ոչ մի լուր չունեն պատերազմ մեկնած իրենց որդիներից՝ զոհվա՞ծ են, գերի՞, թե՞ անհայտ կորած… Համընդհանուր վիշտը, օր-օրի թանկացումները, ամենօրյա հոգսն ասես արգելափակել են շրջապատում կատարվող իրադարձություններին լավ կամ վատ արձագանքելու ներքին մղումները: Մայրաքաղաքում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության գործողությունները, մոտ ապագայում ընտրություններ անցկացնելու մասին սուր բանավեճերը  չեն հուզում վանաձորցուն: Աշխատունակները մտածում են արտագաղթելու մասին, իսկ մյուսների համար ժամանակն ասես կանգ է առել 00 թվի վրա:

Տխուր է Վանաձորը: Եվ ստիպված է ապրել…

* * *

Ահա այսպիսի մի ճամորդություն, հարգելի ընթերցող, որ կարելի էր վերնագրել նաև՝ «Պտույտ մը Երևանի թաղերեն դուրս»:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like