Եուհու

Սամվել Խալաթյան, Երևան, 3 Նոյեմբեր 2021

«Եուհու». տխուր քաղաքի երգիծական տառապանքները

Սեպտեմբերի 10-ին, երբ Keghart.org-ի հրավերով Էջմիածնում մասնակցում էի Հայաստանի և Սփյուռքի մի խումբ մտավորականների հանդիպմանը, բազմաթիվ հաճելի ծանոթություններով, հանդիպումներով, զրույցներով հագեցած երեկույթում անակնկալ մատուցվեց՝ ներկաներին նվիրվեց լիբանանահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Հերյանի (Պետիկ Հերկելեան) գրական ժառանգությունն ամփոփող «Ընտրանի» ժողովածուն:*

Ընթերցելով  գիրքը, նախ՝ հպարտացա, որ հայ արդի գրական անդաստանի սփյուռքահայ հատվածում այսպիսի քերթող ունենք, ապաև, արդեն որերորդ անգամ գլխահակ եղա այն իրողությունից, որ հայրենիքում ապրող գրականասեր ընթերցողների  մեծ մասն անտեղյակ է ժամանակակից սփյուռքահայ գրականության կյանքին: Սա մեր ամենամեծ բացթողումն է, որն ուղղակիորեն բացասական է անդրադառնում հայոց գիր ու գրչության արդի տարեգրության ամբողջականության, միասնականության, հանրահռչակման կարևոր խնդիրների վրա: Սակայն, սա մեկ ուրիշ, մասնակցային մեծ շրջանում բանավիճելու կարոտ թեմա է, ուստի շտապեմ խոսել «Ընտրանու» մասին, ավելի ճիշտ՝ այդտեղ զետեղված «Եուհուի», որը երգծական վեպ լինելով՝ երգիծաբանիս ուշադրությունը սևեռեց իր վրա:

Վեպի լույս աշխարհ գալու մասին ավելի ճիշտ նկատառում չես կարող ասել, քան՝ «Ընտրանին» կազմող, խմբագրող և առաջաբանող Ալեքսանդր Թոփչյանն է գրել գրքի առաջաբանում, որպես երգիծավեպի ծննդյան ավետիս. «Պետք է ընդունել,-գրում է նա,-որ մեր գրականության արևմտահայ և սփյուռքահայ հատվածն արևելահայ հատվածից  ավելի զորավոր եղավ երգիծանքի ասպարեզում: Բավական է հիշել Հակոբ Պարոնյանին, Երվանդ Օտյանին, «Միամիտի մը արկածների» Օննիկ Չիֆթե-Սարաֆին, «Հայ աղբրտիքի» Նշան Պեշիկթաշլյանին, «Հարալեզներու դավաճանության» Շահան Շահնուրին, սփյուռքահայ իրականությունն իր «Արուարձան» ժողովածուում  անգթորեն ձաղկող Վահե Օշականին, երգիծական անկրկնելի տարերքով հարստացված բանաստեղծությունների Զահրատին, աֆրիկյան ողբալի իրականությունը ներկայացնող, բայց փաստորեն արդի Հայաստանն ակնարկող «Փտախտը» վեպի հեղինակ Պողոս Գուբելյանին… Եվ այս փառահեղ ցուցակին, լիովին արդարացի ավելանում է ևս մեկ անուն՝ Պետրոս Հերյանն իր «Եուհու»-ով»:

Եվ այսպես, «Եուհու»: Քաղաքացիական պատերազմից տառապող Լիբանանում, անծանոթ մի մոլորակից, օդապարիկով, վայրէջք է կատարում մեկը, որին դիմավորող «բոլորն ալ կը զգային, որ եկողը այն ընտրեալն է, որ կարգ մը շինիչ ցուցմունքներու միջոցով պիտի յաջողի վերջ դնել իրենց յամեցող տառապանքին: Հետեւաբար, բազմաթիւ ու բազմազան ցնցումներու եւ անթիւ յուսախաբութիւններու մատնուած  բազմութիւնը երկչոտ, այլ հաճելի անակնկալի մը սպասումով»  գոչում է՝«Եո՛ւ-հո՛ւ», որը և դառնում է նրա անունը: Երկնքից իջածը չի հապաղում տեղացիներին «շինիչ ցուցմունքներ» և «հաճելի անակնկալներ» մատուցել և ներկայանալով որպես կանանց ազատագրման շարժման ռահվիրա, զանազան հանդիպումներում, այցելություններում և ժողովատներում իգական և արական սեռերի ազատության և բամբասանքի մասին կրակոտ ճառերով ու թելադրանքներով բացահայտում է ոչ միայն իր՝ սանձարձակ, իգամոլ, սմսեղուկ էությունը, այլև իր համոզումունքներով խեղում է հանրության, հատկապես՝  կանանց ավանդական բարքերը: Քաղքենիության ճահճում խրված հանրությունը Եուհուի համար արգավանդ ասպարեզ է դառնում:

Դեպքերի հաջորդականությունը, գլխավոր և երկրորդական հերոսների կերպարներն ու  նրանց գործողությունները, երկխոսությունները ներկայացվում են երգիծական ժանրի բոլոր հնարավորություններով՝ իրավունք տալով մեզ ասելու, որ բազմաշնորհ հեղինակը հայ երգիծական գրականության մեծերի՝ Հակոբ Պարոնյանի և Երվանդ Օտյանի ավանդույթների հետևորդներից մեկն է: Հատկապես՝ Օտյանի, մանավանդ որ, ինքը՝ Հերյանը, վեպի հերոսի միջոցով դա է հուշում: Եուհուն հիացած է ընկեր Փանջունու կերպարով և համոզված, որ «իր գործով եւ էությամբ մեծ է Փանջունին»: Այսկերպ, հեղինակն ասես ակնարկում է, որ իր Եուհուն մեր ժամանակների յուրատեսակ մի Փանջունի է:

Վեպի թե՛ հեղինակային շարադրանքը և թե հերոսների մտածումներն ու երկխոսությունները խոսքի կոմիզմի փայլուն նմուշներ են և, ինչպես վայել է հմուտ երգիծաբանին, Հերյանը կարողացել է դրանց զուգակցել նաև դրության կոմիզմը:

Համաշխարհային երգիծական գրականության մեջ նման փայլուն զուգակցումներն են, որ պայմանավորում են բարձրարվեստ արհեստավարժությունը:

Ահավասիկ, ընթերցենք Հերյանին: Հեղինակային խոսքի կոմիզմ՝ «Զուր չէ, որ մեր յարգելի դոկտորը Ս. Էջմիածնի հետ կը շփոթէր Կեդրոնական Դրամատունը, ամէն անգամ որ երկիւղածօրէն կանցնէր անոր մօտէն»:

Հեղինակային խոսքի և դրության կոմիզմ՝ «Հակադիր կազմակերպութիւնները տեղ գրաւեցին դաշտին ամբողջ երկայնքին՝ դէմդիմաց։ Այրերու խմբաւորումին մէջ նկատելի էին քանի մը արուացած կիներ, իսկ կիներուն մէջ՝ կարգ մը իգականացած այրեր։ Քաղաքապետարանի նուագախումբը հնչեցուց դարերէ ի վեր մոռցուած «Բամբասանք»ի քայլերգը, որուն ոգիի ձայնին անսալով հակադիր ճակատները ոտքի կանգնեցան՝ միանալով յարգանքի գաղափարին շուրջ»:

Հերոսների խոսքի և դրության կոմիզմ՝

«-Լաւ. հիմա պատասխանէ նայիմ, դուն մա՞րդ ես, թէ՝ ոչ:

Պահ մը մտածելէ ետք՝

-Մա՜րդ եմ,-բառաչեց  Դերենիկ հաստատ:

-Այդպէս ալ կը կարծէինք,- խորունկ շունչ առաւ Եուհուն:

-Շնորհակալ եմ,- յարգանքով գլուխը խոնարհեց Դերենիկ»:

Հեղինակի երգիծական գրչին հատուկ է զավեշտախաղը, այլ խոսքով ասած՝ ֆարսը: Բառախաղը, զավեշտական ​​իրավիճակ և վերացական (աբսուրդի) զավեշտականություն ստեղծելը, կրկնության կոմիքսը, հեգնանքը Պետրոս Հերյանի երգիծավեպում տեղ-տեղ հանդես են գալիս միաժամանակ՝  կուռ ծաղրախաղի վերածելով պատումը: Նման դեպքերում, ակամա, հեղինակը համեմատության է մղվում Մոլիերան բարձրակարգ ոճին, երբ վերացական (աբսուրդը) ծիծաղելի է դառնում դիտողի (իմա՛, հեղինակի) արվեստով, նրա հումորի զգացումով,  երբ վերացական (աբսուրդի) մեջ իրեն ճանաչելու կարողություն կա, կամ հեգնանք կա՝ իրեն ճանաչելու անկարողության վրա:

«Եուհուն» հյուսվել է գեղարվեստական պատկերավորման՝ կերպարի, ոճի, ժանրի հենքի վրա՝ ֆանտաստիկայի, հիպերբոլի, երևակայականի և իրականի, գեղեցիկի և տգեղի, ողբերգականի և կատակերգականի, ճշմարտացի և ծաղրանկարայինի արտառոց զուգորդմամբ ու հակադրությամբ:

Պետրոս Հերյանն իր գրոտեսկը հասցրել է սոցիալ-պատմական ընդհանրացման և կոնկրետության՝ նկարագրելով քաղաքացիական պատերազմում հայտնված Լիբանանի հայկական միջավայրը,  որտեղ «սառնամանիքը ոչնչով կրնար ազդել ալ բթացած զգայարաններուն վրայ տեղւոյն բնակիչներուն» և ցինիկ, լկտի մի անձնավորության՝ երևակայական հերոսի գալուստն է պատճառ դառնում, որ նրանց հոգու ճահճացած ձևախեղումներն ի դերև ելնեն: Այսինքն, թե, մինչ այդ էլ խեղումները կային, բայց դրանց երևակման հրահրումն էր պակասում: Եհուհուն այդ միջավայրի սկզբնաստեղծը չէ, այլ արտաերկրային նույատիպ մի միջավայրի ծնունդ է, որ Երկիր է իջել որպես թե մեսիա: Եվ «բթացած զգայարաններով», մոլորված հոտը գտնում է իր հովվին: Մեսիան, իր առաքելությունը կատարելով, համբառնում է՝ «Մնաք բարով»-ի բազմահազար թռուցիկներ ցրելով, որոնցում, եղերերգի հանգույն, արտահայտված են նրա տեսածն ու մտորումները և, հատկապես,  ճշմարտացի մի  եզրահանգում՝ «Մնաս բարով, Մայրիներու երկիր, որ մեծապետական քմծիծաղներու հրոյ ճարակ դարձուցիր մայրիներդ…»:

Պետրոս Հերյանի գրական լեզուն վճիտ արևմտահայերենն է: Ընթերցելով նրա ստեղծագործությունները, ևս մեկ, բայց ոչ ավելորդ անգամ համոզվեցի, որ արևմտահայերենը շատ ավելի ճկուն, բազմախոս հնարավորություններ է ընձեռում հայ գրողին: Մանավանդ՝ երգիծանքի ժանրում, որում պատկերի, գործողության արագ անցումների, հակիրճագրության և պատկերավորության «ոլորաններում» արևմտահայերենն անզուգական է: Այդ զինանոցը շռայլորեն ծառայել է նրան:

Աներկբա է, որ հանձին «Եուհուի», հայ երգիծական գրականությունը ևս մեկ կոթողով զարդարվեց՝ տաղանդավոր երգիծաբանի դափնի շնորհելով բանաստեղծ, մանկավարժ և գրաքննադատ Պետրոս Հերյանին:

*Պետրոս Հերեան, «Ընտրանի», Երևան, 2020 թ., «Լուսաբաց հրատարակչատուն», Կազմեց, խմբագրեց և առաջաբանեց Ալեքսանդր Թոփչյանը:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Որքան

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել 21Ապրիլ 2022 «Ի՛մ երկիրը ճիշտ , թէ սխալ,  մնում է անբաժանելի ի՛մ երկիրը»: Անգլիական…
Read More